[ARM]     [RUS]     [ENG]

ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ իմ հոդվածից հետո ոմանք, ցանկանալով արդարացնել իրենց անգործությունն ու լռությունը, փորձելու են ինձ մեղադրել քաղաքական պահի ոչ լրիվ ընկալման կամ ավելորդ լավատեսության ու հուզականության մեջ։

Ահա թե ինչու ես նախ ուզում եմ հիշեցնել քառորդ դարի վաղեմության իրավիճակը, երբ մեզ ստիպում էին նահանջել՝ փիլիսոփայելով ՙնՎՏՓՌՌ Ռ ՐՈջցՎ՚  թեմայով կամ ճակատագրական ու ողբերգական հետևանքների սպառնալիքով այն ամենի համար, ինչ մենք մտածել էինք։ Այն ժամանակ մենք դիմակայեցինք, անկախ ամեն ինչից։ Այսօր մենք հնարավորություն ունենք նման ճնշումներին դիմակայել շատ ավելի ամուր դիրքերից։ 

Ապրիլյան պատերազմը մեզ նվազագույնը երկու դաս է տվել։ 

ԱՌԱՋԻՆ. Ով էլ որ ինչ էլ ասելու լինի, մենք անցած քառորդ դարում կարողացել ենք պահպանել և մեր երիտասարդությանը փոխանցել անցած պատերազմի հաղթական ոգին, և մենք բավարար հերոս որդիներ ունենք, որպեսզի գրագետ ղեկավարությամբ և անսխալ ճշգրտված արտաքին քաղաքական ուղեգծով պաշտպանենք մեր հայրենիքն ու անկախությունը։

ԵՐԿՐՈՐԴ. Պատերազմը բացահայտել է մի շարք թերություններ և բացթողումներ, բայց դրանք չպետք է դառնան փոխադարձ մեղադրանքների կամ հուսահատության և պարտվողական տրամադրությունների պատճառ, այլ կարող են դառնալ դրանք վերացնելու ուղղությամբ գործուն աշխատանքների զորեղ ազդակ։ Ինձ թույլ եմ տալիս մեջբերել Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանային, որը 2011թ. ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հանդես է եկել ազգին դիմումով և ասել՝ ՙՄենք կդիմակայենք։ Պատկերացրեք, որ ճակատագիրը մեզ տվել է նոր և ավելի կատարյալ Հայրենիք կառուցելու հնարավորություն՚։ Հանուն մեր զոհվածների հիշատակի, հանուն մեր զավակների ապագայի մենք նույնպես պարտավոր ենք դիմագրավել։ Քանզի Երևանում մենք ի՛նչ կպահպանենք, եթե Արցախում հանձնենք դիրքերը։ Եվ հարցը նրանում չէ, 40 թե 30 հազ. քառ. կմ կմնա հայությանը։ Հարցը նրանում է, թե ինչպիսի ազգային գաղափարի վրա մենք կշարունակենք կերտել մեր հայկական պետականությունը կամ էլ դաստիարակել մեր ապագա սերնդին, երբ անկախ, իրեն պաշտպանելու ունակ երկիր կառուցելու կարևորագույն գաղափարը մենք ինքներս և խեղդեցինք, փոխանակելով այն, մեծ հաշվով, մի խումբ օլիգարխների նյութական բարիքներով։

Եվ կրկին՝ տարածքների մասին։ Չգիտեմ, թե ում թեթև ձեռքով ապրիլյան պատերազմում կորցրած ԼՂՀ տարածքի մոտ 8 քառ. կմ-ը գնահատվեց որպես ռազմավարական նշանակություն չունեցող 800 հեկտար։ Նախ  800 հա-ի մասով։ Ստիպված եմ ճշտել, որ հեկտարը, ըստ սահմանման, արտահամակարգային չափման միավոր է, որն օգտագործվում է միայն գյուղատնտեսության կամ անտառտնտեսության ոլորտում։  Ըստ երևույթին, այդ ոլորտում մասնագիտացված որոշ անձերի գիտակցության մեջ մեր Հայրենիքի տարածքն ընկալվում է միայն այդ ենթատեքստում։ Չեմ բացառում, որ այդ մարդիկ, որոնցից շատերն անցած պատերազմում հերոսաբար ազատագրել և պաշտպանել են մեր եղբայրների արյամբ սրբացած այս հողերը, գերազանց հասկանում են նրա իսկական գինը։ Եվ այդ պատճառով, անթույլատրելի եմ համարում բազմազան դատողությունները ռազմավարական նշանակություն չունեցող հողերի մասին։ Ու չպետք է փորձել խաղողը խակ ներկայացնել։ Պարզապես պետք է ազնվություն և համարձակություն ունենալ խոստովանելու մեր բոլորի ընդհանուր բացթողումը և անել ամեն ինչ՝ այն շտկելու համար։ Նման դատողությունները թուլացնում են ոչ միայն մեր զինվորների ոգին, պատրաստ, ինչպես ցույց տվեցին ապրիլյան իրադարձությունները, կյանքի գնով պաշտպանել իրենց վստահված պետական սահմանի տվյալ հատվածը, այլ նաև ազգի մոտ վերջապես ի հայտ եկած՝ բնակության տարածքի զգացումը և ընկալումը որպես պատմական հայրենիք։                   

Քաղաքակրթության պատմությունը համոզում է, որ կենսունակ են և զարգանում են այն ազգերը, որոնց համար առանձին անձանց կյանքից առավել բարձրագույն գերակայություն է համարվում Հայրենիքը։ 

Այսօր որոշ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ իրավիճակը գնահատում են այսպես. Արցախը կանգնած է ընտրության առջև՝ Մադրիդյան (կամ նմանատիպ) սկզբունքներով զիջումներ, որոնք շղթայական ռեակցիայով կպայթեցնեն մեր պաշտպանան համակարգն ու պետականությունը, կամ՝ պատերազմ։ Բարձր եմ գնահատում մեր երկու պետությունների ղեկավարների 22 տարվա խաղաղության պահպանման ջանքերն արտաքին մշտական ճնշման և չընդհատվող սադրանքների ու  դիվերսիաների պայմաններում։ Բայց չի կարելի խաղաղության հասնել ամեն գնով։ Դրանք, արտահայտվելով բժշկական լեզվով, կյանքի հետ անհամատեղելի հաշմություններ են։ Չեմ ուզում օրիգինալ երևալ, բայց կրկնում եմ հայտնի արտահայտությունը՝ ՙԽաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի՚։ Հատկապես նման պատրաստակամությունն է Իսրայելի վարչապետին թույլ տվել վերջերս հայտարարել, որ Իսրայելը երբեք չի զիջի Գոլանի բարձունքները։

Գիտակցելով, որ մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, որ Հայաստանն այսօր չունի վստահելի դաշնակիցներ, որ յուրաքանչյուր ազգ հետապնդում է միայն սեփական շահերը, մենք պետք է գանք այն գիտակցության, որ անհնար է շարունակել նույն ոճով ու ռիթմով ապրել, ինչպես ապրել ենք մինչև ապրիլյան պատերազմը։ 

Մեր կազմակերպվածության աստիճանից և հոգևոր, մտավոր, նյութական ու ֆինանսական միջոցների ծայրահեղ մոբիլիզացումից է կախված, թե ինչ կորուստներով կամ ձեռքբերումներով մենք դուրս կգանք ստեղծված դրությունից։ Այսօր մենք չպարտվեցինք 80-ականների զենքով, բայց սպառազինությունների մրցավազքում մեր թերացման համար ստիպված էինք վճարել մեր փառապանծ որդիների տասնյակ կյանքերով։ Ավելին, պատերազմն արագորեն ոգու հարթությունից տեղափոխվում է բարձր տեխնոլոգիաների, ուրեմն և՝ ֆինանսատար հարթություն։ Այդ իսկ պատճառով պետք է խորքային վերափոխումներ չենթադրող կեղծ դեկլարացիաներից անհապաղ անցնել պետական շինարարության մոտեցումների արմատական վերաձևափոխման։ Իսկ դա ենթադրում է արդյունավետ պայքար կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ հանգամանորեն մշակված հակամենաշնորհային քաղաքականություն, բանակի վերազինման բոլոր հնարավորությունների լիարժեք օգտագործում, պահեստազորի ամենաօպտիմալ կազմակերպման մշակում և այլն։

Եվ դա պետք է դառնա բոլորի և յուրաքանչյուրի գործը՝ սկսած դիրքում կանգնած 18 տարեկան նորակոչիկից մինչև երկրի բարձրագույն ղեկավարությունը։

 

Գագիկ ԲԱՂՈՒՆՑ

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, 

ֆիզմաթ. գիտությունների թեկնածու