Արման ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ Է ԼՂ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դե ֆակտո անկախացել է՝ կյանքի կոչելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ համաձայն ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի։
Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում։ Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքին հղում կատարելու առնչությամբ դեսպան Կիրակոսյանը նշել է, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները հավասար նշանակություն ունեն, և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Հայկական կողմն արձանագրել է, որ վերջին 25 տարում Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը փոփոխություններ չի կրել։ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների կողմից ճանաչվել է որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը և ամրագրվել ԵԱՀԿ Աթենքի նախարարական հայտարարության մեջ։ Կարգավորման հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ ՀՀ դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դե ֆակտո անկախացել է՝ կյանքի կոչելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ համաձայն ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի։ ԼՂ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանության վերաբերյալ հավակնություններն անհիմն են։ Շեշտվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ընտրելու իրավունքի, տեղաշարժի ազատության և ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը՝ հանուն տարածաշրջանի բարեկեցության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի։ Հայաստանի առաքելության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափին։ Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը հարցականի տակ է դնում համանախագահ երկրների երկար տարիների փորձառությունն ու ջանքերը հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Հետևողական հարձակումները ՄԽ համանախագահության վրա ուղղված են հակամարտության կարգավորման դեմ և նպատակ են հետապնդում արդարացնել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկների մերժումը։ ՀՀ դեսպանը մտահոգիչ է համարել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության մեջ կրոնական գործոնի շահարկումը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի՝ ինքնությամբ ու կրոնական պատկանելությամբ պայմանավորված կողմնակալ մոտեցումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները վտանգում են հակամարտող կողմերի հասարակություններին խաղաղության նախապատրաստումը։ ՀՀ դեսպանն ընդգծել է, որ ՄԽ ձևաչափի ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ապակառուցողական են և բացասաբար են ազդում խաղաղ կարգավորման գործընթացի վրա։ Բարձր գնահատելով համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնեցված միջնորդական ջանքերը՝ Արման Կիրակոսյանը նշել է, որ Մինսկի խմբի անդամ Թուրքիան որդեգրել է հակառակ մոտեցում՝ ԼՂ հիմնահարցը շահարկելով հօգուտ իր աշխարհաքաղաքական շահերի։ Հայկական կողմն արձանագրել է, որ հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի քաղաքականությունն է՝ ուղղված հակամարտող կողմերի միջև հավասարակշռության խախտմանը, ինչպես նաև Բաքվի՝ տնտեսական ու ռազմական կարողությունների օգտագործման միջոցով իր կամքը Հայաստանին և Արցախին պարտադրելու փորձերը։ ՀՀ դեսպանը մտահոգություն է հայտնել ԼՂ և Ադրբեջանի միջև շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ռազմական սադրանքների, այդ թվում՝ ծանր սպառազինությունների կիրառման ու դիվերսիոն ներթափանցումների առնչությամբ։ Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանը մերժել է հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկությունները դիպուկահարների դուրսբերման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։ ՀՀ դեսպանը վերահաստատել է հայկական կողմի սկզբունքային մոտեցումը, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը նախադրյալներ կստեղծի խաղաղ և բանակցային կարգավորման համար, մինչդեռ, սրելով իրավիճակը՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում առկա իրավիճակի պահպանման համար։ Կիրակոսյանը կարևորել է հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտական ներկայության ամրապնդումը։ Նա մատնանշել է, որ Ադրբեջանը հակասում է ինքն իրեն՝ մի կողմից կարևորելով ԵԱՀԿ առավել լայն ներգրավվածությունը կարգավորման գործընթացին, մյուս կողմից՝ հետևողականորեն խաթարելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը։ Հայկական կողմն ապակառուցողական է որակել Ադրբեջանի ջանքերը ԼՂ հիմնահարցի կարգավորումը դրանով չզբաղվող միջազգային այլ հարթակներ տեղափոխելու ուղղությամբ, ինչը որևէ նպաստ չի բերում բանակցային գործընթացին։ Որպես օրինակ նշվել է վերջերս ԵԽԽՎ-ում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ սադրիչ հակահայկական զեկույցի ընդունման ձախողումը։ Կիրակոսյանը վերահաստատել է ՀՀ հաստատակամությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ կարգավորման գործընթացը։։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական պատվիրակության ղեկավար Դանիել Բայերն իր հերթին ասել է, որ ՙԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մտահոգությունն այդ առնչությամբ և դատապարտում է ականանետների և այլ ծանր տեխնիկայի կիրառումը, որի հետևանքով զոհեր են լինում նաև քաղաքացիական բնակչության շրջանում։ Մենք սատարում ենք հակամարտության կողմերին ուղղված համանախագահների կոչին բռնության նվազման և մարդկանց պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Ստատուս քվոն անթույլատրելի է և անընդունելի։ Մենք ևս մեկ անգամ դիմում ենք կողմերին և ասում, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում՚։
PanARMENIAN.Net