[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՒՄ ՄԱՐԳԻՆԱԼԱՑՎԱԾ ԵՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՎ ՆՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԸ

Ամերիկացի հանրահայտ քաղաքագետ ու պետական գործիչ, նախկինում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով  խորհրդական Զբիգնև Բժեզինսկին հայտնի է նաև նոր աշխարհակարգի իր ընկալումներով ու տեսլականով։

Նրա համոզմամբ՝ Սիրիայի խնդիրը կայանում է նրանում, որ այն կարող է ունենալ ապակայունացնող ազդեցություն՝ հեռուն գնացող հետևանքներով։ Պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ասել է նա, այն, որ Իրաքն իրականում կդառնա սունիների ու շիաների միջև լայնամասշտաբ հակամարտության մաս, ինչպես նաև այն, որ լուրջ ընդհարումներ կարող են սկսվել մեր և իրանցիների միջև։ Ես գտնում եմ, որ խաղադրույքները  բարձր են, իրավիճակն՝ առավել քիչ կանխատեսելի, և ամերիկյան հզորության օգնությամբ այնքան էլ արդյունավետ չէ իրավիճակը Սիրիայի սահմաններում վերահսկելը։ Այս մտքերը նա արտահայտել է 2013-ի հուլիսին։       Ուշադրություն դարձնենք նաև Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ մեկ տարի առաջ արտահայտած մտքերին։ Թուրքական հեռուստաալիքներից մեկը նրան խնդրել է նկարագրել իր դավանած իսլամի և ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման դավանած իսլամի տարբերությունները։  Անսպասելի հարցից վարչապետը  շփոթվել է և ասել, որ ոչ մի տարբերություն չկա։  Հետո որոշել է պարզեցնել միտքը, բայց հայտնվել է ծիծաղելի վիճակում. մեր դավանած իսլամի և ԴԱԻՇԻ (ՙԻսլամական պետության՚ արաբական անվանումը) միջև ոչ թե 180, այլ 360 աստիճանի տարբերություն կա։ Դավութօղլուի քաղաքական հակառակորդները ծաղրել են նրա հայտարարությունը՝ մատնացույց անելով երկրաչափությունից նրա անբավարար գիտելիքները։ Հումորը մի կողմ դնենք և փորձենք տեսնել  այս պատմության մեջ առկա  ճշմարտությունը. Թուրքիայի դեմոկրատացման երբեմնի տեսությունն ամբողջովին լուսանցք է մղվել նեոօսմանիզմի գաղափարախոսության կողմից։  Փաստ է նաև, որ Դավութօղլուն, ով հայտնի է իր ՙՌազմավարական խորություն՚ գրքով և համարվում է Թուրքիայի հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու կողմնակից, նախագահ Էրդողանի կողմից դուրս է մղվել իշխանական բուրգից։  Ըստ  ներկայիս իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության, որը հենվում է մահմեդական սունի ուղղության գաղափարախոսության՝ վրա, Թուրքիան վերածվում է առաջնորդի այն տարածաշրջաններում, որոնք նախկինում ընդգրկված էին Օսմանյան կայսրության տարածքում, այսինքն՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածը, Հյուսիսային Աֆրիկան ու Միջագետքը։ Այստեղից կարելի է  ենթադրել, որ նման մոտեցման հիմքում ոչ թե պատմա-աշխարհագրական իրողություններն են, այլ կրոնական դրդապատճառները։ Ռեջեփ Էրդողանի  տեսլականը 21-րդ դարի Թուրքիայի տեղի ու դերի մասին բավականաչափ հստակ է և նախազգուշացնող։     

Այս նախաբանից անցնենք մերձավորարևելյան տարածաշրջանի վերջին զարգացումներին, որոնք վկայում են ոչ միայն սիրիական հակամարտության գոտում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների նոր սրացման մասին։ Բոլորովին վերջերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում ունեցած իր մամուլի ասուլիսում հայտարարեց, թե Ռուսաստանը և Բաշար ալ-Ասադի ռեժիմն ամեն օր հանցագործություններ են կատարում մարդկության և Սիրիայի դեմ։ Այդ գոտում տեղի ունեցող իրադարձությունները նա բնորոշել է որպես ամենամեծ հումանիտար աղետը՝ Երկրորդ աշխարհամարտից ցայսօր։  

Թուրքական աղբյուրները հաղորդել են նաև, որ՝ հոկտեմբերի 20-ից Հյուսիսատլանտյան դաշինքի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները վերահսկողության տակ են առել Թուրքիայի օդային տարածքը՝ չմտնելով Իրաքի և Սիրիայի տարածքները։ Նույն աղբյուրների տվյալներով՝ գործողության նպատակը Դաշինքի ինքնաթիռների անվտանգության պահպանումն է։

Դաշինքի այդ գործողության ձեռնարկումից մեկ շաբաթ անց էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ՙԻսլամական պետության՚ դեմ ձեռնարկվող գործողություններն Իրաքի հետ համակարգելու մասին։ Օբաման ողջունել է Թուրքիայի և Իրաքի միջև երկխոսության շարունակումն այն մտայնությամբ, որ կանխորոշվի Թուրքիայի մասնակցության մակարդակն ու ձևը Դաշինքի ջանքերին Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարում։ Այս մասին տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայության վրա։ Վերջինիս փոխանցմամբ՝ երկու առաջնորդները հաստատել են իրենց աջակցությունն Իրաքի ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ 

Որ Հյուսիսատլանտյան դաշինքը սիրիական հակամարտության գոտում գործողություններ է ձեռնարկում ռուս-թուրքական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով, դուրս է կասկածից։ Դրան հասնելու համար Միացյալ Նահանգներն իր վրա է վերցրել Թուրքիայի և Իրաքի միջև տարաձայնությունները հնարավորինս նվազագույնի հասցնելու և երկխոսությունը շարունակելու առաքելությունը։ Ավելի վաղ  ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Թուրքիան ու Իրաքը համաձայնության են հասել Մոսուլում ռազմագործողություն իրականացնելու շուրջ։ 

Արդյո՞ք օվկիանոսի այն կողմից հնչած քաղաքական հայտարարություններում արտացոլված է իրականությունը։ Իհարկե` ոչ  Աշխարհն օրերս Էրդողանի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Մոսուլ քաղաքի նկատմամբ ունեցած հավակնությունների ցուցադրման ականատեսը դարձավ։ Ինչպես գիտենք, Իրաքի այդ կարևորագույն քաղաքը գրավվել է երկու տարի առաջ՝ ՙԻսլամական պետության՚ գրոհայինների կողմից։ Հայտնի է նաև, որ պաշտոնական Բաղդադը պահանջել է Անկարայից զորքերը դուրս բերել Իրաքից։  Ստացվել է այնպես, որ  ԱՄՆ-ն ոչ թե նվազեցնում է Իրաքի և Թուրքիայի միջև տարաձայնությունները, այլ ակնհայտորեն սրում է դրանք։ Մենք հնարավորություն ունենք հետևելու Թուրքիա- ԱՄՆ- Իրաք  հարաբերությունների հետագա զարգացմանը։

Վերոշարադրյալն, անշուշտ, դիտարկում ենք  սիրիական հակամարտության գոտում Միացյալ Նահանգներ-Ռուսաստան աշխարհաքաղաքական մրցակցության խորապատկերին։ Այս տեսանկյունից ակնառու են ԱՄՆ-ի՝տարածաշրջանի ակտիվ խաղացողներ Թուրքիայի և Իրաքի հետ միասնական գործողություններ իրականացնելու ջանքերը։ Դրա հետ մեկտեղ երևակվում է Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածությունը։ Մի խոսքով՝ սա կատաղի պայքար է մերձավորարևելյան տարածաշրջանում գլխավոր դերակատարի կոչման ու  նաև տեղի ու դիրքի համար։ Ամերիկյան ակտիվությունն, անկասկած, թուրքական ախորժակը սահմանափակելու նպատակ է հետապնդում։  

Անդրադառնանք Մեծ Մերձավոր Արևելքի  ամերիկյան տեսլականին։ Գնահատելով Բարաք Օբամայի վարչակարգի ձեռնարկած քայլերն ու տարածաշրջանային քաոսը՝ նոր աշխարհակարգն ուրվագծած Բժեզինսկին  հռետորական հարց է հնչեցրել. ինչո՞ւ մենք հանկարծակի որոշեցինք, որ Սիրիան պետք է ապակայունանա, և Բաշար ալ-Ասադի կառավարությունը՝ տապալվի։ Սա երբևէ պարզաբանվե՞լ է ամերիկյան ժողովրդին։ Բոլոր իրողությունները պետք է այնպես մեկնաբանվեն, որ կարողանանք ավելի խորը հասկանալ, թե որն է ԱՄՆ քաղաքականության նպատակը։     

Ինչ խոսք, ամերիկյան արտաքին քաղաքական ռազմավարությունը մշակողները կարծում էին, թե Իրաքում ու Լիբիայում տիրապետող վարչակարգերի տապալումից հետո ՙդոմինոյի էֆեկտով՚ կհաջողվի արագորեն նույնն իրականացնել Սիրիայում և կյանքի կոչել սեփական աշխարհաքաղաքական ծրագիրը։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ նման բեմագրի իրագործման ճանապարհին կարող են լինել  խոչընդոտներ, և  աշխարհի ուժային կենտրոնների միջև մրցակցության ուժգնացումը կարող է  հանգեցնել տարածաշրջանային շատ ավելի մեծ անկայունության։

ԱՄՆ-ից հայտարարում են՝ Ասադը պետք է հեռանա։  Ռուսաստանն  ամեն ինչ անում է Ասադի իշխանությունը պահպանելու համար։  Կոնսենսուսի բացակայությունը խորացնում է դիմակայությունը։ Սիրիական հակամարտության հանգուցալուծումն առ այսօր մնում է անհասկանալի, բարդ ու անկանխատեսելի, որովհետև դա հակամարտություն է գերհզորների միջև, հակամարտություն, որում մարգինալացված են ժողովուրդը և նրա քաղաքական կամքը։ 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ