[ARM]     [RUS]     [ENG]

ԿԽՄԿ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԼՐՋՈՐԵՆ ՄՈՏԵՆԱԼ ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Երեւանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քարոլին ԴՈՒԵՅԶԻ (Caroline Douilliez)  հարցազրույցը NEWS.am եւ ՙԱրմԻնֆո՚ լրատվական գործակալություններին։

 - Օրերս ադրբեջանական մամուլում հայտնվեց Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովի հայտարարությունը, որում նա ասել էր, թե Ադրբեջանում ՙշատ հայ պատանդներ՚ կան, որոնց երկրի իշխանությունները պատրաստ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում դատապարտված Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հետ։ Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ։

- Ընդհանուր առմամբ, չստուգված եւ անհիմն հայտարարությունների կապակցությամբ կարող եմ ասել, որ շշուկները կրկնելը եւ դրանք հրապարակելը հսկայական ցավ են պատճառում անհայտ կորածների ընտանիքներին։ Յուրաքանչյուրը պետք է ինքը պատասխանատվությամբ մոտենա հարցին, վերջ տա շշուկների տարածմանը։ Կարող եմ ասել, որ ներկայումս ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են ղարաբաղյան հակամարտության ընթացքում 3 ազատազրկվածներին. երկուսին՝ Լեռնային Ղարաբաղում,  մեկին՝ Բաքվում։ Այլ անձանց մասին տեղեկություններ չկան։ ԿԽՄԿ-ն պարբերաբար երկու կողմերից էլ ՙգաղտնի պատանդների՚ մասին շշուկներ է լսում, սակայն կոնկրետ տվյալներ չկան։ Բոլոր հարցումներին միշտ նույն պատասխանն ենք ստանում՝ մեկը մյուսից է լսել, բայց կոնկրետ աղբյուր չկա։  Առաջին  բանը, ինչ մտածում են հարազատները, այն է, որ իրենց մտերիմ մարդը տառապում է։ Այդ տառապանքներն արդեն 20 տարի շարունակվում են, եւ նման հայտարարությունները միայն մորմոքում են վերքերը։ Ընդ որում, ցավով կարող ենք արձանագրել, որ անհայտ կորածների մեծ մասն արդեն հավանաբար ողջ չէ։ Սակայն եթե լուրջ տեղեկություններ լինեն, մենք պատրաստ ենք դրանց շատ լուրջ վերաբերվել։

Կոնկրետ այս հայտարարության կապակցությամբ մեկնաբանություն չեմ կարող անել, քանի որ չգիտեմ, թե նա ինչ է նկատի ունեցել։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ այն պահին, երբ ձերբակալվել էին Հասանովի նշած մարդիկ, Բաքվում գերի ընկած հայերի թիվն ավելի շատ էր, քան հիմա։ Դա Գեւորգյանների ընտանիքն է, որոնց ռազմագերիները հիմա հայրենիք են ուղարկվել (Հակոբ Ինջիղուլյան եւ Անդրանիկ Գրիգորյան, խմբ.)։

- Այդուհանդերձ, հայտարարությունն արվել է ադրբեջանցի պաշտոնյայի կողմից, եւ ո՜չ շշուկ է, ո՜չ էլ կարծիք։ Այդ կապակցությամբ հարցում ուղարկվելո՞ւ է։

- Իհարկե։ Բաքվում իմ գործընկերները հարցում կանեն եւ կհետեւեն իրավիճակին։

- Ադրբեջանցի պաշտոնյայի ձեւակերպումը մտահոգիչ է։ Որպես կանոն, խոսելով ՙպատանդներից՚՝ նկատի են ունենում քաղաքացիական անձանց։

- Դիտարկումները ցույց են տալիս, որ ՙպատանդ՚ բառը սխալմամբ կիրառվում է տարբեր իրավիճակներում եւ իմաստներով։ Երբեմն նաեւ դատապարտվածներին են պատանդ կոչում։  Այդ պատճառով, կրկնում եմ, անհրաժեշտ է բարձրացնել ընդհանուր պատասխանատվությունը, այդ թվում՝ եզրույթների ճիշտ օգտագործման համար։ Սխալ եզրույթը թույլ է տալիս մտածել այն, ինչ չկա։

- ԿԽՄԿ-ն Միջազգային մարդասիրական իրավունքի ու Ժնեւյան հռչակագրի կողմերից խախտման  որեւէ փաստ արձանագրե՞լ է, մասնավորապես ազատազրկվածներին տեսակցելու ուշացումների հարցում։

- Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սահմանումներ չի տալիս այն մասին, թե ով է խախտում։ Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը ու կողմերի հետ գաղտնի երկխոսություն պահպանում։ Մեր մանդատի համաձայն՝ մենք իրավունք ունենք այցելել բանտարկյալներին, զրուցել նրանց հետ։ Սակայն իրավիճակը տարբեր է լինում, երբեմն հաջողվում է շատ արագ այցելել ազատազրկված անձանց, երբեմն էլ՝ շատ ուշ։

- Վերադառնալով ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությանը, կարո՞ղ է արդյոք ՙՍկայպն՚ օգտագործվել բանտարկյալների ու նրանց ընտանիքների հաղորդակցության համար։ Նման հարց քննարկվո՞ւմ է։

- Մեր խնդիրներից մեկն է ապահովել բանտարկյալի կապն իր ընտանիքի հետ։ Սովորաբար դա արվում է Կարմիր խաչի ուղերձների միջոցով,  կամ էլ բանավոր՝ ԿԽՄԿ պատվիրակի միջոցով, հնարավոր է նաեւ հեռախոսազրույց։ Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ գործածվում է նաեւ ՙՍկայպը՚։ Բայց ամեն դեպքում որոշումը իշխանություններն են կայացնում։ Ընդ որում, ուզում եմ շեշտել, որ ադրբեջանցի պաշտոնյայի նշած ազատազրկված անձինք իրենց ընտանիքների հետ հաղորդակցվում են Կարմիր խաչի ուղերձների միջոցով։

- Կարեւորագույն հարցերից մեկը մարտական գործողությունների ընթացքում զոհվածների գերեզմանոցները որոնելն է ու նրանց արտաշիրիմումը։ Որքանով հայտնի է, կողմերը տեղեկություններ ունեն գերեզմանոցների գտնվելու վայրերի մասին, բայց չկա համաձայնություն համատեղ աշխատանքի շուրջ։

- Իրոք, սա կարեւորագույն հարցերից մեկն է, ու այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են իրականացվում։ Քանի որ անհայտ կորածների ընտանիքներին ամենաշատ հուզող հարցն այն է, թե ինչ է կատարվել իրենց մտերիմների հետ։

Ավելին, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներից մեկի արդյունքներով արված հայտարարությունում արտացոլված է անհայտ կորածների մասին տեղեկությունները ԿԽՄԿ միջոցով փոխանակելու մտադրությունը։

Առայժմ որոշակի միջոցառումներ չեն իրականացվել, հավաքվում են տեղեկություններ հնարավոր գերեզմանավայրերի, ականատեսների, կենսաբանական տվյալների մասին։ Հույս ունենք, որ այս տարի այս ուղղությամբ առաջընթաց կլինի։ Անհրաժեշտ է փաստել, որ դրանց  որոնումն ու աճյունների նույնականացումը երկարատեւ գործընթաց է, ու ոչ բոլոր ընտանիքները պատասխաններ կստանան։ Այս պահին կենսաբանական նմուշներ են հավաքվել մոտ հարյուր  կորածների ընտանիքներից Հայաստանում։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր դեպքում խոսքը 3-4 ազգականների տվյալների հավաքման մասին է։ Սա հումանիտար խնդիր է, այն չի կարելի քաղաքականացնել, ու կողմերը գիտակցում են դա։