[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 15-18-ը Արցախում կայացավ ՙԼՂՀ (Արցախ) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները՚ միջազգային երիտասարդական գիտաժողովը։

Բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք։ 

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը միջազգային գիտաժողովների անցկացումը խորհրդարանում համարեց բարի ավանդույթ։ Նորանկախ մեր հանրապետությունն ունի ընդամենը քառորդդարյա պատմություն, սակայն գիտության ու կրթության հանդեպ վերաբերմունքն Արցախում միշտ աչքի է ընկել առանձնակի հոգատարությամբ, և պատահական չէ, որ դեռևս 5-րդ դարում հայկական առաջին դպրոցներից մեկը Մեծն Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնադրվել է Արցախում։ ՙԳիտական ու կրթական ներուժի վերհանումն ու զարգացումը, միջազգային գիտական ու վերլուծական կրթական հաստատությունների հետ կապերի ամրապնդումը, փորձի փոխանակումն  այսօր էլ շարունակում են մնալ մեր երիտասարդ հանրապետության առաջնահերթությունների շարքում, խրախուսվել պետական մակարդակով, որի վառ ապացույցը միջազգային այս գիտաժողովն է։ Ամիսներ առաջ, երբ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովը հստակեցնում էր միջոցառումների ցանկը, նման գիտաժողովի կազմակերպման առաջարկը ոչ միայն միանգամից ընդունվեց, այլև որոշվեց. քանի որ մեկ  գիտաժողովի շրջանակներում դժվար թե հաջողվի տեղավորել բոլոր թեմատիկ ուղղությունները, նաև մասնակից անձանց, ուստի հոկտեմբեր ամսին կկազմակերպվի նոր գիտաժողով՝ արդեն ԱրՊՀ-ում՚,-նշեց Ա. Ղուլյանը։ Համայն հայության ինքնակազմակերպվածության, միասնականության ու աջակցության շնորհիվ Արցախի երիտասարդ հանրապետությունը հաղթահարում է առկա մարտահրավերները, իսկ նման գիտաժողովի անցկացման նպատակը մեր  25-ամյա ճանապարհին ունեցած ձեռքբերումներն ու թերացումները, ներկայիս մարտահրավերները գիտագործնական հարթության վրա ուսումնասիրելը, գնահատականներ տալն  ու առաջարկներ հավաքագրելն է։    

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, կարևորելով երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովի անցկացումն Արցախում, նշեց, որ այն ժողովրդավարական ուղիով  ընթացող մեր  պետության  ձեռքբերումներն ու  հիմնախնդիրները խորապես ուսումնասիրելու և աշխարհին ներկայացնելու լավագույն հարթակներից մեկն է։ Պատահական չէ, որ այս ճանապարհի հաջողությունների  մեջ մեծ է երիտասարդ սերնդի դերակատարությունը։ Իսկ ժամանակակից աշխարհում կիրթ, հայրենասեր ու գրագետ երիտասարդությունը հասարակության զարգացման կարևոր գործոնն է։ ՙԲնական է, որ մեր երկրում մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդների կրթության ու զարգացման հարցերին։ Գիտաժողովի ծրագրով բաժանմունքային քննարկումների հարցերն իրենց նշանակությամբ, հրատապությամբ և հագեցվածությամբ արժանի են հատուկ ուշադրության։ Գիտական քննարկումները՝ կապված մեր պետության կազմավորման պատմության և իրավական հիմքերի անթերիության, նրա անվտանգության, ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև այն բարդ ու դժվարին հարցերի հետ, որոնք մեր ժողովուրդը ստիպված է եղել լուծել այս բոլոր տարիների ընթացքում, հանդիսանում են այն կարևոր փորձն ու նյութերը, որոնք պետք է լինեն ինչպես մեր հանրապետության ստեղծման պատճառների, այնպես էլ նրա կենսագործունեության, գիտական ընկալման հիմքում։ Ուզում եմ վստահություն հայտնել, որ դուք՝ որպես գիտաժողովի մասնակիցներ, հետագայում ևս կշարունակեք ձեր գիտելիքներն ու փորձը ծառայեցնել մեր պետության և ժողովրդի շահերի պաշտպանության գործին՝ լինի դա հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս՚,- հավելեց Բակո Սահակյանը։ 

Գիտաժողովը կազմակերպվել էր Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման կողմից՝ ԼՂՀ Ազգային ժողովի, կրթության, գիտության և սպորտի նախարարության, ԱրՊՀ-ի աջակցությամբ։ Ծրագրին ֆինանսապես աջակցել են ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով։ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադիր, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, իրավագիտության թեկնածու Ավետիք Հարությունյանի խոսքով՝ գիտաժողովը պատեհ առիթ է՝ մեկ անգամ ևս անդրադառնալու ԼՂՀ կազմավորումից ի վեր պետականության տարբեր ոլորտներում առկա ձեռքբերումներին, նախանշելու հիմնախնդիրներ, որոնց լուծումը կնպաստի նորաստեղծ պետության անվտանգ, կայուն ու սահմանադրությամբ ամրագրված զարգացումներին։ ՙՄիջազգային այս գիտաժողովը նպատակ ունի մեկ անգամ ևս ցույց տալու, որ Արցախի Հանրապետությունը ոչ թե հակամարտության գոտի է, այլ առաջին հերթին ժողովրդավարական ու իրավական պետություն՝ դինամիկ զարգացող պետականությամբ, և հայրենիք, որի համար մարտիրոսվել են հազարավոր հայորդիներ։ Անցած քառորդ դարն ապացուցեց, որ ազատ ու անկախ ապրելու ժողովրդի պահանջը բխում է մարդկային բանականությունից ու միջազգային իրավունքի սկզբունքներից՚,-ասաց Ա. Հարությունյանը։  

Միջազգային գիտաժողովը կարևորեցին նաև արտերկրից ժամանած հյուրերը, նշելով, որ սա առիթ է՝ մշակելու համատեղ նախագծեր, շփվելու, նյութեր փոխանակելու համար։ Արտերկրի գիտնականները շնորհակալություն հայտնեցին հրավերի համար և նշեցին, որ Արցախի ժողովուրդը կարողացել է սեփական հողում ազատ ու անկախ ապրելու իր իրավունքն ամուր պահել՝ ամեն օր աշխարհին ապացուցելով, որ  շատ է սիրում իր երկիրը, որտեղ զարգանում են գիտությունը, կրթությունը, մշակույթը։ Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Օտտո Լուխտերհանդտը ներկայացավ ՙԱդրբեջանի ՙբլիցկրիգը՚ Արցախի դեմ և միջազգային իրավունքը՚ թեմայով։ Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝  պրոֆեսորն ասաց, որ այն ամենևին կատակ չէր, Ադրբեջանն այդ ՙբլիցկրիգով՚ խախտեց ՄԱԿ-ի միջազգային իրավունքի դրույթները։ Թեմայի առնչությամբ Օ. Լուխտերհանդտը ներկայացրեց կարևոր պատմական փաստարկներ և ասաց, որ խոնարհվում է  Արցախի ժողովրդի անկոտրում կամքի ու հաղթական ոգու առաջ։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտ. դոկտոր, ԵՊՀ ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանի զեկուցման թեման վերաբերում էր բանակցային գործընթացներում հակամարտության պատմությանը։ Նա անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, միջազգային իրավունքի կարևոր իրավական դրույթներին, ժողովրդի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության, հակամարտության լուծման հարցերում Եվրոպայի ընդհանուր մոտեցումներին։ Վերհանելով իրավական փաստարկներ՝ Ա. Մանասյանը հույս հայտնեց, որ երիտասարդ գիտնականները խորագիտորեն, հստակ դիվանագիտական մոտեցումներով կկարողանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացը վերհանել միջազգային ընդհանուր տրամախոսության (դիսկուրս)։ Այդ հարցում նա պատրաստակամություն հայտնեց  օժանդակել։

 Պոզնանի անվտանգության բարձրագույն դպրոցի ամբիոնի վարիչ, քաղաքագիտության թեկնածու Շմուռլո Զբիգնևը հանդես եկավ ՙԵվրոպայի շրջագծում կամ քաղաքակրթական ուղիների կենտրոնում. Հայաստանի և Արցախի ժամանակակից մարտահրավերները Լեհաստանի բնակիչների գիտակցության մեջ՚ զեկուցումով։ Նա կարևորեց հայ և լեհ ժողովուրդների բարեկամությունը, պատմական անցյալը։ Լեհ հետազոտողներն իրենց ուսումնասիրություններում անդրադարձել են հայ ժողովրդի պատմությանը՝ կարևորելով, որ հայերն առաջին քրիստոնյա ազգն են, ունեն հարուստ պատմամշակութային արժեքներ և դիմագրավում են ժամանակակից մարտահրավերներին։ Շ. Զբիգնևը նշեց, որ Լեհաստանում և ընդհանրապես Եվրոպայում քիչ է տեղեկատվությունը հայ ժողովրդի ներկա  մարտահրավերների մասին։ Նա երիտասարդ հայ գիտնականներին հորդորեց հանդես գալ Լեհաստանի և եվրոպական մի շարք միջազգային գիտաժողովներում, ներկայացնել իրենց տեսակետները, պատմական փաստարկները հակամարտության պատմության և բանակցային գործընթացի վերաբերյալ։   

Ընդհանուր առմամբ՝ գիտաժողովի մասնակիցները զեկուցումներով հանդես եկան ԱրՊՀ  իրավագիտության, քաղաքագիտության, հոգեբանության, պատմության, հայագիտության և տնտեսագիտության բաժանմունքներում։ Արդյունքներն ամփոփվեցին սեպտեմբերի 17-ին,  մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։ Ծրագրի շրջանակներում նրանք եղան Արցախի տեսարժան վայրերում, թանգարաններում, եկեղեցիներում, մասնակցեցին Շուշիում կայացած ՙԵրկրի համը՚ միջազգային էթնոփառատոնին, Տող գյուղում կազմակերպված  գինու 3-րդ փառատոնին, ունեցան այլ հանդիպումներ։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ