[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՔՐԴԵՐՆ ՈՒ ՀԱՅԵՐԸ ՏԱՊԱԼԵԼ ԹՈՒՐՔԻԱՆ

Մերձավոր Արևելքում սահմանների նոր վերաձևում է հասունանում

 Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին ռեզոնանսային հայտարարություն է արել հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձի առնչությամբ։ Հասարակական կազմակերպությունների և ձեռնարկատերերի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ ՙԹուրքիայում հեղաշրջման փորձի նպատակը եղել է երկիրը Հայաստանի և Քուրդիստանի միջև բաժանելը՚։ Նրա խոսքով՝ նրանք ՙցանկանում են իրականություն դարձնել 100 տարի առաջ բաժանված քարտեզները՚։ Ավելի վաղ, այս տարվա մայիսին, ձախողված հեղաշրջումից քիչ առաջ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի անկման 463-րդ տարելիցին նվիրված տոնակատարությունների ժամանակ հայտարարել է, որ ՙշատ երկրներ են ցանկանում վրեժխնդիր լինել թուրքերից՝ 1453 թվականին Ստամբուլը (Կոստանդնուպոլիս) գրավելու համար։ Բայց ոչ մեկն ի զորու չէ կործանել մեր երկիրը։ Ստամբուլը գրավելուց հետո թուրքերը հաստատվել են Անատոլիայում և Թրակիայում և չեն պատրաստվում հեռանալ այդ հողերից՚,- ընդգծել է նա։ Հարյուր տարվա վաղեմության քարտեզների մասին նախարար Զեյբեքչիի և նախագահ Էրդողանի հայտարարությունները միավորում է մեկ տարեթիվ. 1916թ. մայիսի 16-ին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետների միջև հուշագրերի փոխանակմամբ կնքվեց Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, որը նախատեսում էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Օսմանյան կայսրության տարածքի զգալի մասը բաժանել դաշնակիցների միջև: Ֆրանսիացիներին պետք է անցներ ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքը, Հյուսիսային Իրաքը, Սիրիան և Լիբանանը։ Իսկ բրիտանացիները վերահսկողություն էին ստանում ներկայիս Իրաքի հարավային և կենտրոնական շրջանների վրա։ Այդ երկու գոտիների միջև ընկած տարածքում (այսօր այստեղ են գտնվում Սիրիայի մի մասը, Հորդանանը, Արևմտյան Իրաքը և Արաբական թերակղզու հյուսիս-արևելյան մասը) ծրագրվում էր բրիտանա-ֆրանսիական հովանավորության ներքո Արաբական թագավորություն ստեղծել։ Համաձայնագրին միացավ նաև Ռուսաստանը, ում խոստացել էին Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։

Ավելի ուշ այդ ծրագրերը փոփոխության ենթարկվեցին, բայց մինչև վերջերս Թուրքիայում դրան վերաբերվում էին որպես ազգային պատմության համար դրամատիկ մի փաստի, այնպես, ինչպես Խորհրդային Միությունում և ներկայիս Ռուսաստանում այսօր ընկալում են Առաջին համաշխարհային պատերազմից հետո բոլշևիկների և Գերմանիայի ու նրա  դաշնակիցների միջև 1918թ. մարտին կնքված  Բրեստի պայմանագիրը։ Արդյոք արժե՞ր, որ միայն կլոր տարելիցի պատճառով Անկարան անցյալը փորփրեր, անգամ եթե հիշենք Սայքս-Պիկոյի համաձայնագիրը 1920թ. օգոստոսի 10-ին Սևր քաղաքում կնքված պայմանագրի տարբերակով՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորության (ապագա Հարավսլավիայի), Հիջազի, Չեխոսլովակիայի և Հայաստանի՝ մի կողմից և Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Օսմանյան կայսրության կառավարության միջև՝ մյուս կողմից։ Այն միջազգայնացրեց Ստամբուլն ու Բոսֆորը՝ անատոլիական տարածքների հատվածներ տալով հույներին, քրդերին, հայերին, ֆրանսիացիներին, անգլիացիներին և իտալացիներին։

Այդ ժամանակ Օսմանյան կայսրությունը պաշտոնապես ճանաչել էր Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, ընդ որում, և՜ թուրքերը, և՜ հայերը համաձայնվում են անձամբ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին հանձնարարել սահմանների որոշումը։ 1920թ. նոյեմբերի 20-ին Վիլսոնն առաջարկեց հայերին տալ տարածքներ, որոնք մինչև այդ Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին՝ Վանի, Էրզրումի, Բիթլիսի զգալի մասը և հատկապես Տրապիզոնը՝ Սև ծով ելքով։ Սևրի պայմանագիրը երկար կյանք չունեցավ` Թուրքիայում միայն ՙհոգեբանական համախտանիշ՚ առաջացնելով, քանի որ հայկական հարցն այդ երկրում ՙլուծվել էր՚ 1914-1915 թվականներին։ Ինչ վերաբերում է քրդերին, Բազելի համալսարանի դասախոս-իսլամագետ Մաուրուս Ռոյնկովսկու կարծիքով՝ ՙ1920թ. կնքված Սևրի հաշտության պայմանագրում միայն լղոզված ձևակերպում կար Արևելյան Անատոլիայում քրդական սուբյեկտի մասին, իսկ 1923 թվականի Լոզանի պայմանագրում քրդերն ընդհանրապես չէին հիշատակվում՚։ Այնպես որ, այն ժամանակ Թուրքիայում տարբեր պատճառներով հայերից և քրդերից միայն պատմական սիմվոլիկա էր մնացել, իսկ Մուստաֆա  Քեմալի և նրա գաղափարական իրավահաջորդների նախագահության օրոք ամրության և պետական կայունության պաշար էր ի հայտ եկել, ինչը կարևոր էր արագ փոփոխվող անհանգիստ միջավայրում, ինչպիսին Մերձավոր Արևելքն է։ Ուստի որոշակի արտաքին և ներքին պայմաններ էին անհրաժեշտ թուրքական պատմական ստվերներ  արթնացնելու համար, որոնք, մեկը մյուսի հետ կապակցվելով, բարդ և խճճված աշխարհաքաղաքական պատկեր կստեղծեին, որտեղ Անկարայի յուրաքանչյուր քայլ իրավիճակը ոչ թե կպարզեցներ, այլ միայն կբարդացներ։  

Այն բանից հետո, երբ Թուրքիայի ՙԱրդարություն և զարգացում՚ իշխող կուսակցությունն սկսեց հրաժարվել Մուստաֆա Քեմալի գաղափարական ժառանգությունից, բռնեց, այսպես կոչված, նուրբ իսլամականացման ուղին` ուղղորդվելով արտաքինքաղաքական նեոօսմանյան դոկտրինով, ՙարաբական գարնան՚ մեջ ներքաշվեց Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, հետո էլ՝ Սիրիայում: Foreign Policy in Focus (ավելի հայտնի որպես FPIF), Federation of American Scientists (FAS), Bipartisan Policy Center  կազմակերպությունների ամերիկյան փորձագետները հանդես են եկել ՙԹուրքիայի մոտալուտ փլուզման՚ մասին բացահայտ կանխատեսումով ու հիշել Սայքս-Պիկոյի համաձայնագրի մասին։ Նրանց կարծիքով՝ ՙգրեթե 100 տարի Սայքս-Պիկոյի ծրագիրն ապահովում էր տարածաշրջանի կայունությունը,  բայց 2003թ.` Իրաք ամերիկյան ներխուժումից հետո, ամեն ինչ փոխվեց։ 2003 թվականից  Իրաքը փաստորեն բաժանված է երեք գոտիների, որոնք համապատասխանաբար գտնվում են շիաների, սուննիների և քրդերի վերահսկողության տակ։ Իրաքի ու հավանաբար նաև Սիրիայի բաժանումը երեք բաղադրիչների՝ շիական, սուննիական և քրդական,  կհանգեցներ էթնիկ և կրոնական կազմով միատարր առնվազն վեց նոր միկրոպետությունների առաջացմանը։ Այս առումով Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդգծել է, որ ՙտարածաշրջանում բոլոր հակամարտությունների համար սկզբնապատճառ են հանդիսանում հարյուրամյա վաղեմության իրադարձությունները՚, իսկ ՙՍայքս-Պիկոյի համաձայնագիրն արհեստական պատնեշներ ստեղծեց մահմեդական ժողովուրդների միջև և Թուրքիային զրկեց տարածաշրջանում ազդեցության բնական գոտուց՚։

Ամենահետաքրքիրը նաև այն է, որ Մերձավոր Արևելքում ՙՍայքս-Պիկոյի արհեստական սահմանների՚ պահպանման դեմ հանդես է եկել նաև ԻԼԻՊ-ը (Ռուսաստանում արգելված կառույց)։ Վերջապես իրենց իրավունքների մասին հայտարարեցին թուրքական և սիրիական քրդերը։ Այս առումով հասկանալի է դառնում, թե ինչու ներկայիս քաղաքացիական պատերազմը Սիրիայում և ԻԼԻՊ-ի էքսպանսիան Թուրքիայի և իսլամիստական շարժումների համատեղ գործողությունների արդյունք դարձան. այս դաշինքի ռազմավարության մեջ  նկատվում են ՙնոր՚ պետություններ՝ Սիրիային և Իրաքին պատժելու և կործանելու, ինչպես նաև միայն ՙսեփական՚ խալիֆայությունը վերականգնելու ձգտում։ Այդ համապատկերին, ինչպես նշում է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Յոշկա Ֆիշերը, հատուկ կարևորություն է ստանում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի ցեղասպանության  ճանաչման գործոնը։ Փաստացի քրդական խնդիրը հաշվարկված է Իրաքից հետո Սիրիայի, իսկ այժմ արդեն` Թուրքիայի վրա։ Հիմա Անկարան լրջորեն մտահոգված է սիրիական քրդերին ԱՄՆ-ի կողմից տրվող աջակցությամբ և ենթադրում է, որ հետագայում Մերձավոր Արևելքում քրդական հարցը կարող է ինչ¬որ կերպ շաղկապվել հայկական հարցի հետ, բայց ոչ անպայման  ներկայիս Հայաստանի հետ, որ այդ հարցը կարող է նորից խաղարկվել առաջատար գերտերությունների կողմից, ընդ որում, ոչ միայն Թուրքիայի, այլև նույնիսկ Ադրբեջանի նկատմամբ,  բայց՝ տարբեր բեմագրերով։

Եթե Թուրքիայում հայտնվի, այսպես կոչված, ՙհայկական օջախ՚, ինչի մասին արդեն բացահայտ խոսում են բազմաթիվ թուրք փորձագետներ, ապա կարող է որոշվել հայկական հարցի զարգացման արևմտյան վեկտորը՝ ռուսականի հետ միասին, ինչին հավատարիմ է մնում Երևանը։ Բայց առայժմ ոչ մեկը չգիտի՝ ինչպես և ինչ ձևաչափով տեղի կունենա և արդյո՞ք տեղի կունենա հայկական հարցի վերակենդանացում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, քանի որ, ի տարբերություն քրդերի, հայերը տարածաշրջանում անհրաժեշտ աշխարհաքաղաքական հզորություն չունեն։ Ուստի հազիվ թե հիմնավորված է թուրք նախարար Զեյբեքչիի մեղադրանքը ձախողակ խռովարարներին այն բանում, որ նրանք ՙպատրաստում էին երկրի բաժանումը Հայաստանի և Քուրդիստանի միջև՚։ Սակայն Թուրքիային հասցրել են մի այնպիսի կետի, այնպիսի հարթության,  որի վրա ցանկացած խաղ կարելի է խաղալ։ Սայքսը և Պիկոն բաժանել են տարածաշրջանը, իսկ մեր օրերում, երբ սահմաններ են քանդվում, կարող է և պետք է նոր համաձայնագիր հայտնվի։ Ինչպիսին այն կլինի, և ով վերջնական որոշում կկայացնի՝ ժամանակը ցույց կտա։ 

 

REGNUM տեղեկատվական գործակալություն

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ