[ARM]     [RUS]     [ENG]

ԿՇՏԱՄԲԱՆՔԻ ՈՒ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐՈՎ

ՙ...Գրել եմ մոտ ութսուն գիրք։ Եվ դրանցից գլխավորներն եմ համարում ՙԴժոխք և դրախտ՚-ը՝Ղարաբաղյան պատերազմի մասին, և ՙՀաղթելով մահին՚՝ ԳՈՒԼԱԳ-ում ծնողներիս ողբերգական ճակատագրի մասին։

Եղել եմ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, և համագումարներում ու նստաշրջաններում իմ բոլոր ելույթները վերաբերել են բացառապես Նախիջևանի և Ղարաբաղի ճակատագրին՚։ Իր ազգանվեր գործունեությունն այսպես է ներկայացրել Զորի Բալայանը ՙՆախիջևանը ցեղասպանության զոհ է՚ հոդվածի վերջաբանում։ Կենսագրական թռուցիկ այս հղումը, սակայն, սոսկ ձևույթ է՝ ընդգծելու համար Արցախյան ազատամարտի պատմության իմաստն ու հեռանկարի խորհուրդը՝   դիմադիր լինելու ցեղասպանության բարբարոս արշավին, որպեսզի չկրկնվի Նախիջևանի ճակատագիրը։ Միանգամայն հասկանալի է ահազանգը Բալայանի խոսքում, քանզի ապազգայնացվել է բիբլիական մի երկրամաս, որտեղ հարյուրամյակների պատմություն էր կերտում բնիկ մի ժողովուրդ, իր կենցաղավարությունը զուգորդելով համաշխարհային քաղաքակրթության առաջընթացին։

Կասեն, թե պատմությունն ավարտված է, կորուստը՝ անվերադարձ, և ապարդյուն են սպասումի անակնկալները։ Սակայն հարցի նորոգումն անհրաժեշտ է ոչ միայն Ղարաբաղի անկախության բարդ լուծմունքների տեսակետից, այլև ցեղասպանության և պատմական հայրենիքի ազգային գոյության հավերժական ձգտման առումով։ Հարցի դրվածքն անհրաժեշտ է նաև բացահայտելու պատմության հեգնանքը Ադրբեջան կոչված պետության իրավական կազմույթի վերաբերյալ լենին-ստալինյան թուրքամետ ազգային քաղաքականության խարդավանքներում։ Եվ խաշնարած մի ցեղ, որ ընդամենը երեկ էր հայտնվել քաղաքական քարտեզի վրա, փորձում է բռնությամբ պատմություն ստեղծել իր համար, գողանալով ոչ միայն բնիկ ժողովուրդների տարածքներն ու պատմությունը, այլև բարբարոսաբար ոչնչացնելով հայկականություն հիշեցնող արվեստի հուշարձաններն ու տաճարները։ Կարելի է միայն երևակայել, նկատում է Բալայանը, թե նրանք ՙինչպիսի անթաքույց լկտիությամբ, չվախենալով պատժվելուց, ջարդում էին, ավերում, նույնիսկ պայթեցնում ամեն հայկականը՚։

Այսպես, Նախիջևանը զոհաբերվեց ցեղասպանությանը, պատմական հայրենիքից օտարվեց հայկական մի ստվար համայնք։ Կատարվեց ոճիրը անտարբեր աշխարհի հայացքի ներքո, ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անարձագանք լռության պայմաններում։ Ահա թե ինչու անարգել լկտիությամբ է հնչում Հեյդար Ալիևի զառանցանքը Նախիջևանի և շրջակա հողերի ադրբեջանական տարածքների մասին, նույնիսկ չհապաղելով բարբառելու այնպիսի ՙկորուստների՚ մասին, ինչպիսին են Կապանը, Մեղրին, Զանգեզուրը, անգամ Երևանը։

Կշտամբանքի ու սթափության շեշտ կա Զորի Բալայանի խոսքում. ՙԻսկ մենք,- գրում է նա,- այսօր Նախիջևանի հայ ժողովրդի ցեղասպանության հարցով համամոլորակային մակարդակով զբաղվելու փոխարեն թույլ ենք տալիս պատմական Հայաստանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրված հատվածները համարել ՙվիճելի՚, այսպիսով դրանք վերածելով սակարկման առարկայի՚։ Ալիևի այս զառանցամիտ հավակնությունների շարունակությամբ է Իլհամ Ալիևի հոխորտանքը՝ ՙտերիտորիալ ամբողջականության՚ մեռյալ ստատուսի վկայությամբ վերազավթելու ազատագրված Արցախը։

Ոչինչ չի վրիպում պատմության հիշողությունից։ Մեզ վիճակված է մաքառումների համառ փորձություն? նվաճելու ազգային արժանապատվության և ազատ հայրենիքի մեր իրավունքը, քանզի անբեկանելի է մեր արիական ոգին և տիեզերական արարչությամբ սահմանված մեր ստեղծագործ հանճարը։ Վերին բանականությամբ գիտակցված իրավական դրույթը, թե մարդկության դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ոչ մի ժամկետ չի կիրառվում, բացառվում է ուշացումի հոգեբանությունը, ուստի կենսական անհրաժեշտության հնչողություն ունի Զորի Բալայանի պատգամը. ՙՄնում է չլռել։ Ձա՜յն բարձրացնել։ Գործե՜լ՚։ Մեր ազգային գործունեության օրակարգում մշտապես պահելով պատմական Հայաստանի, Հայ Դատի և Ցեղասպանության հուշը։

Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

 

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս