Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԷՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

ՙԱրցախում ունեցած հաղթանակի ու ձեռքբերումների շնորհիվ հայ ժողովուրդը դուրս եկավ զոհի կերպարից և ասաց ՙոչ՚ էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը՚, -Panorama.am-ի հետ հարցազրույցում ասաց հայտնի ամերիկահայ գրող, ՙԱվազի ամրոցի աղջիկները՚ և Նյու Յորք Թայմզի կողմից բեսթսելլեր ճանաչված մի շարք այլ գրքերի հեղինակ Քրիս Բոհջալյանը, ով վերջերս այցելել էր Արցախ։

 Երբ այցելեցի Ղարաբաղ և ազատագրված տարածքներ ու խոսեցի խրամատներում գտնվող զինվորների հետ, ես հասկացա, որ Արցախյան գոյամարտում ունեցած մեր հաղթանակով մենք ասել ենք ՙայլևս երբեք՚ ցեղասպանությանը և էթնիկ զտումներին։ Այն, ինչ անում են սահմանի վրա կանգնած հայ զինվորները, խոսում է մեր ինքնության մասին և այն մասին, թե ով ենք մենք որպես ազգ և ժողովուրդ։ Ես մեծ հպարտության զգացում ունեցա նրանց տեսնելով։ Սումգայիթում և Բաքվում ջարդերից հետո մենք վերականգնեցինք մեր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը։ Այս անգամ այցելելով Քարվաճառ՝ Դադիվանք, որը հայ քրիստոնեության բնօրրանն է, ես տեսա այնպիսի որմնանկարներ, որոնք իրենց գեղեցկությամբ կարող են մրցել Իտալիայի ամենահայտնի որմնանկարների հետ։ Արցախի պաշտպանությամբ մենք նաև մեր լուման ենք ներդնում աշխարհում ցեղասպանությունների դեմ պայքարում՚,-ասաց Քրիս Բոհջալյանը։

ՙԵս միշտ զուգահեռներ եմ անցկացրել ԱՄՆ-ի և Արցախի միջև ինքնորոշման տեսանկյունից, բայց Արցախի հարցը տարբերվում է նրանով, որ այն իր պատմական հայրենիքում ապրող ժողովրդի ինքնորոշման և առանց ոչնչացման վտանգի ապրելու իրավունքի մասին է՚,-ասաց Բոհջալյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ սպառնալիք է հանդիսանում արցախաբնակ հայերի համար (Սաֆարովի հերոսացումով, ապրիլյան պատերազմով և այլն), հետևաբար Արցախի հարցը հայ ժողովրդի գոյության հարցն է։

Խոսելով այն խնդիրների մասին, որ այսօր առկա են Հայաստանում՝ Բոհջալյանն ասաց, որ դրանք բոլորը հատուկ են երիտասարդ պետություններին։

ՙԹեև մենք հնագույն ժողովուրդ ենք, մենք ընդամենը 25 տարեկան ենք որպես անկախ պետություն, իսկ դա շատ քիչ է երկրաբանական ժամանակի տեղանկյունից։ Անկախության հռչակումից 25 տարի հետո ԱՄՆ-ը գերտերություն չէր, այն հյուսիսային Ամերիկայի արևելյան մասն էր՝ շրջապատված իսպանական, ֆրանսիական և բրիտանական տարածքներով։ Միայն դրանից 11 տարի անց տեղի ունեցավ ԱՄՆ-ի պատերազմը Բրիտանիայի հետ, որից հետո ԱՄՆ-ն ամրագրեց իր տարածքները։ Այնպես որ Հայաստանին դեռ ժամանակ է պետք ազատական շուկա և ժողովրդավարություն կառուցելու համար՚,-նշեց նա։

Ամերիկահայ գրողը նաև նշեց, որ Հայաստանն այժմ ունի բազմաթիվ խնդիրներ, թշնամի հարևան պետություններ, որոնք ցանկանում են ոչնչացնել Հայաստանը, երկրի որոշ հատվածներում դեռևս 1988թ. երկրաշարժից մնացած հետևանքներ և այլ խնդիրներ, որոնք խոչընդոտում են երկրի զարգացմանը։

Խոսելով այն մասին, թե ինչ անելիքներ ունի սփյուռքն այս հարցում՝ սփյուռքահայ գրողն ընդգծեց, որ պետք է նախ և առաջ համահայկական ջանքերն ու ռեսուրսները կենտրոնացնել Հայաստանի զարգացման վրա։ Նրա կարծիքով՝ սփյուռքը պետք է շարունակի ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը, բայց հայության ներկայիս իրականությունից կտրված չլինելու համար կարևոր է, որ իր հայացքն ուղղի ո՜չ միայն 1915թ., այլև գլխավորապես 2016 թվական և ապագա։

ՙՍփյուռքը պետք է ՀՀ-ում աջակցի գյուղական համայնքների զարգացմանը, որպեսզի հնարավորինս կրճատվի դեպի Ռուսաստան արտագաղթը, իսկ Արցախում սփյուռքը պետք է նպաստի անվտանգության խնդիրների լուծմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավմանը՝ որպես տուրիզմի զարգացման կարևոր գրավական՚,¬ասաց նա։

Այն հարցին, թե  ինչով են հայերը որպես ազգ յուրահատուկ, Բոհջալյանը պատասխանեց. ՙՄենք բոլորս որոշ չափով կրում ենք 1,5 միլիոնի շշուկները մեր մեջ, ինչը մեզ դարձնում է ավելի ճկուն, ուժեղ և կյանքով լի։ Երբ մենք ծիծաղում ենք, ծիծաղում ենք բարձր, երբ լաց ենք լինում՝ առանց ամոթի և երբ ապրում ենք, ապրում ենք մեծ կյանք՚։

Խոսելով իր՝ ՙԱվազի ամրոցի աղջիկները՚ գիրքի մասին, որը թարգմանվել է 30 լեզուներով և որը մեծ լումա է ունեցել աշխարհում Հայոց ցեղասպանության մասին իրազեկության բարձրացման հարցում՝ Բոհջալյանն ասաց, որ փորձել է ընթերցողին հետաքրքրել այս պատմական թեմայի մեջ՝ ներկայացնելով այն մի սիրո պատմության միջոցով, որի հերոսներն ապրում են 1915թ.-ին Սիրիայում։ Նա նաև նշեց, որ իր գրքի հիմնական ուղերձներից մեկն այն էր, որ ցեղասպանությունը միայն անցյալում չէ, քանի որ դրա հետևանքով է, որ մենք այսօր ունենք սփյուռք և որ մեր հայրենակիցների 70%-ն այժմ ապրում է հայրենիքից դուրս։ 

ՙԹուրքիան չէր լինի այն ցավալի իրավիճակում մարդու իրավունքների (և մասնավորապես քրդերի իրավունքների) տեսանկյունից, որում հիմա է, եթե այն ժամանակ՝ 1918թ.-ին, միջազգային հանրությունը թույլ չտար, որ Թուրքիան անպատիժ մնար 1,5 միլիոն հայերի սպանության համար և չասեր, որ նրանք կարող են կառուցել իրենց ժողովրդավարությունը՝ ցեղասպանության վրա աչք փակելով՚, -նշեց Բոհջալյանը։

Պատմելով իր գրքի պատմությունը՝ Բոհջայլանը նշեց, որ այն ժամանակ, երբ գրքի բնօրինակը նոր էր լույս տեսել, թուրքերը բավականին ակտիվ և համակարգված կերպով բացասական արձագանքներ էին գրում գրքի մասին բոլոր հնարավոր հարթակներում։ Նա նաև հայտնեց, որ Ավազի ամրոցի աղջիկները գրքի թուրքերեն թարգմանությունը ներկայումս պատրաստվում է հրատարակության Թուրքիայում։

Գրքի հիման վրա 2017թ.-ին համանուն ֆիլմ է պատրաստվում նկարահանման ԱՄՆ-ում, որի սցենարիստ և պրոդյուսերն է Էրիկ Նազարյանը։ Բոհջալյանը մեծ սպասելիքներ ունի այդ ֆիլմից, քանի որ շատ բարձր է գնահատում Էրիկ Նազարյանի աշխատանքը։

 

 

 

Նվարդ ՉԱԼԻԿՅԱՆ