[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

Սարդարապատի ճակատամարտը  տեղի Է ունեցել 1918թ. մայիսի 21-29-ին, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև, Սարդարապատ կայարանի շրջակայքում։

Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից՝ մերկացնելով Կովկասյան ճակատը։ Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը։ 

Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած (1917-ի դեկտ. 5) Երզնկայի զինադադարը՝ թուրքական զորքերը 1918-ի փետրվարի 10-ին անցան հարձակման և շնորհիվ գերակշիռ ուժերի՝ վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը։ Կովկասյան ճակատում գործող Հայկական կորպուսը [հրամանատար՝ գեն. Նազարբեկով (Նազարբեկյան)], որը կազմված էր 3 դիվիզիայից (հրամանատարներ՝ գեն. Արեշյան, գեն. Մովսես Սիլիկյան, գեն. Անդրանիկ Օզանյան), մարտերով հետ քաշվեց՝ ապահովելով նաև տասնյակ-հազարավոր արևմտահայ գաղթականների անվտանգությունը։ Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական մի զորաբանակ արշավեց դեպի Ղարաքիլիսա (տե՜ս Ղարաքիլիսայի ճակատամարտ, 1918), մյուսը՝ Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով։ Թուրքական այդ զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, 1500 քուրդ հեծյալներ, հրետանային մարտկոց (40 հրանոթ)։ Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Մ. Սիլիկյանի վրա, որի զորախմբի կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան (առանց 7-րդ և 8-րդ գնդերի), 3-րդ հետևակային բրիգադը (Վանի 1-ին և 2-րդ գնդերը, Սակուի հետևակային գումարտակը) և 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը։ Հայկական այդ զորախմբի հիմնական ուժերը (հրամանատար՝ գնդապետ Դանիել բեկ Փիրումյան) կենտրոնացվեցին Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրք զորախմբի դեմ, իսկ 6-րդ հրաձգային, 2-րդ հեծյալ և պարտիզանական հեծյալ գնդերը սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակելու էին Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը (տե՜ս՝ Բաշ Ապարանի ճակատամարտ, 1918)։ Թիկունքը և Երևանի պաշտպանությունը հմտորեն ղեկավարել է Արամ Մանուկյանը։

Հարձակվող թուրքական զորախումբը մայիսի 21-ին գրավեց Սարդարապատ կայարանը, համանուն գյուղը (այժմ՝ Արմավիրի շրջան, գ. Հոկտեմբեր) և Գեչրլուն (այժմ՝ գ. Մրգաշատ)։ Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդ. Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից (այժմ՝ էջմիածնի շրջան, գ. Արշալույս) և Ղուրդուղուլիից (այժմ՝ Արմավիրի շրջան, գ. Արմավիր) անցան հարձակման, կոտրեցին թուրքերի դիմադրությունը և նրանց հարկադրեցին խուճապահար հետ փախչել շուրջ 15-20կմ։ Սակայն, օգտվելով այն բանից, որ հայկական ուժերը դադարեցրին հետապնդումը, թուրքերը վերադասավորեցին ուժերը, ամրացան Արաքս կայարանից հյուսիս-արևմուտքում գտնվող Չիմնի և Թուլքի բարձունքներում։ Թուրքական հրամանատարությունը որոշեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը (մայիսի 22-26-ի մարտերի ընթացքում թուրքերը տվեցին 3500 սպանված), սակայն հայերը հետ շպրտեցին օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան։ Հայկական հրամանատարությունը մշակեց թուրքերին վճռական հարված հասցնելու և ջախջախելու ծրագիր։ Ստեղծվեց հարվածային զորախումբ [գնդ. Կ. Հասան Փաշայանի (Ղասաբփաշյան) հրամանատարությամբ, զորախմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, երկու էսկադրոն, Խնուսի գնդի մեկ վաշտ և 4 հրանոթ], որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցելով թուրքերին, մայիսի 27-ին հարվածեցին նրանց թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը հարվածեցին ճակատից։ Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական զորաբանակի մնացորդները խուճապահար փախան Ալեքսանդրապոլ։ ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով։

Սարդարապատի ճակատամարտում հաղթանակը նվաճվեց հայ հրամանատարների հմուտ ղեկավարությամբ գործող հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների հերոսական պայքարի գնով։ Սարդարապատի ճակատամարտում լավագույնս դրսևորվեցին հնուց եկող հայկական ռազմական արվեստի ավանդույթները։ ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ գյուղացիներ, մտավորականներ, հոգևորականներ, արհեստավորներ, ռուսական բանակում ծառայած հայ սպաներ, քաղաքական բոլոր կուսակցությունները. մոռացվեցին բոլոր տարաձայնությունները։ Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարարում և ծառայում իբրև գթության քույրեր։

Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է։ Տարած հաղթանակի շնորհիվ Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց հայկական պետականության վերականգման համար. 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը։

Ի նշանավորումն Սարդարապատի ճակատամարտում հայերի տարած հաղթանակի՝ 1968-ին ճակատամարտի վայրում բացվել է Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրը։

;