Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔ ՁԵՎԱՉԱՓԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին Պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնում մամլո ասուլիս անցկացրեց արտերկրի բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ովքեր այստեղ էին ժամանել՝ լուսաբանելու Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախահարձակ գործողություններն ու դրանց հետևանքները։

Մեզ համար ճակատագրական նշանակություն ունեցող այս օրերին  լրագրողների շնորհիվ հնարավոր եղավ ծավալվող իրադարձությունների մասին աշխարհին ճշմարիտ տեղեկատվություն տրամադրել։ Շնորհակալություն հայտնելով նրանց՝ Նախագահն ընդգծեց, որ այդ տեղեկատվությունից օգտվել են տարբեր երկրների քաղաքացիներ, քաղաքական ղեկավարություններ, վերլուծական, հետազոտական կենտրոններ, ռազմական գերատեսչություններ, ինչպես նաև Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող մեր ազգակիցները։

Արցախի Հանրապետության Նախագահի կարևոր շեշտադրումներից մեկն այն էր, որ ինքը չի կարող համամիտ լինել  բոլոր նրանց հետ, ովքեր ղարաբաղյան հիմնախնդիրը որակում են որպես տարածաշրջանային հիմնախնդիր։ Վկայակոչելով  պատմական փաստեր՝ նա նշեց, որ այդ հիմնախնդիրն ի հայտ եկավ մեկ դար առաջ, աշխարհաքաղաքական թեժ իրադարձությունների, մասնավորապես Առաջին աշխարհամարտի  տարիներին։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ տեղի ունցավ  մեծ ողբերգությունը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից  հայ ժողովրդի 1,5  միլիոն զավակների ֆիզիկական բնաջնջումը։  Տեղահանվեցին մեր հարյուր հազարավոր հայրենակիցները՝ բռնելով գաղթի ճանապարհը։ Առկա ողբերգություններին գումարվեց ևս մեկը. մեր պատմական հայրենիքը մասնատվեց, և նրա մի մասն էլ 1921 թվականին հայտնվեց մեզ համար խորթ մի երկրի՝ այն ժամանակ հանկարծակի հայտնված Ադրբեջան կոչվող հանրապետության կազմում։ Մինչև 1988 թվականի ազգային-ազատագրական շարժումն արցախահայությունը քանիցս է ցույց տվել, որ չի համակերպվում այդ անօրեն որոշման հետ։ Խորհրդային յոթ տասնամյակների ընթացքում Արցախի ժողովուրդը,  պատմական արդարությունը վերականգնելու հույսով, բազում ջանքեր ու քայլեր է գործադրել, սակայն  նպատակին հասնել չի հաջողվել։ 

88-ի Արցախյան վերածնունդը մեզ մոտեցրեց այդ նպատակին։ Ազատագրական պայքարի շնորհիվ արցախահայությունը ազատագրվեց գերությունից և սկսեց կառուցել իր կյանքը համամարդկային արժեքների հիման վրա, քանզի  հազարամյակների ընթացքում առաջնորդվել է հենց այդ արժեքներով։ Հավատարիմ լինելով ժողովրդավարական երկիր կառուցելու սկզբունքներին՝ արցախցիներն այդ ուղղությամբ  շարունակել են իրենց ջանքերը՝ միջազգային հանրության դիտարկումներում արժանանալով բարձր գնահատականի։ Ադրբեջանական գերությունից ազատագրվելուց մինչ այսօր  ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին արցախցին արձանագրել է բազում հաջողություններ, և դրանց հասել է՝ մի ձեռքում ունենալով զենք, մյուսով արարելով իր հանապազօրյա հացը։

Ներածական  խոսքից հետո Նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից  նախահարձակ  գործողությունների ծավալման և Արցախի ղեկավարության ձեռնարկած առաջին քայլերին առնչվող հարցին պատասխանելիս  Նախագահ  Սահակյանը նշեց, որ հակառակորդը գիշերվա ժամը 3-ին սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ՝  հնարավորություն չտալով օգտագործել մեր բոլոր միջոցները՝ բնութագրելու օպերատիվ վիճակն իբրև լայնածավալ հարձակողական։ Այն պահից, երբ ինքը հայտնվել էր ՊԲ-ի հրամանատարական կետում և ծանոթացել ստեղծված օպերատիվ վիճակին, տվել է համապատասխան կարգադրություններ, հանձնարարականներ և ցուցումներ, ինչպես նաև հրաման ՊԲ-ի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ կասեցնել հակառակորդի գործողությունները՝ նրա կենդանի ուժը և  զինտեխնիկան ոչնչացնելու նպատակով։ Այդ հանձնարարականը կատարել են Արցախի հերոսական բանակի ժամկետային զինծառայողները, սպայական կազմը, Արցախին օգնության հասած Մայր Հայաստանի կամավորական ջոկատները, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները։ Առաջադրանքը փառքով կատարվել է ՊԲ հրամանատար, պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ  Լևոն Մնացականյանի գլխավորությամբ։

Ինչպե՞ս մեկնաբանել ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի հայտարարությունն այն մասին, որ կողմերը մոտ են բանակցությունների սեղանին դրված առաջարկությունների շուրջ համաձայնության գալուն։ Ի՞նչ տեսակետ ունի նախագահը. արդյո՞ք  անհրաժեշտ  է զինադադարի նոր պայմանագիր, թե՞ հիմք են ընդունելու 1994-ին ստորագրվածը։ Ի պատասխան հարցի՝ Նախագահն ասաց, որ ինքը հնարավորություն է ունեցել և ունի գնահատական տալու միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը։ Գնահատական տալու հետ մեկտեղ  շնորհակալություն է հայտնել միջազգային հանրությանը՝ նրա կողմից գործադրվող ջանքերի համար։ Հարաբերական խաղաղությունը մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ապահովվում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շնորհիվ։ Երախտագիտություն հայտնելուն զուգահեռ Բ. Սահակյանը ներկայացրել է դժգոհություններ՝ կապված համանախագահների կողմից իրականացվող միջնորդական առաքելության հետ։ Բոլոր հանդիպումների ժամանակ Նախագահը բարձրաձայնում էր, որ խեղաթյուրված ձևաչափի պայմաններում անհնար է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում հասնել վերջնական լուծման։ Այսօր էլ մենք մնում ենք այդ համոզմունքին,  շարունակեց նա՝ հավելելով, որ  ցանկացած նախաձեռնություն կամ առաջարկություն չի կարող լիարժեքորեն և վերջնականապես կյանքի կոչվել առանց ԼՂՀ պաշտոնական մասնակցության։ Նա հիշեցրեց 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովը, որտեղ Արցախի Հանրապետությունն ընդունվեց որպես հակամարտության լիիրավ կողմ։ Այդ որոշումը ցայսօր պահպանում է իր իրավական ուժը, հետևաբար, անհրաժեշտ է վերջնականապես վերանայել այս պահանջը։ Վերջին իրադարձությունները հիմք են տալիս  միջազգային հանրությանը մի կողմից շարունակել խաղաղարար ջանքերը, մյուս կողմից էլ՝ վերադառնալ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափին,  հայտարարեց Բ. Սահակյանը։  

Վերջին իրադարձությունները մոտեցրե՞լ, թե՞ հեռացրել են կողմերի միջև համաձանյության ձեռքբերումը, և Արցախն այժմ պատրաստվում է պատերազմի՞, թե՞ խաղաղության։ Հարցին տրված պատասխանում  երկրի ղեկավարն ընդգծել է այն միտքը, որ հետպատերազմյան երկար տարիները կասկած չեն առաջացնում բոլոր նրանց մոտ, ովքեր ներգրավված են եղել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ այդ տարիները հնարավորություն են տվել համոզվելու, որ մենք պատրաստվում ենք խաղաղության։ Միջազգային հանրությունը նույն տեսանկյունից է  ընկալում նաև վերջին պատերազմական գործողությունները։ Պատրաստ ենք անձնազոհության, զրկանքների՝ հանուն վերջնական նպատակների։ Իսկ թե որքանով են վերջին իրադարձությունները մոտեցրել կողմերի միջև համաձայնության ձեռքբերմանը,  Նախագահը մատնացույց է արել անցած տարիների ընթացքում բազմաթիվ պայմանավորվածությունները, այդ թվում՝ կրակի դադարեցման հետ կապված, որոնք խախտվել են հակառակորդի կողմից։  Հրադադարի բոլոր խախտումները հանգեցնում էին նորանոր զոհերի։ Ուրեմն,  հարկ է նկատի ունենալ, որ գործ ունենք մի հակառակորդի հետ, որը  երկար տարիների ընթացքում չի պահպանել  պայմանավորվածությունները։ 

Նախագահն այնուհետև նշեց, որ այստեղ իրականացվում են աշխատանքներ հրետակոծություններից տուժածների համար  նվազագույն սոցիալական պայմաններ ստեղծելու ուղղությամբ, իրականացվում են բազմաթիվ այլ միջոցառումներ, անց են կացվում օպերատիվ և աշխատանքային խորհրդակցություններ։ Այդ ամենի հետ մեկտեղ Արցախի Հանրապետության ղեկավարը   բոլորին հորդորում է լինել զգաստ իրենց կարգավիճակի մեջ, ինչպես նաև նկատի ունենալ այն  հանգամանքը, որ անցած տարիների ընթացքում ձեռքբերված տասնյակ պայմանավորվածություններն Ադրբեջանի կողմից  մշտապես խախտվել են։ Բ. Սահակյանն անհրաժեշտ համարեց հայտարարել, որ իր կողմից արձակված առաջին հրամանին  մեկ հավելում է արել. եթե Ադրբեջանը հերթական անգամ խախտի վերջին պայմանավորվածությունները, այդ դեպքում Արցախի զինված ուժերը մյուս ստորաբաժանումների հետ միասին՝ լինեն դրանք կամավորական, թե մեկ այլ բնույթի, հասցնելու են հաջորդ անհրաժեշտ հարվածը։ 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ