[ARM]     [RUS]     [ENG]

Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ Է ՄՆԱՑԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՊԱՏՃԱՌՈՎ

 1992–1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎԸ շատ է ափսոսում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ  հետաքրքրված շատ քաղաքագետներ ու փորձառու լրագրողները չեն հիշում այն կարևոր փաստաթուղթը, որի հիման վրա 1994 թվականի մայիսի 12-ից Ղարաբաղի շուրջ  ձեռք է բերվել հաշտություն։

Ըստ նրա՝ այն շատ ավելի խիստ էր իր պահանջներով, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն էին։ Tert.am-ի հետ բացառիկ հարցազրույցում նա նշեց, որ կրտսեր Ալիևի ցանկություններն ընդհանրապես չեն համընկնում նրա նախորդի՝ Հեյդար Ալիևի ցանկությունների հետ, և  հենց կրտսերի քաղաքականության հետևանքով ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայտնվել է փակուղում։- Պարոն Կազիմիրով, շատերի կարծիքով ապրիլյան պատերազմից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը նոր փուլ է մտել. կազմակերպվում են  երկկողմ հանդիպումներ, ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող երկրների ղեկավարություններն են իրենց մտահոգությունները տարբեր կերպ արտահայտում։ Ըստ Ձեզ, ի՞նչ է տեղի ունենում կարգավորման գործընթացում, երևո՞ւմ է հիմնախնդրի լուծման որեւէ նախանշան, թե՞ ամեն ինչ նորից կգնա լարվածության և բախման։

–Իհարկե, ապրիլյան արկածախնդրությունը շփման գծում եղել է ավելի մեծ  ու կտրուկ նախկին միջադեպերի համեմատ և չէր կարող չառաջացնել սուր ռեակցիաներ միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների և, անշուշտ, Ռուսաստանի մոտ։

Բայց չպետք է մոռանալ, որ 22 տարիների ընթացքում լեռնայինղարաբաղյան կարգավորման գործընթացում օգտագործվել են ազդեցության տարբեր ձևեր։ Իհարկե, այս ձևերի և հատկապես հաղորդակցության և հանդիպումների մակարդակներն ունեցել են իրենց հստակ նշանակությունը, բայց ամեն դեպքում դժվար թե դրանք ունենային որոշիչ նշանակություն հիմնախնդրի լուծման համար։ Խնդիրն այնքան էլ այն չէ, որ հավաքվել և քննարկել են հարցը ոչ այնքան ճիշտ մակարդակի վրա։ Վերջնական հաշվարկով՝ դա կախված է հակամարտող կողմերի դիրքորոշումից և նրանց հնարավորությունից՝ ցուցաբերել ճկունություն կարգավորման գործընթացում։

-Պարոն Կազիմիրով, հիմա ընթացող գործընթացներում ներգրավված են գերտերությունների ղեկավարներ. նախ հանդիպումները կայացան Վիեննայում՝ ամերիկյան, հետո Սանկտ Պետերբուրգում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ, ԼՂ կարգավորման գործընթացում ակտիվացել է նաև գերմանական միջամտությունը։ Սա ի՞նչ է նշանակում. արդյո՞ք գերտերությունները մտահոգված են խնդրով, թե՞ պարզապես նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր գերիշխանությունը տարածել  տարածաշրջանում՝ այս կոնֆլիկտի միջոցով։

- ԼՂ հիմնախնդրի հետ կապված այդ և այլ երկրների անհանգստությունը շատ բնական է, հատկապես որ այս տարածաշրջանը շատ զգայուն է և ինչ-որ առումով նաև պայթյունավտանգ։ Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում նոր պատերազմի վտանգի մասին  պետք է հասկանան առավել շատ, քան Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում կամ Բեռլինում։

Կային ժամանակներ, երբ ազդեցության հետ կապված խնդիրներն այս տարածաշրջանում  գրեթե առաջին պլան էին մղվել, բայց հիմա ՄԽ-ի համանախագահները և ԵԱՀԿ նախագահը փոխգործակցում են Ղարաբաղի հարցով ավելի լավ, քան տասը տարի առաջ։ Խոսել տարածաշրջանում իշխանության ձգտման մասին անհեթեթ է, պետք չէ արձագանքել ակնհայտ չափազանցություններին։

-Հիմա անընդհատ խոսվում է հիմնախնդրի ՙփաթեթային՚ լուծման մասին. հայ քաղաքագիտական հանրությունը լուծման այս տարբերակին բուռն է արձագանքում: Ձեր դիտարկմամբ՝ ո՞րն է հիմնախնդրի լուծման տարբերակը, արդյո՞ք իրատեսական է խնդրի լուծման այդ տարբերակը՝ հաշվի առնելով կողմերի հնչեցրած այսօրվա պահանջներն ու ցանկությունները։

 - Իրականում հնարավոր է ինչպես ՙփաթեթային՚, այնպես էլ ՙփուլային՚ կարգավորումը, բայց ՙփուլային՚ կարգավորումը  պահանջում է հուսալիություն, կողմերի հավատարմություն՝ պարտավորությունների ստանձնման դեպքում, իսկ այս հիմնախնդրի պարագայում դա ակնհայտ պակասում է։ Հանրահայտ է, որ կողմերից մեկը ամբողջությամբ անտեսել և ամեն անգամ վիճարկում է պաշտոնապես ընդունած իր պարտավորվածությունները։ Բացի այդ, ՙփուլային՚ կարգավորման դեպքում կարևոր են գործողությունների հերթականությունն ու հաջորդականությունը։

Շատ ափսոս, որ անգամ քաղաքագետներն ու փորձառու լրագրողները չգիտեն և չեն հիշում այն կարևոր փաստաթուղթը, որի հիման վրա 1994 թվականի մայիսի 12-ից Ղարաբաղի շուրջ  ձեռք է բերվել հաշտություն։ Դա այդ տարվա ապրիլի 15-ի ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի հայտարարությունն է։ Այդ հայտարարության հետ համաձայն էին ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, ներառյալ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները։ Այնտեղ առաջին անգամ շատ խիստ ձևով (ավելի խիստ, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում) պահանջ կար ոչ միայն կրակի դադարեցման, այլ նաև դրա հուսալի ապահովման։ Հետո գալիս է առանցքային միտքը. ՙԱռանց դրա հնարավոր չէ վերացնել առճակատման ողբերգական հետևանքները՚։ Այսինքն՝ նախ ամբողջությամբ բացառել ռազմական գործողությունների վերսկսումը և հետո միայն ազատել ինչ-որ տարածքներ, վերադարձնել այնտեղ փախստականներին և տեղահանված անձանց և այլն։

Բայց ինչպե՞ս է խնդիրները բարձրացնում Բաքուն. նախ՝ ազատագրել գրավյալ տարածքները, բայց՝ ոչ հստակ պարտավորվածություններով հրաժարվել ռազմական միջոցներով խնդիրը լուծելուց։ Դա հեռու է կարգավորման այն հեռանկարից, որը տեսնում էին նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, և ընդհանրապես ԱՊՀ երկրների ղեկավարները։ Միայն միամիտը  կարող էր ուշադրություն դարձնել նրա ժառանգի փաստարկներին։ Հենց դա է պատճառը, որ այս հիմնախնդրի լուծումը փակուղում է մնացել։ Մինչև կողմերը չպայմանավորվեն ուժ չկիրառելու մասին, դժվար թե նրանք ձեռք բերեն փոխզիջումների համար անհրաժեշտ  ճկունությունը։ Իսկ առանց դրանց կարգավորման գնալ հնարավոր չէ։

tert.am