[ARM]     [RUS]     [ENG]

Իսրայելի հայերը պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին. ցույցին մասնակցել են նաեւ հրեաներ

Երուսաղմում  ապրիլի 14-ին, Իսրայելի Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց հայ համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականացրել` Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով:

Ցույցը կազմակերպել է Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը, որին մասնակցել են Երուսաղեմի, Եայֆայի, Պետախ Տիկվայի եւ Հայֆայի հայ համայնքի անդամներն ու նաեւ հրեաներ:

Ցույցի ընթացքում ելույթ է ունեցել Երուսաղեմի նախկին փոխքաղաքապետ Փիտեր Ալալուն, որը նշել է, որ կիսում է հայ ժողովրդի ցավը եւ Հայոց Ցեղասպանության վիշտը եւ անընդունելի է, որ այսօր Ադրբեջանը Իսրայելի վաճառած զենքով սպանում է հայ ժողովրդին: Նա կոչ է արել Իսրայելի իշխանությանը, դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:

NEWS.am-ի հետ զրույցում Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանագետ հայր Կորյունը նշեց, որ ցույցի մասնակիցները նաեւ նամակ են հանձնել Իսրայելի արտաքին գործերի նախարարին, որում հայ համայնքը իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ: