[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՎՈԵՎՈԴՍԿԻ. ՂԱՐԱԲԱՂԸ ՎԱՍՏԱԿԵԼ Է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

- Պրն Վոեվոդսկի, որպես Ղարաբաղյան շարժման վետերան, Դուք հրավիրված էիք ԼՂՀ անկախության 25-ամյակի տոնակատարությանը։ Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք` բնիկ լենինգրադցի, ակտիվ մասնակցություն ունեցաք ռուս մտավորականության շարժմանը` ի սատարումն Ղարաբաղի անկախության։

 - Նախ, կուզենայի իմ երախտագիտությունը հայտնել ԼՂՀ իշխանություններին այն բանի համար, որ նրանք չմոռացան իմ նախկին վաստակը և բարձր գնահատեցին այն, թեև այսօր ես գործնական օգուտ չեմ բերում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան շարժմանն իմ մասնակցությանը, այդ հարցն ինձ հաճախ են տալիս, հետաքրքրվում են, թե պատահաբար հայի արյուն չկա՞ մեջս։ Ու այդ հարցին ես միշտ պատասխանում եմ անկեղծ, զուտ ռացիոնալ կերպով, և դա քարոզչական հնարանք չէ։ Բանն այն է, որ այն տարիներին ղարաբաղյան հիմնախնդիրը շատ բնորոշ էր այն ամենին, ինչը տեղի էր ունենում ԽՍՀՄ-ում, չնայած շատ առումներով այն բացառիկ էր։ Դա ժողովրդավարական հնարքների, ընդդիմադիր-ժողովրդավարական շարժման, անգամ ճնշման հնարավորությունների յուրատեսակ փորձարկում էր... Եվ ես բացարձակապես վստահ եմ, որ խորհրդային իշխանությունը որևէ այլ տեղ այդքան սխալներ թույլ չի տվել ու այդքան հիմարություններ չի արել, որքան հենց Ղարաբաղում։ Բայց ես հանգամանորեն կանգ չեմ առնի այդ հարցին, քանի որ դա ավելի շուտ քաղաքական վերլուծություն կլիներ, որն այսօր բացառապես պատմական արժեք է ներկայացնում։

1988թ. փետրվարի վերջին, թերթում ինչ¬որ բան կարդալով Ղարաբաղյան շարժման մասին, պարզապես ոչինչ չհասկացա։ Բայց Երևանում ես հին ընկերներ ու գործընկերներ ունեի, զանգեցի նրանց, հարցրի՝ ինչ է կատարվում։ Նրանք ասացին՝ արի։ Ես եկա։ Նախկինում իրար հետ երբևէ չէինք խոսել Ղարաբաղի մասին։

-ԽՍՀՄ-ում համանման այլ խնդիրներ էլի կային, բայց, Ձեր կարծիքով, ինչո՞ւ մեր նախկին հայրենիքի պատմության մեջ առաջին անգամ հենց Ղարաբաղում սկիզբ առավ անկախության համար շարժումը։ 

-Ինչ որ հնարավոր էր այդ հարցի շուրջ ընթերցել, ես ընթերցել էի։ Խնդիրն, իրոք, շատ լուրջ էր, բայց գլխավորը՝ Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու հարցը, չափազանց կարևոր էր հայ ժողովրդի համար։ Դա համազգային միահամուռ պոռթկում էր, Ղարաբաղյան շարժումն արտացոլում էր ողջ հայ ժողովրդի շահերն ու ակնկալիքները։ Հակառակ դեպքում դա ընդամենը ինչ-որ ինտրիգ կլիներ։ Բնականաբար, կային մարդիկ, ովքեր ամեն ինչ խորը մտածել էին, նրանք հույսեր էին կապում շարժման հաջողության հետ և հիմքեր ունեին ենթադրելու, որ գործընթացն այդ ավելի հարթ ու անհիվանդագին կլինի։ Բացառված չէ, որ որոշ հարցերի շուրջ նախապես վերապահումներ կային։  Հավանաբար, Կրեմլում նախ հուսադրել, ապա չեն կատարել իրենց խոստումները։ Այն տարիներին հավաստի տեղեկատվություն ստանալը գրեթե անհնար էր, բայց, եթե հավատանք զրույցներին, հայկական ոմն ոի պատվիրակություն կար, որը Մոսկվա է բերել 80000 ստորագրություններ՝ Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու պահանջով, և պատվիրակներին խոսքով սատարեցին։ Հետո բոլորն իրենց ասածից հետ կանգնեցին։ Սակայն շարժումն արդեն անհնար էր կանգնեցնել։ Կրկնեմ՝ Ղարաբաղյան շարժումը համազգային միահամուռ պոռթկում էր, սեփական շահերի համար մինչև վերջ պայքարելու պատրաստակամություն կար, այլապես արդյունքները բոլորովին տարբեր կլինեին։ Պետերբուրգում ես ապրում եմ Վասիլևյան կղզում ու նրա մեծ հայրենասերն եմ։ Անկեղծ ասած, ես շատ կցանկանայի, որ այն առանձնանար Պետերբուրգից։ Ավելին, ես ունեմ համախոհներ, իսկ ժամանակ առ ժամանակ մամուլում հայտնվում են հոդվածներ, որոնք սատարում են այդ գաղափարը։ Սակայն հարցին ողջամտորեն մոտենալով, հասկանում եմ, որ գաղափարը դատապարտված է ձախողման, այն բավարար քանակությամբ կողմնակիցներ չի ունենա, և ես պարզապես դրանով չեմ զբաղվում։ Ղարաբաղյան շարժման դեպքում ամեն ինչ այլ էր։ Ողջ հայ ժողովրդի համար դա կենաց ու մահու խնդիր էր։ 

Երբ 1988թ. փետրվարի վերջին-մարտի սկզբին հայտնվեցի Հայաստանում, դա բոլորովին այլ երկիր էր։ Հակառակ ծայրաստիճան լարվածությանը, ազատության, անգամ ինքնավստահության համընդհանուր զգացում կար։ Ինչ-որ բանաձևեր էին պատրաստվում, տարբեր կոլեկտիվներ, այդ թվում՝ Գիտությունների ակադեմիայի կոլեկտիվը, ժողովներ էին անցկացնում։ Ու կոլեկտիվը ղեկավարության գլխավորությամբ կարող էր հավաքվել ու միաձայն որոշում կայացնել՝ արդեն ոչ թե վերևից եկած հրամանով, այլ, ավելի շուտ՝ հակառակը։ Եվ այդ տրամադրությունն ինձ համակեց։ 

Դա այնքան տարբեր էր այն ամենից, ինչն այն ժամանակ տեղի էր ունենում Ռուսաստանում, որտեղ մտավորականությունն ակտիվ քննարկում էր ԽՄԿԿ պատմություն դասավանդող մի քիչ անհավասարակշիռ Նինա Անդրեևայի նամակը, ով ոչ մի կերպ չէր կարող հրաժարվել մարքսիստական սկզբունքներից։ Ողջ այդ քաշքշուկն այնքան անհեթեթ ու ձանձրալի էր թվում, այնքան նվաստ այն համապատկերին, ինչը տեղի էր ունենում Հայաստանում, որ ես չէի կարող չմիանալ Ղարաբաղյան շարժմանը։ Հետագա դեպքերն ավելի դրամատիկ ընթացք էին ստանում։ 

Սումգայիթում արյուն հեղվեց։ Զայրացուցիչ էր այն կեղծիքը, որով ներծծված էին այդ իրադարձությունների բոլոր մեկնաբանությունները մոսկովյան ԶԼՄ¬ներում։ Ես եկա Լենինգրադ, պատճենահանեցի մի քանի փաստաթղթեր, որոնք Հայաստանում ձեռքից ձեռք էին անցնում, չէ՞ որ Ռուսաստանում մարդիկ պարզապես չէին հասկանում՝ ինչի մասին է խոսքը, և ես ցանկանում էի արժանահավատ տեղեկատվություն հասցնել նրանց։ 

Սկսեցի համախոհներ փնտրել, բայց նրանք քիչ էին։ 1990թ. ես ծանոթացա Իգոր Եվգենևիչ Բաբանովի հետ, ու մենք հասցրեցինք ընկերներ ու համախոհներ դառնալ։ 1991թ. առաջին անգամ եղա Ղարաբաղում, այն ժամանակ այնտեղ արդեն սկսում էին հաճախել տարբեր մարդիկ, որոնցից շատերն, իրոք, ցանկանում էին հասկանալ` ինչ է կատարվում։ Երևանում կայացավ Մարդու իրավունքների միջազգային կոնգրեսը։ Ներկա էին բազմաթիվ պատվիրակություններ, այդ թվում՝ արտասահմանյան, կազմակերպվեց  ուղևորություն դեպի Շահումյանի շրջան։ 1991¬ին ես դիտորդ էի Ղարաբաղում անցկացված հանրաքվեին, որից հետո այդ հարցերի շուրջ բազմաթիվ հոդվածներ հրապարակեցի։

-Ձեր տպավորությունները Ղարաբաղ կատարած վերջին այցից։ 

-Դա զբոսաշրջիկի ու ամբիոնին կանգնած հյուրի տպավորությունների միջինն է։ Հասկանալի է, որ, հնարավոր է, ամեն ինչ չէ իդեալական, ինչ-որ ոչ այնքան հուսադրող մի բան մնացել է կադրի հետևում։ Բայց ամեն դեպքում տպավորությունները դրական են։ Այնտեղ կային համակրելի, հյուրասեր մարդիկ, ովքեր անկեղծորեն տոնում էին իրենց պետության հոբելյանը, որի անկախության համար նրանք արյուն են թափել։ Ստեփանակերտը վեր է հառնել ավերակներից, Շուշին դանդաղ, բայց, այնուամենայնիվ, վերածնվում է։ Հաճելի տպավորություն են թողնում Ղարաբաղի դպրոցները։ Իսկ ղարաբաղցիների արիությունը, իրենց հողը պաշտպանելու պատրաստակամությունը մշտապես հարգանքի են արժանի։ 

-Հետխորհրդային տարածքում ի հայտ են եկել մի քանի չճանաչված պետություններ։ Ձեր կարծիքով, Ղարաբաղն ինչ-որ ձևով տարբերվո՞ւմ է նրանցից։

-Կարծում եմ, ի տարբերություն ԼՂՀ¬ի, որն, իրոք, կայացել է, նրանք բոլորը չեն կարող գոյություն ունենալ ինքնուրույն։ Բնականաբար, այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները, և լիակատար մեկուսացում չի կարող լինել։ Բայց չարիքի արմատը, այսպես կոչված, միջազգային հանրության կողմից այդ կրկին գլուխ բարձրացրած ինքնուրույնությունը գրեթե ամբողջապես չընդունելու մեջ է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ԼՂՀ-ին, ապա այն անցել է կայացման ամենածանր ուղին և առաջին հերթին է արժանի ճանաչման։ 

Հակառակ կողմում Ղրիմն է։ Այո, ղրիմցիները բողոքում էին Ուկրաինայից, որոշակի դժգոհություն կար, բայց իրենք իրենցով մինչև վերջ չէին պայքարի Ռուսաստանին միանալու համար, ինչն, ի դեպ, ոչ մի կերպ չի արատավորում նրանց։ Բոլորովին պարտադիր չէ, որ բոլորը լինեն սկզբունքային պայքարողներ ու մարտիկներ։ Ղարաբաղը հնարավորինս մեծ շարժառիթ ունի։ Բայց բոլոր դեպքերում միանգամայն սխալ եմ գտնում այն մոտեցումը, երբ այդ տարածքների բնակչության հետ վերաբերվում են որպես երկրորդ կարգի մարդկանց։ Նրանք միայն բանակցային գործընթացին չէ, որ չեն մասնակցում։ Ինչո՞ւ Ղրիմի բնակիչները երկրից դուրս գալու հետ կապված խնդիրներ պետք է ունենան` անկախ նրանից՝ նրանք Ուկրաինան են սիրում, թե Ռուսաստանը։ 

Ինչո՞ւ չկարողանալ բուժվելու համար արտասահման մեկնել։ Ինչո՞ւ նրանք ստիպված են երկու անձնագիր պահել, որոնք, կախված իրավիճակից, հանվում են տարբեր գրպաններից։ Ինչո՞ւ բնակչությունը շրջափակման ու բոյկոտների պետք է ենթարկվի։ Ճիշտ կլիներ ինչ¬որ միջանկյալ կարգավիճակ մտցնել, որը թույլ կտար այդ խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով՝ անկախ նրանից՝ որքան երկար կտևի դա, այն պայմանով, որ բնակչության համար ընդունելի կյանք ապահովվի։

-Ի՞նչ կասեք քառօրյա պատերազմի մասին։

-Ես քիչ տեղեկության եմ տիրապետում, բայց հասկացա, որ 1994 թվականի համեմատ Ադրբեջանը տեխնիկապես շատ լավ հագեցած է, բայց ղարաբաղցիներին նրանք անակնկալի չբերեցին։ Այո, հողի մի փոքր հատված մնաց նրանց մոտ, բայց ես այնքան էլ չեմ պատկերացնում այն վերադարձնելու հետևանքներն ու գինը։  Անբարո կլիներ պնդել, որ այդ հողի համար արժեր ևս 100 կյանք զոհաբերել։ Շատ բան հայտնի չէ։ Այնքան էլ պարզորոշ չէ Ռուսաստանի դերը, արդյո՞ք ուժի ճնշում բանեցնող մասնակից չկար այդտեղ, որի միջամտությունն անիմաստ է դարձնում՝ արժե՞ պատերազմը շարունակել, թե՞ ոչ, հարցի քննարկումը։ Կարևոր է և այն, թե պարտերազմի արդյունքներն ինչպես են ներկայացվել ադրբեջանական հասարակությանը։ Հնարավոր է, մարտի դաշտում նրանց մեծ կորուստները հաջողվել է ինչ-որ կերպ քողարկել, և այնտեղ այդ իրադարձություններն ընկալվում են որպես ոգևորիչ հաջողություն։

-Ի՞նչ ոգևորիչ հաջողության մասին կարող է խոսք լինել Ադրբեջանի նման հսկայական կորուստների դեպքում, եթե նրանց մոտ բանը հասել է արգելափակիչ ջոկատներին։

-Շատ կցանկանայի մտածել, որ այդ փորձը նրանց համար լավ դաս կդառնա։

-Ինչպիսի՞ն է, այնուամենայնիվ, Ռուսաստանի դերը։ Դարձյալ անըմբռնելի՞։

-Դիրքորոշումը հստակ է։ Առանց էքսցեսների։ Դա արդեն վատ չէ։ Ղարաբաղցիները պետք է ապրեն, կառուցեն իրենց երկիրը, ապահովեն նրա անվտանգությունը։ Ոչ միայն ռազմական։ Կռվելու և ուժեր գտնելու համար անհրաժեշտ է, որ այդ երկրում պաշտպանելու բան լինի, որպեսզի մարդիկ այնտեղ ապրեն, աշխատեն, սովորեն, զարգանան, որպեսզի ավելի քիչ լինեն հիասթափություն պատճառող գործոնները։ Իսկ ահա ես մեծ եռանդով եմ լցվում, երբ հայտնվում եմ ղարաբաղյան դպրոցում, ես գիտեմ՝ ինչ անել այդ երեխաների հետ։ Կան նախանշաններ, որոնք խանդավառություն են հարուցում, նշանակում է` այդ ցանկությունը հիմնավորված է։  Աշխատելով Լենինգրադի համալսարանում, ես շնորհալի երեխաների համար մաթեմատիկական հեռակա դպրոց եմ ղեկավարում, այդ իսկ պատճառով շատ կցանկանայի աշխատել ղարաբաղցի դպրոցականների հետ։ Ղարաբաղի ժողովրդին կցանկանայի մաղթել խաղաղություն, կայունություն և առաջընթաց։ Նա վաստակել է դա։ 

 

Հարցազրույցը` 

Գայանե ՍԱՐՄԱՔԵՇՅԱՆԻ

ՙԳոլոս Արմենիի՚