[ARM]     [RUS]     [ENG]

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ

Մտորումները 1915 թվականի եղեռնագործությունների ու Քյարամ Սլոյանի՝ Պաշտպանության  բանակի զինվորի գլխատման փաստի հետ են կապված։ Թաներ Աքչամի ՙԵրիտթուրքերի գործած ոճիրը մարդկության դեմ՚ գրքում ընթերցում ենք. ՙԵս մորթեցի հայերին Բողազլըյանում, ես դարձա գավառապետի պաշտոնակատար: Ես նրանց սպանում եմ նաև այստեղ:

Ես կդառնամ գավառապետ կամ գուցե նաև նահանգապետ՚: Եվ, իրոք, դեռևս իբրև Բողազլըյանի մարզի ղեկավար աշխատելիս նա առաջխաղացում է ստացել՝ 1915թ. օգոստոսի 19-ից մինչև հոկտեմբերի 8-ը աշխատելով իբրև Յոզղաթի գավառապետ, իսկ այնուհետև նորից է պաշտոնի բարձրացում ստացել՚: 

Օրերս Ալիևը պարգևատրել է ապամարդկայնացման (դեհումանիզացիայի) ու մարդկային դաժանության ծայրահեղ քայլին դիմած ադրբեջանցի զինծառայողին: Բնավ չհամեմատելով Ադրբեջանի նորաթուխ էթնիկ հանրույթը Թուրքիայի հետ, այնուհանդերձ նշեմ, որ ՙփառապանծ   անցյալի և անհրապույր ներկայի միջև ընկած ահռելի անդունդն անցյալի վերադարձի ձգտումը դարձնում է համազգային գաղափար: Ընդ որում, որքան ավելի վատ է ներկայիս վիճակը, այնքան մեծ է անցյալի իդեալականացման միտումը: Այդ իրավիճակը մարդկանց մեջ անասնական բնազդների զարթոնքի պատճառ է հանդիսանում, նրանք վայրի գազաններից էլ վտանգավոր են դառնում՚ (Թաներ Աքչամ)։ Սա ընդամենը մեկ օրինակ է, որը դիպուկ զուգորդական կապ է ստեղծում Օսմանյան կայսրության և այսօրվա ադրբեջանական իշխանությունների քաղաքական ու ռազմական դիրքորոշումների միջև: Սա 21-րդ դարի ահաբեկչական ակտի աղաղակող օրինակ է, որն, առաջին հերթին, ունի մարդկանց նկատմամբ սոցիալական, ազգային բռնության կիրառման հոգեբանական ահաբեկչության նպատակ, որի վերջնարդյունքը բնակչությանը խուճապի մատնելն է: Մինչդեռ իրականում  հոգեբանական ահաբեկչության դիմում են ցածր ինքնագնահատականի, ուշադրության, հարգալից վերաբերմունքի պակաս ունեցողները (նաև էթնիկական խմբերի ու հանրույթների մակարդակում): Իրականում գլուխ կտրողի կերպարով, որը Սաֆարովի պես շուտով կառասպելանացվի, խոսում է ադրբեջանական հանրույթը, որն էթնոգենեզի լիարժեք գործընթաց չապրելով՝ շարունակում և դեռ կշարունակի ախտաբանական ինքնավեհացման այնպիսի դրսևորումները, ինչպիսին, օրինակ,  քառօրյա պատերազմի սանձազերծումն է: Սա այն զարհուրելի հեռանկարի դրսևորւմներից մեկն էր, որ կանխատեսում էր Թաներ Աքչամը՝ թուրք մտավորականը, իր գիրքը շարադրելու ընթացքում հղում անելով Ցեղասպանության ճանաչման և նախնիների արածին առերեսվելուն:

 Պաշտպանության բանակի զինվորի կտրած գլխի լուսանկարի ակտիվ շրջանառումը սոցիալական ցանցերում նպաստել է բնակչության մոտ խուճապային տրամադրությունների արթնացմանը: Իրականում սկսել է ակտիվանալ մարդկանց իռացիոնալ մտածողությունը, որը նաև ուղիղ կապ ունի խուճապային տրամադրությունների հետ: Առանց ռացիոնալ փաստարկման շարժման մեջ են դրվում մարդու իռացիոնալ հոգեկան ուժերը, ինչը նպաստում է զանգվածային կոնֆորմիզմի առաջացմանը: Հենց այսպիսի տեղեկատվական իշխանության տակ մարդիկ սկսում են իռացիոնալ որոշումներ կայացնել, ինչը նշանակում է թիկունքում անկազմակերպ վարք որդեգրել:

Անվանի հոգեբան Էնթոնի Սմիթի դիտարկմամբ՝ ամեն մի սերունդ իր հետ բերում է ազգային ինքնության սեփական մեկնաբանումները, այդ պատճառով դրանք երբեք ֆիքսված կամ ստատիկ չեն, այլ միշտ  վերակառուցվում են ի պատասխան նոր պահանջների, հետաքրքրությունների և պատկերացումների, չնայած միշտ էլ գտնվում են որոշակի շրջանակների մեջ: Սաֆարովյան միֆի, իսկ այսօր նաև նոր գլուխ կտրողի թեմատիկ կենսականացումը, ինչպես տեսնում ենք, ավելի են ընդգծում թուրքի խորհրդապաշտական հավատը և դառնում արխաիկ, իռացիոնալ մտածողության արգասիք: Սրանք ազգային հիվանդագին ինքնավեհացման դրսևորումներ են էթնիկ հասունություն չունեցող հանրույթների վարքում:Հոգեվերլուծությունից հայտնի է, որ արգելափակված բացասական ապրումները բացառիկ ուժով հետագա գործողությունների են մղվում: Նման դեպքերում ապրումների ասոցիատիվ ՙվերակենդանացումն՚ առավել ինտենսիվություն և լայն ընդգրկում է դրսևորում: Քառօրյա պատերազմի և դիակները խոշտանգելու երևույթը կարելի է համարել ենթագիտակցական ապրումների ասոցիատիվ ՙվերակենդանացման՚ կենդանի օրինակներ, որոնց ականատես եղանք վերջերս: Ըստ էության, մենք առնչվում ենք ՙհերոս՚ և ՙհակահերոս՚ արժեհամակարգերի ներհակ բևեռներին: Ասում ենք՝ հարաբերվելով համամարդկային արժեքներին, ազգային արժեհամակարգը նոր բովանդակություն և իմաստ է ստանում՝ դառնալով անձի, հանրույթի ինքնության արդիականացման գործընթացը սնուցող միջավայր: Մինչդեռ ոչ մի խոսք չի կարող լինել ազգային և համամարդկային արժեքների զուգամիտման տրամաբանության մասին՝ Ադրբեջանի քաղաքականության, դիվանագիտության, ինչու չէ, նաև ռազմական ոլորտին առնչվող և ոչ մի հարթությունում: Եթե գլուխ կտրելը դարձել է ստատիկ արժեք և նույնիսկ 21-րդ դարում որևէ փոփոխության չի ենթարկվել, ապա մենք գործ ունենք արդեն համամարդկային արժեհամակարգի դեգրադացման կամ էրոզիայի երևույթների հետ: Եթե քաղաքակիրթ աշխարհը դիակների խոշտանգման հետ կապված իրողությունների նկատմամբ ցուցաբերի նույն վերաբերմունքը, ինչի ականատեսը եղանք սաֆարովյան դատավարության և ոչ համարժեք պատիժ սահմանելու ժամանակ, ապա ահաբեկչությունը կսկսի նոր ու ավելի անզուսպ դրսևորումներ ունենալ: Անպատժելիությունը նպաստում է նախ և առաջ ներէթնիկական լկտիացմանը, ինչը, ինչպես տեսանք, Ադրբեջանում ռեցիդիվի էֆեկտ ունեցավ: Այնուհանդերձ, այսօր մի բան ակնհայտ է. հակառակորդը պարտություն է կրել երկրորդ անգամ, որով ևս մեկ անգամ ամրապնդվել են մեր՝ հայերիս զոհային վիճակից դուրս գալու հոգեբանությունը, հովանավորի որոնման գայթակղությունից ձերբազատվելը, որով պատմության մեջ  ազգային նշանակության բազում սխալներ ենք թույլ տվել:

Հայոց մեծ եղեռնի 101-րդ տարելիցի, նաև քառօրյա պատերազմի դասերը շատ բան տվեցին մեզ: Մենք իսկապես ունենք ինքնության ու տեսակի պահպանման արժեքային ռեսուրսներ. հենց այնպես չէ, որ Հայկն ընդվզել է Բելի դեմ, Գրիգոր Լուսավորչի պարտադրմամբ քրիստոնեություն է ընդունվել, Քաղկեդոնի ժողովում հայերն ընդդիմադիր կեցվածք են ընդունել, և այսպիսի շատ ու շատ օրինակներ, որոնք ազգային կոլեկտիվ անգիտակցականի հրաշալի նյութ են, որոնց հետ այսօր հուզական դրական կապի մեջ ենք: Ու այդ դրական հուզական կապն է նաև կատարում իր ենթագիտակցական աշխատանքը ինչպես դիրքում, այնպես էլ՝ թիկունքում: Դրական հուզական կապ է ստեղծվել փառապանծ նախնիների, նահատակների հետ, ու այս ամենը վարքի յուրատեսակ կողմնորոշիչներ են: Հայկականությունը յուրաքանչյուր հայի վարքաբանության անբաժանելի տարրն է այսօր: Համախմբվածությունը մեր օրերում բավականին հետաքրքիր ձևով է արտահայտվում, ինչը հասցված է բյուրեղայնության: Այսօր հենց այս համախմբվածությամբ է, որ սկսել ենք դիմագրավել բավականին լուրջ մարտահրավերների: Պատահական չէ, որ Ս. Հանթինգթոնը Հայաստանն անվանում է ՙԿովկասյան Իսրայել՚: Իսրայելի օրինակը շատ տիպական է, քանի որ այն այսօր կարողանում է աշխարհին թելադրել իր տեսակետները, ինչը բխում է սեփական երկրի ռազմավարական նպատակներից: 

Ապրիլի 2-ին սանձազերծված պատերազմն, անշուշտ, ունեցել է կառուցողական և ապակառուցողական մի շարք էֆեկտներ: Ադրբեջանի իշխանությունները ռացիոնալ չեն եղել իրենց կանխատեսումներում, մասնավորապես հաշվի չեն առնվել հոգեբանական ահաբեկչության հետևանքները, հայկական կողմի պատրաստվածությունը, պարտության դեպքում բանակցությունների  հնարավոր փոփոխոթյունները, որոնք չեն կարող պարտված Ադրբեջանի համար հեռանկարային լինել, Արցախի անկախության միջազգային ճանաչման փաստարկների աճը և այլն: Թշնամու մոտ, ըստ էության, Արցախը կորցնելու ձևավորվող կարծրատիպն ամրապնդվում է, ինչը կարող է և նպաստելու է հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հավանականության մեծացմանը: Երկրորդ անգամ, կարելի է ասել, պարտության համն առած և խաղաղություն մուրած Ադրբեջանում կսկսի ձևավորվել այն միջին խավը, որը նպաստավոր հող կստեղծի հարցի խաղաղ կարգավորման համար:

Քառօրյա պատերազմից հետո հակամարտության տրանսֆորմացիան պետք է որ փոփոխություն կրի երկու կողմերում էլ: Խոսքը դիրքորոշումների ու շահերի փոփոխության մասին է: Նոր պատերազմը փոխել է կոնֆլիկտի լուծման նախկին նշանակությունը: Կոնֆլիկտի լուծման համար պետք է հաղորդակցության մեջ մտնել, որովհետև կոնֆլիկտը մարդկանց հոգում և մտքում է, ու այստեղ պետք է իրականում փոփոխություններ կատարվեն: Անհաջող ռազմական գործողություններից ու նաև էլիտար զինվորականություն կորցնելուց հետո կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը կրկին կարող է նպաստել Ադրբեջանի բնակչության այն խավը, որ իրականում ճաշակել է կորստի ու պարտության համը: Շատ դժվար է այս առումով կանխատեսումներ անել ժողովրդական դիվանագիտության հնարավոր ներդրումների մասին, քանի որ ալիևյան՝ կեղծիքով սնուցված ու մոլորության հասցված քաղաքականությունը խորը ավտորիտար է:  

Իսկ մենք՝ զոհային վիճակը վաղուց հաղթահարած և հաղթանակի համը ևս մեկ անգամ զգացած հայերս, պետք է օրակարգում պահենք զգոնության հրամայականը: Մեր ազգային ես-ի ուժը, նաև մտավոր ու հոգեկան եռանդը ճգնաժամային պահերին շատ լավ դրսևորում են ունենում, և քանիցս արդեն համոզվում ենք դրա մեջ: Բացառություն չէր նաև քառօրյա պատերազմը: Սակայն այսօր ունենք հստակ խնդիր՝ դուրս գալ ստեղծված ճգնաժամից: Եվ դա կարող ենք պատվով անել: 

Քառօրյա պատերազմի բացահայտումներից էր կամավորականության աննախադեպ երևույթը: Քառօրյա պատերազմով մի շարք հետաքրքիր բացահայտումներ արեցինք. կամավորականություն, մի երևույթ, որին սոսկ պրոսոցիալական որակում չէ, որ կարող ենք տալ: Սա նախ և առաջ էթնիկական ճիշտ փոխանցման երևույթ է ու նոր միայն անձնական հայացքների ու դիրքորոշումների արտահայտություն, իսկ եթե փորձենք դասական սահմանում տալ, ապա դա կդիտվի չվարձատրվող, գիտակցված կամավոր գործունեություն՝ ուղղված հանրության օգտին: Հոգեբանության մեջ կամավորական գործունեությունը դիտարկվում է երկու ասպեկտով. մի կողմից այն մոտեցվում ու հաճախ նույնացվում է ալտրուիստական գործունեությանը, մյուս կողմից դիտարկվում է որպես այնպիսի գործունեություն, որի հիմքում ընկած են դրդապատճառներ ու արժեքներ: Ընդհանրապես, մարդկանց գործունեությունը պոլիմոտիվացված է, այսինքն՝ կարգավորվում է երկու կամ ավելի դրդապատճառներով. Իմաստ ստեղծող դրդապատճառներ, որոնք մղելով գործունեության, դրան տալիս են անձնային իմաստ, և այլ դրդապատճառներ, որոնք իրականացնում են դրական կամ բացասական մղման գործառույթ: 

Կամավորականության մերօրյա դրսևորումներն ունեն նշածս պրոսոցիալական բաղադրիչը, բայց ավելի շատ այն մենթալիտետային դրսևորում է, իսկ հոգեբանական կողմը կայանում է ուժերի մոբիլիզացման հոգեբանական օրինաչափության մեջ: Ազգային ոգին լավագույնս արտահայտվում է հոգեբանական կերտվածքի, հուզական դրսևորման մեջ: Ինչպես տեսնում ենք, արտակարգ իրավիճակներում այն ավելի վառ ու ընդգծված է դառնում` ուժեղացնելով իր հուզական կապը հայրենիքի հետ: Հայրենիքը արժեքային համակարգի ամենավեհ արժեքն է, այն սիմվոլը, որի հետ անձը ապահով է զգում իրեն:

 

Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

Հոգեբանական գիտ. թեկնածու