[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԵՆ

ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին Ստեփանակերտի ՙԵվրոպա՚ հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցան բաց քննարկումներ սահմանադրության հայեցակարգի նախագծի շուրջ։

Ներկա էին մասնագիտական հանձնաժողովի անդամները՝ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ։ Քննարկումներին մասնակցում էին հանրապետության հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրված էր ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները հանձնաժողովը կազմակերպել է որոշակի ժամանակացույցով՝ նպատակ ունենալով այդ գործընթացում ներգրավել հանրության տարբեր շրջանակների, իրազեկեց մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Հայեցակարգի նախագծում ուրվագծված են այն դրույթներն ու հիմնական ուղղությունները, որոնք հիմք են ընդունվելու հայեցակարգի համար։ Հայեցակարգը սահմանադրության նախագիծ չէ, այլ հիմք է սահմանադրության նախագծի համար։ Առաջին անգամ այն ներկայացվել է մեր հանրապետության քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, բնականաբար, նախատեսվել է նաև հանրային քննարկումների ձևաչափը։    

Փաստաթուղթը բաղկացած է նախաբանից և 5 գլուխներից՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, երրորդ՝ դատական համակարգը, չորրորդ՝ տեղական ինքնակառավարում և հինգերորդ՝ հանրաքվե։

Նախքան փաստաթղթի բովանդակությունը ներկայացնելը՝ Ա. Ղուլյանն ասաց, որ հարկ է առավել  ուշադրություն դարձնել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին և կառավարման համակարգին։ 

Սահմանադրական բարեփոխումների առանցքային ուղղություններն են՝ մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի ընդլայնումն ու ամրապնդումը, երկրորդ՝ իրավունքների և ազատությունների սահմանափակման, միջազգային չափանիշներին համապատասխանող հիմքերի նախատեսումը, երրորդ՝ հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը և դրանց երաշխավորված պաշտպանությունը՝ դրանք սահմանազատելով օրենսդրական երաշխիքներից և պետության նպատակներից։ Պակաս կարևոր չեն նաև մարդու կարգավիճակին վերաբերող սահմանադրական նորմերի կառուցվածքային ճշգրտումները։   

Միջազգային փորձին համահունչ՝ սահմանադրական փոփոխությունները պետք է ընդլայնեն մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների շրջանակը՝ մի կողմից զարգացնելով արդեն իսկ սահմանադրական ամրագրում ստացած իրավունքները, մյուս կողմից ամրագրելով նոր հիմնական իրավունքներ։ Պետք է կարգավորել անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ անդրադառնալով անձնական տվյալներ հավաքելու, մշակելու և նրանց ծանոթանալու հարցերին։ Առանձնահատուկ նշանակություն են ստանում բնակարանի անձեռնմխելիության, հաղորդակցության և ամուսնանալու ազատության իրավունքներին վերաբերող սահմանադրական կարգավորումները։ Հաշվի առնելով այս իրավունքների հանրային բարձր արժեքը՝ անհրաժեշտ է հստակեցնել դրանց սահմանափակման հիմքերը և իրավաչափ նպատակները։ 

Ընթերցվեց կառավարման համակարգին վերաբերող գլուխը, որում մասնավորապես նշված է. հետևելով ՀՀ սահմանադրության օրինակին՝ ԼՂՀ-ում ևս հաստատվեց կիսանախագահական համակարգ, որի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ ժողովուրդն ուղղակի մանդատով օժտում է երկու մարմինների՝ Ազգային ժողովին և հանրապետության նախագահին։ Սակայն վերջինս իրավաբանորեն գործադիր իշխանության ղեկավարը չէ և այդ իշխանությունը կիսում է խորհրդարանի առջև պատասխանատու կառավարության հետ։ Այսինքն՝ կիսանախագահական համակարգին բնորոշ գործադիր իշխանության դուալիզմն իր արտացոլումն է գտել նաև ԼՂՀ սահմանադրությունում։ Ճիշտ է, ի տարբերություն ՀՀ  2005թ. սահմանադրության, հանրապետության նախագահն ավելի ուժեղ դիրք ունի կառավարության նկատմամբ, սակայն դա չի երաշխավորում գործադիր իշխանության միասնականությունն այնպիսի մի պետության համար, որը փաստորեն ապրում է դրսից իրեն պարտադրված ռազմական դրության պայմաններում և որում կառավարման համակարգի ճկունությունը, որոշումների կայացման ու իրագործման օպերատիվությունն առանձնակի կարևորություն են ստանում։

Հայեցակարգի նախագծի գլուխները ներկայացնելուց հետո հանձնաժողովի նախագահը հնարավորություն ընձեռեց հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներին՝ ներկայացնելու իրենց տեսակետներն ու մտահոգող հարցերը։ Մասնակիցների ելույթները գլխավորապես վերաբերում էին մարդու իրավունքներին, ապագա պետական կառավարման համակարգին ու տեղական ինքնակառավարմանը։ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնող իրավաբանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետության սահմանների փոփոխության հարց ծագելու դեպքում որոշումը պետք է ընդունի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։

Ամփոփելով ներկաների կողմից հնչեցված հարցերն ու տեսակետները՝ Ա. Ղուլյանն ասաց, որ առայժմ քննարկման է դրված Սահմանադրության հայեցակարգի նախագիծը, որին հավանություն տալու վերջնական որոշումը վերապահված է հանրապետության նախագահին։ Նախքան որոշում կայացնելը՝ նախագահը, հավանաբար, ձևաչափեր կգտնի՝ շարունակելու քննարկումները մեր հասարակության հետ։   

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ