[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՔՎԻՆ ՎԱՃԱՌՎԱԾ ԶԵՆՔԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Ամեն դեպքում Ադրբեջանը պետք է մոռանա Ղարաբաղի մասին

 Ռուսական ռազմական փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը նոր հոդված է  հրապարակել ՙՌազմաարդյունաբերական սուրհանդակում՚, որն այս անգամ ադրբեջանական բանակի մասին է, տեղեկացնում է  ՙVerelq՚¬ը: 

Հայկական զինված ուժերի մասին նախորդ հրապարակումը` զորամասերի,  զինամթերքի և ռազմական տեխնիկայի մասին մանրամասն թվարկությամբ,   Հայաստանում քննադատության պոռթկում առաջացրեց: Հայկական լսարանի կողմից հոդվածն ընդունվեց որպես ՙդավաճանություն՚, ՙհարված թիկունքից՚ ռազմավարական դաշնակից համարվող երկրի ներկայացուցչի կողմից: Հեղինակը հայտարարել է, որ  ամսագիրը հրապարակում է հետխորհրդային պետությունների բանակների մասին հոդվածաշար, և հաջորդ հոդվածը  Ադրբեջանի բանակի մասին կլինի: Խրամչիխինը կատարեց իր խոստումը: ՙՄեկ պատերազմի բանակ՚ վերնագրով հրապարակման մեջ նա ներկայացրեց այդ երկրի ռազմական ներուժը, Ռուսատանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Իսրայելից, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից գնվող զինամթերքի տեսակները:  Այդ համատեքստում հետաքրքիր է Լեռնային Ղարաբաղում հնարավոր պատերազմի սցենարը, որն, ըստ հեղինակի, կարող է վերաճել զինված հակամարտության Ռուսաստանի և Թուրքիայի միջև: ՙՌուսաստանը հայտնվել է անհարմար իրավիճակում. բոլոր հարձակողական զենքերը հենց նա է վաճառել Ադրբեջանին: Դժվար է ենթադրել, որ Մոսկվայում չէին հասկանում, որ այդ տեխնիկան նախատեսված է ՀԱՊԿ մեր ամենամոտ դաշնակից Հայաստանի դեմ: Իրավիճակը կրկնակի է դժվարանում, քանի որ  Անկարայի հետ երկար տարիների անհասկանալի սեթևեթանքներն ավարտվել են սպասվող ձախողմամբ և կոշտ առճակատումով: Այդ պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը կարող է շատ հեշտությամբ վերածվել զինված ընդդիմության ՙավագ ընկերների՚՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, հատկապես երբ Սիրիայի պատճառով զինված առճակատման  էական հավանականությունը  պահպանվում է՚,- գրում է Խրամչիխինը: Նրա կարծիքով, փոքր չէ հավանականությունը, որ ռուսական տեխնիկան կպատերազմի ոչ միայն ՌԴ ամենամոտ դաշնակցի,  այլև ռուսական բանակի դեմ, եթե Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմ սկսվի, որի մեջ կներքաշվի նաև Հայաստանը: Բաքվում մեծ գայթակղություն  կառաջանա հյուսիսից հարված հասցնել Ղարաբաղին՝ օգտվելով այն հանգամանքից, որ հայկական բանակն ամբողջովին ներգրավված կլինի թուրքական ճակատում: Սակայն այդ դեպքում Ադրբեջանը հնարավորություն ունի հարված ստանալ և՜  Ռուսաստանի, և՜  նույնիսկ Իրանի կողմից: ՙԴա կզրոյացնի նրա` ոչ միայն հաղթանակի, այլև գոյատևման շանսերը: Ուստի Բաքվում  դեռ կհետևեն իրավիճակի զարգացմանը, և եթե այն փոխվի ոչ Թուրքիայի օգտին, ձեռնպահ կմնան պատերազմին մասնակցելուց: Բայց այդ դեպքում Ադրբեջանը պետք է մոռանա Ղարաբաղի մասին նվազագույնը տասնյակ տարիներով, առավելագույնը՝ ընդմիշտ՚,-  կարծում է հեղինակը: 

 

www.nv.am