[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՂԻՆ. ՈԻ՞Ր է ՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՇԻՆՔԸ

Այն պահին, երբ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսում էր այն մասին, որ Ռուսաստանում իբր թե ՙհամոզվել են Ադրբեջանի հետ գործընկերության հուսալիության մեջ՚, և որ ՙնրան կարելի է վստահել, ու դրա համար պետությունների միջև համագործակցությունն ամրապնդվում է՚, Ադրբեջանում՝  Գաբալայում, ավարտվեց Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի արդյունքներով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց. ՙԱդրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԶՈՒ անվտանգությունն ու ռազմական պատրաստականությունը բարձրացնելու համար նպատակահարմար են համարել անցկացնել համատեղ զորավարժություններ՚:

Նա նաև ընդգծել է, որ ՙհանդիպման ընթացքում խոսվել է եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցության արդյունավետության մասին, իրականացվել է կարծիքների փոխանակում, և քննարկվել են կապերի զարգացման հեռանկարները՚: Ըստ նրա՝ երեք պետություննրի միջև նախատեսվում է պաշտպանության ոլորտում փոխըմբռնման Հուշագրի ստորագրում:  Հենց այդ համայնապատկերին Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ անց են կացվել Noble Partner - 2016 (ՙԱրժանի գործընկեր-2016՚) զորավարժություններ, որին մասնակցում էր 1300 զինվորական` 500 վրացի, ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության 650 և 150 բրիտանացի զինվորականներ: Վրաստանի ԶՈՒ պատմության մեջ զորավարժություններում առաջին անգամ օգտագործվում էին  ամերիկյան ՙԱբրամս՚ տանկեր: Այդ կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ¬ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից վրացական տարածքների ՙհետևողական յուրացումը՚ դիտարկում է որպես սադրանք` ուղղված Անդրկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի  միտումնավոր խարխլմանը:  

Հավանաբար, պատահական չէր այդ զորավարժություններին հարմարեցվել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Գումարած դրան` Ղարաբաղում հակամարտող կողմերի սահմանագծին չդադարող զինված բախումները: Այդ պատճառով, եթե խոսենք Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև ձևավորվող ավելի լայնածավալ ռազմատեխնիկական փոխազդեցության մասին, կտեսնենք, թե ինչպես է կառուցվում այդ եռակողմ դաշինքի թիկունքի ապահովման ռազմական լոգիստիկան. հյուսիսից` վրացական հենակետից, ՆԱՏՕ-ի հավանական մասնակցությամբ, հարավից` Թուրքիայի, որպես ՆԱՏՕ-ի անդամի, արևելքից` Ադրբեջանի կողմից, ինչը մատնանշում է աշխարհաքաղաքական կառուցվածք, որի էպիկենտրոնում հայտնվում է Հայաստանը` ՀԱՊԿ մասով Ռուսաստանի դաշնակիցը: Այդ կապակցությամբ ռուսական ռազմական որոշ փորձագետներ հաստատում են, որ Անդրկովկասում ձևավորվում է հակառուսական դաշինք, որի թիկունքին կանգնած է ԱՄՆ-ն: Սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ:   

Գաբալայում Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան դաշինքի ֆորմալ առիթի մասին հայտարարվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Ելմազի կողմից. ՙԵրեք երկրների նախարարները քննարկել են նավթագազամուղի անվտանգության ապահովման հարցը, և դրա հետ կապված՝  համաձայնություն է ձեռք բերվել՚: Հարցը Վրաստանի տարածքով Թուրքիա արտահանվող էներգետիկ հաղորդակցուղիների պաշտպանության մասին է՝ Բաքու-Թբիլիսի-էրզրում գազամուղի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան  նավթատարի, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու ավարտվող շինարարության։ Պաշտպանություն ումի՞ց: Պարզ է, որ Հայաստանից, որն Ադրբեջանի հետ  ռազմական առճակատման ծավալման դեպքում կարող է հարված հասցնել այդ կոմունիկացիաներին: Հասկանալի է նաև, որ իրադարձությունների նման զարգացումը հնարավոր է միայն Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրացման դեպքում: Եվ հակառակը` եթե հակամարտող կողմերը տվյալ խնդրի վերաբերյալ որոշակի փոխզիջման հասնեն: Այդ դեպքում իրավիճակը տեսականորեն կարգելափակվի: Բայց այստեղ  բախվում ենք ինտրիգային կոմբինացիայի:

Սկսենք նրանից, որ, այսպես կոչված, եռակողմ ձևաչափով Թուրքիայի, Վրաստանի և Ադրբջանի միջև համագործակցությունը գոյություն ունի վաղուց: Այն ակտիվորեն առաջ էին մղում Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարները` Միխայիլ Սահակաշվիլին և Իլհամ Ալիևը` Թուրքիայի վարչապետ, իսկ այժմ նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի մասնակցությամբ: Ներկայում Սահակաշվիլին տապալված է, էրդողանը խրվել է Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունների մեջ, և երկրի հարավ-արևմտյան վիլայեթներում արդեն քրդերի հետ քաղաքացիական պատերազմ է վարում: Ի դեպ, դրանք այն տարածքներն են, որոնցով Ադրբեջանից Վրաստանի տարածքով էներգետիկ կոմունիկացիաներն են անցնում և որոնց վրա, ըստ թուրք փորձագետների տվյալների, նա ՙկորցնում է վերահսկողությունը՚:  

Ադրբեջանի նախագահը նույնպես խրված է ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլում: Վտանգը կայանում է նրանում, որ Անկարա-Բաքու ռազմական համագործակցության խորացումը ձևավորում է էսկալացիայի արտահոսք ինչպես Մերձավոր Արևլքից դեպի Անդրկովկաս, այնպես էլ` հակառակը: ՙԹուրքիան Ղարաբաղի հակամարտության լուծման այլ տարբերակի չի աջակցի, եթե խոսք չգնա  Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում: Այդ հարցում Թուրքիան Ադրբեջանի կողքին է՚,- արձանագրել է Ելմազը: Այն դեպքում, երբ Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի հանդեպ իրականացնում է հավասարակշիռ քաղաքականություն, թեև Երևանը համարվում է ՀԱՊԿ անդամ: Ուստի Ղարաբաղում հակամարտ կողմերի միջև ապրիլյան իրադարձությունները ձեռնտու են Թուրքիային, ով հակամարտության ապասառեցման միջոցով փորձում է Ռուսաստանի համար ստեղծել ՙանդրկովկասյան ճակատ՚, որպեսզի Մերձավոր Արևելքից շեղի նրա ուշադրությունը:     

Ղարաբաղյան հակամարտությունը ապասառեցրել են: Ի՞նչ կլինի հետո: Մինսկի խմբի արևմտյան համանախագահների դիրքորոշումն սկզբունքորեն չի փոխվել, իսկ մասնավորապես նրանք հանդես են գալիս սահմանագծի երկայնքով դիտարկման համակարգի ներդրման օգտին և խոսում են խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին: Ադրբեջանը, արևմտյան ուղղությամբ դիվանագիտական պարտություն կրելուց հետո, սկսել է զգուշանալ տարածաշրջանում խաղաղապահների հայտնվելուց, որոնց կազմում կարող են ռուս զինվորականներ չլինել, և որ այն ոչ միայն կպահպանի իրավիճակը, այլև իրադարձությունները կտանի կոսովյան սցենարով: Այստեղից են Մոսկվային քաղաքական ազդանշաններ ուղարկելու փորձերը, ինչպես դա անում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին: Քաղաքական նորարությունների և տեխնոլոգիաների ղեկավար, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլին իր հերթին հավատացնում է, որ ՙՄոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների կարևորությունը Ռուսաստանի համար վեր է Ադրբեջանի` Եվրասիական տնտեսական միությանը կամ ՀԱՊԿ-ին անդամագրվելուց,  Կրեմլն առաջ է մղում ղարաբաղյան  տարածքային վեճի կարգավորման իր միջանկյալ ծրագիրը՚: 

Շարունակենք: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ԱՄՆ դաշնակիցն այդ դաշինքում: Ինչպես քրդական, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության հարցում կատեգորիկ հրամայական հաստատելու համար Անկարան Վաշինգտոնի հետ այդ խնդիրների կարգավորման շուրջ կարող էր համաձայնության գալ և գործել բացեիբաց:  Բայց դա չկա: Ավելին, ինչպես սիրիական խնդրի կարգավորման ժնևյան գործընթացի ձևաչափում, որտեղ ծրագրվում է քրդական հարցի լուծումը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափում ԱՄՆ-ն և Ռուսաստանը գործում են ոչ միայն տանդեմով, այլև (ըստ արևմտյան փորձագետների հեղինակավոր կարծիքի) հասել են կոնսենսուսի: Դա միայն կույրը կարող է չտեսնել:

Դրա համար, երբ Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատար գեներալ Բեն Խոջեսը, մեկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները, հայտարարում է, որ իրենց ՙգլխավոր նպատակը ստուգելն է, թե ինչքան արագ կարող են ամերիկյան զինտեխնիկան և զինվորներն անհրաժեշտության դեպքում հասնել Կովկաս՚, միանգամից հարց է ծագում` ինչո՞ւ է ԱՄՆ-ն փորձում առայժմ խիստ սահմանափակ ծավալով աստիճանաբար ամրապնդվել Վրաստանում` Հայաստանում ռուսական բազայի առկայության գործոնի պարագայում: Գուցե նրանք իրենց խաղաղապահական թևի համար Վրաստանում բազա՞ են պատրաստում: Եթե ԱՄՆ-ը ցանկանում է ադրբեջանական սցենարով լուծել ղարաբաղյան խնդիրը, Անդրկովկասում Ադրբեջանին հաստատել որպես տարածաշրջանի գլխավոր խաղացող, ապա ինչո՞ւ մինչ այսօր հրապարակայնորեն չեն նշել իրենց դիրքորշումը:    

Ըստ մեզ՝ խնդիրը կայանում է այլ բանում: Բաքուն և ամբողջ աշխարհը տարբեր պատկերացումներ ունեն ղարաբաղյան հակամարտության արմատների մասին, այլ կերպ են մեկնաբանում Անդրկովկասի ժողովուրդների անցյալը։ Միջազգային հանրությունը փորձում է Ադրբեջանին, Վրաստանին ու նաև Թուրքիային հանել առասպելական անցյալի գերությունից, որպեսզի միջնորդներին հնարավորություն ընձեռի ստիպել հակառակորդներին գնալ փոխզիջումների` բոլոր անհրաժեշտ երկարաժամկետ քաղաքական համաձայնության համար: Վրաստանում 2008թ. օգոստոսից հետո արդեն տեղի է ունեցել միջանկյալ աշխարհաքաղաքական ավարտ, Թուրքիայի համար ամեն ինչ դեռ առջևում է, իսկ Ադրբեջանը կես ճանապարհին է: Բայց կործանման ռիսկի նվազեցման փոխարեն, չգիտես ինչու, բոլորը նոր պատերազմի ուղիներ են փնտրում:  

 

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ

REGNUM 

տեղեկատվական 

գործակալություն