ՀԱՐՑԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ԼՂՀ  6-րդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի սեպտեմբերի 29-ի լիագումար նիստի օրակարգով նախատեսված էր կառավարության հետ հարցուպատասխանի ընթացակարգ։

Կառավարության անդամները՝ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ, խորհրդարան ներկայացան ավանդական ժամին։ Հարցերի համար գրանցվեց 7 պատգամավոր։

Վիտալի Բալասանյանի հարցը վերաբերում էր  Պաշտպանության բանակին առնչվող խնդիրների լուծմանը և,մասնավորապես, առաջնագծում անհրաժեշտ ինժեներական աշխատանքների իրականացմանը։ Արդյո՞ք գումարները կբավարարեն՝ կյանքի կոչելու այս տարվա կտրվածքով նախատեսված՝ առաջնագծի պաշտպանության ամրապնդման ծրագիրը։

ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը հիշեցրեց, որ ավելի վաղ հարցը ներկայացնելիս ասել էր, որ արտաբյուջետային միջոցներից նույնպես հատկացումներ կարվեն ինչպես շինարարական աշխատանքների իրականացման, տեխնիկայի պահպանման, այնպես էլ շինարարական նյութերի ձեռքբերման համար։ Նրա խոսքով՝ այս տարվա բյուջեի հնարավորություններն աչքի առաջ են. եթե հետագայում լրացուցիչ հնարավորություններ ընձեռվեն արտաբյուջետային միջոցներից, դրանք նույնպես կուղղվեն առաջնագծում ինժեներական աշխատանքների իրականացմանը։ Որ այսօրվա թիվ մեկ խնդիրը պաշտպանական գծի ամրապնդումն է, միանշանակ է, ասաց նախարարը։ 

Պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանի հարցը ՙԱրցախկապ՚ և ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերությունների կողմից Շուշիի ու Քաշաթաղի շրջանների բնակչությանը կապի ծառայություններ մատուցելուն էր վերաբերում։ Խնդիրներ կան հեռուստաալիքների հեռարձակման, ինչպես նաև համացանցի հետ կապված։ Երկու շրջանների բնակչությունը բողոքում է նշված ընկերությունների աշխատանքից. մարդիկ պարբերաբար վճարում են ծառայություններից օգտվելու համար, սակայն որակյալ կապով չեն ապահովվում։ Պատգամավորի խոսքով՝ նշված շրջանների բարդ ռելիեֆը չպիտի պատճառ հանդիսանա, որ համատարած կերպով՝ թե շրջկենտրոններում և թե՜ համայնքներում, մարդիկ զրկվեն ժամանակակից ու որակյալ կապից, այն դեպքում, երբ նրանք կատարում են ամենամսյա վճարումները։ 

ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը խորհուրդ տվեց  ներկայացնել ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ-ի ծառայություններից օգտվող համայնքների ցուցակը՝ բարձրացված հարցն  ընկերության հետ պարզաբանելու նպատակով։ ՙԱրցախկապի՚ մասով փոխնախարարը նշեց, որ խնդիրներ կան՝ Քաշաթաղի շրջանի հեռարձակման հետ կապված։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության հետ Արցախի հանրային հեռուստատեսությունը  Սյունիքի մուլտիպլեքս մտցնելու շուրջ։ Մոտ օրերս կապահովվի անվճար հեռարձակումը, ինչի շնորհիվ Քաշաթաղի շրջանում խնդիրը 80% -ով կլուծվի։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում հոկտեմբեր ամսում լրացուցիչ  7 հեռարձակիչ կայաններ տեղադրելու ուղղությամբ, ինչի արդյունքում Քաշաթաղի շրջանի հարցն ամբողջությամբ կլուծվի։ Փոխնախարարը խնդրեց պատգամավորին գրավոր ներկայացնել ծառայությունների համար վճարած, բայց դրանցից  հավուր պատշաճի չօգտված բնակիչների ցուցակը՝ ճշտելու, թե կոնկրետ ինչ թերացումներ ունեն նրանց որակյալ կապով ապահովելու գործով զբաղվող ընկերությունները։ 

Պատգամավոր Գագիկ Բաղունցը նախքան հարցը հնչեցնելն ասաց, որ ԼՂՀ 2016թ. պետբյուջեի առաջին կիսամյակի կատարման մասին տեղեկատվությունում նշված է, որ պետբյուջեով պահվող բյուջետային հաստիքների և հաշվարկված աշխատավարձի փաստացի ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 3665 և 4 միլիարդ 775 միլիոն դրամ, այսինքն՝ միջին աշխատավարձը կազմել է մոտ 218 հազար դրամ։ Կրթության մասին օրենքի հոդված 50-ի համաձայն՝ ուսուցիչների դրույքաչափը չի կարող ցածր լինել նշված միջին աշխատավարձից, մինչդեռ այսօրվա պատկերը միանգամայն այլ է։  ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանին պատգամավորը դիմեց հարցով՝ պատրաստվո՞ւմ են, արդյոք, առաջարկություններ նշված տարբերությունը նվազեցնելու ուղղությամբ։ 

Նախարարի պարզաբանմամբ՝  նման խնդիր գոյություն ունի։ Ներկա դրությամբ ֆինանսական միջոցները բավականացնում են գործող դրույքաչափերով վարձատրություն իրականացնելու համար։ Այստեղ որոշակի պայմաններ կան. նախ՝ դրույքաչափերը սահմանվում են կրթության և աշխատանքային ստաժի հաշվառումով։ Նաև ավագ դպրոցների մասով կա տարբերակում.  դրույքաչափի 20%-ի չափով  բարձր աշխատավարձ է տրվում ուսուցիչներին, մեկ այլ դեպքում նրանց շնորհվում է տարակարգ և դրա հիման վրա ևս 10% -ով բարձրացվում են համապատասխան դրույքաչափերը։ Քանի որ մեր հանրապետությունը ՀՀ-ի հետ նույն կրթական տարածքում է, երկու տեղում էլ գործում են նույն դրույքաչափերը, հետևաբար, խնդիրն ընդհանուր է։  Եթե բավարարեն միջոցները, մեր իշխանությունները  կյանքի կկոչեն օրենքի այդ դրույթը։

Պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանի կողմից արծարծվեց մայրաքաղաքի դպրոցների ծանրաբեռնվածության հարցը։ Ստեփանակերտի դպրոցներից երկուսը՝ թիվ 1 և 7, ունեն երկրորդ հերթ, ինչը փաստորեն ծանրաբեռնում է դպրոցի գործունեությունը։ Պատգամավորի խոսքով՝ նման իրավիճակը ծանր է  անդրադառնում աճող սերնդի ուսման որակի և առողջության վրա։ Երկրորդ հերթի պատճառով շատ երեխաներ ընդհատում են պարապմունքներն արտադպրոցական հիմնարկներում, որտեղ նրանք դնում են ապագա մասնագիտության հիմքը։ Որոշ դեպքերում ծնողներն իրենց երեխաներին ստիպված տեղափոխում են այլ դպրոց։ Երկրորդ հերթն անհարմարություններ է ստեղծում ուսուցիչների և ծնողների համար։ Պատգամավորն իր ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ թիվ 1 դպրոցում երկրորդ հերթով սովորում է 333 աշակերտ՝ 11 դասարանի ընդգրկմամբ, թիվ 7 դպրոցում՝ 585 աշակերտ, 22 դասարանի ընդգրկմամբ։ Ստացվում է, որ անհրաժեշտ է 33 դասասենյակ՝ երկրորդ հերթը բացառելու համար։ Նշված չափով ազատ դասասենյակներ կան մայրաքաղաքի թիվ 8 դպրոցում։ Դրանք պարզապես բարեկարգման կարիք ունեն։ Հնարավո՞ր է, արդյոք, 1-ին և 7-րդ դպրոցների պարապմունքները դարձնել միահերթ՝ օգտագործելով 8-րդ դպրոցի ազատ դասասենյակները, հարցրեց Լ. Բարսեղյանը։

Կրթության, գիտության և սպորտի նախարար Ս. Ասրյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ մայրաքաղաքի երկու դպրոցներում երկհերթ պարապմունքներն օրինաչափ բնույթ են կրում։ Բոլոր ժամանակներում Ստեփանակերտի դպրոցները երկհերթ են եղել, ինչը պայմանավորված է եղել շենքային պայմաններով։ Թիվ 8 դպրոցն ավագ դպրոց է. նախարարությունը նախատեսել է Ստեփանակերտում ունենալ երկու ավագ դպրոց՝ թիվ 8 և 11։ Նախնական հաշվարկներով՝ առաջիկա յուրաքանչյուր տարի մայրաքաղաքը կունենա  իններորդ դասարանցիների 1500 շրջանավարտ,  մոտ 800-900՝ ավագ դպրոցի շրջանավարտներ, և մեկ դպրոցում հնարավոր չի լինի այսքան աշակերտներին՝ որպես ավագ դպրոց, տեղավորել։ Մյուս հանգամանքը. թիվ 8 դպրոցը նախատեսված է եղել կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացման համար, և գրեթե բոլոր աշխատանքները ծրագրված են եղել, սակայն  ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով միջոցների հատկացումը դարձել է անհնարին։ Դպրոցի վերանորոգման աշխատանքները չեն սկսվել։ Նախարարի իրազեկմամբ՝ թիվ 8 դպրոցում պատգամավորի կողմից նշված չափի ազատ սենյակներ չկան. այնտեղ միայն մարզադահլիճին կից սենյակներն են ազատ, որոնք անմխիթար վիճակում են։ Հետագայում եթե նախատեսվի մայրաքաղաքում ունենալ մեկ ավագ դպրոց, այն ժամանակ պետք է 11-րդ դպրոցի հին շենքի վերանորոգման ու հարմարեցման խնդիր դրվի։ Նախարարի խոսքով՝ մեկ դպրոցն առկա պահանջները չի բավարարի, այսինքն՝ սա կլինի խնդրի ժամանակավոր լուծման տարբերակ։ Ս. Ասրյանը դրանում իմաստ չի տեսնում։ Նրա տեղեկացմամբ՝ իշխանությունների հետ ավելի վաղ պայմանավորվածություն է եղել մայրաքաղաքի ՙԱրցախ՚ թաղամասում նորակառույց դպրոց ունենալու մասին, ինչը թույլ կտա թեթևացնել դպրոցների ծանրաբեռնվածությունը։ Երևի թե դա է ճիշտ տարբերակը, եզրակացրեց նախարարը։ 

Զանգվածային լրատվության միջոցներով արդեն իրազեկվել է, որ վերջերս Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարը, մեկնաբանելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված լարվածությունը, հայտարարել է, որ նույնիսկ ապրիլյան դեպքերից հետո հնարավորություն չի ունեցել այցելել տարածաշրջան։ Հիշեցնելով այս մասին՝ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը հարցրեց. եթե մեր հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, մի՞թե չի կարելի գերագույն հանձնակատարին այստեղ հրավիրել մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կառույցների կամ այլ խողովակների միջոցով։ Դա կարելի է անել նաև՝ գործի դնելով ՀՀ արտգործնախարարության հնարավորությունները։

ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի փոխանցմամբ՝ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը հրավեր-նամակ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարին, բացատրել իրավիճակը։ Բոլորին քաջ հայտնի է, որ ղարաբաղյան կողմը երբեք խոչընդոտներ չի ստեղծել որևէ միջազգային կառույցի ներկայացուցիչների  ազատ մուտքի ապահովման հարցում։ Փոխնախարարի խոսքով՝ խնդիրն այն է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարն ասել էր, որ կառույցը չի ուզում որևէ կերպ  միջամտել որևէ երկրի ներքին հարցերին, բայց քանի որ մարդու իրավունքն ինքնին գերակա  հարց է, լավ կլինի, որ այլ պետությունների կողմից խոչընդոտներ չստեղծվեին։ Ա. Ալեքսանյանի հավաստմամբ՝ նամակում ամեն ինչ հստակ ներկայացված է, և ղարաբաղյան կողմը պատրաստակամություն է հայտնել ցանկացած հարմար պահի նրան ընդունել այստեղ։ Նմանատիպ  բանակցություններ ԱԳՆ-ն վարում է նաև փախստականների հարցերով։

Պատգամավոր Ռոմելա Դադայանը մտահոգություն հայտնեց Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի դպրոցում տիրող անմխիթար վիճակի առնչությամբ։ Պատգամավորն անձամբ է այցելել դպրոց և ականատես եղել, թե ինչպես են երեխաները պարապմունքներ անցկացնում խոնավության մեջ։ Նախատեսվո՞ւմ է, արդյոք, նոր շենք Չարեքտար գյուղի դպրոցականների համար, հարցրեց պատգամավորը՝ հավելելով, որ նույնպիսի իրավիճակ է Քարվաճառի հիվանդանոցում, որտեղ ծննդատունն ու վիրակապարանը շտապ օգնության կարիք ունեն։ 

ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը տեղյակ է Չարեքտարի դպրոցի խնդրին։ Շենքը խորհրդային տարիներից է մնացել. խոնավությունն իր հերթին, այնտեղ նույնիսկ բնական լույս չի ներթափանցում։ Նախարարությունը նախագիծ է մշակել, որով նախատեսվում է դպրոցի հետ համատեղել նաև մանկապարտեզ, 2017թ. պետբյուջեի քննարկման ընթացքում կփորձեն դնել նաև համայնքի դպրոցի կառուցման հարցը։                       

Նախարարի հավաստմամբ՝ ընթացքի մեջ է նաև Քարվաճառի հիվանդանոցի խնդրի լուծումը. մոտ 300 քառ.մետր մակերեսով տարածք կհատկացվի, որտեղ կլինեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ բժշկական ծառայություններ մատուցելու համար։ Նոր, բայց ավելի փոքր չափի հիվանդանոց է նախատեսվել նաև Գետավան համայնքի համար, որը կունենա  ծննդատուն և այլ բաժանմունքներ։    

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ