[ARM]     [RUS]     [ENG]

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱՅԻՑ ԴԵՊԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱ

Արցախի Հանրապետության դեմ ձեռնարկված ադրբեջանական վերջին ագրեսիան, որն ըստ ռազմական փորձագիտական վերլուծության, աննախադեպ էր շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի և միջոցների քանակով, առաջնագծին հակառակորդի զինված ուժերի մոտեցման առումով և ունեցած մարդկային կորուստների մեծ քանակով, անփառունակ վախճան ունեցավ։

Իլհամ Ալիևի՝ ՙկայծակնային պատերազմ՚-ի օգնությամբ ԼՂՀ տարածք մխրճվելու երազանքը մնաց անկատար. ուժերի հարաբերակցությունն այդպես էլ չփոխվեց, չնայած նախահարձակ գործողությունների ծրագիրը նախօրոք և մանրազնին նախապատրաստվել էր։ Ղարաբաղյան քառօրյա  պատերազմը հաստատեց  ադրբեջանական տիրապետող վարչակարգի ահաբեկչական բնույթը, որն աշխարհին ներկայացավ նոր ռազմական հանցագործություններով՝  ցուցադրելով  խոշտանգումների և գլխատումների նոր օրինակներ։  Այժմ Իլհամ Ալիևը ստիպված է հրաժեշտ տալ սեփական քաղաքացիներին մոլորության մեջ պահելու սովորությանը, քանզի իր երկրի քաղաքական գործիչները բացահայտորեն կոչ են անում իրեն այլևս չզբաղվել խաբեբայությամբ և չխոստանալ այն, ինչն ինքը ի վիճակի չէ իրականացնել։ Մյուս կողմից էլ, որպես ագրեսոր պետության նախագահ, արժանացավ  աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների ու կազմակերպությունների պարսավանքին։ Ալիևյան կլանի համար պարզ դարձավ, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը միջազգային հանրությանը  մղում է դեպի ԼՂՀ միջազգային ճանաչում։ 

Փորձենք վերհիշել այն իրադրությունը, որն առկա էր  ադրբեջանական քաղաքական վերնախավի շրջանում՝ նախքան պատերազմական գործողությունների վերսկսումը։ Ադրբեջանի նախագահը, մտահոգ   սեփական իշխանության պահպանմամբ, որոշեց ժողովրդավարական ՙբարեփոխումներ՚ իրականացնել երկրում՝ միջազգային ասպարեզում նոր վարկանիշով երևալու համար։ Առջևում Վաշինգտոնի միջուկային անվտանգության չորրորդ գագաթնաժողովն էր, որին պետք է մասնակցեին ավելի քան հիսուն երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ ԱՄՆ նախագահի հրավերով գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Միացյալ Նահանգներ էին ժամանել նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ  Ռ. Էրդողանն ու Ի. Ալիևը։ 

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել այդ հանդիպմանը, քանի որ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, գագաթնաժողովի թեմատիկայի և հարցերի նախնական քննարկման փուլում ռուսական կողմը փոխգործակցության պակաս էր զգում։ Դա նշանակում է, որ պետքարտուղար Ջ. Քերրիի Մոսկվա կատարած այցը ոչ մի կերպ  չի նպաստել սիրիական հարցում կողմերի դիրքորոշումների մերձեցմանը։ Վերջինիս հիմնավորումը Սպիտակ տան հաղորդագրությունն էր  այն մասին, որ Միջուկային անվտանգության գագաթնաժողովը միաժամանակ ԻՊ-ի դեմ պայքարում ընդհանուր ջանքերը քննարկելու հնարավորություն է։ Ստացվում է, որ իսլամական ծայրահեղականության դեմ ընդհանուր ջանքերի միավորման գործում ամերիկյան կողմն անտեսել է Ռուսաստանի դերը։ Մի խոսքով՝ գագաթնաժողովի նախօրեին առավել քան ակներև էր լարվածության առկայությունը Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում։   

Թուրքիան, բնականաբար, նախապատրաստվել էր վաշինգտոնյան հանդիպմանը, ինչը նրան խիստ անհրաժեշտ էր՝ իր հանդեպ միջազգային հանրության ունեցած բացասական կարծիքը ցրելու համար։ Մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումներին առնչվող մտահոգությունները, մասնավորապես ՙԻսլամական պետության՚ պարտությունները և դրանով պայմանավորված՝ թուրքական գործոնի թուլացումը, Էրդողանին կանգնեցրել են ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման եզրեր փնտրելու հրամայականի առջև։ 

Որ ՀՀ նախագահի վաշինգտոնյան այցերը կարևոր են հայկական կողմի համար՝ Միացյալ Նահանգների հետ  համագործակցության ներկա մակարդակն ավելի բարձրացնելու առումով, մեկնաբանման կարիք չունի։ 

Իսկ ի՞նչ էր տալու Ադրբեջանի նախագահին Միացյալ Նահանգներ կատարելիք այցը։ Եթե ուշադրություն ենք  դարձնում Ի. Ալիևի վաշինգտոնյան այցի նախօրեին կլանին սպասարկող լրատվամիջոցների հրապարակումներին, ապա  առաջին հերթին  աչքի են զարնվում պաշտոնական շրջանակներում ի հայտ  եկած նոր շեշտադրումներն Ադրբեջան-ԱՄՆ երկարաժամկետ համագործակցության շուրջ։ Ադրբեջանական աղբյուրն ուղղակիորեն նշում էր, որ պաշտոնական Բաքուն պետք է հրաժարվի Կրեմլին մոտ գտնվելու գաղափարից, որովհետև  մեծ հաշվով դա  Ադրբեջանին լավ ապագա չի խոստանում։ Երկրի փրկությունն արևմտյան արժեքներն ընդունելու մեջ է։ Ալիևյան կլանն, ըստ երևույթին, համապատասխան եզրահանգումներ է արել այն բանից, որ ադրբեջանական ավտորիտարիզմի անհեռանկարայնության մասին Արևմուտքն է անընդհատ ակնարկում։ Մոսկվայից Բաքվի ուղղությամբ նման ակնարկներ չեն արվում, ինչն, իմիջիայլոց, ամենագնահատելին է նախագահ Ալիևի համար Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում։  

Ադրբեջանական պաշտոնական շրջանակներում նաև վկայակոչում էին մեկ այլ ուշագրավ փաստարկ. Ռուսաստանի նման գերտերությունում արդեն եկել են այն համոզմունքին, որ պետք է հետևել եվրոպական արԺեքներին՝ խթանելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը։ ՌԴ-ում վաղ թե ուշ նախապատվությունը տալու են արևմտյան քաղաքակրթական արժեքներին, և դա պետք է ի գիտություն ընդունվի։ Այդ համատեքստում երկրի քաղաքական վերնախավն սկսել էր  առանձնահատուկ կարևորություն տալ  նաև Իրանի հետ հարաբերությունների սերտացմանն ու խորացմանը։

Բռնապետական վարչակարգին բավականաչափ անհանգստացնում էր նաև  Սերբիայից անկախացած Կոսովոյի օրինակը, որի իրավական ճանաչման նախաձեռնողը հենց ԱՄՆ-ն էր։ Պաշտոնական Բաքվի այն մտավախությունը,  որ այս գերտերությանը  ոչինչ չի խանգարի՝ ճանաչելու նաև ԼՂՀ անկախությունը, թերևս առանց  հիմքերի չէր։ Սա նույնպես Ադրբեջանի քաղաքական վերնախավին հարկադրում էր որոշակիորեն մերձենալ արևմտյան գերտերությանը։

Ադրբեջանի՝ արտաքին քաղաքականության արևմտյան վեկտորն առաջ տանելու ցանկությունը միանգամայն հասկանալի է։ Պարզ է նաև, որ ամերիկյան կողմը հարաբերությունների մերձեցման մեջ շահագրգռված էր այնքանով, որքան անհրաժեշտ է ուժային մյուս կենտրոնին՝ Ռուսաստանին գերազանցելու համար։ 

Նման պարագայում  Իլհամ Ալիևը պիտի զբաղվեր ժողովրդավարության իմիտացիայով, ինչի փայլուն վկայությունը Միջուկային անվտանգության գագաթնաժողովի նախօրեին համաներման մասին հրամանագրի հրապարակումն էր։ Տեղեկացվեց դատարանի վճռով ազատազրկման դատապարտված մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալների ազատ արձակման մասին։  Սակայն, ինչպես նկատել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները,  ազատ արձակված քաղբանտարկյալները վաղուց գտնվում էին բանտաճաղերի ետևում, և նրանց ազատելու հորդորով եվրոպական կառույցները մի քանի անգամ կոչեր էին ուղղել ալիևյան վարչակարգին։  

Լավ իմանալով այն, որ բռնապետի մտածողությունն ու էությունը ենթակա չեն բարեփոխման, ԱՄՆ-ում չհարցրին, թե ինչպես պատահեց, որ մի քանի օրվա ընթացքում բռնապետ Ալիևը դարձավ ժողովրդավար նախագահ։ Հարցի պատասխանը տվեց ինքը՝ Ալիևը, վաշինգտոնյան գագաթնաժողովը դեռ չավարտված՝ լայնածավալ հարձակում նախաձեռնելով Արցախի Հանրապետության դեմ։ 

Քառօրյա պատերազմի իրադարձություններից պետք է որոշ հետևություններ անեն ինչպես ժողովրդավարական Արևմուտքը, այնպես էլ Ադրբեջանին մշտապես զենք վաճառող Ռուսաստանը։ Ադրբեջանական կողմի վայրագությունները, որոնք հակասում են միջազգային մարդասիրական նորմերին, դատապարտման հիմքեր են տալիս բոլոր նրանց, ովքեր շտապել են ողջունել Ի. Ալիևի քայլերը երկիրը ՙբարեփոխելու՚ ճանապարհին։ Նրանք ականատես եղան, որ ադրբեջանական վայրագություններին գումարվեցին ՙԻսլամական պետության՚ վարձկանների գործողությունները հայ խաղաղ  բնակիչների նկատմամբ։ Միջազգային հեղինակավոր կառույցներում քննարկման առարկա պիտի դառնան հայ զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումներն ու գլխատումները։ 

Միջազգային հանրությունը  պետք է քաղաքական  և իրավական գնահատական տա Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիային ու նրա հետևանքներին՝ մատնացույց անելով Ժնևի կոնվենցիաների և Միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները, 12-ամյա երեխայի զոհվելու, ևս երեք երեխայի  վիրավորվելու փաստերը։ Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնողներն էլ թող խորհեն այն փաստի շուրջ, թե ինչպես  ԻՊ գրոհայիններին հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում սիրիական հակամարտության գոտուց տեղաշարժ կատարել դեպի ղարաբաղյան հակամարտության գոտի։ Չմոռանան նաև ադրբեջանական իշխանությունների կողմից ՙԻսլամական պետությանը՚ ֆինանսավորելու իրողությունը, ինչի մասին միջազգային հանրությանը տեղեկացրել են ՌԴ հատուկ ծառայությունները՝ ընդգծելով, որ Ադրբեջանը, որպես  ԻՊ-ին ֆինանսավորող երկիր, ԱՊՀ երկրների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ