[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՏԱ

Ինչպես արդեն հաղորդվել էր, Բաքուն բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ կապված  Հայաստանին զենք վաճառելու հետ։

ՌԴ ԱԳՆ-ն արդեն պատասխանել է նոտային՝ նշելով Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, Երևանի հետ ռազմատեխնիկական  փոխգործակցության թափանցիկությունը։ 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր պատասխանում հայտատարել է. ՙԶենքի  ցանկացած մատակարարում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին մեր կողմից իրականացվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտության մանրակրկիտ հաշվառումով՚։ Զախարովայի պատասխանում ընդգծվել էր և այն փաստը, որ Մոսկվան դիվանագիտական խողովակներով Բաքվին արդեն իրազեկել էր Երևանի հետ ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակներում ձեռնարկվող քայլերի մասին... Դիվանագիտական լեզվից մարդկայինի թարգմանելով սա նշանակում է. ՙՉէ՞ որ դուք մինչ այդ էլ ամեն ինչ շատ լավ գիտեիք, ինչո՞ւ եք աղմուկ  բարձրացնում՚։ Եվ սա, իրոք, Բաքվի նոտայի ամենահետաքրքրաշարժ կողմն է... Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։ 

Մամուլում արդեն բազմաթիվ` այդ թվում զարմանք պարունակող մեկնաբանություններ են եղել` կապված Բաքվի դիրքորոշման հետ, որը վերջին տարիներին Ռուսաստանից հինգ միլիարդի զենք է գնել, բայց հանկարծ տագնապ է բարձրացնում, երբ Հայաստանը Ռուսաստանից 200 միլիոնի՝ 25 անգամ քիչ գումարի զենք է գնում... Ի՞նչն է իրարանցման  պատճառը։ Ուշադրություն  դարձնենք մի քանի գործոնների։ Առաջինը կայանում է Բաքվի առաջնորդների կողմից այն փաստի գիտակցման մեջ, որ Ադրբեջանում սկիզբ առած տնտեսական ճգնաժամի պայմաններում այդքան  անհրաժեշտ մեծ գումարներ իզուր են ծախսվել, քանի որ Հայաստանի կողմից գնված զսպող զենքը, հատկապես հմուտ ձեռքերում, փաստորեն չեզոքացնում է ողջ էֆեկտը, որի հետ հույսեր էր կապում Բաքուն՝ յուր ժամանակ հինգ միլիարդի զենք գնելով... 

Երկրորդ գործոնը Բաքվի խնդրանքն է առ այն, որ Մոսկվան երաշխիքներ տա, որ Հայաստանի կողմից գնված զենքը չի օգտագործվի Ադրբեջանի դեմ։ Այստեղ տեղին է հիշել, որ երբ Ռուսաստանն Ադրբեջանին զենք էր վաճառում, Հայաստանում հարց բարձրացվեց այն մասին, որ Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների տեսակետից անթույլատրելի է, որ երիտասարդ հայ զինվորները գտնվեն Բաքվին մատակարարվող ռուսական ժամանակակից սպառազինության նշանառության տակ։ Դատելով հետագա գործընթացներից՝ Մոսկվան ըմբռնումով մոտեցավ Երևանի դիրքորոշմանը, և ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ու Բաքվի գործընկերների հետ բանակցությունների ընթացքում պայման դրվեց, որ ռուսական զենքը չի օգտագործվի Լեռնային Ղարաբաղում։ Պատահական չէ, որ հետագայում, երբ տեղեկատվական ամփոփագրերը հաղորդում էին ԼՂՀ կամ Հայաստանի զորքերի դիրքերի ուղղությամբ հրթիռային հրետակոծությունների մասին, պարզաբանվում էր, որ արձակված հրթիռները թուրքական արտադրության էին։ Այսինքն՝ ռուսական հրթիռներով հայկական դիրքերի ուղղությամբ չեն կրակում։ 

Այնպես որ, Բաքվի ներկայիս նոտան այդ հարցում ՙստատուս քվոն՚ վերականգնելու փորձ է։ Ասել է թե, եթե մենք չենք կիրառում ձեր զենքը հայերի դեմ, թող Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն էլ նման երաշխիքներ տան։ Իհարկե, Ադրբեջանի առաջնորդներն այդ հարցը միանգամայն կարող էին բարձրացնել ռուսների հետ դեմառդեմ, անհատական կարգով, ինչպես յուր ժամանակ, անկասկած, պաշտոնական Երևանն արեց: Բայց Բաքուն նախընտրեց հարցին պաշտոնական աղմուկ հաղորդել: Ինչո՞ւ:

Նախ, որպեսզի հետո համաքաղաքացիներին հպարտորեն հայտարարի, թե Երևանի ագրեսիվ մտադրությունները կանխվել են… Եվ կարևոր չէ, որ իրականում իրավիճակն այլ է, քանի որ իր ագրեսիվ նկրտումներով տարածաշրջանում աչքի է ընկնում լոկ թուրք-ադրբեջանական հայտնի տանդեմը, մնացած բոլոր խաղացողները շահագրգռված են խաղաղության մեջ։ Միայն Անկարան ու Բաքուն են շարունակում աջ ու ձախ սպառնալիքներ տեղալ՝ իրենց ագրեսիվ ձգտումներով միջազգային հանրակցությանը շանտաժի ենթարկելով ու հրաժարվելով գործնականում սատարել տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակներին ուղղված խաղաղ նախաձեռնություններին։ Այնպես որ, ՙբողոքող՚ Բաքուն քաջ գիտակցում է, որ Հայաստանի կողմից Ռուսաստանից գնվող սպառազինությունը Երևանին անհրաժեշտ է բացառապես պաշտպանական նպատակով, թուրքական երկու թշնամական պետությունների պոտենցիալ ագրեսիան զսպելու համար։ Իսկ թե Անկարան ու Բաքուն խելոք նստեն, ռուսական սպառազինությունը ոչ մի սպառնալիք չի ներկայացնի։ 

Բայց կա նաև կարևոր ՙերկրորդը՚. իրավիճակի քաղաքական հեգնանքը նրանում է, որ Բաքուն մեծ հաշվով պետք է շնորհակալ լինի Մոսկվային, ինչպես Երևանին ժամանակակից սպառազինություն մատակարարելու, այնպես էլ այդ մատակարարումների մասին պաշտոնական մանրամասն տեղեկատվություն հրապարակելու համար։ Ինչո՞ւ։ Ամեն ինչ պարզ է։ Չմոռանանք, որ Բաքուն վերջերս գտնվում է Անկարայի ճնշման տակ, որն Ադրբեջանի կողմից մեծ աջակցություն է պահանջում տարածաշրջանային իր արկածախնդրություններում։ Թուրքիային շատ ձեռնտու կլիներ Լեռնային Ղարաբաղում հակամարտության թեժ փուլի վերսկսումը, որպեսզի Անկարան կարողանար օգուտ քաղել դրանից և հասներ այն բանին, որ միջազգային հանրակցությունը զիջողական մոտեցում ունենա իր աշխարհաքաղաքական շահերին հետևելու հարցում...

Սակայն Բաքվում հասկանում են, որ Արցախում արկածախնդրությունը կարող է տխուր ավարտ ունենալ, և շատ կցանկանային հարմար պատրվակ գտնել չեզոք դիրքում մնալու համար։ Ու ահա Մոսկվայից այդպիսի ՙնվեր՚՝ Հայաստանին ժամանակակից սպառազինության մատակարարումների մասին տեղեկատվություն։ Ալիևն այժմ կարող է շնորհակալություն հայտնել իր ալլահին և հանգիստ արդարանալ Անկարայի առաջ, որ ինքն արդեն ուր որ է մտադիր էր գրոհել Արցախը, բայց այս ՙանիծված ռուսները՚ Հայաստանին ժամանակակից ահեղ զենք մատակարարեցին...

P.S. Վերջերս հաղորդվել էր Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի մասին։ Զրույցի տարբեր վարկածներ են հնչեցվել։ Առաջարկենք և մերը` Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին Հայաստանին սպառազինություն մատակարարելու մասին ժամանակին տեղեկատվություն տրամադրելու համար, ինչը թույլ տվեց նրան ՙհայկական ագրեսիայի՚ մտավախությունների պատրվակի տակ, պահպանելով դեմքը, հետ նահանջել թուրքական տարածաշրջանային քաղաքականությանն առավել գործուն աջակցություն ցուցաբերելու իր խոստումներից։ 

                                                                                                                                                                           

Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

 www.golosarmenii.am