[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԱԿՆԿԱԼԵԼԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ

Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց, թե Թուրքիան եւ Ռուսաստանը պայմանավորվել են ՙօկուպացված 5 շրջանները՚ հայկական ուժերից ազատելու՚ մասին։

Սրան հաջորդեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, թե Մոսկվան լավատես չէ մոտ ժամանակներս հակամարտության կարգավորման գործընթացում ճեղքում արձանագրելու հարցում։ Իսկ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էր անդրադարձել խնդրո առարկային՝ ասելով, որ կողմերը պատրաստ չեն հակամարտության խաղաղ կարգավորմանը։ 

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հակամարտությունը կարելի է անորոշ ժամանակով սառեցված համարել։ Մեր հարցերին պատասխանում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԸ։

-Այս պահին, կարծում եմ, ճիշտ կլիներ խոսել ոչ թե հակամարտության սառեցման, այլ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման մասին։ Խաղաղության եւ կայունության պահպանումը տարածաշրջանում ինքնին բարդ եւ հետեւողական աշխատանք պահանջող գործընթաց է։ Դրա համար անհրաժեշտ են դիվանագիտական լուրջ ջանքեր, այդ թվում՝ նաեւ համապատասխան քայլեր հատկապես միջնորդ երկրների եւ գերտերությունների կողմից։ Այսինքն՝ այն, ինչին ականատես ենք հատկապես ապրիլյան պատերազմից հետո։ 

Այդ առումով բնութագրական էր Քերիի հայտարարությունը, թե չի տեսնում շուտափույթ կարգավորման հնարավորություն, քանի որ, իր բնորոշմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն հակամարտության խաղաղ կարգավորմանը։ 

Իհարկե, պետքարտուղարը դիվանագիտորեն է ձեւակերպել իր ասելիքը՝ մենք դա հասկանում ենք, բայց պարզ է, որ դրա հասցեատերը Ադրբեջանն է։ Եվ պատահական չէ, որ այդ հայտարարությանն անմիջապես հետեւեց Ալիեւի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների նյարդային արձագանքը Ադրբեջանի նկատմամբ գործադրվող ճնշումների վերաբերյալ։ 

Հիմա էլ ՌԴ նախագահի օգնականն է հայտարարում, որ լավատես չէ հակամարտության արագ կարգավորման հարցում։ Այս ամենը ցույց է տալիս, որ շուտափույթ լուծումներ ակնկալելը, մեղմ ասած, իրատեսական չէ՝ չի կարող լինել շուտափույթ կարգավորում, քանի որ Ադրբեջանը չի փոխել իր ապակառուցողական դիրքորոշումը։ 

-Ուրեմն ի՞նչ խնդիր է փորձում լուծել Թուրքիան՝ ի դեմս արտգործնախարարի՝ բարձրաձայնելով ռուսական կողմի հետ ձեռք բերված վիրտուալ համաձայնությունների մասին։ 

-Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջին՝ ցույց տալ, թե Թուրքիան նույնպես ներգրավված է հակամարտության կարգավորման գործընթացում, երկրորդ՝ հարված հասցնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին։ 

Մյուս կողմից՝ խոսելով համանախագահների թիկունքում Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, Չավուշօղլուն, ըստ էության, մարտահրավեր է նետում խաղաղ կարգավորման գործող ձեւաչափին, նաեւ մյուս երկու համանախագահներին՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային։ Իհարկե, Թուրքիան ՙգործընթացի մեջ է՚ այնքանով, որքանով ամեն ինչ անում է տարածաշրջանի ապակայունացման համար, անթաքույց սատարելով Ադրբեջանին՝ խոչընդոտում հարցի խաղաղ կարգավորմանը։

Բայց դա այլ խնդիր է։ Չլինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ չի կարող զբաղվել հակամարտության կարգավորմամբ, առավել եւս՝ որպես միջնորդ։ Այդ մասին խոսել են բոլորը, այդ թվում՝ համանախագահները, Հայաստանի եւ Արցախի ղեկավարները։ Այսինքն՝ սա զուտ Թուրքիայի ներքին լսարանին եւ թուրք-ադրբեջանական տանդեմի պահպանմանն ուղղված քայլ է։ Նկատի ունենալով, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներն ավելանում են նրան կառուցողական դաշտ բերելու համար, նաեւ մեսիջ է Ադրբեջանին՝ շարունակելու իր ապակառուցողական քաղաքականությունը։ 

-Ալիեւը, Քերրիի հայտարարությանն ի պատասխան, հանդես եկավ անզիջում դիրքերից, բայց իրողությունն այն է, որ առաջին անգամ նախագահի մակարդակով ասվեց այն, ինչի մասին ադրբեջանական վերնախավը պարտիզանի համառությամբ լռում էր՝ որ բանակցությունների սեղանին դրված է ԼՂ ինքնորոշման խնդիրը, եւ Ադրբեջանին ՙճնշում են՚՝ ստիպելով ճանաչել ԼՂ անկախությունը։ Գուցե Ադրբեջանի նախագահը այդպիսով փորձում է շոշափել հասարակական կարծի՞քը՝ հասարակությանը նախապատրաստել փոխզիջումային ինչ-որ լուծման։ 

-Հասարակությանը նախապատրաստելու փորձ սա դժվար է համարել՝ ավելի շուտ իր վարկանիշն է ուզում բարձրացնել։ Երբ ասում է՝ Ադրբեջանին ճնշում են, ներկա քաղաքական, աշխարհաքաղաքական, ընդհանրապես քաղաքակրթական միտումները հաշվի առնելով՝ դա լուրջ մեղադրանք է Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնք զբաղվում են հակամարտության կարգավորմամբ։ Ի՞նչ է՝ այդ պետությունները գաղութատեր երկրնե՞ր են, որ Ադրբեջանին թույլ չեն տալիս ինքնուրույն քաղաքականություն վարել։ 

Սա վստահաբար բացասաբար է ազդելու Ալիեւի միջազգային վարկանիշի վրա. ստացվում է, որ ամբողջ աշխարհը հասկանում է՝ հակամարտության կարգավորման բանալին Արցախի անկախության ճանաչումն է, բացի Ադրբեջանից, եւ իրեն, իր ժողովրդին հակադրում է աշխարհին։ Եթե մինչ այդ ասում էր՝ հայերը մեր թշնամին են, հիմա ամբողջ աշխա՞րհն է թշնամի Ադրբեջանին։ Նման հայտարարությամբ հանդես եկող գործիչը կա?մ շատ ծանր վիճակում է հայտնվել, կա?մ պարզապես էժանագին պոպուլիզմով է զբաղված։ 

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունը, թե ՌԴ նախագահի օգնականի ասածը չի համապատասխանում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ Լավրովի հետ ինտենսիվ քննարկումների տրամաբանությանը՝ որ ստատուս քվոն չի կարող անվերջ շարունակվել։

-Հաջիեւի հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ընդունված հայտարարությունների հիմնական շեշտադրումն այն էր, որ կողմերը պետք է ջանքեր գործադրեն հրադադարի ռեժիմի պահպանման եւ ամրապնդման՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման եւ ներդրման ուղղությամբ։ 

Ադրբեջանը կոպտորեն խախտում է նույնիսկ այդ պայմանավորվածությունը։ Այդ մեխանիզմները պետք է ներդրվեն ԵԱՀԿ-ի միջոցով, բայց Բաքուն փակել է ԵԱՀԿ գրասենյակը։ Սա? էլ է խնդիր։ Այսինքն՝ եթե եղել են պայմանավորվածություններ, ապա նախ եւ առաջ՝ այդ հարցի վերաբերյալ։

ՙՀայոց Աշխարհ՚

15 հոկտեմբերի 2016 թ.