[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱԴՐԵՑ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հարցուպատասխանի ժամ

 Ազգային ժողովի ապրիլի 21-ի լիագումար նիստի օրակարգով նախատեսված՝ օրենսդիր-գործադիր հանդիպմանն արծարծված հարցերում  քառօրյա պատերազմի թեման էր՝ դրանից արվող հետևություններով հանդերձ։ Կառավարության անդամները՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, խորհրդարան ներկայացան ժամը 13.00-ին։

Պատգամավորների կողմից բարձրացված հարցերն ուղղված էին գլխավորապես կառավարության ղեկավարին, հնչեցին հարցեր նաև դիվանագիտության ոլորտից։ Կառավարությունն ազատագրված տարածքների վերաբերյալ զարգացման ի՞նչ հեռանկարային ծրագրեր ունի, մասնավորապես՝ տնտեսական և վերաբնակեցման  քաղաքականության ոլորտներում, հարցրեց Դավիթ Իշխանյանը։ Երկրորդ հարցի հասցեատերն արտգործնախարար Կարեն Միրզոյանն էր.  ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում սեղանի վրա դրված են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները։ Դրանց վերաբերյալ պաշտոնական ի՞նչ տեսակետ ունի ԼՂՀ-ն։ 

Պատասխանելով առաջին հարցին՝ վարչապետը նախ նշեց, որ մեր երկրի հիմնական օրենքով Արցախի Հանրապետության տարածքը չի բաժանվում ազատագրված կամ նախկին տարածքների։ Մեր զարգացման ծրագիրը նույնն է մնում, իսկ ինչ վերաբերում է վերաբնակեցման խնդրին, կոնկրետ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում կառավարությունն ունի զարգացման ծրագրեր, այդ թվում՝ արտոնյալ վարկային, բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացման, որոնց իրականացումը շարունակվում է պետբյուջեի հնարավորության շրջանակներում։ Նա վկայակոչեց Արաքսավանը, որտեղ բնակիչների կյանքն ընթանում է բնականոն հունով, և անգամ ռազմական գործողությունների ամենաթեժ օրերին բնակչության տեղաշարժ չի արձանագրվել։ Գյուղատնտեսական աշխատանքներն արդեն սկսված են։ Օրեր առաջ Ա. Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում տրվել են կոնկրետ հանձնարարականներ։ Ստեղծված իրավիճակում, իհարկե, ինչ-որ տեղ հապաղում ենք, ինչ-որ տեղ չի ստացվում, խոստովանեց վարչապետը, բայց օրեր անց տնտեսությունն ամբողջությամբ կմտնի հունի մեջ։ Մեր երկրի զարգացման քաղաքականության մեջ  որոշ փոփոխություններ, անկասկած, կլինեն, ինչի մասին կառավարությունը ներկայացնելու է համապատասխան տեսակետներ։ 

ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը երկրորդ հարցի առնչությամբ նշեց, որ պատգամավորի հարցի պատասխանը բազմիցս հնչեցվել է  ոչ միայն Ազգային ժողովում և ոչ միայն արտգործնախարարի շուրթերով։ Ցանկացած փաստաթուղթ, որի քննարկմանն ու մշակմանը չի մասնակցել ԼՂՀ-ն, ուղղակի կենսունակ չէ, և դա ոչ միայն համոզմունք է, այլև տրամաբանական եզրակացություն։ Հենց դրա համար էլ պնդում ենք, որ արցախյան կողմը պետք է վերականգնի իր կարգավիճակը՝ որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ։ Բանակցային գործընթաց ասելով՝ պետք է հասկանալ նրա բոլոր փուլերը, որոշակի գաղափարների առաջ քաշում, ընդհանուր բանակցային փիլիսոփայության մշակում,  ձեռքբերված պայմանավորվածությունների համատեղ քննարկում, եթե դա հնարավոր է, ու նաև դրանք կյանքի կոչելը։ 

Ապրիլի 21-ին  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելեց  Երևան։ Ռուսաստանյան ՙԻզվեստիա՚ պարբերականը հրապարակեց տեղեկություններ ղարաբաղյան կարգավորման, այսպես կոչված,  Լավրովի պլանի մասին, որի իրականացմանը ձեռնամուխ է եղել Մոսկվան։ Արտգործնախարարը տեղյա՞կ է դրան և ի՞նչ կարող է ասել խորհրդարանին, հարցրեց պատգամավոր Արթուր Թովմասյանը։ 

Կ. Միրզոյանը տեղյակ էր հիշյալ թերթի հրապարակմանը։ Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս ԱԳՆ-ն չի առաջնորդվում այս կամ այն թերթի հրապարակումով։ Քառօրյա պատերազմի և նրան հաջորդած օրերին եղել են բազմաթիվ հակասական ու իրարամերժ հրապարակումներ։ Պետք է առաջնորդվել պաշտոնական հայտարարություններով, ներկաներին խորհուրդ տվեց  արտգործնախարարը։Հայկ Խանումյանի առաջին հարցը վերաբերում էր քառօրյա պատերազմի օրերին գյուղացիների կրած վնասներին։ Զորահավաքների ընթացքում բազմաթիվ գյուղաբնակներ հնարավորություն չունեցան իրենց տնտեսությունը վարել բնականոն հունով։ Արձանագրվել են անասունների կորստի դեպքեր։ Ի՞նչ փոխհատուցումներ է նախատեսում գործադիրը։ 

Երկրորդ հարցի բովանդակությունը հետևյալն էր. վերջին իրադարձությունները ցույց տվին, որ հարկ է առավել մեծ ուշադրություն դարձնել տեխնոլոգիական ուղղություններին։ Պետբյուջեի քննարկումների ժամանակ խոսք եղավ տեխնոլոգիական ընկերություններում ռիսկային ներդրումների կամ հիմնադրամի ստեղծման մասին, բայց այդպես էլ բյուջեով չնախատեսվեց։ Կառավարությունը նման հիմնադրամների ստեղծման համար նախատեսո՞ւմ է արտաբյուջետային կամ այլ միջոցներ։ 

Երկու հարցերին պատասխանեց վարչապետը։ Առաջին հարցի մասով նա ասաց, որ այսօր կառավարությունը հաշվում և գնահատում է բոլոր վնասները, և խոսքը ոչ միայն վնասի փոխհատուցումների, ոչ միայն հրետակոծության ենթարկված բնակավայրերի մասին է։ Նյութական օժանդակություն է նախատեսվում կամավորականների և հատկապես նրանց համար, ովքեր չեն աշխատում։ Իսկ աշխատողների նկատմամբ կիրառվող  քաղաքականութունը կհիմնվի  բյուջետային համակարգի և մասնավոր ընկերությունների տարանջատման սկզբունքի վրա։ Հանձնարարված է ուսումնասիրություններ սկսել այդ ուղղությամբ։ Բոլոր կամավորականների տվյալներն առանձին-առանձին ուսումնասիրության կենթարկվեն։ Քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը կպահպանվեն, այլ կարգի ծառայողների հետ կապված բանակցություններ կտարվեն գործատուների հետ։ Անհրաժեշտության դեպքում կառավարությունը կօժանդակի նրանց։ Ֆինանսների նախարարությանը հանձնարարված է արտոնություններ սահմանել որոշ ուղղություններով և որոշ հարկատեսակների գծով։ Փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ գործադիրն արդեն սկսել է աշխատանքը։

Ինչ վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին առնչվող պետական քաղաքականությանը, Ա. Հարությունյանի իրազեկմամբ, ստեղծված է հիմնադրամ, որի միջոցով կիրականացվի նոր ծրագրերի ֆինանսավորում։ Որոշ աշխատանքներ արդեն կատարվում են Հայաստանում գործող ընկերությունների հետ, որոնք ի վիճակի են կյանքի կոչել ԼՂՀ կառավարության պատվերը։ Գործադիրն արձագանքել է նաև մասնավոր հատվածի առաջարկություններին. կառավարության աշխատակազմը, էկոնոմիկայի նախարարությունն ու  հիմնադրամը նշված ուղղությամբ ձեռնարկում են համատեղ քայլեր։ 

Արմեն Սարգսյանի հարցը քաղաքացիական պաշտպանությանն էր վերաբերում։ Քառօրյա պատերազմը հարկադրում է նոր մոտեցում ցուցաբերել մեր բոլոր հիմնախնդիրներին, որոցից մեկն էլ ապաստարանների խնդիրն է։ Ի՞նչ նոր ծրագիր ունի կառավարությունը։  

Հարցին պատասխանեց Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը։ Քաղաքացիական պաշտպանությանը, բնականաբար, հարկ է պատշաճ ուշադրություն նվիրել։ Նոր մարտահրավերների և նոր զինատեսակների կիրառման պարագայում պետական ծառայությունն ունի բավականաչափ անելիքներ։ Նրա իրազեկմամբ՝ այս պահի դրությամբ բոլոր բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերում աշխատանքներ են ընթանում՝  դրանք օգտագործելու հիմնականում որպես ապաստարաններ։ Հետագայում կառուցվելիք մյուս բոլոր շենքերն, անշուշտ,  կունենան անհրաժեշտ բոլոր պայմանները։ Իսկ հանրապետության այն համայնքներում, որոնցում բազմաբնակարան շենքեր չկան, կմշակվի այլ ծրագիր. յուրաքանչյուր բնակիչ իր տան մոտ պարտադիր կունենա իր ապաստարանը՝ համապատասխան չափով ու ձևով։ Կառավարության կողմից  օժանդակություն կցուցաբերվի։ 

Ադրբեջանական վերջին լայնածավալ հարձակումը մտահոգությունների և մտորումների տեղիք է տվել ու հարկադրել  վերլուծության ենթարկել կատարվածը։ Պատգամավոր Հովիկ Ջիվանյանին հետաքրքրում էր, թե գործադիրը տեսնո՞ւմ է կառավարման համակարգում թույլ տված սխալները, ինչպես նաև չիրացված հնարավորությունները։ Ի՞նչ սխալների մասին կարելի է այսօր խոսել, հատկապես չիրացված ներուժի առումով, կա՞ն դրանցից բխող որոշումներ, և առհասարակ,  նախատեսվո՞ւմ է կառավարման համակարգի տրամաբանության փոփոխություն։

Եթե ասենք՝ սխալներ չենք ունեցել, դա արդեն  ճիշտ չի լինի, ասաց վարչապետը՝ շեշտելով, որ եղել են բազմաթիվ բացթողումներ, ինչից հարկ է դասեր քաղել։ Կառավարությունը նախատեսում է ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի փոփոխություն, համատեղ քննարկումների հիման վրա ընտրվելու են  առաջնահերթությունները, և եթե լինեն առաջարկություններ՝ պատգամավորների կամ քաղաքացիների կողմից, կառավարությունը պատրաստ է հաշվի առնել դրանք։ Բայց պետք չէ չարախնդալ սխալների վրա, ու դրանք դարձնել համայն հայության քննարկման թեմա։ Քառօրյա պատերազմը վերստին միավորեց համայն հայությանը, և այդ միասնությունն ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը  պետք է պահպանվեն՝ ի շահ մեր պետականության։ Այս համատեքստում վարչապետը կարևորեց անաչառ քննադատության, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու պրակտիկան։ 

Հակառակորդին թվացել է, թե առաջին իսկ հարվածից հայկական կողմը խուճապի է մատնվելու, մինչդեռ հակառակը եղավ, շարունակեց կառավարության ղեկավարը, նա ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Մեր ունեցած-չունեցածը պետք է ուղղենք մեր բանակի մարտունակության բարձրացմանը։

Աշխարհով մեկ սփռված հայությունը՝ Ավստրալիայից մինչև Կանադա, պատրաստակամ է օգնել Արցախին, ինչի մասին են վկայում նրանց հեռախոսազանգերը։ Ոչ միայն զանգում, այլև խորհուրդներ են տալիս ամենատարբեր հարցերի վերաբերյալ։ Վարչապետի համոզմամբ՝ այժմ կոնկրետ խոսելու և առաջարկություններ ներկայացնելու պահն է։

Վահրամ Բալայանը, նախքան հարցը հնչեցնելը, նշեց, որ անդառնալի կորուստներ ենք ունեցել, մեր ժողովրդի համար մեծ ցավ է հերոս զավակների կորուստը։ Դրանով հանդերձ՝ կյանքը հրամայում է ապրել ու զարգացնել մեր տնտեսությունն ու մյուս բոլոր ոլորտները։ Նրան մասնավորապես հետաքրքրում էր գյուղատնտեսության բնագավառը։ Ներկա դրությամբ ի՞նչ ծրագրեր կան այդ ոլորտում, հարցրեց պատգամավորը՝ հիշեցնելով ՙգարնան մի օրը տարի է կերակրում՚ ժողովրդական ասացվածքը։ Երկրորդ հարցը զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելուն էր վերաբերում. այդ ուղղությամբ գործադիր իշխանությունը ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել։

Գյուղատնտեսության ոլորտում հանձնարարականներ կան, ի պատասխան հարցի,  ասաց վարչապետը՝ համաձայնելով այն մտքին, որ իրոք գարնան ամեն մի օրը պետք է ճիշտ օգտագործվի, մանավանդ որ եղանակներն էլ բարենպաստ են։ Նախատեսված ծրագրի իրագործում չի ստացվի, և դա ունի իր հիմնավորումը։ Մարդիկ զանգում են ու ասում, որ սածիլները տնկելու, կարտոֆիլը ցանելու ժամանակն է։ Հասկանալի է, վնասներն իրենց զգացնել կտան, անհրաժեշտ կլինի սոցիալական ծրագրերում փոփոխություններ մտցնել, և մասնավորապես, բնակիչների կրած վնասները փոխհատուցել։ Դրա հետ մեկտեղ, նա նշեց, որ ապրիլի 4-ին, այսինքն՝ պատերազմական գործողությունները դեռ  չդադարած, Մարտակերտում, Մարտունում հակահրդեհային միջոցառումներն  իրականացնում էին այն մեխանիզատորները, ովքեր առաջնագիծ չէին գնացել։ 

Տնտեսության մյուս ճյուղերի առնչությամբ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ Կաշենի հանքը 3-4 օր է պարապուրդի մեջ եղել, հիդրոէլեկտրակայաններն աշխատում են, մեր եկամուտներն ապահովող օբյեկտների աշխատանքը չի դադարել։ 

Խոսելով հավաքագրված գումարների մասին՝ վարչապետն ասաց, որ դրանք բավականին մեծ թիվ են կազմում։ Գործընթացը շարունակվելու է, այդուհանդերձ, ստացվող գումարները բավարար չեն՝ լուծելու նախանշված բոլոր խնդիրները։ 

Ինչ վերաբերում է զոհված զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվելիք օժանդակությանը, Ա. Հարությունյանն ասաց, որ մեր հայրենակիցները պատրաստակամ են օժանդակել նրանց։  Այսպես, գործարար Սամվել Կարապետյանը յուրաքանչյուր ընտանիքի պատրաստ է տրամադրել 2000-ական ԱՄՆ դոլար, բացի այդ, բավականաչափ գումարներ են փոխանցվել կառավարության արտաբյուջետային հաշիվ։ Զոհվածների ընտանիքների նկատմամբ անհրաժեշտ է ընդհանուր քաղաքականություն վարել՝ անկախ նրանից, թե երբ են նրանք զոհվել։ Ելնելով դրանից՝  գործադիր իշխանությունը որդեգրում է ընդհանուր մոտեցում։ Սոցապ նախարարությանը հանձնարարված է վերանայել սոցիալական հասցեական քաղաքականությունը, մասնավորապես կավելացվեն  երեխաներին տրվող նպաստները, բնակարան չունեցողները կարճ ժամանակում կապահովվեն բնակարանով։ Այդ ծրագրերը կիրականացվեն քիչ ավելի ուշ։     

Նիստի ավարտին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր ամփոփիչ խոսքում կարևորելով պատգամավորների կողմից բարձրացված հարցերն ու դրանց տրված պատասխանները, ընդգծեց, որ դրանք կօգնեն՝ առաջ տանելու օրենսդիր-գործադիր համատեղ աշխատանքը բոլոր ուղղություններով։ 

          

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ