[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՆ օրենսդիրները հանդես են եկել ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակումները դատապարտող հայտարարությամբ

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիրները դատապարտել են Ադրբեջանի ռազմական հարձակումները Լեռնային Ղարաբաղի դեմ:

 The Armenian Weekly-ի փոխանցմամբ` հայտարարությամբ են հանդես եկել կոնգրեսականներ Դևիդ Սիսիլինը և Ջեյմս Լանգևինը, ինչպես նաև սենատոր Ջեք Ռիդը:


«Ես խորապես մտահոգված եմ բռնության վերջին սրացումներով Լեռնային Ղարաբաղում:  Հայերի դեմ  այս հարձակումները լիովին անընդունելի են և հարցականի տակ են դնում անկեղծությունը, որով Ադրբեջանը մոտեցել է խաղաղ բանակցությունների սեղանին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, երկու կողմերն էլ պետք է վերադառնան բանակցային գործընթացին` աշխատելու տևական և կայուն համաձայնագրի ուղղությամբ», - ասվում է սենատոր Ռիդի հայտարարության մեջ:

Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Լանգևինը ևս դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել. «Խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղվում շարունակվող հակամարտությամբ, որը սպառնում է ոչ միայն հայ ժողովրդի անվտանգությանը, այլև  տարածաշրջանի անվտանգությանն ընդհանուր առմամբ: Հրադադարի այս ակնհայտ խախտումը, որը քաղաքացիական և զինվորական անձանց մահվան պատճառ դարձավ, ոչ միայն վտանգավոր է, այլ նաև անխոհեմ: Ադրբեջանի ագրեսիան և հռետորաբանությունը պետք է հանգստացվի անմիջապես, որպեսզի հակամարտության երկու կողմերն էլ կարողանան հարգել հրադադարի ռեժիմը և միասին աշխատել խաղաղության հասնելու համար»:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դևիդ Սիսիլինը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից դիպուկահար կրակի կիրառման մասին, որը «միջազգային իրավունքի և հրադադարի հաաձայնագրի անմիջական խախտում է»:

«Խորապես մտահոգված եմ Ղարաբաղում պայքարի վերսկսման և հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը  կկարողանան վերականգնել խաղաղությունը: Խստիվ դատապարտում եմ Ադրբեջանի կառավարության կողմից դիպուկահար կրակի կիրառումը», - ասել է Սիսիլինը: