[ARM]     [RUS]     [ENG]

ՍԻԶԻՖՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

 

 

ԼՂՀ պաշտպանության բանակի հաղորդագրությունների համաձայն՝ Ադրբեջանի և Արցախի զինված ուժերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվում է։

Ճիշտ է, հստակեցվում է, որ որոշ ուղղություններում արձանագրվում է անկանոն կրակ հայկական դիրքերի ուղղությամբ։ Ըստ երևույթին, այդ անկանոն կրակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտքում տիրող անկարգության ուղղակի արտացոլումն է... Այնտեղ, հավանաբար, ինչ¬որ բանից դժգոհ են։ 

Դատելով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներից, վերջին դժգոհությունը կապված է այն բանի հետ, որ Երևանում ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո Սերգեյ Լավրովը ոչ թե Բաքու, այլ Մոսկվա մեկնեց։ Մի շարք  փորձագետներ անմիջապես ենթադրեցին, որ Երևանը չհամաձայնեց Լավրովի բերած որոշ առաջարկություններին, ուստի նա որոշեց Բաքու դատարկաձեռն չգնալ, այլ նախ խորհրդակցել Պուտինի հետ....

Ամեն ինչ հնարավոր է։ Բայց կոնկրետ ի՞նչ կարող է լինել բանակցությունների սեղանին, որի մասին ակնարկում են ադրբեջանական փորձագետները։ Բազմիցս խոսել ենք այն մասին, որ լեռնայինղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ կարգավորմանն ուղղված բոլոր առաջարկները պտտվում են ՙկարգավիճակ՝ տարածքների փոխարեն՚ բանաձևի շուրջ։ Այս կամ այն վերափոխված ձևով։ Այլ հարց է, որ Բաքուն, հավատալով, որ տարածքները կստանա ամեն դեպքում, ամեն կերպ ձգտում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը հետաձգել մինչև անորոշ ապագա՝ առաջարկելով ՙտարածքներ՝ խաղաղության փոխարեն՚ բանաձևը։

Հասկանալի է, որ նման մոտեցումը հայկական կողմի համար չի կարող ընդունելի լինել։ Փոխզիջումները պետք է համարժեք լինեն։ ՙՏարածքներ՝ կարգավիճակի փոխարեն՚ բանաձևն ինքնին  մեծ զիջում է հայկական կողմից, քանի որ տարածքն ինչ-որ կոնկրետ բան է, իսկ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի ներկա կարգավիճակի ճանաչումն՝ ընդամենը փաստաթուղթ, թղթի կտոր։ Իսկ թե ինչ արժեն Ադրբեջանի ղեկավարության ստորագրություններն այս կամ այն թղթի տակ, շատ լավ ցույց տվին ապրիլյան իրադարձությունները, երբ Ադրբեջանը խախտեց 1994-1995թթ. կրակի դադարեցման մասին իր իսկ նախաձեռնած ու ստորագրած համաձայնությունները։

Չի կարելի մոռանալ, որ տարածքները, որոնցով Բաքուն մտահոգ է, նա կորցրել է ԼՂՀ ժողովրդի դեմ իր ագրեսիայի արդյունքում։ Կորցրած այդ տարածքները հատուցումն են հայատյացության, Սումգայիթում, Բաքվում ու Կիրովաբադում էթնիկ զտումների, Նախիջևանում հայկական ամեն ինչն արմատախիլ անելու դիմաց։ Ընդ որում, այս քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս, և իսկական հիմար պետք է լինել, որ քեզ ոչնչացնել ձգտող թշնամուն լրացուցիչ հաղթաթուղթ տաս՝  տարածքների տեսքով... Անգամ եթե փոխարենը խոստանում են ապաշրջափակում, խաղաղարարներ, ապառազմականացված գոտիներ և այլն, և այլն... Քանի որ բոլոր այս վերը թվարկվածները պարզապես դատարկաբանություն են, որ այսօր կան, իսկ վաղն այդ ամենը հեշտությամբ կարող է չլինել։

Ըստ էության, Բաքուն հենց այս հաշվարկն է անում: Եթե Իլհամ Ալիևը մաքուր խաղ վարեր, վաղուց կհամաձայներ հանրաքվեի միջոցով ԼՂՀ կարգավիճակի ճանաչմանը` առանձին տարածքների փոխարեն... Բայց նա պահանջում է միակողմանի զիջումներ՝ մոռանալով, որ նման քայլերի կարելի է գնալ միայն այն դեպքում, երբ գործ ունես մտերիմի, առնվազն` ընկերոջ հետ։  Իսկ Բաքվի  պարագայում նրա մոտ տարրական գիտակցության առկայությունն անգամ կասկած է հարուցում։ Ինչի՞ մասին խոսել քաղաքական գործիչների հետ, ովքեր խրախուսում են մարդասպաններին։ Ու երբ Սերժ Սարգսյանը Վատիկանի ռադիոյին տված հարցազրույցում հայտարարեց, որ Երևանում չեն հասկանում՝ Բաքվի հետ ինչ փոխզիջումների մասին կարելի է խոսել, դա այդպես էլ կա։ Իրոք, չեն հասկանում և՜ Երևանում, և՜ Ստեփանակերտում։ Կան բաներ, որոնք անհնար է հասկանալ և ընդունել։

Այսպես թե այնպես, քառօրյա պատերազմից հետո Ալիևը փորձում էր համոզել, որ կկարողանա իր առաջարկները պարտադրել միջնորդների օգնությամբ։ Իսկ միջնորդներն ի՞նչ։ Նրանց գործը միջնորդելն է և ոչ ավելին։ Այստեղից էլ` ամեն տեսակ նորացված առաջարկներ, միջնորդները փորձում են ինչ-որ կերպ հաշտեցնել երկու մոտեցումները` ՙկարգավիճակ՝ տարածքների փոխարեն՚ բանաձևը ՙկարգավիճակ՝ խաղաղության փոխարեն՚ բանաձևի հետ։ Դիվանագետները փորձում են հանգուցալուծումներ գտնել, ինչ¬որ միջանկյալ որոշումների հասնել... Եվ դրա համար չպետք է նրանց կշտամբել, աշխատանքն է այդպիսին։ Նրանց ավելի շուտ կարեկցել է պետք սիզիֆյան աշխատանքի համար, քանի որ այդ հնարքներից ոչինչ դուրս չի գա։ Խաղաղությունն, իհարկե, լավ բան է, բայց ոչ նման գնով։ Չերչիլին է պատկանում այն հայտնի արտահայտությունը, որ եթե նվաստացման ու պատերազմի միջև գտնվողն ընտրում է առաջինը, ապա կստանա և՜ նվաստացում, և՜ պատերազմ։ Ահա սա Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում շատ լավ հասկանում են։

                                                                                                                              Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ                  

www.golosarmenii.am