[ARM]     [RUS]     [ENG]

Euronews-ի անդրադարձը. Լեռնային Ղարաբաղ. լարած ռումբ Կովկասո՞ւմ

Euronews-ն անդրադարձել է ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրականացված ռազմական գործողություններին՝ հետադարձ հայացք ձգելով ապրիլյան դեպքերին արդեն 5 ամիս անց։  Euronews-ը զրուցել է երկու կողմերի ներկայացուցիչների հետ։ 

 ՙԼեռնային Ղարաբաղ. լարած ռումբ Կովկասո՞ւմ՚ վերտառությամբ հոդվածում ասվում է, որ ապրիլին ռազմական գործողությունների վերսկսումն արթնացրեց ավելի քան 20 տարի շարունակ սառեցված հակամարտությունը։ Հայկական կողմի զինվորները հազիվ 20 տարեկան կլինեին, սակայն նրանցից ոմանք արդեն պատերազմելու փորձ ունեին։

ՙՄենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, մեր ընտանիքը եւ բոլոր նրանց, ովքեր ապրում են այս հողի վրա՚,- ասել է զինվոր Արամ Եգորյանը։

Հայաստանի հաղթանակով 1994 թվականին կնքված հրադադարից հետո բախումները պարբերաբար շարունակվում էին։ Euronews-ի թղթակիցը եղել է շփման գծի հյուսիսում, որտեղ էլ տեղի են ունեցել ապրիլյան ծանր բախումները։ ՙՄեզ չի թույլատրվում անցնել այս խրամատներից այն կողմ։ Հակառակ կողմում՝ 100 մ հեռավորության վրա, կանգնած են ադրբեջանական զինվորները՚,- պատմել է Euronews-ի թղթակիցը։

Ստանալով հայ կամավորների աջակցությունը՝ ԼՂ բանակը պատրաստ է յուրաքանչյուր պահի դիմակայելու ադրբեջանական կողմի հարձակումներին։ ՙՍկսած 1994-ից՝ հակառակորդը մշտապես խախտել է զինադադարը։ Հենց նրանք սկսեցին ապրիլյան ռազմական գործողությունները։ Մենք այժմ պետք է ավելի լավ պատրաստվենք, եւ եթե այն կրկնվի, այս անգամ շատ հզոր դիմադրություն ենք ցույց տալու՚,-ասել է հյուսիսային ճակատի հրետանային գնդի պետ Սեւակ Սարդարյանը։

Թալիշ գյուղից տեղահանված բնակիչներից Գարիկ Օհանյանը թղթակցին ցույց է տվել, թե ինչ է մնացել իր տնից։ ՙՍա իմ տունն է։ Ես 20 տարի տանջանքով աշխատել եմ, կառուցել իմ տունը. 20 տարի։ Այստեղ 9 մարդ էր ապրում։ Տեսեք, ոչ մի բան չի մնացել։ Ամեն ինչ քանդված է։ Ես չգիտեմ՝ ինչ անել՚,-պատմել է նա։

Թալիշ գյուղից 15 կմ այն կողմ Թարթառի շրջանն է, որտեղ թղթակիցը հանդիպել է ադրբեջանցի զինվորներին։ Այնտեղ նրան թույլ են տվել նկարահանումներ անել ընդամենը 30 վայրկյանում եւ հեռանալ։ Թղթակցի խոսքով՝ ապրիլին Թափկարակոյունլու գյուղում բնակիչներ չեն եղել, սակայն գյուղը զգալի վնասներ է կրել եւ այժմ վերականգնման փուլում է։ Ինչպես Թալիշում, այնպես էլ այդ գյուղում բոլորը վախենում են ռազմական գործողությունների վերսկսումից։

ՙԽնդրի լուծման միակ ճանապարհը պատերազմն է։ Ինձ համար այլ տարբերակ չկա՚,- ասել է գյուղի բնակիչներից Ֆաիգ Մուստաֆաեւը։

Հոդվածում նշվում է, որ չնայած միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այն պայքարում է տնտեսությունը զարգացնելու եւ ներդրողներ ներգրավելու ուղղությամբ։

ՙՄենք հավատում ենք, որ պետք է ԼՂՀ-ն վերադարձնենք բանակցային սեղանի շուրջ։ Արդեն երկու անգամ՝ 1991 եւ 2006 թվականներին, ժողովուրդը կողմ է քվեարկել է հանրապետության անկախության ճանաչմանը։ Պետք է հաշվի առնել ժողովրդի որոշումը եւ դարձնել այն անկյունաքար հետագա կարգավորման գործում՚,-ընդգծել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն այն է, ինչ  Կարեն Մաթեւոսյանը եւ իր ընտանիքը երկար ժամանակ է՝ ցանկացում են տեսնել։ Կարենը եւ իր ընտանիքը վերապրել են Սումգայիթի ջարդերը։ ՙՍարսափելի էր։ Նրանք մարդկանց ողջակիզում էին, բռնաբարում կանանց, նույնիսկ երեխաներին։ Ոչ մեկին, նույնիսկ իմ ոխերիմ թշնամուն չեմ ցանկանում անցնել այն ամենի միջով, որ մենք ենք անցել այդ երեք օրը Սումգայիթում՚։ Կարենը եւ կինը չեն պատկերացնում, որ երբեւէ կարող են լքել Ղարաբաղը՝ իրենց նախնիների, այժմ նաեւ իրենց հողը։

Ստեփանակերտում Euronews-ի թղթակիցը հանդիպել է Թումո կենտրոնի սաներից մեկին, ով կորցրել է իր քեռուն պատերազմի ժամանակ։ Դա ոգեշնչել է նրան պատրաստել իր առաջին նախագիծը՝ ֆոտոցուցահանդես՝ նվիրված առաջնագծում հայ զինվորների առօրյային։

ՙԵս ցանկանում էի, որ նայելով այս նկարներին՝ հանրությունը տեսներ մեր ուժը, մեր ոգին, որ այս տղամարդիկ միշտ պատրաստ են։ Ես ցանկանում էի ցույց տալ դրական կողմերը, ոչ բացասական, որոնք ես տեսել եմ՚,-նշել է նա։