[ARM]     [RUS]     [ENG]

ԻՄ ԼԵԶՈՒՆ ԻՄ ԹՇՆԱՄԻՆ Է, կամ՝ ԽՐԱՄՉԻԽԻՆՆ ԸՆԴԴԵՄ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շաբաթվա  հերթական ճեպազրույցը կայացավ 2016թ. մայիսի 12-ին Սմոլենսկի հրապարակում գտնվող ՌԴ ԱԳՆ շենքում ու տևեց մեկ ժամ քառասուներկու րոպե և քառասունվեց վայրկյան։

Առաջին երկու րոպե ութ վայրկյանն ու վերջին հինգ րոպե հիսունինը վայրկյանը նվիրված էին ղարաբաղյան կարգավորմանը։ Մարիա Զախարովան սկսեց նրանից, որ լրագրողներին հաղորդեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Վիեննայի այցի մասին` Բելառուսում գտնվելու իր ծրագրի ավարտից հետո, որին կհաջորդի նոր՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող ծրագրի սկիզբը։ 

Իլհամ Ալիևի ապրիլյան ռազմական արկածախնդրությունից հետո, որը շփման գծի երկու կողմից հարյուրավոր կյանքեր խլեց (անհարմար է կորուստների մասին խոսել առանձին-առանձին), ռուսաստանյան վերնախավն իրար անցավ, իսկ քաղաքական ղեկավարությունը որոշեց մեկ անգամ ևս դեսուդեն ընկնել, որ, այժմ արդեն Մինսկի խմբի հետ համատեղ ընդլայնված կազմով, նպաստի ՙշփման գոտում իրավիճակի կայունացմանը՚ և ստեղծի ՙանհրաժեշտ պայմաններ համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման համար՚։ 

Ա՛խ, այս դիվանագիտական ոճը։ Ոչ թե ոճը նույնիսկ, այլ ծածկալեզուն։ Յուրատեսակ էսպերանտո անտեղյակների համար։ Որքան արդարացի էր գերմանացի մեծ պոետը, ով նկատել էր, թե ՙանբովանդակ խոսքը միշտ հեշտ է բառերով քողարկել՚։ Եվ իսկապես։ Համաձայն Զախարովայի (կարդա՝ ՌԴ ԱԳՆ-ի), վիեննյան հանդիպումների հիմնական նպատակը ՙհնարավոր՚ խորհրդակցություններն են առ այն, որ ՙփորձ արվի ամրապնդելու հրադադարի ռեժիմը, նվազեցնելու ռազմական ռիսկերը, պայմանավորվելու վստահության կոնկրետ միջոցների ամրապնդման շուրջ՚։ Գովելի՛ է։ Քսաներկու տարի է ռազմական ռիսկերը չեն նվազել, այլ հակառակը՝ աճել են, վստահության միջոցները ևս չեն ամրապնդվել, այլ անվերջ ցած են գլորվել՝ դեպի ադրբեջանական կողմից ատելության, անհանդուրժողականության և ամեն կերպ ՙատյացության՚ ընդհատակ, իսկ հիմա արդեն, տեսեք-տեսեք, այդ ամենը պետք է մի ժամում ուղղել։ Հարթել, վերակենդանացնել, կարգավորել։ Հե՞շտ է, արդյոք։ 

Հե՞շտ է, եթե (լսենք Մարիա Զախարովային) ՙՌուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում հստակ միջազգային-իրավական և երկկողմ իրավական հիմքի վրա՚։ Սա ի պատասխան լրագրողի այն հարցին էր ասված, թե ինչ է նրան (Զախարովային) հայտնի Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու կամ այդ մատակարարումների շարունակման վերաբերյալ։ Սա դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն մատակարարելը կշարունակվի։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է սպառազինության հետագա մրցավազք երկու կողմից, ինչը, վերջին հաշվով, ոչ մի կերպ չի նպաստի նույն այդ ՙհամապարփակ կարգավորմանը՚։ 

Հակամարտող կողմերին սպառազինություն մատակարարելը նման է զառ գցելուն։ Զառերը հաջորդաբար նետվում են, մեկի մոտ շատ նիշեր են հայտնվում, մյուսի մոտ՝ քիչ։ Եվ հաղթողին որոշելու համար նետումների քվոտա (սահմանափակում) չկա։ Գործընթացն անվերջ է։ Անգամ այն բանից հետո, երբ թնդանոթներն սկսեն կրակել և տանկերն իրար դեմ դուրս գան, պատերազմող կողմերի սպառազինության վատնած պաշարները լրացնելու համար Ռուսաստանի զինանոցը միշտ էլ կհերիքի։ Քանի որ ոչ թե զառ նետել, այլ դրանք ընդհանրապես շպրտել ոչ ոք չի ուզում։

Ճեպազրույցին Մարիա Զախարովան հնարավորինս անկեղծ էր։ Նա չթաքցրեց, որ ռուսաստանյան ՙռազմատեխնիկական համագործակցությունը բաց է զարգանում՚։ Նույնքան բաց (Մ. Զախարովայի ասելով) Ռուսաստանը խոսում է ՙայդ համագործակցության շարժառիթների ու հեռանկարների մասին՚։ Ու դրանք, իբր, հայտնի են. ոչինչ անձնական՝ ընդամենը բիզնես։ Իբր, եթե Ադրբեջանին Ռուսաստանը չվաճառի ժամանակակից սպառազինություն, դա կանեն ուրիշները։ Առասպելն այս ինչ-որ շատ հաջող է արմատավորվել ռուսական հասարակության շրջանում, բայց ահա վերջերս ռազմական հարցերով նույն ռուսաստանյան փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը շատ պարզ ձևով հերքեց այն։ Մեջբերենք նրան. ՙԱյս առումով Մոսկվայից հնչող ՙչվաճառենք մենք` ուրիշները կվաճառեն՚ փաստարկը շատ ավելի կասկածելի է, եթե չասենք՝ ավելի ուժեղ և կոպիտ։ Բացի այդ, ՙուրիշները՚ որոշ բաներ չեն էլ կարող վաճառել։ Ասենք, TOC-1A հզորագույն համակարգի նմանակ աշխարհում ոչ ոք պարզապես չունի, այն դեպքում, երբ առաջնագծում հենց այդ զենքն է կարող ղարաբաղյան զորքերին շատ մեծ վնաս հասցնել։ Միանգամայն անհասկանալի է՝ որտեղի՞ց Ադրբեջանը կկարողանա T-90-ի նմանակը գտնել։ Այնպես որ, ՙուրիշների՚ մասին փաստարկը ոչ միայն ցինիկություն է, այլև չի համապատասխանում իրականությանը՚ (nvo.ng.ru-13.05.16)։ 

Մի խոսքով, մատակարարումների շարժառիթը մի քիչ այլ կերպ է հնչում. ՙԵթե ոչ Ռուսաստանը, ապա ո՞վ՚։ Թեև Ռուսաստանի ԱԳՆ-ն այս իրավիճակի հետ կապված սեփական դատողությունն ունի: ՙՃանճերն` առանձին, կոտլետներն` առանձին՚ կարգի։ Եվ այդ ժամանակ Մարիա Զախարովան ասում է, որ ԱԳՆ-ում քաջ գիտակցում են ղարաբաղյան հարցում կացության ողջ բարդությունը, ճիշտ ինչպես և այն, թե ՙինչ մեթոդներ կարող են իրապես, այլ ոչ խոսքով, հանգեցնել իրավիճակի հանդարտեցմանը՚։

Բանավոր խոսքի ոճաբանությունը թողնենք մի կողմ, դիտարկենք ասվածի էությունը։ Պարզվում է՝ այդ մեթոդներին (ՙիրապես, այլ ոչ խոսքով՚) պատկանում են, նախևառաջ` ՙքաղաքական-դիվանագիտական կարգավորումը՚ և (հենց այսպես) ՙառկա խնդիրները լրջորեն լուծելու և գործը խաղաղության հասցնելու (ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ) կողմերի մտադրությունն ու ցանկությունը՚։ Դարձյալ՝ նույն երգը։ Այդ ինչպե՞ս կողմերը գործը կհասցնեն խաղաղության, եթե նրանց շարունակ մահացու զենքով են զինում, որը մոտեցնում է ոչ թե խաղաղությունը, այլ պատերազմը։ Ի՞նչ մտադրություններ և ցանկություններ կարող են այստեղ լինել։ Ձանձրույթ պատճառող ծեծված արտահայտություններով հնարավոր չի լինի խաղաղության հասնել։ Իսկ գերժամանակակից զենք մատակարելով (հստակեցնենք՝ Ադրբեջանին) հնարավո՞ր կլինի։ 

Ստացվում է՝ այո։ ՙՈւզում ես խաղաղություն` պատրաստվիր պատերազմի՚ սկզբունքով։ Այսինքն՝ ուժերի հավասարակշռության տխրահռչակ պահպանմամբ։ Իսկ հավասարակշռությունն այդ կպահպանի Ռուսաստանը։ Քանի դեռ դիվանագիտությունը չի ասել իր ծանրակշիռ խոսքը։ Դրա համար էլ, ասում է Մարիա Զախարովան, այն՝ դիվանագիտությունը, գոյություն ունի, որպեսզի ՙքաղաքական-դիվանագիտական հունով՚ գտնեն ՙինչպես անել, որ այլևս արյուն չհեղվի՚ հարցի պատասխանը։ 

Այն փաստը, որ արյուն, այնուամենայնիվ, հեղվում է, և դրա պատճառը ոչ միայն ապրիլյան իրադարձություններն են, այլև ապրիլյան իսկ համաձայնությունների ամենօրյա խախտումները, անգամ չխոսելով 1994թ. համաձայնագրի մասին, դիվանագիտական ծածկալեզուն անչափ հմտորեն շրջանցում է՝ այն փոխարինելով ՙհակամարտությունը ռազմական լուծում չունի՚ դեկլարատիվ կոչերի մեղմասություններով և խաղաղության անհրաժեշտության մասին անհասցե հայտարարություններով՝ ամեն անգամ, երբ այդ խաղաղությունը խախտվում է։ 

Ի՞նչ եք կարծում, ինչ պետք է անել, եթե առաջարկություններն ու համաձայնությունները, որոնք կողմերին, իբր, պետք է մոտեցնեն վերջնական լուծման, ՙվերջին պահերին՚ այս կամ այն պատճառներով չեն հասնում ՙավարտական փուլին՚։ Իհարկե՝ ափսոսալ։ Սակայն, զինվելով համբերությամբ, այդուհանդերձ, ՙպետք է քաջ գիտակցենք, որ հենց Ռուսաստանի Դաշնությունն է անընդհատ նախաձեռնել այս կամ այն տիպի առաջարկներ՝ խթանելու կարգավորման գործընթացը՚։ Կեցցե՛։ Կարելի է ՙապրես՚ ստանալ և շարունակել՝ ինչպես նախաձեռնելը (պասիվ դիվանագիտական), այնպես էլ սպառազինություն մատակարարելը (հստակ իրավական հիմքի վրա)։ Մեծ մասամբ՝ Ադրբեջանին։ Քանի որ, ըստ երևույթին, ուժերի հավասարակշռությունը, պարզվում է, մի կողմից պահպանվում է հայ զինվորների մարտական ոգու և բանակային փայլուն պատրաստվածության, մյուս կողմից՝ Ադրբեջանի սպառազինության մեջ առկա առավելության հաշվին։ Վերջին դրույթն արդեն Մարիա Զախարովայինը չէ։ Այլ՝ դարձյալ Խրամչիխինի։ Որ  մատուցվում է նրա կողմից, առանց որևէ հեգնանքի։ Հակառակը։ Զախարովային ասես առարկելով այն հարցում, թե ՙիրավիճակի հանգուցալուծման բանալին գտնվում է քաղաքական-դիվանագիտական հարթության վրա՚, նա  գրում է. ՙՌուսաստանի այն հայտարարությունը, թե հակամարտությունը ՙռազմական լուծում չունի՚, անչափ շատ է ամբոխավարություն հիշեցնում, իսկ ՙկողմերի միջև վստահության վերականգնման անհրաժեշտության՚ մասին Արևմուտքի պոլիտկոռեկտ մկկոցն այնքան տխմար է, որ մեկնաբանության արժանի չէ։ Հայերի ու ադրբեջանցիների փոխադարձ ատելությունը ոչ թե չի նվազում, այլ աճում է։ Ընդ որում, սա միանգամայն իրական ՙժողովրդական՚ ատելություն է։ Եվ բոլորովին հնարավոր չէ հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել փոխզիջումը՚։

Բնականաբար, դա անհնար է, եթե շարունակեն Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն մատակարարել՝ միաժամանակ արդարանալով ինչ-որ իրավական հիմքով։ Մի՞թե իսկապես լեզուն տրված է մեզ նրա համար, որ թաքցնենք մեր իրական մտադրությունները։