[ARM]     [RUS]     [ENG]

Անդրեյ ԱՐԵՇԵՎ. ԱՊՐԻԼՅԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՓՈՐՁ ԷՐ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ ԱՐԵՇԵՎԸ Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել  է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ ներսում՝ հասարակական ու փորձագիտական դիրքորոշումներին ու կողմնորոշումներին, ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանն ու այլ հարցերի։

 - Պարոն Արեշև, Ձեր գնահատմամբ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ռազմական գործողությունները այլևս կարելի՞ է սպառված համարել, թե դրանք կարող են կրկնվել։

 -Ես իմ անձնական տեսակետը կարող եմ ներկայացնել։ Ես համարում եմ, որ ապրիլյան դիմակայությունը տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու և ռազմական նշանակալի հաջողությունների հասնելուն միտված շատ լուրջ փորձ էր, որը նաև նպատակ ուներ ապագա խաղաղության պայմաններն ու նախապայմանները հայտնել համաձայն իր դիրքորոշումների։ Ինչը, սակայն, հարձակում իրականացնող երկրին անել չհաջողվեց։ 

 Հիմա երկու կողմերն էլ փորձելու են  իրականացնել ռազմական գործողությունների ու մարտավարության   վերլուծությունը։ Ցավոք, ես կարծում եմ, որ ինչ¬որ ժամանակ անց՝ մի քանի շաբաթից կամ ամսից տարբեր տիպի սադրանքների փորձերը կկրկնվեն՝ նոր թափով։

-Ինչպե՞ս եք գնահատում պարոն Ռոգոզինի՝ Ադրբեջանին հետայսու  ևս զենք վաճառելու հաստատակամության մասին հայտարարությունը։

 -Կարող եմ այս հարցում իմ դիրքորոշումը հայտնել։ Իհարկե, նման արտահայտությունները ոչ մի կերպ չեն նպաստել Հայաստանում ռուսամետ տրամադրությունների ավելացմանը, և ավելին՝ դարձել են զգացմունքային և խիստ  բացասական քննարկումների առարկա։ Եվ կարծում եմ՝ այն իրավիճակում, որը ստեղծվել է ապրիլյան հակամարտությունից հետո,  աշխարհի յուրաքանչյուր երկրի յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է կամ չափազանց զգույշ խոսի, կամ, առհասարակ, չխոսի սուր և գերզգայուն հարցերի մասին։

 -Որքան էլ ՀՀ-ում կան դժգոհություններ Ռուսաստանի քաղաքականութան առնչությամբ, հնչում են կարծիքներ, որ պետք է ռուսաստանյան քաղաքական վերնախավի հետ աշխատել, աշխատել ու աշխատել։ Այս առումով, ըստ Ձեզ,  ՌԴ-ում կա՞ն  հայկական ու ադրբեջանական լոբբիներ, որոնք ռուսաստանյան քաղաքական էլիտայի մոտ  խոսում են այն մասին, թե ինչու է անհրաժեշտ պաշտպանել Հայաստանին  և կամ ադրբեջանականի պարագայում՝ Ադրբեջանին։  Ի դեպ,  օրերս հայաստանյան մամուլում նման ակնարկ եղավ, թե  ռուսական քաղաքական էլիտան  այս առումով  2 թևի է բաժանվել։

-Կարող եմ ենթադրել, որ Ռուսաստանը, լինելով բարդ երկիր, կարող է ունենալ  տարբեր, այդ թվում՝ արտաքին ուժերը սպասարկող շրջանակներ։ Ինչ վերաբերում է  հայկական մամուլում ձեր կողմից մատնանշված արտահոսքերին, ապա դրանց արժանահավատության մասին ինձ դժվար է դատել, քանի որ հայաստանյան համացանցային կայքերի ներկայացրած տեղեկատվությունը դրանց հեղինակների խղճին է։ Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում։

-Իսկ նույն հարցի շրջանակներում ի՞նչ կասեք Ռուսաստանի հասարակական կարծիքը ձևավորող, այդ թվում՝ լրագրողական շրջանակների մասին։

-Ռուսաստանում  հասարակական կարծիքը տարբեր կերպ է ձևավորվում։ Ինչ վերաբերում է հեռուստատեսային ծրագրերին, ապա դրանցում տեղ են գտնում ամենատարբեր փորձագիտական դիրքորոշումներ ու տեսակետներ, և  ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բազում  և տարբեր  մտահոգություններ են հնչեցվել։ Եվ կցանկայի այս քարոզչական-տեղեկատվական  հակամարտության համատեքստում ընդգծել, որ  ՌԴ-ում մոտեցումների մեծ բազմազանություն կա, և դրանով է բացատրվում համացանցում ամենատարբեր նյութերի առկայությունը։

Ինձ թվում է, որ Ռուսաստանում մենք պահպանում ենք խոսքի ազատությունը, և յուրաքանչյուրն իր լսարանին կարող է հասցնել այն ամենը, ինչ նա մտածում է։ Իհարկե, ռուսաստանյան օրենսդրության շրջանակներում։

-Ամփոփելով՝ կարելի՞ է ասել, որ Ռուսաստանն, այս առումով,  վարում է արհեստական կոմպլեմենտարիզմ։

-Դժվար  է ինձ հասկանալ, թե ինչ նկատի ունեք ՙարհեստական՚ ասելով։ Այո, որոշակի հավասարակշռություն է պահվում կողմերին ու նրանց տրվող գնահատականներում։  Ռուսաստանն ի սկզբանե ներկա է  եղել Հարավային Կովկասում ոչ միայն որպես Հայաստանի համար  ՀԱՊԿ դաշնակից երկիր, այլև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր։ Իսկ համանախագահող երկրի կարգավիճակն, ուզում եմ հիշեցնել, ենթադրում է կողմերի նկատմամբ որոշակի չեզոքություն և, այսպես ասած, ՙդիստանցիայի պահպանում՚։ Սա, ի դեպ, ոչ միայն ՌԴ-ի պարտավորությունն է, այլև մյուս երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի։  Եվ ամփոփելով՝ կարող եմ ասել, որ այդ բալանսն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։

 

;