[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ ՊԱՆԹՈՒՐԱՆԻԶՄՆ ԷՐ, ՈՉ ԹԵ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՐՈՆԸ

Վերջերս Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի և Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ հրատարակված ՙՀիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ և դրանց սահմաններից դուրս՚ գիրքը գիտական զեկույցների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համասարանում, 2014թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ: 

 Պրոֆ. Ռիչարդ  Ռուբինշտեյնն իր ՙՀայոց ցեղասպանությունը որպես ջիհադ՚ զեկույցում հայերի զանգվածային սպանությունները վերագրում է քրիստոնյաների դեմ իսլամական մոլեռանդությանը: Սա հաճախ թյուրըմբռնված թեմա է նույնիսկ հայերի կողմից, որոնք հպարտությամբ հայտարարում են, որ իրենք առաջին ազգն են, որ քրիստոնությունը որպես պետական կրոն ընդունել են 301 թվականին: Այս թյուրըմբռնման հիման վրա ստեղծվել է մի ամբողջ բանահյուսություն, որ հայերը նահատակվել են իրենց հավատքի համար և կրոնափոխությունը մերժելու պատճառով: Հաշվի առնելով ներկայիս հակաիսլամական մոլուցքը Միացյալ Նահանգներում և այլուր, որոշ մարդիկ ապակողմնորոշվում են այս սխալ պնդումներով:

Պրոֆ. Ռուբինշտեյնն իր ելույթն սկսում է սխալ հիմնավորմամբ, երբ նկարագում է մի զարհուրելի տեսարան Հոլիվուդում 1919թ. նկարահանված ՙՀոշոտված Հայաստան՚ համր ֆիլմից, որը ցուցադրում է փայտե խաչերին գամված մի քանի մերկ հայ կանանց: Համարելով, որ ՙթուրքերը՚ մտադիր էին նման սարսափելի տեսարաններով որոշակի հակահայկական և հակաքրիստոնեական ուղերձ հղել, պրոֆ. Ռուբինշտեյնը սխալմամբ պնդում է, որ այդ ֆիլմը ՙչէր կարող նկարահանվել առանց թուրքական իշխանությունների ներգրավման և համաձայնության՚:

 Պրոֆ. Ռուբինշտեյնը Հայոց ցեղասպանության կրոնական շարժառիթի իր ենթադրությունները հիմնավորում է այն հանգամանքով, որ ՙՕսմանյան կայսրությունը կառավարվում էր որպես կրոնապետական (թեոկրատական) պետություն, որի գլխին կանգնած էր սուլթանը՝ միաժամանակ որպես պետության և սուննի մահմեդականների ղեկավար՝ խալիֆ, որպես այդպիսին՝ Մարգարեի իրավահաջորդ և իսլամի բարձրագույն պաշտպան՚:

Պրոֆեսորը պնդում է Հայոց ցեղասպանության կրոնական պատճառական գործոնի վրա՝ նույնիսկ հայտնի ցեղասպանագետ Վահագն Տատրյանից մեջբերում անելուց հետո, որը հակասում է իրեն: Ըստ Տատրյանի՝ ՙՄիություն և առաջադիմություն՚ կամ ՙԻթթիհատ՚ կոմիտեի անդամները, որոնք իշխանության եկան 1908 թվականին և կազմակերպեցին Հայոց ցեղասպանությունը, չեն եղել ՙիսլամի սկզբունքների՚ հետևորդներ.... Մինչ ՙԻթթիհատը՚ շարունակում էր պետությունը ղեկավարել հիմնականում որպես կրոնապետություն, նրա առաջնորդները անձամբ աթեիստներ և ագնոստիկներ էին՚: Դժվար է հավատալ, որ բարեպաշտ մահմեդականը կարող էր սպանել որևէ մարդ արարածի, չխոսելով արդեն միլիոնավոր մարդկանց մասին... 

Դոկտ. Ռուբինշտեյնն ընդգծում է իսլամի գլխավոր դերը թուրքերի կողմից հայերի զանգվածային ջարդերի մեջ, թեև նա ընդունում է, որ ՙ[Ռոնալդ] Սունին և այլ մասնագետներ պնդել են, որ արյունահեղ միատարրության հիմնական դրդապատճառը եղել է ազգայնականությունը, և կասկած չկա, որ մեծ դեր է խաղացել արմատական ազգայնականությունը՚: Ռուբինշտեյնն անտեսում է պանթուրքական ազգայնականության հարցը, պնդելով, որ ՙՙէթնիկ զտումների՚ ծրագրերի համար ամենակարևոր շարժառիթը եղել է կրոնական և, հատկապես, իսլամի որոշ ասպեկտների անփոփոխ բնության հետևանքով՚:

Ցույց տալու համար, որ թուրք ղեկավարների նախագծերում հիմնական որոշիչ գործոնը եղել է կրոնը, պրոֆ. Ռուբինշտեյնն ասում է. ՙ1914թ. նոյեմբերի 2-ին Օսմանյան կայսրությունը պատերազմ հայտարարեց Անտանտի երկրներին՝ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և նրանց դաշնակիցներին: Նոյեմբերի 13-ին, օսմանյան սուլթանը, որպես խալիֆ, հանդես եկավ ջիհադի կոչով: Հաջորդ օրը Մուսթաֆա Հայրի բեյը, շեյխ-ուլ-իսլամը, և Օսմանյան աշխարհում  սուննի կրոնական իշխանության առաջնորդը պաշտոնական (և հրահրիչ) ջիհադ հայտարարեցին ՙընդդեմ անհավատների և իսլամի թշնամիների՚: Ջիհադի գրքույկներն արաբերենով բաժանվեցին նաև ամբողջ մուսուլմանական աշխարհի մզկիթներում, որոնք պարունակում էին գործողությունների մանրամասն ծրագիր ՙանհավատների՚ սպանության և բնաջնջման համար, բացառությամբ Գերմանիայի՝ պատերազմի ժամանակ կայսրության դաշնակցի քաղաքացիների: Մահվան ջոկատները և դրանց ղեկավարները ՙոգևորված էին ջիհադի գաղափարախոսությամբ և եվրոպական ազգայնականության ազդեցությունը կրող պանթուրքիզմով՚: Չնայած ջիհադի գործնական ազդեցությունը զանգվածների վրա սահմանափակ էր՝ ՙայն ավելի ուշ հեշտացրեց հայ ժողովրդի դեմ կառավարության իրականացրած ցեղասպանության ծրագիրը՚:

Պրոֆ. Ռուբինշտեյնը չի ըմբռնում այն տեսակետը, որ կրոնական մոլուցքն ավելի շուտ շահարկվում էր մոլեռանդ թուրք խուժանի կրքերը բորբոքելու համար՝ նրանց հրահրելով հայերի դեմ, քան հանդիսանում էր Հայոց ցեղասպանության պատճառ:

 Կրոնի փոխարեն հայերի ոչնչացման առաջնային դրդապատճառ եղել է նրանց վերացումը որպես թուրքացման արգելակ և խոչընդոտ՝ մինչև Կենտրոնական Ասիա հասնող պանթուրանական կայսրության հաստատման թուրք ղեկավարների մեծ ծրագրի: Չնայած մահմեդական լինելուն՝ նաև բազմաթիվ քրդեր են սպանվել միայն այն պարզ պատճառով, որ նրանք թուրք չէին… 

 Քրիստոնյա հայերը երբեք խնդիր չեն ունեցել բարեպաշտ մահմեդականների և նրանց դավանանքի հետ: Ի դեպ, Հայոց ցեղասպանության բազմաթիվ վերապրածներ ապաստան են գտել մահմեդականների մոտ՝ Եգիպտոսում, Իրանում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում, Պաղեստինում և Սիրիայում: Հայերը լավ են հիշում Մեքքայի Շարիֆ ալՀուսեյն իբն Ալիին, որը 1917 թ. հրաման արձակեց, պարտավորեցնելով մահմեդականներին պաշտպանել ցեղասպանություն վերապրած  հայերին այնպես, ինչպես կպաշտպանեն իրենց սեփական ընտանիքները: 

Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից հայերի բնաջնջման ծրագրի շարժառիթը ավելի շուտ ոչ թե պանիսլամական մոլուցքն էր, այլ պանթուրքական մոլեռանդ ազգայնականությունը...

 

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 

ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր