Logo
Print this page

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԴԵՌ ՇԱՏ ՈՒՆԵՆՔ

Հարցազրույց ԼՂՀ  ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն 

Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

 - Պարոն Հարությունյան, ապրիլի առաջին օրերին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Որքանո՞վ էր Ձեր ղեկավարած կառույցը պատրաստ նման արտակարգ իրավիճակի։

- Փորձենք  մի հետադարձ հայացք ձգել. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ի կողմերը հակառակորդն ինտենսիվ հրետակոծություն սկսեց Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններով, հատկապես մարտական դիրքերի վրա։ Մինչ այդ թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերից և խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակներից առաջնագծի վրա կրակելուց կարելի էր ենթադրել, որ թշնամին հարձակման մտադրություն ունի։ Այդպես էլ եղավ։ Պաշտպանության բանակի զինծառայողները սկզբում կարծել էին, թե դա դիրքային պատերազմ է, և խուճապ չառաջացնելու նպատակով այդ մասին միանգամից չեն հայտարարել։ Առավոտյան 7-ի կողմերը ՊԲ օպերատիվ շտաբից ճշտեցինք մեզ հասած լուրերը։ Անմիջապես գործի անցանք ու առաջին հերթին ձեռնամուխ եղանք Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերի բնակչության տարահանմանը։ Մինչ տեղ կհասնեին արագ արձագանքման մեր  ուժերը, համայնքապետերին համապատասխան ցուցումներ տրվեցին՝ բնակչությանը նախապատրաստելու, եղած  թաքստոցներում պատսպարելու համար։ Չսպասելով, որ հրետակոծությունը դադարի (հակառակորդն արդեն հասցրել էր որոշ հենակետեր վերցնել), արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները կարողացան կարճ ժամանակում ինչպես նշված բնակավայրերի, այնպես էլ Մարտակերտի բնակիչների մի մասին (ծերեր և երեխաներ) անվնաս՝ նախօրոք նախատեսված մեկ այլ ճանապարհով դուրս հանել տեղերից։ Այդ հարցում մեզ աջակցել են ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունը և Մարտակերտի շրջվարչակազմը՝ տրամադրելով շրջանի երթուղային ավտոբուսները։ Առավոտյան ժամը 9-ին արդեն տարահանվել էին վերջին բնակիչները. նրանք զինվորական ավանի սպաների ընտանիքներն էին, որոնք պատսպարվել էին Մատաղիսում կառուցված խրամախորշերում ու դպրոցի նկուղային հարկում։ 

Ցավոք, Թալիշում բնակչության շրջանում ունեցանք զոհեր. երեք տարեց բնակիչներ գնդակահարվեցին ու խոշտանգվեցին հակառակորդի կողմից։ Մարտունու Զորավանում ևս կորուստներ ունեցանք. մեկ զոհ և երկու վիրավոր՝ բոլորն էլ երեխաներ։ Ապրիլի 2-ի առավոտյան ժամը 9-ին քաղաքացիական պաշտպանության համակարգն արդեն պատրաստվածության բարձր աստիճանի էր բերվել՝ հանրապետության բոլոր շրջաններում անցնելով ուժեղացված ռեժիմի։ Կարճ ժամանակում իրականացվեցին  անհրաժեշտ բոլոր  միջոցառումները, ձևավորվեցին շտաբները՝ կապ հաստատվելով մեր ծառայության հետ, ու սկսվեց համակարգված աշխատանքը։  

- Մայրաքաղաք Ստեփանակերտում բնակչության անվտանգության առումով ի՞նչ աշխատանքներ են տարվել։ Ինչպես տեսնում ենք, թշնամին անկանխատեսելի է, և չգիտենք՝ վաղը կամ մյուս օրն ինչ է սպասվում մեզ։ Ունե՞նք նկուղներ, ապաստարաններ, ի՞նչ վիճակում են դրանք։ 

- Քաղպաշտպանության համակարգի գործունեության շրջանակներում Ստեփանակերտում այս օրերին սկսել ենք բարձրահարկ շենքերի նկուղները պատրաստել բնակչության պատսպարման համար։ Բնականաբար, մենք դրանք երկարաժամկետ պատսպարման համար չենք նախատեսում. հրետակոծության ու ռմբակոծության ժամանակ մարդիկ պետք է մտնեն այդ թաքստոցները, իսկ դադարելուց դուրս գան։ Իհարկե, անհրաժեշտության դեպքում, եթե պետք լինի   երկար ժամանակ մնալ նկուղներում՝ քաղպաշտպանության պլանի համաձայն՝  նախատեսված է տարահանել բնակչության մի մասին։ Ներկա դրությամբ մայրաքաղաքում և շրջաններում շարունակվում են կարգի բերվել պատսպարման համար նախատեսված օբյեկտները (պատերն սպիտակեցվում են, էլեկտրական հոսանք է անցկացվում, նստարաններ են դրվում, դռներ ամրացվում)։ Այսօրվա դրությամբ 22 շինարարական բրիգադ զբաղված է այդ աշխատանքներով։ Մեր ծառայության աշխատողները նույնպես տարբեր տեղերում մասնակցում են ապաստարանների կարգի բերման գործընթացին։ Ինչպես հայտնի է, նման օբյեկտների մի մասը գտնվում է անհատ ձեռներեցների տրամադրության տակ.  արդեն համապատասխան կարգադրություն է եղել՝ դրանք ազատել ու կարգի բերել։ Ես այդ մասին զեկուցել եմ կառավարության ղեկավարին ու քաղաքապետին, և այսօր այսպիսի խնդիր է դրվել՝ բոլոր շենքերի նկուղային հարկերը դիտարկել ոչ թե որպես նկուղներ, այլ պատսպարման կետեր՝ օբյեկտներ։  Մի օրինակ բերեմ. վերջերս ՀՀ  ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ գտնվելով Չինաստանում, ծանոթացել ենք նրանց քաղպաշտպանության դրվածքին։ Պատկերացրեք՝ Պեկինում բոլոր շենքերի նկուղային հարկերը հատկացված ու համարակալված են որպես պատսպարման կետեր։ Իսկ ներսում սենյակները բաշխված են հավուր պատշաճի՝ ճաշարան, հանգստի սենյակ, արտաքնոց։

- Համարենք լուծված է բազմահարկ շենքերի բնակիչների անվտանգության հարցը։ Իսկ որտե՞ղ պատսպարվեն առանձնատների բնակիչները։

- Մասնավոր հատվածի հետ կապված՝ որոշ խնդիրներ ունենք, բայց այդ ուղղությամբ ևս մտածում ենք։ Կան սեփական բնակարաններ, որոնք ունեն նկուղային հարկեր, և տնեցիները կարող են պատսպարվել այնտեղ։ Իսկ նրանց համար, ովքեր չունեն պատսպարվելու տեղ, հաշվարկներ են արվում՝ մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերի նկուղներում տեղավորելու նպատակով։ ։ Քաղպաշտպանության ուսումնավարժությունների ժամանակ բնակչության մի մասին իրազեկվել է, թե որ թաղամաս որտեղ պետք է պատսպարվի։ Այսպես, օրինակ, նախկին Ղարմետաքսկոմբինատին հարակից թաղամասում գտնվող սեփական տների բնակիչներն օդային տագնապի դեպքում իջնելու են կոմբինատի շենքի նկուղային հարկ։ Կան պետական և ոչ պետական 12 օբյեկտներ, որոնք նույնպես կարող ենք ծառայեցնել այդ նպատակին։ Ուստի մենք շարունակում ենք հաշվարկները և առանձին-առանձին՝ ըստ թաղամասերի մարդկանց իրազեկում իրենց թաքստոցների մասին։ Ներկա պահին 48459 մարդ պատսպարվելու տեղ ունի։ Եվս 6692-ը կարող է պատսպարվել պարզագույն թաքստոցներում (փոսանման խրամատներ, այլ  նկուղներ)։ Դպրոցների մի մասը նույնպես ունի նկուղային հարկեր։ Չնայած հ. 6 դպրոցը նորակառույց է, բայց այն առաջնահարկ չունի, չգիտես ինչու, չեն նախատեսել։ Մենք արդեն դիմել ենք քաղաքաշինության նախարարությանը, որպեսզի փոխեն կառուցվելիք շենքերի նախագծերը. բոլոր շենքերն այսուհետ պետք է ունենան առաջնահարկեր՝ նախատեսված պատսպարման կետերի համար։ Խնդրի  ճիշտ լուծումը սա է, և մենք հետևողական կլինենք դրանում։ 

- Ի՞նչ դասեր պետք է քաղել քառօրյա պատերազմից։ Առկա հնարավորություններն ու նյութատեխնիկական բազան բավարա՞ր են նոր մարտահրավերների դիմակայելու համար։ 

- Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ անելիքներ դեռ շատ ունենք, քանզի փոխվել են զինատեսակները, մարտավարության ձևերն ու մեթոդները։ Թշնամին կրակում է ոչ միայն առաջնագծի ու մարտական հենակետերի վրա, այլև խաղաղ բնակավայրերի։ Ուստի բոլոր շրջաններում պետք է ունենանք թե՜ ՜ կարճաժամկետ և թե՜ երկարաժամկետ թաքստոցներ։ Հաշվի առնելով այս ամենը՝  նոր ապաստարանների կառուցման խնդիր է դրվել՝ նորմալ պայմաններով, անհրաժեշտ որոշ հարմարություններով։

Ինչ վերաբերում է նյութատեխնիկական բազային, իհարկե, առկա հնարավորություններն օգտագործելով, կարողացանք դիմակայել թշնամուն, բայց սա չպետք է բավարար համարել։ Նոր մարտահրավերներին դիմակայելու համար նոր միջոցներ են հարկավոր. բոլոր տեսակի սարքավորումները, տեխնիկան ու զինատեսակները պետք է լինեն ժամանակակից։ Սահմանին կանգնած զինվորը պետք է ապահովված լինի անհրաժեշտ բոլոր միջոցներով, այդ թվում՝ ինժեներական կառույցներով ու ժամանակակից սարքավորումներով, որպեսզի թե՜ ինքը և թե՜ քաղաքացիները լինեն անվտանգ ու ապահով։ Քառօրյա այս պատերազմում մենք հաղթեցինք մեր զինվորի բազկի ուժի և հնարամտության շնորհիվ. 18-20 տարեկան տղաներն անհավանական հերոսություններ ցուցաբերեցին…  

- Նոր պատերազմը, հավանաբար, կառույցի համար նոր խնդիրներ է առաջ բերել. դարձյալ ականներ, չպայթած զինատեսակներ ու ռումբեր…

- Անցած քսան տարիներին զբաղված էինք նաև չպայթած ականների հայտնաբերման ու ոչնչացման գործով, և ասես թեթևացել էին այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։ Քառօրյա պատերազմից հետո մեզ համար աշխատանքների նոր փուլ է սկսվել. թշնամին կիրառել է բնակչության համար անծանոթ նոր զինատեսակներ՝ ՙՍմերչ՚, TOC-1, անօդաչու թռչող սարքեր՝ կամիկաձեներ և այլն։ Հատկապես Մարտակերտի շրջանի Հոռաթաղ-Նոր Մարաղա հատվածում 170 տարբեր տեսակի արկ ենք հայտնաբերել, ինչը նշանակում է, որ 170 մահաբեր օջախ ենք ոչնչացրել։ Հադրութի շրջանում ՙՍմերչ՚ տիպի չպայթած հրթիռ ենք հայտնաբերել ու ոչնչացրել։ Նման աշխատանքներում՝ մեր իսկ խնդրանքով մեզ օգնում է  The HALO Trust մարդասիրական կազմակերպությունը։ Բացի այդ, թշնամու հրետակոծությունից  Թալիշում մեծ թվով ընտանի կենդանիներ են ոչնչացվել, և որպեսզի համաճարակ չսկսվի, փոսեր են փորվել, և սատկած անասունները թաղվել։    

 - Պատերազմը՝ պատերազմ, բայց պետք է լուծվի նաև հանապազօրյա հացի խնդիրը. առջևում բերքահավաքն է, և այն անկորուստ կազմակերպելու համար, ինչպես միշտ, կառույցի անելիքները քիչ չեն։  

- Անշուշտ, պաշտպանության խնդիրների հետ մեկտեղ մենք չենք մոռանում և մեր ամենօրյա աշխատանքները։ Ներկայում հակահրդեհային միջոցառումներ են անցկացվում, շուրջ 600 կմ տարածության վրա դեղ է սրսկվել՝ մոլախոտերի չորացման համար, հատկապես այն հատվածներում, որոնք կարող են կրակի բռնկման պատճառ դառնալ։ Ուսումնասիրում ենք այն տարածքները, մանավանդ հարթավայրային գոտում, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել՝ Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Ասկերանի ուղղություններում։ Հատկապես որ առանձին վայրերում մարտակարգեր են փոխվել և առանձին անհատների  հացահատիկի դաշտերի մեջ խրամատներ են փորվել, դեռ ուսումնասիրվում են տարածքները՝ որոշելու, թե որտեղ պետք է կանգնեցնենք մեր հենակետերը, և որքանով դրանք անվտանգ կլինեն… Այնպես որ՝ առջևում երկրորդ՝ բերքի անկորուստ հավաքման ՙճակատամարտն՚ է։  

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.