[ARM]     [RUS]     [ENG]

Հավայի նահանգի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչող բանաձեւի տեքստը

Հրապարակվել է մարտի 29-ին ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հարգելու ու ճանաչելու՚ մասին H.R. 167 բանաձեւի հայերեն թարգմանությունը։

 Ստորեւ ներկայացնում ենք բանաձեւի տեքստը.

ՙՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը էթնիկ հայկական տարածաշրջան է Հարավային Կովկասում, որն ունի երկար եւ հարուստ պատմություն, եւ իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի մեջ, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին՝ տասնամյակների պայքարից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց հօգուտ անկախության, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման տեւական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների եւ նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատակամություն եւ տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների եւ հսկայական այլ դժվարությունների պայմաններում, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի հավատարիմ է իր քաղաքացիներին՝ պահպանելով իր անկախությունը եւ ջանքեր գործադրելով՝ փոփոխելու եւ կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը, եւ անցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ եւ հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակ տարածաշրջանի համար, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ բազմաթիվ միջազգային դիտորդներ, այդ թվում Միացյալ Նահանգներից, գնահատել են 2015 թ. մայիսի 3-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները որպես ազատ եւ թափանցիկ, հետեւաբար

Հավայի նահանգի 28-րդ գումարման Ներկայացուցիչների պալատը 2016 թ. հերթական նստաշրջանին ՈՐՈՇՈՒՄ Է հարգել եւ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա քաղաքացիներին, եւ

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը ճանաչում է զոհողությունները եւ նվիրվածությունը եւ  վճռականությունը, որոնք ցուցաբերվել են ԼՂՀ ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում, եւ

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը հղում է ԼՂՀ կառավարությանը եւ նրա ժողովրդին խաղաղության, բարգավաճման եւ շարունակական հաջողությունների իր լավագույն մաղթանքները, եւ

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարություն, եւ

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է որ սույն բանաձեւի վավերացված պատճեները կփոխանցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նրա՝ Հավայիում գտնվող ներկայացուցիչների միջոցով, եւ լրացուցիչ վավերացված պատճեները կփոխանցվեն Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հավայի ներկայացուցիչներին՚։

Նշենք, որ Հավային դարձավ ԱՄՆ 7-րդ նահանգը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ միանալով Մասաչուսեթսի, Ռոդ Այլենդի, Լուիզիանայի, Քալիֆորնիայի, Մեյնի եւ Ջորջիայի նահանգներին։