[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԲԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Այսօր հայրենական փորձագետները լայնորեն քննարկում են Փարիզում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ենթադրյալ հանդիպման հեռանկարները, ինչպես նաև կանխատեսումներ անում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական ակտիվ գործողությունների հնարավոր վերսկսման շուրջ՝ հաճախ ադրբեջանական կողմից նոր ագրեսիայի հավանականության բարձր աստիճանը կապելով այն բանի հետ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին։

Այսինքն, եթե նման բան տեղ ունի, նշանակում է՝ ՙպատերազմը մոտենում է՚։

Ակտիվորեն մեկնաբանվում է և ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ՆԱՏՕ¬ի ՙհանկարծակի՚ մեծ ուշադրությունը և այն հայտարարությունը, որ հնչեցվեց Վարշավայում ՆԱՏՕ¬ի գագաթնաժողովի նախաշեմին ու նրա ընթացքում. ՙՍտատուս քվոն չի կարող երկար մնալ, այն պետք է փոխվի, և դրան պետք է հասնել բանակցությունների միջոցով...՚։ Մի շարք փորձագետներ պնդում են, որ բացառապես ԱՄՆ¬ի միջամտությունը ՙկխանգարի Լեռնային Ղարաբաղում խաղաղարարներ տեղակայելու Ռուսաստանի ծրագրերին՚ Ղարաբաղում նոր սրացումից հետո (որը, պարզվում է, հենց Ռուսաստանն էլ պլանավորում է) և կօգնի ստեղծել հավասարակշռություն՝ հնարավորություն տալով ՙհայկական կողմին օգտագործել ժամանակը՚։

Ինչ վերաբերում է Սարգսյան¬Ալիև սպասվող հանդիպմանը, ապա, բացի հանդիպման հերթապահ բնույթից, նրանից միայն մեկ բան կարելի է սպասել, այն է՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու հերթական փորձ՝ ՙնրան հարկադրելով  զիջել տարածքները՚։ Մի խոսքով՝ հայրենական տեղեկատվական դաշտում ինչ ասես չեն խոսում, գրում, վերլուծում և կանխատեսում։ Իսկ փաստացի իրավիճակի և տեսանելի ապագայում հնարավոր զարգացումների վերաբերյալ մեկնաբանությունների համար մենք դիմեցինք Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ, ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, ՙԿովկասագետների գիտական միություն՚ պորտալի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Անդրեյ Արեշևին։ 

ՙԱկնհայտ է, որ այսօր Հայաստանում քայլեր են ձեռնարկում ամրապնդելու երկրի պաշտպանունակությունը՝ հաշվի առնելով քառօրյա պատերազմի դասերը։ Սա վերաբերում է և դիվանագիտական աշխատանքին, այդ թվում և՝ ռուսաստանյան ուղղությամբ,¬ ասել է Ա. Արեշևը՝ ՙԳոլոս Արմենիի՚¬ի թղթակցի հետ հարցազրույցում։ ¬ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրումը բացառապես ադրբեջանական կողմին ռուսական զենքի մատակարարումների հետ կապելը առնվազն ոչ կոռեկտ կլիներ։ Իրավիճակը շատ ավելի բարդ ու բավականին խճճված բնույթ ունի։ Տարածքային զիջումների նպատակով Հայաստանի վրա հնարավոր ճնշման վերաբերյալ կարծում եմ, որ հայկական կողմին կճնշեն ճիշտ այն աստիճան, որքան ինքը թույլ կտա ճնշել իրեն։ Իսկ ՆԱՏՕ¬ի ՙմիջամտության՚ առնչությամբ կցանկանայի հիշեցնել, որ բանակցային հիմնական ձևաչափը մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Եվ երրորդ կառույցների, մասնավորապես՝ ՆԱՏՕ¬ի կողմից որևէ միջամտություն հակաարդյունավետ է պատկերանում։

 Սարգսյան¬Ալիև սպասվող հանդիպման համատեքստում կարող եմ ասել նույնը, ինչն ավելի վաղ ասել էի. ներկա լարված իրավիճակում հանդիպումների ու բանակցությունների` թող որ գործնականում ի սկզբանե անարդյունավետ, փաստն ինքնին արդեն դրական է։ Կողմերի նպատակները սկզբունքայնորեն տարբեր են, լայնամասշտաբ հակամարտության վերսկսման հավանականությունը բացառված չէ, հետևաբար, նախկինի պես շատ բան կախված է կողմերի ուժերի հավասարակշռությունից։ Ինչպիսի՞ն է այն՝ այդ հավասարակշռությունը, այսօրվա դրությամբ։ Կարծում եմ, կրկնեմ, հայկական կողմն ակտիվորեն աշխատում է այն վերականգնելու ուղղությամբ ապրիլի սկզբի իրադարձություններից հետո։ Ու դատելով սահմանում լարվածության հարաբերական անկումից, կրակոցների  քանակի նվազումից, դա որոշակի արդյունքներ է տալիս։ Կարծում եմ, սա կարևոր է և այն պատճառով, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունների հետ կապված քաղաքական-դիվանագիտական շփումներն ավանդաբար ուղեկցվում են իրավիճակը խարխլելու փորձերով։ Եվ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նախատեսվող հերթական հանդիպումը հազիվ թե այդ առումով բացառություն լինի...՚։

 

ՙԳոլոս Արմենիի՚