[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ կամ՝ Բաքուն, ինչպես միշտ, զբաղված է աճպարարությամբ

Այո, կա այսպիսի ցուցանիշ, բայց ոչ սպորտի բնագավառում, այլ՝ քաղաքականության։ Եվ միակ ու անկրկնելի հավակնորդը Ադրբեջանն է։

Բաքվի հանցագործ վարչախմբի անկանխատեսելիության մասին աներկբայորեն վկայել են մեծ թվով երկրներ, այդ թվում նաև նրանք, ում շահերը թվում է թե համընկնում են ֆաշիստականի վերածվող այս երկրի պարագլուխներին։ Ամեն անգամ, այս կամ այն մակարդակի հանդիպումների նախօրեին անցնելով միջնորդներին ու շահագրգիռ կողմերին շանտաժի ենթարկելու իր ավանդական քաղաքականությանը, պաշտոնական Բաքուն հերթական անգամ, ի լուր աշխարհի, իր սադրիչ քայլերով վկայում է, որ ոչ միայն դեմ է խաղաղ բանակցային գործընթացին, այլև առհասարակ՝ ցանկացած փոխզիջման։ 

Եվ նման ՙռազմավարական՚ քայլերն էլ ամրագրում է շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիոն ներթափանցման հերթական փորձի ցուցադրությամբ։ Վերջինը եղավ հոկտեմբերի 20-ի գիշերը՝ հակամարտ զորքերի դիմակայության արևելյան և հարավային ուղղություններում (այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին առաջիկա օրերին տարածաշրջան այցելելու իրենց մտադրության մասին)։ Ժամանակին ֆիքսելով ազերական հատուկ ջոկատայինների շարժը՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներն արժանի հակահարված են հասցրել և վերջիններին կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել ելման դիրքեր։ 

Ի դեպ, մեզ համար առավել ցավոտ հարցի՝ ԼՂ հինգ շրջաններն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հարցին ի պատասխան ռուսաստանցի համանախագահը միանգամայն հասկանալի ձևակերպմամբ ասել է հետևյալը. ԼՂ հիմնախնդրի լուծումը պետք է դիտարկել կարգավորման բոլոր տարրերի հետ համակարգված ձևով, այդ թվում՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշումը։ Կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է, և դրանից այս կամ այն կողմի համար նախընտրելի առանձին տարրեր հանելու ցանկացած փորձ ապակառուցողական է։

Դրանից էլ պարզ բացատրությո՞ւն։ Ինչ մնում է տարածքների հանձնմանը, ապա, որոշ հայ փորձագետների կարծիքով, ԼՂ հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները, այսպես թե այնպես՝ պետք է վերանայվեն. ապրիլյան դեպքերից հետո միանշանակ անհրաժեշտություն կա լրջորեն վերանայել այն փոխզիջումները, որոնք  տեղ էին գտել այդ փաստաթղթում։

Սադրիչ գործողությունների, անհիմն հայտարարությունների սիրահար Ալիևն օրերս  ՙՌԻԱ    Նովոստի՚ գործակալությանը տված հարցազրույցում պատրաստակամություն էր հայտնել ՙինքնավարության կարգավիճակ շնորհել՚ Լեռնային Ղարաբաղին։ Մթամ, տեսե՛ք¬տեսեք՝ Բաքուն ևս դեմ չէ փոխզիջման տարբերակին։ 

Այդ փոփոխությունը ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը ՙառաջընթաց՚ է որակել։ Եթե նման դինամիկան շարունակվի, ապա մի քանի ամսից Ալիևը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և դա, ըստ քաղաքագետի, ամենահամարժեք քայլը կլինի։ Անդրադառնալով  ինքնավարության տրամադրման ալիևյան աճպարարության հերթական  դրսևորմանը, Բաբայանը խորհուրդ է տալիս Ադրբեջանի իշխանություններին՝  ինքնավարություն տալ այդ երկրում  ապրող ազգային փոքրամասնություններին, որոնք  ապրում են  ուժեղ ճնշման  տակ և գրեթե  համակենտրոնացման ճամբարների պայմաններում։

Հիմնախնդրի լուծման տրամաբանական ելքն ավելի ու ավելի է տեսանելի դառնում, մանավանդ որ Իլհամ Ալիևը վերջին օրերին հանդես եկավ ամենասենսացիոն հայտարարությամբ, այն է՝ միջազգային հարթակներում (փակ դռների ետևում) իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը, ապա կտրիճավարի հավելեց, որ քանի ինքը Ադրբեջանի ղեկավարման վահանակի մոտ է, երբեք այդ քայլին չի գնա։

Խեղճ մարդ։ Նկատել տանք, որ ադրբեջանական որոշ էքս - պաշտոնյաներ Իլհամի այդ քայլը համարում են բարդ իրավիճակում նրա շփոթվածության, չկողմնորոշվելու արդյունք։

 Իսկ մենք ավելի քան համոզված ենք, որ վերջին շաբաթների զարգացումներն ու ՙաննախադեպ՚ հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ բազմիցս փորձարկված աճպարարության արդյունք։ Միջազգային հանրությանը, խաղաղարար առաքելությամբ հանդես եկող միջազգային կառույցներին և, վերջապես , սեփական ժողովրդին հիմարացնելու անհեռանկար խաղով տարված Ադրբեջանի նախագահը, ի վերջո, համարժեք վերաբերմունքի կարժանանա։ Իրոք, որ նման ՙփոխզիջումը՚  առաջընթաց կարելի է որակել. չէ՞ որ կրտսեր Ալիևն ընդհանրապես բացառում էր հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակը՝ այդ պարագան հիմնավորելով տարածքային ամբողջականության մասին բազմիցս ՙչարչրկված փաստարկով՚։

Այսպես թե այնպես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար գործընթացն ընդհարմությունից դուրս եկավ. համանախագահների այցը տարածաշրջան ասվածի վկայությունն է։ Ավելին, համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարություն են տարածել, ըստ որի ծրագրվում է առաջիկա դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ  նախարարական խորհրդի հերթական նիստի օրերին հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ քննարկելու նախագահների հնարավոր հանդիպումը։ 

Ինչ կստացվի դրանից՝ ցույց կտա ժամանակը։ 

Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ