[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. ՙՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԶԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ ՕԳՆԻ, ԱՅԼ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԿՍՏԵՂԾԻ՚

 

 

 

Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը չի օգնի, այլ նոր մարտահրավերներ կստեղծի. այս կարծիքին է քաղաքագետ, ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի փորձագետ Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ։

 

ՙԼրտեսների կամուրջը՚ սպիլբերգյան ֆիլմում գլխավոր հերոսներից մեկը (խորհրդային հետախույզ) կրկներգի պես միևնույն հարցն է տալիս. ՙԻսկ դա կօգնի՞՚։ Այս հարցն ու այդ իրավիճակը շատ անգամ էր մտքովս անցնում, երբ վերջին մի քանի օրերին կարդում էի սոցցանցերի գրառումները, Հայաստանից իմ գործընկերների ու ընկերների հոդվածներն ու մեկնաբանությունները՚,¬ գրել է Մարկեդոնովը Facebook¬յան իր էջում։

Փորձագետի խոսքով, այդ գրառումներն այնքան շատ էին, որ նա որոշեց ինչ¬որ կերպ արձագանքել։ ՙԸնդհանուր պաթոսը շատ պարզունակ է. Ռուսաստանը վատ դաշնակից է, ժամանակն է նրանից ձերբազատվել, թողնել ՀԱՊԿ¬ը և, ընդհանրապես՝ վերջ բարեկամությանը, այդ երկիրը (այսինքն՝ իմ երկիրը) ՙմիշտ դավաճանել է՚։ Նախ, ես անտարբեր չեմ ռուս¬հայկական հարաբերություններին ու դրանց հեռանկարներին։ Երկրորդ, Հայաստանում շատերի հետ բարեկամության, ընկերության և համատեղ աշխատանքի տարիներն են ինձ կապում։ Երրորդ, ես Ռոստովից եմ, մեծացել եմ այնպիսի մթնոլորտում, որտեղ մեծարում էին Նոր Նախիջևանի մշակույթը, իսկ Սարյանի, Պատկանյանի և Նալբանդյանի անուններն ինձ համար դատարկ հնչյուն չեն։ Ուստի լիրիկայից միանգամից անցնեմ գործի։ Մի քանի դրույթներ.

1. Ես պաշտոնատար անձ չեմ համարվում, այդ իսկ պատճառով կարող եմ բացեիբաց խոսել։ Ռուսաստանը ուկրաինյան ճգնաժամի, Արևմուտքի ու Թուրքիայի հետ դիմակայության, պատժամիջոցների ու տնտեսական խնդիրների համապատկերին շահագրգռված չէ Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ ներքաշվելու ու Անկարայի հետ դիմակայության նշաձողը նոր մակարդակի բարձրացնելու հարցում՝ ընդհուպ մինչև բացահայտ դիմակայության։ Ռուսաստանը շահագրգռված է նրանում, որ տեղայնացնի ու կանխի Ղարաբաղում հակամարտության ներկա սրումը և թույլ չտա, որ այն վերաճի պատերազմի։ Եվ այս ուղղությամբ շատ բան է արդեն արվել։ Թե՞ Ստեփանակերտն արդեն գրավել են, կամ թե ԼՂՀ¬ն կրկնել է Կրաինայի ճակատագիրը։ Թե ե՞ս եմ ինչ¬որ բան բաց թողել։ Թե՞ պարզապես խոստովանենք, որ կարող ենք ունենալ և չհամընկնող շահեր մասնավոր հարցերում, իսկ հիմնական ուղղություններում՝ ընդհանուր։ Մի՞թե ռուսների ու հայերի համար դա նորություն է։ Մի՞թե հակամարտության սառեցումը, որ փորձում է հնարավոր դարձնել Ռուսաստանը, վնասում է հայկական ռազմավարական շահերին։ Թե՞ մենք կրկնենք կարգավորման արդյունավետ մոդելների բացակայության վերաբերյալ Արևմուտքից մեր ընկերների հմայախոսքերը։ Իսկ այդպիսի մոդելներ կա՞ն։ Ստուդիա հրավիրել կարելի՞ է։ Եթե, իհարկե, մոդելն այդ Սերբական Կրաինայի մոդելը չէ։

2. Մի պահ տրվենք երևակայությանը։ Քաղաքագետները դա սցենարային մշակումներ են անվանում։ Հայաստանը և Ռուսաստանը վերջնականապես գժտվում են, Երևանը ՙդավաճան¬երկրին՚ սրտի ցավով մերժում է։ Պատկերացրի՞ք։ Ի՞նչ է, ձեր կարծիքով, ԱՄՆ¬ն ընտրությո՞ւն կանի Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Այո, Ռուսաստանը զենք է մատակարարել Բաքվին, անձամբ ես այդ հարցին թերահավատորեն եմ մոտեցել և շարունակում եմ այդպես մոտենալ, քանի որ ծանոթ եմ մեծանուն համերկրացուս` Չեխովի արվեստին (հրացանի մասին, որը կրակում է)։ Բայց մի՞թե ԱՄՆ¬ն Թուրքիային դուրս կմղի ՆԱՏՕ¬ից, եթե նրանք սկսեն Ռուսաստանի տեղ Հայաստանի հետ բարեկամություն անել։ Թե՞ Վաշինգտոնը համբերատար կերպով խորհուրդներ կլսի Բաքվի ու Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև ընտրություն անելու վերաբերյալ։ Եվ, իբր, հիմա ՆԱՏՕ¬ի երկիր Թուրքիան չի՞ համագործակցում Ադրբեջանի հետ (սպաների մարզում, տեղեկատվություն, հետախուզություն)։ Թե՞ ԱՄՆ¬ն 1915թ. իրադարձությունները հանկարծ կճանաչի որպես ցեղասպանություն։ Ի՞նչն էր նրանց խանգարում մինչև հիմա դա անել (Ռուսաստանը դա արել է 1995թ., իսկ Պուտինը կրկնեց 2015թ.՝ հակառակ Անկարայի հետ ռմբակոծիչի միջադեպից առաջ դեռ չխաթարված ՙռազմավարական հարաբերությունների՚ առկայությանը)։ Թե՞ Նահանգներն իրենց ընկերություններին հետ կկանչեն Բաքվի հետ ՙդարի պայմանագրից՚ (մի՞թե այդ գումարներով չեն վճարվում և ռուսական պայմանագրերը, իսկ թե այդպես է, ապա եկեք առնվազն կիսենք պատասխանատվությունը)։ Լավ չեմ պատկերացնում Կասպից ծովից փախչող  Amoco և Penzoil ընկերություններին՝ հանուն Հայաստանի հետ նոր բարեկամության։

3. ԵՄ¬ն՝ որպես դաշնակից։ Շատ լավ։ Ահա ինչպես է այդ դաշնակցությունն ու հակամարտության լուծման հարցում Եվրամիության մասնակցությունը գնահատում Սաբինա Ֆիշերը՝ SWP¬ի գերմանական առաջատար փորձագետներից մեկը, ում հետ, ի միջիայլոց, խորհրդակցում է և ֆրաու Մերկելը. ՙԼեռնային Ղարաբաղի պարագան նույնիսկ ավելի բարդ է, քանի որ այդ հակամարտության կարգավորման մեջ Եվրոպական Միության դերը շատ քիչ է՚։ Այդ ինչի՞ց ելնելով նրա դերը հիպոթետիկ կերպով կաճի։ Եթե անգամ Ուկրաինայի նկատմամբ (բարևներ Նիդերլանդներին) ԵՄ¬ն արդեն իր ահավոր հոգնածությունն է ցուցադրում։ Մի քիչ կռվենք, Բրյուսե՞լը կօգնի։ Վստահ չեմ:

4. Հավատացեք այն մարդուն, ով 3,5 տարի ապրել և աշխատել է Նահանգներում, այն էլ ոչ ամենավերջին ՙուղեղային տրեստում՚ և անձամբ տեսել կենդանի Լյութվակին, Բժեզինսկուն, Կորդեսմանին, Սթարին և շատ ուրիշների։ Շատ ազդեցիկ ուժեր առանց Ռուսաստանի հակամարտության կարգավորումը տեսնում են որպես Եվրոպայի համար առանց Մոսկվայի մասնակցության ՙէներգետիկ պլյուրալիզմի՚ և ածխաջրածինների մատակարարման ապահովում։ Հասկանո՞ւմ եք՝ հարցի գինը որն է այստեղ։ Իսկ ես հասկանում եմ, շատերն ինձ բաց տեքստով (ճիշտ է, կուլուարներում), ներառյալ և հայկական սփյուռքի ներկայացուցիչները (անունները չնշենք), ասում էին՝ հերիք է ՙԿովկասում Իսրայել՚ խաղաք, ժամանակն է  խաղաղ ապրելու։ Պատրա՞ստ եք վճարելու հարցի այդ գինը։ Թե՞ ռուսական անիծված սառեցումն իր ցինիկ անձնավորումով (որն ինձ մոտ մեկ¬մեկ սրտխառնոց է առաջացնում) գոնե նվազագույն չարիք է, քան ՙհայկական Իսրայելից՚ հրաժարվելը։ 

5. Եվ ՙդավաճանների՚ մասին։ Դե, եթե միշտ դավաճանում էին, այդ դեպքում ի՞նչ կարիք կար պայմանագրեր կնքել  բարեկամության, բազայի և այլ հարցերի շուրջ։ Ինչ է, այլմոլորակայիննե՞րն են դրանք ստորագրել, թե՞ Հայաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները (տեղյակ լինելով բոլոր նախկին տխուր փորձերին)։ Իսկ գուցե ներկայիս օրակարգում պետք է ընդգրկել և Հայ Առաքելական եկեղեցու գույքը բռնագրավելու հա՞րցը, ինչպես մի ժամանակ կայսերական վարչակարգն էր անում։ Ախր, XX¬րդ դարասկիզբը չէ հիմա։ 

Բարեկամներ, այս օրերին զգացմունքները համակում են բոլորիս։ Իսկ դրանք պետք է հաղթահարել, ուժ գտնել շատ բան վերաարժեվորելու և ընդհանուր կետեր գտնելու համար։ Այդպիսի կետեր կան, կային և կլինեն։ Իսկ ահա հրաշքներ քաղաքականության մեջ, ավաղ, չեն լինում։ Եթե ես այս հարցում անտարբեր լինեի, լուռ կմնայի։ Բայց չեմ կարող անտարբեր լինել։ Սակայն բանականությունը մեզ տրված է նրա համար, որ հապճեպ եզրահանգումներ չանենք, կրքեր չբորբոքենք և ավելորդ լարվածություն չհրահրենք։ Շտապ որոշումների ու սխալների գինը չափազանց բարձր է։

Ղարաբաղի շուրջ իրավիճակը կարգավորված չէ։ Եվ կարգավորված չէ այնքանով, որ կարելի լինի Ռուսաստանի հարցում վերջնական կանխատեսումներ անել ու նրան անարգանքի սյունին գամել։ Զարգացումները շարունակվում են, և Մոսկվան դեռ շատ պետք կգա։ Այլ հարց է, որ տարաձայնություններ մենք ունենք, դրանք արժե քննարկել, վերջ տալ ամեն ինչում բարեկամության մասին բաժակաճառերով բավարարվելուն։ Բայց քննարկել, ոչ թե աղմուկ հանել։ Ես անձամբ նման քննարկման պատրաստ եմ` ցանկացած ձևաչափով և ցանկացած հարթակի վրա։ Իմ երկրի քաղաքականությունը կատարյալ չէ։ Այն հաճախ է պախարակելու տեղիք տալիս, առաջին հերթին` իմ կողմից, ինչին շատերը Երևանում ականատես են։ Բայց եթե նա չլիներ, այնքան էլ վստահ չեմ, որ այսօր մենք կխոսեինք ՙքառօրյա պատերազմի՚ մասին, կքննարկեինք երկու Դիմաների (Մեդվեդև ու Ռոգոզին-խմբ.) անհեթեթ արտահայտությունները, այլ կմեկնաբանեինք ճակատային նոր ամփոփագրեր և զոհերի ու ավերածությունների մասին նոր հաղորդագրություններ։ Վերադառնալով ֆիլմի հերոսի հարցին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը չի օգնի ... այլ նոր մարտահրավերներ կստեղծի՚,¬ գրել է Մարկեդոնովն իր էջում։ 

 

Նովոստի-Արմենիա