[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՄԵՐՁԵՑՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

Թուրքիան շարունակում է օգտագործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝  ՝արդարացնելու եվրոպական տարածքում վերջին շրջափակված սահմանը չբացելու իր ցանկությունը։

Ինչպես վերջին տասնամյակի ընթացքում, այնպես էլ այսօր Անկարան շարունակում է որպես  շրջափակումը հանելու պայման առաջ քաշել լեռնայինղարաբաղյան հակամարտության լուծումն ի շահ Ադրբեջանի դիրքորոշման։ Դրան էր նվիրված Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի ելույթը ԵԽԽՎ-ում. Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունն առ այն, թե իբր Ռուսաստանի մատուցմամբ կարգավորման գործընթացի օրակարգում ՙադրբեջանական օկուպացված տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման հարցն է՝ հատկապես 5 շրջաններից՚, անուշադրության չմատնվեց ինչպես հենց Խորհրդարանական վեհաժողովում, այնպես էլ Երևանում ու Ստեփանակերտում։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ի պատասխան թուրք նախարարի արտահայտության, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման նման տարբերակը ոչ այլ ինչ է, քան  հենց Չավուշօղլուի անձնական ցանկությունն ու հիմնախնդրի նրա տեսլականը։ Նրա խոսքով՝ մինչդեռ իրողությունն այնպիսին է, որ այս հակամարտության կարգավորումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման մեջ է կայանում՝ Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության միջոցով։ ՙԻսկ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին հիշատակումը միջազգային հասարակությանը մոլորության մեջ գցելու ևս մի փորձ է։ Եթե Թուրքիան իսկապես մտադիր է Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնել, վաղուց կարող էր վավերացնել և ի կատար ածել 2009թ. Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, և բացված կլիներ Եվրոպայի միակ փակ սահմանը՚,- ընդգծել է նա։

Նախօրեին նմանօրինակ հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հարցի կարգավորումն առաջին հերթին ուղղված է ԼՂՀ կարգավիճակի որոշմանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա։ ՙԹուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը մեկ անգամ ևս ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից՚,- նշել է նախարարի տեղակալը։

Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ EADaily-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ Անկարային մեղադրելով սլաքներն ուրիշի կողմն ուղղելու փորձի մեջ։ ՙԻ տարբերություն Թուրքիայի, հայկական կողմը չունի օկուպացված տարածքներ, ուստի չպետք է  սլաքները մեր կողմն ուղղել։ Թուրքիան օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը, իսկ կովկասյան թուրքերը (հավանաբար, խոսքը վերաբերում է ադրբեջանցիներին - խմբ.)՝ Գետաշենը, Մարտունաշենը, Շահումյանն ու հայկական այլ շրջաններ՚,- նշել է հայ փոխխոսնակը։ Շարմազանովն ընդգծել է, որ Չավուշօղլուի հայտարարությունը հերթական անգամ ապացուցում է, որ Անկարան պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, իսկ նման մոտեցումը, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն ուղղակի անընդունելի են։ 

Ստեփանակերտն իր հերթին Անկարային ու Բաքվին կոչ է արել ցանկալին իրականության տեղ չընդունել, և առավել ևս, դրա համար միջազգային հարթակներ չօգտագործել։ EADaily-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը պարզապես փորձում են ՙիրենց նվիրական երազանքները ներկայացնել որպես իրականություն՚, և այնպիսի սյուռեալիստական ՙբեմագրերի՚ երևակայական մերկացումը, ինչի մասին խոսել է Չավուշօղլուն, ամբողջովին տեղավորվում է այդ երկրների քաղաքականության շրջանակներում։ 

ՙՌուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը չի կարող այնպիսի արմատական ազդեցություն ունենալ ղարաբաղյան գործընթացի վրա, որ Մոսկվան սատարի հակամարտության կարգավորման թուրքական տեսլականին։ Այդ երկու երկրների միջև մերձեցում չի կարող լինել, առավել ևս  ռազմավարական փոխգործակցություն, քանի որ Անկարան և Մոսկվան տարբեր շահեր ունեն։ Անկասկած, երկու երկրների միջև կարճաժամկետ փոխգործակցությունը միայն դրական  ազդեցություն կունենա տարածաշրջանում իրավիճակի վրա՝ նվազեցնելով ուժերի մրցակցության մակարդակը։ Սակայն և՜ Ռուսաստանը, և՜ մյուս երկրները քաջ գիտակցում են, որ հենց Ղարաբաղն ու Հայաստանն են զսպում թուրք-ադրբեջանական տանդեմի ձգտումները տարածաշրջանում, և այդ տանդեմի շահերին հակասող գործողություններ չեն ձեռնարկի՚,- հավաստել է Դավիթ Բաբայանը։ 

EurAsia Daily

Պատրաստել է 

Լիա ԽՈՋՈՅԱՆԸ