[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՅԱՏԵՎՈՒՄ՝ ՍՊԱՌՎԱԾ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ

Ղարաբաղյան կարգավորման ադրբեջանական տեսլականը 90-ականների Արցախյան պատերազմից մինչև մեր օրերը ոչ մի սրբագրման չի ենթարկվել։

Այն դեպքում, երբ սադրանքների և նոր պատերազմ հրահրելու միջոցով ռևանշի հասնելու քաղաքականությունն արդեն հօդս է ցնդել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում։ Ադրբեջանը սպառեց իր ռազմական ռեսուրսը, իսկ  միջնորդական առաքելություն իրականացնող համանախագահ պետություններն ադրբեջանական կողմին  հասկանալ տվեցին, որ ռազմական գործողությունների վերսկսման բացառումը միայն կարող է նպաստել ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելուն՝ որոշակի հիմք ստեղծելով տարածաշրջանում խաղաղության ու քաղաքական կայունության հաստատման համար։ Վերջին տարիներին ադրբեջանական ոչ պաշտոնական տեղեկատվական աղբյուրներում ակնառու էր մտահոգությունն առ այն, որ էներգակիրների սպառման հետևանքով երկրի տնտեսական վայրէջքը կհանգեցնի խոր ճգնաժամի, ինչն իր անդրադարձը կունենա  ներքին ու արտաքին քաղաքականության վրա։ Նախագահ Իլհամ Ալիևը հարկադրված եղավ կրճատել ոչ միայն ներքին ծախսերը, այլև որոշում կայացնել որոշ երկրներում գործող դեսպանատների և հյուպատոսարանների փակման մասին։ Միջազգային հանրության համար էլ ավելի ակնառու դարձավ նավթագազային ռեսուրսներով պայմանավորված քաղաքականության անհեռանկարայնությունը։ Դրա հետ կապված՝ ուշագրավ զարգացում էր նաև գերհզոր պետություններում ադրբեջանցի լոբբիստների սուտ խոստումների բացահայտումն ու լոբբինգային գործընթացների ձախողումը։     

Ինչ վերաբերում է գաղափարա-քարոզչական ռեսուրսին, ասել է թե՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկումներին, ապա այս հարթությունում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան լիովին ցուցադրել են իրենց էությունը՝ որպես հայատյացություն քարոզող ահաբեկչական ու հանցագործ պետություններ։ Քառօրյա պատերազմը դրա վառ վկայությունն է։  

Ավելորդ չենք համարում անդրադառնալ թուրք-ադրբեջանական տանդեմի վերջին ակտիվացմանը, ինչը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի՝ վառ արտահայտված տարածաշրջանային նկրտումների բավարարում իրականում անհնար է։ Հոկտեմբերի առաջին տասնօրյակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցից հետո առանձնակի ակտիվությամբ գործի լծվեցին թուրքական և ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունները՝ հերթական անգամ միջազգային հանրությանը ներկայանալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տեսլականով։ Եղբայրական պետությունների քարոզիչներն անհաջողություն ունեցան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն ի նպաստ իրենց օգտագործելու հարցում։  Նրա  միտքը, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով  Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ինչպես նաև նպաստելով տարածաշրջանի նորմալ փոխգործակցությանը, դեռևս չի նշանակում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը փոխկապակցել ղարաբաղյան խաղաղ կարգավորման հետ և ամեն ինչ ներկայացնել շուռ տված։  

Գաղափարա-քարոզչական ճակատում ձախողված փորձերից հետո մեր հակառակորդն անցավ դիվերսիոն-հետախուզական գործողություններին, և հոկտեմբերի 20-ին, ժամը 23։00-23։30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում ձեռնարկեց դիվերսիոն ներթափանցման փորձեր։ Պաշտպանության բանակը կասեցրեց ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտեց նրանց ելման դիրքեր։  

Ադրբեջանական հերթական սադրանքը մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դ. Բաբայանը՝ նախևառաջ հայտարարելով, որ այդ երկրի քաղաքականությունը որևէ տրամաբանության չի ենթարկվում։ Ադրբեջանն իրեն պահում է հանցագործի պես. դիվերսիոն փորձերը կապված չեն որևէ կոնկրետ իրադարձության հետ։ Դա Ադրբեջանի էությունն է, և քանի որ մեր հարևանները չեն հրաժարվում իրենց կեցվածքից, ուրեմն, նման քաղաքականությունը շարունակություն է ունենալու։

Արձանագրենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրամանագիր էր ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյին Ստեֆան Վիսկոնտիով փոխարինելու մասին։ Պաշտոնական Ստեփանակերտն այս առնչությամբ հայտարարեց, որ համանախագահի փոփոխության հետ չպիտի կապվի ադրբեջանական հերթական դիվերսիան։ Այստեղ չեն կարծում, թե դա Ֆրանսիայի քաղաքականության մեջ որևէ արմատական փոփոխություն կմտցնի։ Այս պարագայում պետությունն ինքն է որոշել՝ ինչ դիվանագետ ինչ ժամկետում պիտի աշխատի։   

Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 23-ին արդեն Բաքվում էին. Նախատեսված տարածաշրջանային այցը նրանք սկսեցին Ադրբեջանից, որտեղ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հայտարարություն հնչեց Համբուրգում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին։ 

Համանախագահների այցի և ալիևյան քարոզչամեքենայի հնարքների հետ կապված մեկ դիտարկում. ադրբեջանական մեդիա դաշտը և հատկապես իշխանական կլանին սպասարկող լրատվամիջոցները, հավատարիմ իրենց ավանդույթին, նման այցերի նախօրեին տարածում են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող ապատեղեկատվություն, հաճախ էլ այս կամ այն միջնորդին վերագրում են այնպիսի մտքեր ու մեկնաբանություններ, որ կարճ ժամանակ անց ադրբեջանական հարձակումից տուժած կողմը ստիպված է լինում հերքել իրականությանը չհամապատասխանող նորությունը։ Այս անգամ էլ Բաքվի քարոզիչների մտքով նոր բան չանցավ. հորինված տեքստ-տեղեկատվությունն ՙադրբեջանական երազանք՚ թեմայով էր՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների հանձնման, փախստականների խնդիրների և այլնի վերաբերյալ։ Հարկ ենք համարում մեր հարևաններին ուղղակի ասել, որ ժամանակն է հրաժարվել հնացած աշխատաոճից, որը ոչինչ չի տալիս ո՜չ ադրբեջանական և ո՜չ էլ հայկական լսարաններին, հակառակը,  ներկա  իրողությունների համապատկերին ցանկալին որպես իրականություն մատուցելը միայն հեգնանք է հարուցում։ 

Խոսքը վերաբերում է ոչ միայն մեդիա դաշտին, այլև վարչակարգին ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպություններին։ Այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնք կոչված հասարակական միավորման ղեկավար Բայրամ Սաֆարովն օրերս հանրությանն իրազեկել է  ՙչափազանց կարևոր՚ երևույթի մասին, որին մենք այնքան էլ ուշադրություն չենք դարձնում։ Պարզվում է, համանախագահներն  Ադրբեջան այցելելիս կարևորում են Բայրամ Սաֆարովի և նրա կազմակերպության անդամների հետ հանդիպումն ու շփումները՝ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված դետալները քննարկելու համար։ Եվ ահա սույն հասարակական գործիչն ասում է, թե իր կազմակերպության դերը հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև երկխոսություն ծավալելու գործում աներևակայելի մեծ է, և հայկական կողմի պատճառով է, որ չեն կայանում հայերի և ադրբեջանցիների հանդիպումները։ Եթե նման հանդիպումներ անցկացվեն, Սաֆարովի համոզմամբ, հայկական համայնքի խելացի և կիրթ անդամները կհայտնեն Ադրբեջանի կազմում ապրելու պատրաստակամության մասին։ Ամենազվարճալին, թերևս, Սաֆարովի այն միտքն է, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ապրել են շուրջ երկու դար և շատ համերաշխ են եղել ադրբեջանցիների հետ։ Բայց եկեք ու տեսեք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հրահրվել է Հայաստանի ղեկավարության և հայ գործիչների կողմից։

Բայրամ Սաֆարովը և նրա նման վարձու հասարակական գործիչները քաջատեղյակ են, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք գոյություն չունի։ Իսկ եթե ինչ-որ ադրբեջանցիներ այստեղ ապրելու ցանկություն ունեն, այդ գաղափարը կարելի է ի կատար ածել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելուց հետո։ Արցախի պետական դրոշի ներքո մեր պետությունում կարող են ապրել ոչ միայն ադրբեջանցիներ։   

Հարևան երկրի ՙհանճարեղ՚ ուղեղները, կարծում ենք, գիտեն, որ նման կարգի քարոզչական հնարքները հասարակական կարծիք ձևավորելու տեսանկյունից վաղուց սպառել են իրենց։ Ուրեմն, եթե Ադրբեջանի  տիրապետող քաղաքական վերնախավը ներքուստ ընդունում է իր երբեմնի ռեսուրսների սպառվածության փաստը, ապա նրան մնում է ոչ թե ամեն օր մոգոնել մեկ թարմ սուտ՝ սեփական քաղաքացիներին ու միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով, այլ ընդամենը իրականությանը նայել բաց աչքերով։      

Այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական ու քարոզչական ռեսուրսների սպառվածության պայմաններում Ի. Ալիևի՝ միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ պահելու քաղաքականությունը սոսկ սեփական գոյատևումը երկարաձգելու նպատակ է հետապնդում։ Հակառակ ադրբեջանական կողմի՝ խաղաղ կարգավորման գործընթացին խոչընդոտելու քաղաքականության` Ստեփանակերտը շարունակելու է օրակարգում պահել բանակցություններին Արցախի Հանրապետության պարտադիր ներգրավման, ինչպես նաև շփման գծում հրադադարի ռեժիմը պահպանելու նպատակով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման ու ներդրման պահանջը։ 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ