Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՏԱՊԱԼՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի ՙԲռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում՚ վերնագրով զեկույցի տապալումը, որը դեռևս շարունակում է տանջել Ադրբեջանի քաղաքական վերնախավին, հայկական դիվանագիտության լուրջ հաջողությունը համարվեց:

Ինչպես հայտնի է, մինչ նստաշրջանի սկիզբը հայկական կողմը համակարգված և ակտիվ աշխատանք էր ձեռնարկում` ուղղված պատգամավորների կողմից հիշյալ զեկույցը մերժելուն և չեզոքացնելուն, ինչի մասին խոսվել է բազմիցս: Այս գործում, որքան էլ անհավատալի թվա, իրենց փոքրիկ ներդրումն են ունեցել նաև արցախցի փոքրիկները` ի դեմս Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների: ԼՂՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանի խոսքով` Ստրասբուրգում հակահայկական զեկույցի քննարկման նախօրյակին Կենտրոնի աշակերտները նկարել են Եվրոպայի Խորհրդի 47 անդամ-երկրների, ինչպես նաև Եվրախորհրդի, ԵԱՀԿ և ԼՂՀ դրոշները: 50 դրոշներով ՙզինված՚ մանուկները լուսանկարվել են Արցախի պատմամշակության ամենանշանավոր հուշարձանի` Գանձասարի վանական համալիրի համայնապատկերին: Այդ լուսանկարները վերածվել են ՙՄեր խաղաղությունն այլընտրանք չունի՚ վերտառությունը կրող բացիկների և բաժանվել ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին: Լ. Բարսեղյանի տեղեկատվությամբ` նախաձեռնության հեղինակը ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն է, իսկ արդեն Ստրասբուրգում այդ նախաձեռնությանն են միացել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները` համապատասխան քարոզչական աշխատանքով: Ստեփանակերտի մանկական ստեղծագործության կենտրոնի պարային, նկարչական ու երգարվեստի խմբերը վաղուց արդեն լուրջ հաջողություններ են գրանցում արտերկրում կազմակերպվող տարբեր մշակութային միջոցառումներում: Նրանց այս վերջին ՙելույթն՚ արդեն մեծավարի քաղաքականություն մտնելու, սեփական երկրի փխրուն խաղաղությունը պահպանելու, ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված լուրջ ու գիտակցված քայլ էր: Նշենք, որ երեխաները չեն հրաժարվել նկարել նաև Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները: Պատգամավորի խոսքով (նա նաև հասարակական հիմունքներով Մանկապատանեկան ստեղծագործության կենտրրոնի խորհրդի նախագահն է), գործընթացը վերահսկել և երեխաներին օգնել են ՙՊատանի նկարիչ՚ խմբակի ղեկավարներ Էռնա Մկրտչյանը, Զարինե Բաբայանը, Գայանե Պետրոսյանը և Անուշ Ենգիբարյանը: ՙԵթե ԵԽԽՎ պատգամավորների մեծամասնության կողմից տխրահռչակ այդ զեկույցը չընդունելու գործում դույզն-ինչ դերակատարություն է ունեցել մեր մանուկների կոչը, ապա մենք հպարտանալու և ուրախանալու ամուր հիմքեր ունենք՚,- նշեց Լ. Բարսեղյանը: 

Նունե Հայրապետյան