Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՈՒՂԵՐՁ ԺՆԵՎԻՑ

ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարը պետք է համագործակցի Ստեփանակերտի հետ

 Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան վերջապես արձագանք գտավ միջազգային կառույցների կողմից։ Ավելին, խոսքը նրանցից առավել խոշոր ու հեղինակավոր կառույցի՝ Միավորված ազգերի կազմակերպության, մասնավորապես՝ Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի մասին է։

Այս բարձր պաշտոնն զբաղեցնող հորդանանցի Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը Ժնևում Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 33-րդ նստաշրջանի բացման առիթով իր ելույթում առանձին պարբերությամբ հիշատակեց Լեռնային Ղարաբաղն ու ապրիլյան իրադարձությունները` ճիշտ է, մի քիչ տարօրինակ համատեքստում։ ՙՄինչև հիմա իմ գրասենյակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի մուտք գործելու հնարավորություն չունի, այդ թվում՝ ապրիլյան դեպքերից հետո։ Որպես հետևանք՝ հնարավոր չէ ստուգել մարդու իրավունքների խախտումների մասին իրարամերժ հայտարարությունները, և վերջին տասնամյակների ընթացքում հարյուր հազարավոր փախստականների ու ներքին բնակափոխ անձանց վիճակը չի ուսումնասիրվել մարդու իրավունքների համատեքստում՝ ոչ իմ գրասենյակի, ո՜չ էլ միջազգային հանրության կողմից՚,¬ հայտարարել է ՄԱԿ¬ի հանձնակատարը։

Ստեփանակերտի ու Երևանի արձագանքը երկար սպասել չտվեց։ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները երբեք խոչընդոտներ չեն ստեղծել միջազգային փորձագետների այցի համար և պատրաստ են ամեն կերպ փոխգործակցել միջազգային այնպիսի հեղինակավոր կազմակերպության հետ, ինչպիսին ՄԱԿ¬ն է։ ՙԿարծում եմ, տվյալ քննադատությունը, առաջին հերթին, ուղղված էր Ադրբեջանին, քանի որ բոլորը քաջ գիտակցում են, թե մարդու իրավունքների հետ կապված ինչ վիճակ է տիրում այնտեղ։ Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, փորձեց ամեն ինչ գլխիվայր շրջել՝ ողջ քննադատությունը բարդել Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունների վրա և ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես հայկական կողմն է խոչընդոտներ ստեղծում Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Ադրբեջանում կան հոլիվուդյան կամ բոլիվուդյան տիպի մի քանի ճամբարներ, որտեղ ապրում են, այսպես կոչված, փախստականներ, ուր ամեն անգամ, ասես ինչ¬որ շոուի են տանում տարբեր մարդկանց, այդ թվում՝ ՄԱԿ¬ի բարձրաստիճան պաշտոնյաների։ Փաստորեն, այդպիսի հայտարարությամբ այս պաշտոնյան Ադրբեջանին ասում է, որ նման շոուն չի կարող արտացոլել իրական պատկերը՚,-ասել է Դ. Բաբայանը։ Նա նաև նշել է, որ այցի իրականացման համար անհրաժեշտ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը, և ակնհայտ է, թե որ կողմն է մինչ օրս խոչընդոտում այդ գործընթացին։ ՙԿարծում եմ, տվյալ հայտարարությունն իր մեջ ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցելու ակնարկ է պարունակում, և մենք պատրաստ ենք համագործակցելու ՄԱԿ-ի հետ՚,- հայտարարել է ԼՂՀ ներկայացուցիչը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, իր հերթին, հայտարարել է, թե հայկական կողմը բազմիցս Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի ուշադրությունը հրավիրել է ապրիլին Ադրբեջանի կողմից իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վրա՝ կոչ անելով անաչառ գնահատական տալ քաղաքացիական և զինվորական անձանց նկատմամբ անմարդկային արարքներին։ Նա նաև հաղորդեց, որ ալ Հուսեյնի ելույթի շուրջ ընդհանուր քննարկումների ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցչությունն ափսոսանք է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ մինչև հիմա Գերագույն հանձնակատարի գրասենյակի գնահատող հանձնաժողովը չի այցելել Լեռնային Ղարաբաղ, և հաստատել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ այցին լիարժեքորեն նպաստելու հարցում։ Բալայանը նույնպես նշել է, որ ՙայցի իրականացման համար անհրաժեշտ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը, և ակնհայտ է, թե որ կողմն է խոչընդոտում գործընթացին՚։

Ինչ վերաբերում է Բաքվի արձագանքին, այն, ինչպես միշտ, չէր համապատասխանում իրողություններին։ ՙՄարդու իրավունքների հարցերով ՄԱԿ¬ի Գերագույն հանձնակատարը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի օկուպացիոն ռեժիմի իշխանություններին մեղադրել է այն բանի մեջ, որ նրանք սահմանափակում են միջազգային դիտորդների ու իրավապաշտպանների մուտքը օկուպացված Ղարաբաղ՚,¬ ուրախությամբ հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ¬ները՝ հղում անելով ՙՄԱԿ¬ի ռադիո՚¬ին։ 

Քանի որ մեր գործընկերները սկզբնաղբյուրից օգտվելու հետ կապված ակնհայտ խնդիրներ ունեն, փոքր-ինչ լուսավորենք նրանց. որքան էլ դա անցանկալի է ազերպրոպի համար, Լեռնային Ղարաբաղին առնչվող մասում Հայաստանի մասին խոսք անգամ չկա։ Եվ դա սկզբունքայնորեն կարևոր է` Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ¬ի Գերագույն հանձնակատարն իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքների ուսումնասիրման համար ընդգծում է հենց ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցությունը։ Սա ալ Հուսեյնի ելույթի գլխավոր և ամենաէական ուղերձն է։ 

Դրա հետ մեկտեղ նշենք մի քանի անհամապատասխանություններ նրա ասածներում։ Եթե հանձնակատարի գրասենյակն, իրոք, շահագրգռված է հակամարտության գոտի այցելելու և իրավիճակն ուսումնասիրելու հարցում, ո՞ւմ են դիմել այդ խնդրով զբաղվող նրա գործընկերները։ Ինչպես մեզ հաղորդել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ստեփանակերտին ոչ ոք այդ հարցով չի դիմել։ Այդ դեպքում, թե ում են հասցեագրված պրն. ալ Հուսեյնի մեղադրանքները, պարզ չէ` չխոսելով արդեն այն մասին, որ հենց Արցախի իշխանություններն ու ժողովուրդն են առաջին հերթին շահագրգռված նրանում, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռեն Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներին։ Ամենևին էլ պատահական չէ, որ բավականին օպերատիվ կերպով պատրաստվել և տարբեր կառույցներ՝ այդ թվում ՄԱԿ են ուղարկվել զեկույցներ՝ պատրաստված, մասնավորապես, Արցախի օմբուդսմենի կողմից, որտեղ հիմնավորվել և համոզիչ կերպով ներկայացվել են ապրիլյան փաստերը։ ՀՀ ԱԳՆ-ի համաձայն, այդ փաստերը միջազգային տարբեր ամբիոններից բարձրաձայնվել են և Հայաստանի ներկայացուցիչների կողմից։ 

Նշենք ևս մեկ, մեղմ ասած, տարօրինակ հանգամանք։ Ալ Հուսեյնի ելույթում հիշատակվում են բազմաթիվ երկրներ, որտեղ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան։ Սակայն այնտեղ խոսք չկա Ադրբեջանի մասին, որտեղ իրավունքի պաշտպանության հետ կապված վիճակը բոլոր վերջին տարիների ընթացքում խստորեն քննադատվում է միջազգային հանրության կողմից։ Բերենք ժամանակի առումով ընդամենը վերջին փաստը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի նստաշրջանի բացման հաջորդ օրը ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցան Ադրբեջանին նվիրված հատուկ լսումներ, որոնց ընթացքում քննարկվում էր այդ թվում և Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցների կիրառումը։ Բայց պարոն հանձնակատարը, ըստ երևույթին, այդ մասին չգիտի։

Միաժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները հաստատ նրա ականջը տարել են ՙհարյուր հազարավոր փախստականների ու ներքին բնակափոխ անձանց՚ մասին խոսակցություններով՝ փորձելով վարկաբեկել հայկական կողմին։ 

Արդյունքում Գերագույն հանձնակատարի գրասենյակը, մի կողմից ցանկանալով ինչ-որ կերպ արձագանքել ապրիլյան իրադարձություններին, մյուս կողմից՝ այդքան շատ լսելով ադրբեջանցիների բողոքները, զլացավ ինչպես հարկն է պարզել իրավիճակը և, փաստորեն, անհարմար դրության մեջ գցեց իր ղեկավարին՝ նրա ելույթի մեջ մտցնելով տարօրինակ ու իրարամերժ հայտարարություններ։ Ակնհայտ են նաև Ժնևում հայկական դիվանագիտական առաքելության բացթողումները, որը պետք է ավելի ակտիվ ու հետևողական լինի ապրիլյան իրադարձությունները և, ընդհանրապես, ղարաբաղյան հիմնախնդիրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդում ներկայացնելու հարցում։

Այդուհանդերձ, դարձյալ ընդգծենք ամենակարևորը՝ համագործակցելու անհրաժեշտության վերաբերյալ Գերագույն հանձնակատարի կողմից հենց Ստեփանակերտին ուղղված ուղերձն ակնհայտ է: Հիշենք, որ հրադադարի կնքումից հետո առաջին տարիներին ղարաբաղյան կողմը բավականին ակտիվորեն համագործակցում էր, այդ թվում, ՄԱԿ-ի հետ։ Այսօր ծայրահեղ անհրաժեշտություն կա վերականգնելու այդ պրակտիկան՝ օգտվելով դրա համար այդքան հարմար առիթից։ Հայկական կողմերի ջանքերը պետք է ուղղված լինեն այն բանին, որ կազմակերպեն գնահատող առաքելության այց Արցախ, որտեղ դեռ թարմ են ապրիլյան սարսափելի վերքերը։ Ի վերջո, նախադեպն էլ կա. ինչպես հիշեցրել է Դ. Բաբայանը, 2004թ. ՄԱԿ-ի ներկայացուցիչներն արդեն այցելել էին ԼՂՀ և ծանոթացել մարդկանց կենցաղին ու կյանքի պայմաններին։ ՄԻԵԴ-ի (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) հայցերի հետ մեկտեղ նման առաքելության զեկույցը կարող է բավականին գործուն միջոց դառնալ միջազգային ասպարեզում ագրեսորին քննադատելու համար՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական տեսակետից։

 Այստեղ, սակայն, մի էական խոչընդոտ կա, որը, առավել հավանական է, արտացոլվեց և ալ Հուսեյնի ելույթում։ Ինչպես դա բազմիցս կրկնվել է նախկինում, Բաքուն կարող է պնդել, որ ՄԱԿ-ի առաքելության այցն Արցախ պետք է իրականացվի ադրբեջանական տարածքից՝ այն հույսով, որ ԼՂՀ իշխանությունները կմերժեն։ Կարծում ենք, սա այն դեպքն է, երբ պետք է համաձայնել, քանի որ հենց Արցախն է առաջին հերթին շահագրգռված նման այցի ու գնահատականների մեջ։ Այն դեպքում, երբ Ադրբեջանին, հակառակը, խիստ  ոչ  ձեռնտու է, որ միջազգային փորձագետներն իրենց աչքով տեսնեն նրանց սանձազերծած ագրեսիայի հետևանքները։ Եվ այդ դեպքում, ինչպես և Գերագույն հանձնակատարի ելույթի դեպքում էր, Ադրբեջանը կարող է հայտնվել չափազանց անհարմար դրության մեջ, երբ Արցախն էլ է հանդես գալիս հակամարտության լիարժեք կողմի դերում, և Բաքվի զինված ուժերի կողմից իրականացված վայրագությունները միջազգային ուսումնասիրության առարկա կդառնան։

 www.golosarmenii.am  

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ