[ARM]     [RUS]     [ENG]

ԼՑՎԵՆՔ ԱՌԱՎԵԼ ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏՈՎ, ՏԵ՜Ր ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ՚

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ

 - Պարոն Գաբրիելյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ պետական բարձր պարգևի՝ ՙԳրիգոր Լուսավորիչ՚ շքանշանի արժանանալու կապակցությամբ, ինչը ևս վկայում է անկախ պետականության հռչակման գործում ունեցած Ձեր՝ որպես քաղաքական գործչի ավանդի մասին։ Երկուսուկես տասնամյակի հեռվից փորձենք գնահատական տալ արցախցիներիս անցած ուղուն։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ էր ճիշտ 1991թ. սեպտեմբերի 2-ին մեր կատարած ընտրությունը՝ ԼՂՀ հռչակումը։

- Ամենայն պատասխանատվությամբ ու հպարտությամբ եմ կրում պարգևը, որը նաև պարտավորեցնող է։ Երբ կատարած աշխատանքդ գնահատական է ստանում պետական պարգևի տեսքով, անշուշտ, զգացումների մասին խոսելն անհնար է։ Ես ինձ զգում եմ այն հայի դերում, ով լծված է իր երկրի բարձրանուն ներկայի ու ապագայի կառուցման, նրա հաջողությունների բազմապատկման գործին։

1988-ին, երբ սկսեցինք Ղարաբաղյան շարժումը, կար միայն Հայաստանին վերամիավորվելու գաղափարը։ Հետագայում մենք ստիպված էինք գնահատել քաղաքական պահերը, և այս առումով խորհրդային պետության փլուզումը պատճառ դարձավ, որ ընտրենք անկախ պետականություն կերտելու ուղին։ 25 տարի առաջ Արցախի ժողովուրդը կատարեց պատմական ընտրություն՝ հօգուտ ազատ և անկախ Լեռնային Ղարաբաղի ստեղծման։ Թե որքան ճիշտ էր այդ ընտրությունը՝ հաստատեց  ժամանակը։ Անկախ պետականություն կերտելու, բարեկեցիկ, օրինավոր ու պաշտպանված պետություն կառուցելու այս բարդ ու կորստաշատ ճանապարհը, որով անցնում ենք, շատ ազգեր հաղթահարել են տասնամյակներ, հարյուրամյակներ առաջ, անցել են նույն դժվարությունների միջով, սխալվելով ու շտկելով սխալները, կորցնելով ու գտնելով։ Մեզ թերևս ավելի ծանր ճակատագիր բաժին ընկավ. մեր անկախությանը նախորդեց ավերիչ երկրաշարժը, մեր անկախությունը ՙնշանավորվեց՚  մեզ պարտադրված պատերազմով։ Իսկ  բանակաշինության ոչ դյուրին գործընթացն  սկզբնավորվեց ազատագրական պատերազմի բոցերում։ Հաղթանակած պատերազմից հետո մենք բառացիորեն գոյատևման խնդիր էինք լուծում սահմանին ու երկրի ներսում՝ տնտեսական ճգնաժամի, սովի, ցրտի, զրկանքի, գաղթականների ու աղետյալների հոգսերի անհատնում բեռը ուսած,  գերմարդկային ջանքերով։ Փառք Աստծո, այսօր ունենք կայացած անկախ հանրապետություն՝ իր Սահմանադրությամբ և պետական բոլոր ատրիբուտներով,  ապրելու, բարգավաճելու մեր  աներեր հավատով ու վճռականությամբ, որոնցով միայն հպարտանում ենք։ Եվ  ամենևին էլ փույթ չէ՝ մեզ ճանաչո՞ւմ է աշխարհը, թե չի ճանաչում, կարևորը՝ մենք շարունակում ենք ընթանալ մեր ընտրած ուղիով ավելի հաստատակամ ու անշեղ՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել մեր պետականությունը։

- Ինչպես ասացիք՝ ազատությունը, անկախությունը մեզ հեշտությամբ չեն տրվել։ Այդ ճանապարհին ունեցել ենք կորուստներ, հազարավոր քաջորդիների արյուն է հեղվել... Ձեր կարծիքով, ո՞րն է  անկախության ամենամեծ ձեռքբերումը։

- Անկախությունն առանց պայքարի ձեռք չի բերվում, իսկ պայքարը ենթադրում է և՜ մարդկային, և՜ բարոյական արժեքների կորուստ։ Մենք մեր ըմբռնումներով այսօր կարողանում ենք սթափ գնահատել մեր կորցրածի գինը։ Վերջինիս գիտակցումը շատ կարևոր է, քանզի սովորաբար դժվար է համակերպվել ցանկացած կորստի հետ։ Ամեն կորցրած մի ցավ է, մի ափսոսանք, բայց և կարողանում ենք փաստել, որ մեր ազգաբնակչությունը չընկրկեց այն դժվարությունների առաջ, որ ունեցել է ազատության ու անկախության ճանապարհին։ Սա ևս մեր նվաճումներից մեկն է։ Մենք պետք է միշտ գլուխ խոնարհենք բոլոր այն նահատակների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը չխնայեցին անկախության գաղափարի համար։ Պատմության մեջ առաջին անգամ հողեր ենք հետ նվաճել, և սա ինքնին մեծ ձեռքբերում է։ Երբեմնի մեր հողերի հետ մենք վերադարձրինք նաև մեր ազգային արժանապատվությունն ու հաղթելու հավատը, մեր հպարտությունն ու ինքնավստահությունը։ Սա այն ցատկահարթակն է, որտեղից պետք է հասնենք մեր երազանքների հաջորդ սանդղակին։ Մենք պետք է իրոք տեր կանգնենք մեր պատմական արժեքներին և մեր ապագային։ Ճիշտ է, 70-ամյա կոմունիստական մեր աշխարհայացքով սկզբնական շրջանում չկարողացանք ընկալել ազատության ու անկախության իրական հաճույքն ու նշանակությունը, բայց դրան հաջորդող 25 տարիներին մեզանում ձևավորվել է նոր սերունդ, որն ունի նոր աշխարհընկալում, նոր մտածելակերպ։ Նրա ուսերին է մեր ապագան, և այն մտածողությունը, որ նա ունի, ազգային անկախության մտածողությունն է, ինչը նույնպես այս տարիների կարևորագույն նվաճումներից է։ 

Եվ վերջապես, ամենամեծ ձեռքբերումը ես կհամարեի մեր ազգային բանակը։ Ֆիդայական ջոկատներից ստեղծվեց կանոնավոր բանակ, որը կարողացավ իր խոսքն ասել ռազմի դաշտում։ Արցախյան պատերազմում ուժերի տարբերությունը շատ մեծ էր, բայց մենք հաղթեցինք։ Ուրեմն՝ մեր մեծությունը սոսկ քանակի մեջ չէ, այլ մեր ոգու, կամքի, հայրենասիրության ու քաջության մեջ։ Մեր բանակի մարտական ուղին հագեցած է բազմաթիվ  սխրագործություններով։ Այդպիսի մարտական ուղին պատիվ կբերեր անգամ հզոր պետությունների բանակներին։

Եվ վերջապես, ամենամեծ ձեռքբերումը հայկական երկրորդ պետությունն է՝ Արցախի Հանրապետությունը։ 

- Այսօր շատ է խոսվում փոխզիջումների մասին։ Ըստ Ձեզ՝ Արցախն ի՞նչ ունի զիջելու։

- Այն սահմանը, որ գծվել է 1994թ. հրադադարից հետո, շահարկման ենթակա չէ։ Անընդունելի եմ համարում հողերի հանձնման վերաբերյալ ցանկացած խոսակցություն։ Ամենամեծ սխալը, որ թույլ է տրվել ՀՀ նախագահների կողմից, այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից։ Բացի այդ, Հայաստանի ղեկավարները բանակցություններում պատշաճ ձևով առաջարկություններ չեն մտցրել Արցախի կորցրած տարածքների՝ Մարտակերտի  և Մարտունու շրջանների  մի մասի, Շահումյանի, Գետաշենի ենթաշրջանի վերաբերյալ։ Այսինքն՝ մենք դեռ տարածքներ հետ բերելու խնդիր ունենք։ Անգամ մի թիզ հող զիջելու դեպքում մենք կկորցնենք մեր անվտանգությունը։ Զարմանում եմ այն քաղաքական գործիչների վրա, ովքեր կարծում են, թե զիջողությամբ կարող են հաջողության հասնել։ Դեռ ավելին,  նոր Սահմանադրությամբ պետք է հստակեցվեն մեր տարածքները, որովհետև հստակ ձևակերպում չկա, թե որտեղից են սկսվում և որտեղ հասնում ԼՂՀ տարածքները։ Մեր բառապաշարից պետք է դուրս մնան գրավյալ կամ ազատագրված տարածքներ հասկացությունները. դրանք մեր վարչական տարածքներն են, ուրիշ ոչինչ։

Ես մեծ ցավ եմ ապրում և ճիշտ չեմ գնահատում որոշ քաղաքական գործիչների մոտեցումն ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքների վերաբերյալ։ Նրանց կարծիքով՝ նոր զոհեր են պահանջվելու այդ տարածքները հետ բերելու համար։ Իսկ ի՞նչ է՝ այսօր զոհեր չե՞նք տալիս։ Եվ եթե այսպես մնա, գուցե ավելի շատ զոհեր տանք... Մինչ ապրիլյան իրադարձությունները չի եղել մի դեպք, երբ հակառակորդի կողմից որևէ հարձակողական գործողության պատճառով մարտական դիրքեր կորցնենք։ Անգամ եթե եղել է, մենք հետ ենք վերցրել։ Բայց այս անգամ, երբ մենք  կորցրինք ահագին տարածքներ, չգիտես ինչու, կանգնեցրին մեր կողմից հակահարձակումը։ Մենք զրուցել ենք միջին հրամկազմի, զինվորների հետ, և նրանք ասում են, որ իրենք պատրաստ էին առաջ գնալու, կորցրած դիրքերը ետ վերցնելու։ Սա մեզ համար նույնիսկ ստատուս քվոյի փոփոխության հարց է...    

- Պարոն Գաբրիելյան, ինչպե՞ս եք նայում այն փաստին, որ Հայաստանն առայսօր չի ճանաչել ԼՂՀ անկախությունը։

- Հայաստանը կարող է դա անել ցանկացած պահի։ Եվ կարծում եմ, ՀՀ ԱԺ ոչ մի պատգամավոր դեմ չի լինի դրան, եթե հարցը դրվի արմատապես։ Պարզապես պետք է հասունացնենք պահը։ Ըստ իս՝ Հայաստանը մեր անկախությունը կճանաչի այն դեպքում, երբ կրիտիկական պահ ստեղծվի մեր անվտանգության համար, և տեր կկանգնի։ Ապրիլյան քառօրյա կոչվող պատերազմի ժամանակ նման խոսակցություններ եղել են, և մենք միջազգային հանրությանը հասկացրինք, որ հնարավոր է՝ արվի նման քայլ։ ՀՀ նախագահն էլ հայտարարեց, որ Արցախի ժողովրդին վտանգ սպառնալու դեպքում պատրաստ են ճանաչել։ Բայց այսօր ավելի շատ անհրաժեշտ է, որ ուրիշ երկրներ ճանաչեն մեզ, և այս քսանհինգ տարիների թնթացքում մենք դրա հիմքը դրել ենք։ Սփյուռքահայ շատ կազմակերպություններ՝ հանձինս ՀՅԴ Հայ դատի գրասենյակների, բավականին գործ են կատարել այդ ուղղությամբ։ Մեր պետական այրերի այցելություններն ու հանդիպումները տարբեր մակարդակների կառույցների ղեկավարների հետ նույնպես նպաստում են ԼՂՀ ճանաչմանը։ Այսինքն՝ սա գործընթաց է, որ սկսված է վաղուց և շարունակվում է։

- Անկախ պետականության հռչակման ու կայացման ճանապարհը հարթ ու հանգիստ չի անցել, բնականաբար, թույլ են տրվել նաև սխալներ։ Ո՞րը հատկապես կմատնանշեիք, և արդյո՞ք հնարավոր է այն   սրբագրել։

- Բազմաթիվ սխալներ կային։ Բայց եկեք հասկանանք, որ սխալները հաճախ ի հայտ են գալիս կրիտիկական պահերին։ Ապրիլյան քառօրյա պատերազմը հենց այդ պահերից էր, ու մենք միանգամից  բազմաթիվ սխալների բախվեցինք։ Թերացումներ թույլ տվինք օրենսդրական դաշտում՝ կապված պաշտպանության և անվտանգության, ենթաօրենսդրական ակտերի և հայեցակարգերի հետ, հատկապես ցայտուն էին մոբռեսուրսի կազմակերպման մասով թերությունները։ Այժմ  խորհրդարանում դրանց վերաբերյալ քննարկումներ են ընթանում։ Ապրիլյան պատերազմն ի ցույց դրեց բանակի թերությունները, ինչը կոնկրետ ինձ համար՝ որպես Արցախի քաղաքացի, վիրավորական է։ Եվ այն պաշտոնաթողությունները, որ կատարվեցին զինված ուժերում, վկայում են, որ թերություններն, իրոք, եղել են։ Դեռ անցյալ տարի մենք՝ պատգամավորներս, եղանք մարտական դիրքերում և բարձրաձայնեցինք առկա թերությունների մասին, բայց մեզ լսող չեղավ։ Մենք այսօր ավելի շատ պետք է մտածենք մեր պաշտպանունակության բարձրացման, մեր անխոցելիության մասին։

Մյուս ոլորտներում ևս թերություններ են եղել, հատկապես կադրային քաղաքականության մեջ, որոնք միշտ էլ անխուսափելի են։ Տնտեսական զարգացման առումով ծրագրեր են եղել, որոնք նպատակին չեն հասել։ Ճիշտ է, յուրաքանչյուր պետություն էլ սխալներ է ունենում, բայց պաշտպանության առումով մեզ նման պետության համար դրանք անթույլատրելի են։

- Ո՞րն է այսօր մեր ամենաառաջնահերթ խնդիրը։

- Ամրապնդել մեր պետականությունը։ Ներքին որակական փոփոխություններ պետք է կատարվեն։ Մարդու՝ պետական պաշտոնյայի բարոյական կերպարը պետք է բարձրանա։ Մեր քաղաքացիները պատրաստ են իրենց նվազ աշխատավարձերից ու թոշակից մասհանումներ անել բանակին, գիտակցելով, որ մեր անվտանգության երաշխիքը Պաշտպանության բանակն է։ Բանակը պետք է ուժեղ լինի, որ մենք ունենանք ուժեղ պետականություն։ Ապրիլյան իրադարձությունները մեկ անգամ ևս փաստեցին, որ ինչքան էլ ներքին դժգոհություններն ահագնանան ժողովրդի շրջանում, վճռական պահին, երբ խոսքը վերաբերում է հայրենիքին, մենք կարողանում ենք համախմբվել և պայքարել ազգային շահերի համար։

- Ժողովրդին ուղղված Ձեր խոսքը։

- Տոկունություն և ամուր կամք եմ մաղթում։ Չկորցնել վստահությունը պետության հանդեպ։ Պետականությունը վեր է ամեն ինչից։ Եվ ինչ էլ որ լինի, վերջին խոսքն արցախցունն է։ Առանց Արցախի ժողովրդի կարծիքն իմանալու ոչ ոք չի կարող փաստաթուղթ ստորագրել։ Ես չեմ ուզում այսօր անուններ հնչեցնել, բայց երևի կգա պահը, որ կնշեմ այն մարդկանց անունները, ովքեր հող հանձնելու քարոզչություն են սկսել... Մոռանալով, թե ով է մեր թշնամին և ինչի է ընդունակ... Լցվե՜նք հավատով և գոտեպնդվե՜նք։ Տե՜ր լինենք, գնահատե՜նք մեր նվաճումները, հույս կապենք դրանց հետ։ Որդիները չեն կարող ապագա ունենալ, եթե չգիտեն ու տեր չեն իրենց նախնիների պատմությանը։ Մենք հազարամյակների պատմություն ունենք, պիտի տե՜ր կանգնենք դրա յուրաքանչյուր դրվագին, ոչինչ չմոռանանք, ոչինչ չներենք։ 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ