[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱԼԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՊԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ՚

ՙՔերրիի և Ալիևի հայտարարությունները ստիպում են մտածել, որ բանակցային գործընթացում ընդհանուր եզրերը կողմերի ու միջնորդների միջև բացակայում են՚,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով վերջին օրերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող վերջին հայտարարություններին։

 Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին օրերս հայտարարեց, թե ՙայսօրվա աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, որտեղ հիմա անհնար է կարգավորել հակամարտությունը, ամենից առաջ՝ այն պատճառով, որ առաջնորդները պատրաստ չեն՚։ Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել էր. ՙՀուսով ենք, որ նախագահները կհամաձայնեն հաջորդ հանդիպումն անցկացնել։ Այս պահի դրությամբ հաջորդ հանդիպման տեղն ու ժամկետը հստակեցված չեն։ Համանախագահները հակամարտող կողմերի հետ աշխատում են այդ ուղղությամբ՚։ Օրերս հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ փակ դռների հետևում իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

ՙՓակ դռների հետևում մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ փակագծեր, քանի որ կան դիվանագիտության որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին՚,- Ալիևի խոսքերն են մեջբերում ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ Արցախի հարցում Ադրբեջանի դեմ ակտիվ քարոզչություն է տարվում։

ՙԱրևմտյան մամուլի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ իրականացվող զրպարտանքի, բամբասանքների և վիրավորանքների արշավի նպատակն է՝ ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քանի դեռ մենք ենք իշխանությունը, իսկ հանրաքվեն, փառք Աստծո, ցույց տվեց, որ մենք դեռ երկար կլինենք իշխանություն, Ադրբեջանը երբեք չի համաձայնի նման գործարքի գնալ։ Լեռնային Ղարաբաղը մեր պատմական անբաժանելի տարածքն է, և մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը՚,- իր խոսքը եզրափակել է Ադրբեջանի նախագահը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Ուվե Հալբախի՝ որ այս հայտարարությունները բավականին ուշագրավ մանրամասներ են բացահայտում, իհարկե, դիվանագիտական այլ նպատակներ ևս հետապնդելով։ Ըստ նրա՝ բավականին կոշտ ու հոռետեսական էր օրերս Ջոն Քերրիի հայտարարությունը կարգավորմանը պատրաստ չլինելու մասին, և Իլհամ Ալիևի դիտարկումներից հետո պարզ դարձավ, որ այդ հայտարարության հիմնական հասցեատերն ադրբեջանական կողմն է։

ՙԱկնհայտ է, որ հայկական կողմը ևս միջազգային հանրության առաջադրած կարգավորման բոլոր տարբերակների հետ համամիտ չէ, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է որոշ տարածքների հանձնմանը, այնուամենայնիվ, հայկական կողմը չի հերքում այդ հնարավորությունը, ինչը կառուցողական մոտեցում է հակամարտության կարգավորման գործընթացում։ Սակայն ադրբեջանական կողմն այս հայտարարությամբ բացահայտեց, որ Արցախի կարգավիճակի, այն է՝ անկախության ճանաչման հարցում ադրբեջանական դիրքերն անզիջում են, սակայն սա կարգավորման հիմնական տարրերից մեկն է, առանց դրա շուրջ համաձայնության առաջ ընթանալ հնարավոր չէ։ Այս հայտարարությունից կարելի է նաև ենթադրել, որ կա այս հարցում ԱՄՆ-Ադրբեջան տարաձայնություն և շահերի հակադրություն։

Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմը հույս ուներ, որ Ռուսաստանը, հաշվի առնելով Ադրբեջանի դերը Մոսկվայի համար, կստիպի Հայաստանին՝ միակողմանի զիջումների գնալ, սակայն այս սցենարը տապալվեց փաստորեն, քանի որ Ռուսաստանի համար նաև Հայաստանն է կարևոր՝ որպես գործընկեր Հարավային Կովկասում, և Ռուսաստանը խուսափում է զոհել մեկին մյուսի համար։

Եվ բացի սա, ընթացել են նաև ՄԽ բանակցություններ, կողմերին առաջարկվել է իրականացնել համապատասխան քայլեր, որոնք, սակայն, Ադրբեջանը շարունակում է մերժել՝ ԱՄՆ-ի կամ ընդհանուր առմամբ Արևմուտքի հասցեին ըստ էության մեղադրանք հնչեցնելով։ Իհարկե, սա նշանակում է, որ կրկին կարգավորման մասին խոսել չենք կարող՚,- նման կարծիք  է հայտնել Ուվե Հալբախը՝ վերլուծելով հետապրիլյան բանակցությունների ընթացքը։

Նրա խոսքով, իր հերթին՝ Քերրիի հոռետեսությունը ստիպում է մտածել, որ բանակցություններում նույնիսկ ընդհանուր եզրեր չկան, ինչը բացասական զարգացում ու վտանգ է պարունակում։ Գերմանացի վերլուծաբանի համոզմամբ՝ Ալիևի հայտարարությունը փաստում է ևս մեկ բան՝ Ադրբեջանը շարունակում է հույսեր կապել, որ Ռուսաստանը կլուծի հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի՝ վարկաբեկելով Արևմուտքի ջանքերը բանակցային գործընթացում։ Բայց Հալբախը նաև հիշեցրել է ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ԼՂ հակամարտությունում հաղթողներ ու պարտվողներ չպետք է լինեն։ ՙՍա նշանակում է, որ ցանկացած գերտերության կարգավորման սցենարի դեպքում միակողմանի լուծումներ չեն լինելու՚,- ընդգծել է Հալբախը։