[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՈՒՂԱԿՆԵՐ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված հարաբերական անդորրը, որը կրակի դադարեցման շուրջ երկու ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռքբերված պայմանավորվածության արդյունք էր, քաղաքական փորձագետներին հիմքեր տվեց ենթադրելու, որ ռազմական գործողությունների վերսկսում հնարավոր է ակնկալել ղարաբաղյան հակամարտության գոտում։

Սա իր հերթին ենթադրում էր ռազմական գործողություններին զուգահեռ՝ դիվանագիտական մրցակցության նոր դրսևորումներ գերտերությունների միջև։ Դիվանագետների մոգոնած և Մադրիդյան փաստաթղթում տեղ գտած, այսպես կոչված, ՙտարածքների վերադարձ՚ արտահայտությունը վերջին թարմությամբ հայ հանրությանը մատուցվեց ռուսական կողմից։ 

Արծարծվող թեմայի համար, կարծում ենք, նախաբան կարող է հանդիսանալ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին ակորդը. քառօրյա պատերազմից երկու շաբաթ անց՝ ապրիլի 19-ին, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր մամուլի ասուլիսում բավականին ուշագրավ հայտարարություն արեց, ըստ որի՝ երկու պետությունների հարաբերությունները պաշտոնական մակարդակով չեն կարող վերականգնվել։ Դա, ինչպես մենք այժմ հիանալի հասկանում ենք, նրանց գիտակցված ընտրությունն էր, շեշտել է Մ. Զախարովան։ Այն միտքը, որ այժմ Մոսկվայում հիանալի հասկանում են կատարվածի իմաստը, լույս է սփռում երկու երկրների ոչ հեռավոր անցյալի հարաբերությունների վրա։ Անցյալ տարվա նոյեմբերին թուրքական կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումից հետո, ըստ երևույթին, Մոսկվայում այնքան էլ չէին խորացել միջադեպի պատճառահետևանքային կապերի մեջ և, այդ իսկ պատճառով էլ, բարձր մակարդակով նախագահ Ռ. Էրդողանին ուղերձներ էին հղում, թե Անկարան պետք է ներողություն խնդրի կատարվածի համար, ինչից հետո միայն հնարավոր կլինի երկխոսությունը։ Թուրքիան ՙներողություն՚ բառը չհնչեցրեց, քանի որ շահագրգռված չէր ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնմամբ, այսինքն՝ դրանով Թուրքիան ընդգծել է իր համար Հյուսիսատլանտյան դաշինքում գտնվելու առաջնահերթությունը և, ինչպես Զախարովան է բնորոշել, կատարել է իր գիտակցված ընտրությունը։ 

Վերոհիշյալի շարադրումն աննպատակ չէ. փաստորեն Ռուսաստանը, Մերձավոր Արևելքում իր դերակատարությունը ցույց տալով հանդերձ, քաղաքականապես նպատակահարմար գտավ սիրիական հակամարտության գոտուց մասամբ դուրս  բերել իր զորքերն ու ավիացիան, ինչը քաղաքական փորձագետների կողմից բնորոշվեց որպես անսպասելի քայլ։ Կարելի է միայն ենթադրել, որ սրա փոխհատուցումը նա ակնկալում էր ստանալ Հարավային Կովկասում՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հայկական կողմին զիջումներ պարտադրելով։ Ինչ խոսք, հօգուտ Ադրբեջանի միակողմանի զիջումներ կորզելը միաժամանակ կտաներ դեպի ռուս-թուրքական հարաբերությունների բարելավում, ինչը կհարվածեր Արևմուտքի ռազմավարական ծրագրերին։ Սա համարենք իրադարձությունների զարգացման վրա հիմնված ենթադրություն։

Եվ այսպես, քառօրյա պատերազմն իր հետ բերեց ղարաբաղյան խաղաղ կարգավորման ռուսական մի տարբերակ, որը կոչվեց ՙտարածքների հանձնում՚՝ ներկայացվելով որպես Մադրիդյան փաստաթղթի տարրերից մեկը, ինչը հարուցեց հայ հանրության, մեղմ ասած, զայրույթը։ Սա այն հարցն է, որը 1994թ. հրադադարից հետո համահայկական հարթությունում ունեցել է միանշանակ բացատրություն. հայկական պատմական  տարածքները, որոնք մեր զինված ուժերն ազատագրել էին Արցախի ժողովրդի վզին փաթաթված պատերազմի արդյունքում, վերադարձման ենթակա չեն։ Ավելի ուշ՝ 2006-ին,  Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ դրանք ամրագրվել են և համարվում են մեր հայրենիքի անբաժանելի մասը։ Թե՜ Հայաստանի և թե՜ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս իր հայտարարություններում ընդգծել է, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունվել են որպես հիմք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու համար։ Մադրիդյան փաստաթղթում տեղ է գտել նաև փախստականների վերադարձի մասին կետը, որն ադրբեջանական կողմի ամենասիրելի մուղամներից մեկն է դարձել և հնչել նրանց բոլոր պետական պաշտոնյաների կատարմամբ։ Մինսկի խմբի եռանախագահներին քաջ հայտնի է, որ առանց Արցախի անկախությունը ճանաչելու՝ հնարավոր չի լինի քննարկել որևէ այլ հարց, այդ թվում՝ փախստականների։ Հետևաբար, եթե Ադրբեջանի հետ ուղղակի բանակցություններ վարող ՀՀ իշխանությունների կողմից ընդունվել է հիշյալ փաստաթուղթը՝ որպես բանակցությունների հիմք, ապա դա ամենևին էլ չի նշանակում, թե Արցախից կարելի է  տարածքների հանձնում ակնկալել։    

Ղարաբաղյան քառօրյա պատերազմի օրերին մեր ժողովուրդը հերոսության ու համախմբվածության հերթական օրինակները ցույց տվեց՝ ձախողելով թուրք-ադրբեջանական տանդեմի  ծրագրերը։ Ադրբեջանին հասցված հակահարվածից հետո, սակայն, պարզ դարձավ, որ ղարաբաղյան կողմի համար  նախապատրաստվել էր դիվանագիտական ծուղակ. ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը ապրիլի 7-ին Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասաց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանն առաջարկներ ունի, և կողմերը մոտ են համաձայնության։ Ի՞նչ է նկատի ունեցել Լավրովը՝ պնդելով կողմերի՝ համաձայնության մոտ լինելու վարկածը։

Շրջանառության մեջ դրվեց զինադադարի նոր փաստաթուղթ ստորագրելու թեման, որն ինտենսիվ քննարկման առարկա դարձավ քառօրյա պատերազմից անմիջապես հետո։ Խոսքն այն մասին էր, որ պետք է ստորագրվի նոր պայմաններով մի նոր փաստաթուղթ, որի տակ չի լինի ղարաբաղյան կողմի ստորագրությունը։ Դա միանշանակ բխում էր Ադրբեջանի շահերից։ Ինչպես պարզվեց, ադրբեջանական դիվանագիտությունը նպատակ է ունեցել ռուսական կողմի միջնորդությամբ հասնել կրակի դադարեցման և գնալ դեպի զինադադարի նոր պայմանագրի կնքում։ Հայաստանյան արձագանքը Ռուսաստանին ստիպեց հետ կանգնել այդ քայլից. նախագահ Սերժ Սարգսյանը, ի գիտություն ռուսական և ադրբեջանական կողմերի, հայտարարեց, որ մեզ նոր զինադադարի պայմանագիր պետք չէ. կա 1994թ. կնքված զինադադարի պայմանագիրը, որի պահպանմանն էլ կողմերը պետք է ձգտեն հասնել։ 

Անհրաժեշտ է վկայակոչել նաև նախագահ Բակո Սահակյանի՝ ապրիլի 8-ի մամուլի ասուլիսում արած հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում  Արցախի Հանրապետությունն ընդունվել է որպես հակամարտության լիիրավ կողմ։ Այդ որոշումը մինչ այսօր պահպանում է իր իրավական ուժը։   

Երկու հայկական պետությունների նախագահների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումները նկատի ունենալով՝ ռուսաստանյան թիվ մեկ դիվանագետը հարկադրված էր Երևանում հայտարարել, որ 94-ին կողմերի միջև կնքված համաձայնագիրն անժամկետ է։ Պարզ դարձավ, որ Կրեմլում համապատասխան հետևություն էին արել ԼՂՀ և ՀՀ նախագահների հայտարարություններից և մասնավորապես ընդունել, որ այդ փաստաթղթի տակ դրված  ղարաբաղյան կողմի ստորագրությանը ռուսական կողմը պարտավոր է լուրջ վերաբերվել։

Ղարաբաղյան քառօրյա պատերազմում հայ զինվորների քաջությունը ձախողեց ինչպես Ադրբեջանի ռևանշիստական նկրտումները, այնպես էլ օտարերկրյա դիվանագետների հնարքների իրականացումը։ Դա կարևոր ազդանշան էր միջազգային հանրությանն  առ այն, որ աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար ուղղակի հնարավոր չէ միակողմանի զիջումներ կորզել Արցախից։ Դե իսկ ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, կարող է գերտերությունների դռները ծեծել՝ երազանքների իրականացման գործում աջակցություն աղերսելով, և մնալ այնտեղ, որտեղ նրան կանգնեցրել են հայկական Զինված ուժերը։   

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրով բանակցությունները շարունակելուն,  ՀՀ նախագահն այս մասին խոսեց Bloomberg գործակալությանը տված իր  հարցազրույցում. հնարավոր չէ, որ մի տեղում ռազմական գործողություններ ընթանան, մյուս տեղում էլ բանակցություններ վարեն։  

Շարունակելով դիվանագիտական ծուղակների թեման՝ վկայակոչենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շրջանառության մեջ դրված՝ ադրբեջանական կողմի ապրիլի 14-ի նամակը, որի նպատակն է միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրված զինադադարի համաձայնագիրը։ Կարելի է ասել, որ սա ոչ թե ծուղակ է, այլ ադրբեջանական  հերթական ծամածռություն։ Միջազգային դժբախտություն է, իհարկե, որ ՄԱԿ-ը՝ որպես, այսպես կոչված, միջազգային հեղինակավոր կառույց, ընթացք է տալիս ադրբեջանցի դիվանագետների ծամածռություններին։  

Հայկական կողմի արձագանքը չի ուշացել. արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով Հայաստանն ու Արցախը հասկանալ տվեցին, որ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր ջանքերը, և իրականացվելու են անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգությունը։ 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ