ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 21-ին մեկնարկած Հայկական քաղաքական կուսակցությունների 2-րդ ֆորումի երկրորդ նիստը, որը վարում էր ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, անցկացվեց ՙԿուսակցությունների դերն արտաքին քաղաքականության մեջ. արցախյան հիմնախնդիր՚ խորագրի ներքո։

Նիստի սկիզբը հայտարարելուց առաջ նա  ողջունեց ֆորումի մասնակիցներին ու հրավիրվածներին՝ ընդգծելով նման քաղաքական քննարկումների կարևորությունը, և ապա խոսքը փոխանցեց հիմնական բանախոսին՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանին։

Բանախոսը նախ  իրազեկեց, որ պատիվ է ունեցել մասնակցել նաև 2012-ին ԼՂՀ մայրաքաղաքում անցկացված՝ Հայկական քաղաքական կուսակցությունների 1-ին ֆորումի աշխատանքներին, և իր համար հաճելի են ձևաչափի փոփոխություններն ու կազմի ընդլայնումը, ինչպես նաև հետաքրքրության աստիճանական աճը  նման միջոցառման նկատմամբ։ Ս.  Սաֆարյանի խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմն ստիպեց մեզ վերանայել ամեն ինչ և ամենուր, այդ թվում՝ քաղաքական համակարգում։ 

Արդյո՞ք կուսակցություններն անելիք ունեն արտաքին քաղաքականության մեջ։ Հարցին պատասխանելու համար նա կանգ առավ երեք խումբ մարտահրավերների վրա, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ այսօր առկա են և որոնց հետ կապված պետք է նոր որոշումներ ընդունվեն։ Առաջին մարտահրավերն ուղղակիորեն առնչվում է  քաղաքական կուսակցությունների կայացածությանը։ Եթե խոսքը գնում է արտաքին քաղաքականության մեջ նրանց  անելիքների մասին, ապա  դա, նախևառաջ, ենթադրում է աշխատանք քաղաքական համակարգի կայացման ուղղությամբ։ Անհրաժեշտ է ունենալ բազմակուսակցական, մրցակցային, առողջ քաղաքական համակարգ, հակառակ դեպքում մնացած մարտահրավերների մասին խոսելը շատ հիպոթետիկ կլինի։ Երկրորդ մարտահրավերը քաղաքական ուժերի մեկուսացվածությունն է արտաքին քաղաքական խնդիրներից։ Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ Արցախի քաղաքական ուժերի մեկուսացվածությունն օբյեկտիվ է. ի վերջո, չճանաչված հանրապետություն է, որի քաղաքական համակարգն ինտեգրված չէ միջազգային հարաբերությունների համակարգին, հետևաբար, եթե Արցախի պարագայում արտաքին քաղաքականության մեջ որոշակի գործառույթ կատարելու անհնարինությունն օբյեկտիվ էր, ապա Հայաստանի դեպքում ոչ միայն արդարացված չէր, այլև սուբյեկտիվ էր։ Երբ մենք ամեն ինչ պատվիրակում ենք Արտաքին գործերի նախարարությանը, շարունակեց փորձագետը, երբեմն նաև անցանկալի հետևանքներ են լինում, որովհետև  չի գիտակցվում այն հանգամանքը, որ միջազգային հարթակներում կուսակցական խողովակները կարող են շատ ավելի արդյունավետ լինել, քան դիվանագիտական ներկայացուցչություններինը։ Հայաստանյան կուսակցությունների ակտիվությունը կարևոր է նաև այն իմաստով, որ Արցախի ձայնն ու տեսակետը նրանք են ներկայացնում արտաքին քաղաքական հարթությունում՝ հանդես գալով որպես խոսափող, և շատ ավելի մեծ ազատության աստիճան ունեն այդ հարթակներում, ուրեմն և, ավելին կարող են ասել, քան ասում է զսպված դիվանագիտությունը։ Երրորդ մարտահրավերը, Ս. Սաֆարյանի բնորոշմամբ, բխում է կուսակցությունների կարողություններից, ինչն էլ ուղղակիորեն կապված է քաղաքական ուժերի կայացածության հետ։ Նրանց կարողությունները չափազանց ցածր են, և դրա շտկումը նույնպես հրատապ խնդիր է։ Կուսակցությունների կողմից դպրոցների, հետազոտական կենտրոնների ստեղծումը ժամանակի թելադրանքն է, քանի որ դրանք ոչ միայն քաղաքականության ոլորտում գործելու հավելյալ լծակ են, այլև  խնդիրներին, զարգացումներին գիտականորեն մոտենալու միջոցներ։ Քաղաքական գործիչների իմացությունը դեռևս բավարար չէ՝ քաղաքական կանխատեսումներն ու զարգացումներն  ուրվագծելու տեսանկյունից։ Պատահական չէ, որ Եվրոպայի առաջատար երկրների քաղաքական ուժերն ստեղծում են հետազոտական կենտրոններ, դպրոցներ, որոնք ավելի պրոֆեսիոնալ մոտեցում  են  ցուցաբերում այդ կարգի խնդիրներին և առաջին հերթին կուսակցությանը սպասարկում են ճշգրիտ կանխատեսումներով ու գնահատականներով, որոնք հիմք են ստեղծում նրանց հետագա գործողությունների համար։ Փորձագետը վկայակոչեց Գերմանիայի օրինակը, որտեղ գործում են  հիմնադրամներ Կոնրադ Ադենաուերի, Ֆրիդրիխ Էբերտի, Ֆրիդրիխ Նաումանի և ուրիշ գործիչների անուններով, որոնցից ամեն մեկն սպասարկում է կոնկրետ գաղափարախոսական գիծ ունեցող կուսակցության։ Այդ կենտրոնները լուծում են վերը նշված երրորդ խնդիրը՝ կուսակցությունների կարողությունների զարգացումը։ 

Ուշադրություն դարձնելով վերջին շրջանում միջազգային վեհաժողովներում հայկական պատվիրակության պահվածքին, տեսնում ենք, որ լավագույն դեպքում արձագանքողի դերում ենք, ասաց Ս. Սաֆարյանը, բանը չպիտի հասնի նրան, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը ստիպված լինի խոսել ապրիլյան պատերազմի ու դրա հետևանքների մասին։ Արտաքին քաղաքականության մեջ գլխավոր խնդիրը կանխարգելիչ գործողությունների ձեռնարկումը պիտի լինի և ոչ թե հետևանքներին արձագանքելը։ Որպես  ամենավառ օրինակ՝ նա մատնանշեց Սարսանգի ջրամբարի պատմությունը։ 

Խորհրդարանը կամ քաղաքական ուժերն արտաքին քաղաքականության բնագավառում կարող են իրենց դերն ունենալ, անշուշտ, որոշակի ֆորմուլայի շրջանակներում, որպեսզի դա չխանգարի գործադիր մարմնի կողմից վարվող քաղաքականությանը։ 

Ս. Սաֆարյանն այնուհետև խոսեց այն խնդիրների մասին, որոնց շուրջ հայկական քաղաքական ուժերի կոնսենսուս պիտի լինի։ Նա վստահ էր, որ քաղաքական համաձայնությունը հնարավոր է նախևառաջ ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի շուրջ։ Դա  մի նպատակ է, որը բոլոր հարթակներում, բոլոր խողովակներով և հատկապես խորհրդարանական դիվանագիտության մակարդակով պետք է շատ համարձակորեն առաջ մղվի։ 

Կուսակցությունները պետք է ունենան նաև կոնսենսուս միջազգային հարաբերությունների համակարգին Լեռնային Ղարաբաղի ինտեգրման հարցում։ Եթե չփոխվեն մոտեցումներն արտաքին քաղաքականության մեջ կուսակցությունների դերի և անելիքների հարցում, մենք կհայտնվենք  դժվար իրավիճակների մեջ, եզրակացրեց Ս. Սաֆարյանը։ 

Հիմնական բանախոսին շարունակեցին և թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացրին  հայաստանյան և արցախյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Մայիսի 22-ին շարունակվեց ֆորումի աշխատանքը։ Ամփոփիչ ելույթով հանդես եկավ ԼՂՀ Ազգային ժողովի և Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նա  իր գոհունակությունը հայտնեց Արցախի Հանրապետության խորհրդարանում ծավալված քննարկումների առնչությամբ՝ ներկաներին հավաստիացնելով, որ դա միայն իր կարծիքը չէ։ Ստեփանակերտում երկրորդ անգամ է հայկական քաղաքական դաշտի դերակատարների մասնակցությամբ ֆորում անցկացվում, և այդ աշխատանքը հուշում է, որ նման միջոցառումներ  այստեղ կազմակերպելու գաղափարը ճիշտ է և արդարացված։ Եվ այսուհետ հարկ կլինի շարունակել քաղաքական կուսակցությունների խորհրդատվությունների պրակտիկան, ինչը կդառնա Արցախում ձևավորվող քաղաքական ավանդույթներից մեկը։ Ի դեպ, մայիսի 21-ին լրացել է ԼՂՀ 6-րդ գումարման  Ազգային ժողովի գործունեության մեկ տարին, հիշեցրեց Ա. Ղուլյանը։ Նախորդ տարվա այս օրն առաջին նիստն է գումարվել, և դա նշանակում է, որ ներկայիս խորհրդարանը նաև ընդունել է նման քաղաքական միջոցառումների կազմակերպչի ավանդույթները։ Հիմքը դրվեց 2012թ. սեպտեմբերին նախորդ գումարման խորհրդարանի կողմից, երբ առաջին անգամ Ստեփանակերտում անցկացվեց Հայկական քաղաքական կուսակցությունների 1-ին ֆորումը։  

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց փորձագետներին, ովքեր իրենց վերլուծություններում ճիշտ ուղղորդումներ են նախանշել հետագա քննարկումների համար։ Իսկ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ելույթներում ինչ-որ իմաստով զարգացել են այն կոնկրետ  դրույթները, որոնց վրա կանգ են առել բանախոսները։ Ամեն մի կուսակցության առանձին գործունեությունից է կախված, թե ինչ հեռանկար ենք մենք տեսնում ապագայում, բայց քաղաքական դաշտի հեռանկարը կախված է միասնական աշխատանքից, ընդգծեց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ իր կարծիքով, բոլորի պատասխանատվությունը կհերիքի, որպեսզի առաջիկա տարիներին մեր գործունեությամբ և քաղաքական ակտիվությամբ կարողանանք նաև բավարարել հանրային-քաղաքական շրջանակներում առկա  ակնկալիքները։ 

Արտաքին քաղաքական հարցերի առնչությամբ Ա. Ղուլյանը նշեց, որ, իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր գործունեության ուղղվածությունը, բայց, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, մերօրյա տարածաշրջանային զարգացումները, ինքը կուզենար  ոչ թե առաջիկա տարիներին, այլ առաջիկա  ամիսներին Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ թեմաների բաշխում կատարել՝ միջազգային հարթակներում համապատասխան աշխատանք ծավալելու նպատակով։ Միջազգային կառույցներում յուրաքանչյուր կուսակցություն իր գործընկերների միջոցով պետք է կարողանա աշխատել՝ մեր քաղաքական ցանկություններն այդ հարթակներ տեղափոխելու համար։ 

Հայաստանյան կուսակցությունները համագործակցում են Եվրոպայի ժողովրդական կուսակցության, եվրոպական սոցիալիստների, լիբերալների հետ, և գնալով այդ շրջանակն ընդլայնվում է։  Արցախում այդ ուղղությամբ աշխատանքը դեռ նոր է սկսվում։ Երկու տարի առաջ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը նախապատրաստական որոշ աշխատանքից հետո կարողացավ կապեր հաստատել Եվրախորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից մեկի՝ Եվրոպական Ազատ Դաշինքի հետ։ Դա հաջողվեց կյանքի կոչել, քանի որ այդ ընտանիքում միավորված են ազգերի ինքնորոշման ջատագով քաղաքական կուսակցություններ, որոնք այսօր Եվրոպայում 40-ից ավելի են և գործում են մոտ երկու տասնյակ պետություններում։ Արցախյան բոլոր կուսակցությունների համար այսօր կան համագործակցության որոշակի հեռանկարներ։ Միջազգային քաղաքական ինտեգրացիոն գործընթացները մեզնից պահանջում են արագ քայլեր ձեռնարկել, եզրակացրեց Ա. Ղուլյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի քաղաքական դաշտի դերակատարներն անպայման  հաշվի կառնեն միջազգային գործընթացներում Արցախի քաղաքական կուսակցությունների մասնակցության հնարավորությունը։ Դրանք չեն լինի սոսկ խոսքեր. կհետևեն գործնական քայլերը նախանշված ուղղություններով։

Եզրափակիչ մասում մասնակիցների քննարկմանը դրվեց Հայկական քաղաքական կուսակցությունների 2-րդ ֆորումի ամփոփիչ հայտարարության տեքստը։                       

      

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ