[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ակնառու էր  միջազգային հեղինակավոր կառույցների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ընդգծված ուշադրությունը։

Այդ կառույցները գրեթե միաժամանակ և կարծես համաձայնեցված տեքստով հնչեցրին հայտարարություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների գերակայության գաղափարն էր։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը, ասել է թե՝ մեր երկրի  չճանաչված լինելու հանգամանքը չպիտի խոչընդոտի միջազգային կառույցների  ներկայացուցիչների այցելություններին ու նաև մեր ժողովրդի հետ շփումներին։ Ինչ խոսք, սա  միանգամայն արդարացի մոտեցում է, բայց ցավալիորեն՝ ուշացած, և  ամբողջ խնդիրն այն է, որ հիշյալ կազմակերպությունների կեցվածքը պայմանավորված էր զուտ աշխարհաքաղաքական զարգացումներով։  Առաջին ազդանշանը եկավ Միավորված ազգերի կազմակերպությունից, որը  մարդու իրավունքների հանձնակատարի շուրթերով ադրբեջանական կողմին հասկանալ տվեց, որ  Լեռնային Ղարաբաղ այցելելու հարցում ինքը չպիտի խոչընդոտի հանդիպի։ Ղարաբաղյան կողմը, ինչպես հայտնի է, պատասխան նամակ է հղել հանձնակատարին՝ ակնկալելով գործնական քայլեր։ Կարծում ենք՝ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք լիարժեք կարծիք կազմելու այդ կառույցի կողմից արված հայտարարության լրջության մասին։ Հոկտեմբերի առաջին տասնօրյակում էլ՝ ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարություն արեց Լեռնային Ղարաբաղ Եվրոպայի խորհրդի մուտքի անհրաժեշտության մասին։  Նրա  խոսքում ընդգծվեց  ԼՂ մեկնելու հարցի քաղաքականացման անթույլատրելիությունը։     

Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը ԵԽ գլխավոր քարտուղարին արձագանքեց  մամլո քարտուղարի մակարդակով՝ շեշտելով, որ կիսում է նրա տեսակետը, որ խոչընդոտելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների Լեռնային Ղարաբաղ այցելությանը՝ Ադրբեջանն առաջին հերթին իր վերաբերմունքն է արտահայտում  կազմակերպության հիմքում ընկած նպատակների ու սկզբունքների նկատմամբ։  

Դիրքորոշում է արտահայտել նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը։ Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է համարում այցը տարածաշրջան, Վիգենինն ասել է, որ, իր կարծիքով, խաղաղ գործընթացին մասնակցող մարդկանց համար կարևոր է տեսնել իրավիճակը տեղում։ Ես պատրաստ եմ այցելել Լեռնային Ղարաբաղ, եթե համապատասխան աղբյուրները կազմակերպեն այդ այցը պաշտոնական Բաքվի կամ Երևանի համաձայնությամբ, և դա կարևոր ավանդ կլինի գործադրվող ջանքերում, հավելել է հատուկ ներկայացուցիչը։ 

Արձանագրենք, որ միջազգային կառույցների հայտարարությունները նախևառաջ  պաշտոնական Բաքվին հասկանալ են տալիս, որ ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելը չպետք է խոչընդոտի այդ կառույցների ներկայացուցիչների՝ Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցերին։  Երկրորդ՝ Ադրբեջանում անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո միջազգային հանրության մոտ հստակ համոզմունք է ձևավորվել առ այն, որ ալիևյան վարչակարգը  պետական կառավարում իրականացնելիս երբեք չի հրաժարվելու ավտորիտարիզմից։ Արցախի ժողովրդի իրավունքների կարևորությունը շեշտելով՝ վերոնշյալ կառույցները, որոնք մշտապես հետաքրքրություն են ցուցաբերում ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում, պաշտոնական Բաքվին հորդորում են չմոռանալ մարդու տարրական իրավունքների գերակայությունը։ Ընդ որում, արտաքին աշխարհից հղված այդ ազդանշանը կարող է երկիմաստ լինել. մի կողմից նպատակ ունենա սթափեցնել Իլհամ Ալիևին՝ դադարեցնելու բռնաճնշումները սեփական քաղաքացիների նկատմամբ, մյուս կողմից էլ, հասկանալ տա, որ հարգանքով է վերաբերվում անկախություն հռչակած ժողովրդի իրավունքներին, քանի որ  այդ ժողովուրդը բռնություններին վերջ տալու   համար է պայքարել՝ արյան գնով ձեռք բերելով իր ազատությունը։ 

Այս ամենն Ադրբեջանի նախագահին չէր կարող չմտահոգել։ Բայց Ալիևը նաև չէր կարող ընդունել իր հասցեին հնչած քննադատությունը, հակառակը, պիտի հայտարարեր, թե ինքը ժողովրդավարության թեմայով դասընթացների կարիք չունի։  Արևմուտքը չի կարող իրեն չափանիշներ պարտադրել, և ինքն էլ չի պատրաստվում առաջնորդվել որևէ գերտերության ցուցումներով։  Արևմտյան ժողովրդավարներին նա  պատասխանեց կառավարության հերթական նիստին ունեցած ելույթում։ Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, նախկին վարչապետ  Փանահ Հուսեյնը  նկատել է Իլհամ Ալիևի մտահոգությունն ու շփոթվածությունը, ինչը վկայում  է երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում նրա անընդունակ լինելու մասին։  Նա անդրադարձել է նաև նախագահի՝ եվրոպական ինտեգրացիայից հրաժարվելուն, ասելով, որ դրանք հակասում են պաշտպանական դոկտրինային ու երկրի ազգային անվտանգության հայեցակարգին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ տնտեսական վիճակին առնչվող գնահատականին, ապա, Հուսեյնի խոսքով՝ այն չի արտացոլում երկրի իրական վիճակը։ Հարևան երկրում այն համոզմունքին են, որ միջազգային հարթակներում Ադրբեջանին ընդունում են որպես  ցածր վարկանիշ ունեցող պետություն, որը ոչ միայն հրաժարվում է զարգացման ժողովրդավարական ուղուց, այլև իր ագրեսիվությամբ վտանգում է տարածաշրջանի քաղաքական կայունությունը։ Օրերս ադրբեջանական ՙԹուրան՚ գործակալությունը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ չի բացառվում, որ մինչև տարեվերջ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կայանան։ Գործակալությունն այս հետևությանն է հանգել՝ վերլուծելով անցած շաբաթվա վերջին կառավարության նիստի ժամանակ Իլհամ Ալիևի ելույթը։ Վերջինս յուրատեսակ ուղերձ էր արևմտյան ժողովրդավարությանն առ այն, որ ալիևյան վարչակարգն այս փուլում գերադասում է հեռու մնալ Արևմուտքից՝ սահմանափակվելով համագործակցության որոշ տարրերով, ինչպես նաև զերծ մնալով ինտեգրացիոն գործընթացներին  մասնակցելուց,  շեշտել է գործակալությունը։ 

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահն ինքնըստինքյան բացահայտել է նաև իր արտաքին քաղաքականության ռազմավարությունը. արդյո՞ք պետք է ինտեգրվել ճգնաժամ ապրող Եվրոպային, մահմեդական փախստականների հանդեպ երկակի չափանիշներ կիրառող այդ միավորմանը։ Նման հռետորական հարց հնչեցնելով՝ նա մեկ անգամ ևս հաստատել է իր հավատարմությունը իսլամական ծայրահեղականության գաղափարախոսությանը՝ միաժամանակ ցույց տալով Եվրոպա- ՙԻսլամական պետություն՚ հակամարտության վերաբերյալ իր  անփոփոխ  տեսակետը։ 

Այն ժամանակ, երբ Արևմուտքն Ադրբեջանին քննադատում է հակաժողովրդավարական քաղաքականության համար, Մոսկվան ստանձնեց նրան  պաշտպանելու առաքելությունը։ Վերջինս հիմնավորելու համար երկար-բարակ մտածելու կարիք չկա. Կրեմլը շարունակում է  առաջնահերթ համարել հետխորհրդային տարածքի պետությունների հետ համագործակցությունը խորացնելու քաղաքականությունը։  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օրերս ընդգծվեց այն միտքը, որ ՌԴ-ի համար կարևոր չէ՝ նախկին ԽՍՀՄ այս կամ այն երկիրը ՀԱՊԿ անդամ է, թե ոչ, կարևորն այն է, որ Ռուսաստանը բոլոր այդ պետությունների հետ ունի հատուկ պատմական հարաբերություններ, որոնք շատ ավելի սերտ ու խորն են, քան հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև։  Հյուսիսատլանտյան դաշինքի ուղղությամբ արված ակնարկը, բնականաբար, դիտարկվում է  Ռուսաստան-Արևմուտք մրցակցության համատեքստում, բայց քանի որ նախագահ Պուտինն  այդ հայտարարությունն արել է ղարաբաղյան խաղաղ կարգավորման համատեքստում, հետևում է, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը մնում է որպես հարավկովկասյան տարածաշրջանի գործընկեր պետություն։ Այսինքն՝ եթե Արևմուտքի համար թիրախ է հանդիսանում ադրբեջանական ավտորիտարիզմը, ապա Ռուսաստանին այնքան էլ չի հետաքրքրում ժողովրդավարության վիճակն այդ երկրում, քանի որ նրա նպատակն իր տարածաշրջանային շահն առաջ մղելն է։     

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ