Logo
Print this page

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԼՌԵԼ

Օրագրային գրառումներ հեռավոր, ոչ շատ հեռավոր և այսօրվա Նախիջևանի մասին

 ՙ1985 թվականի ապրիլի 23-ին Մ. Ս. Գորբաչովը ԽՄԿԿ Կենտկոմիպլենումում հանդես եկավ ծավալուն զեկուցումով, որը շուտով ծնունդ տվեց չարաբաստիկ վերակառուցմանը։ Սկզբում մենք այնքան էլ չհասկացանք թվում է թե երկար սպասված այդ վերակառուցման իմաստն ու էությունը, իր հրապարակայնությամբ, խոսքի ազատությամբ, ժողովրդավարացմամբ և ԽՍՀՄ-ի տակ դրված դանդաղ գործողության ռումբի այլ ատրիբուտներով։ Համենայն դեպս Ադրբեջանն այդ նույն ազատությունն անմիջապես ընկալեց յուրովի։ Դեռ այն ժամանակ մենք տվյալներ էինք ստանում հայկական ինքնավար մարզի Նախիջևան քաղաքից, Զնաբերդ, Կզնուտ, Աստապատ, Նորս, Վերին Ազա, Դեր, Մեսրոպավան, Ազնաբերդ, Թանակերտ, Առինջ գյուղերից և այլ բնակավայրերից՝ այն մասին, թե ինչպես են առանց վախի ու բացեիբաց հայերի պատմական հայրենիքը զրկում ամեն հայկականից, այդ նպատակի համար օգտագործելով վերակառուցման հենց այդ նույն ատրիբուտները։ Ողջ Ադրբեջանը կատաղի կերպով ձեռնամուխ եղավ իր պատմության հնացմանը։ Օրինակ, ՙՍովետսկի Նախիջևան՚ թերթում (1986 թվականի փետրվարի 6) ազերական ոմն բանասիրական գիտությունների թեկնածու գրում է, թե իբր՝ ՙհամաձայն բազմաթիվ պատմական վկայությունների, թրքալեզու ժողովուրդների նախահայր Նուխը (Նոյը) աստղագետ էր, որը նախապես իմանալով գալիք ջրհեղեղի մասին, նավ կառուցեց՚։ Եվ ապա նկարագրվում է, թե ինչպես Նուխը և իր ուղևորները ՙօթևանեցին ՙԱլգարակ՚ (այսինքն՝ Արարատ-Զ.Բ.) լեռան ամենագագաթին, որը դուրս էր մնացել ջրից՚։Այդ ՙբանասերը՚, պարզվում է, հորինել էր ծանրակշիռ փաստարկներ, որոնք իբր հաստատում են Նոյի ադրբեջանցի լինելը։ ՙԵթե ուշադրություն դարձնենք աշխարհի քարտեզին,- գրում է նա,- ապա ոչ այլուր, քան Ադրբեջանում, առանձնապես Նախիջևանում որքան հաճախ են հանդիպում տեղանուններ, կապված ՙՆուխ՚ անվան հետ՚։ Եվ որպես օրինակ բերվում են երեքը. ՙՆուխրամ՚, ՙՆուխբատան՚ և ՙՆուխաջիր՚։ Ի դեպ, հենց այդ ժամանակ էլ ես արձագանքեցի ազերական ՙբանասերի՚ օպուսին, ՙՍովետսկի Նախիջևանի՚ խմբագրություն ուղարկելով նամակ, որում ընդգծվում էր. ՙԵս կարող եմ ընդունել ձեր հեղինակի գաղափարը, բայց միայն մեկ պայմանով. եթե դուք համաձայնվեք, որ, ասենք, Հոմերոսը հայ է։ Առավելևս, որ գիտնականները մինչև հիմա վիճում են, թե որն է մեծ կույրի իսկական հայրենիքը։ Քանզի եթե ուշադրություն դարձնենք աշխարհի քարտեզին, ապա Հայաստանից և մանավանդ Ղարաբաղից բացի, ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում այդքան շատ տեղանուններ, կապված ՙՀոմերոս՚(ռուսերեն՝ թՏՎպՐ) անվան հետ։ Օրինակ, ՙՀարությունագոմեր՚, ՙԱլեքսանգոմեր՚, ՙԱնդրանիկագոմեր՚, ՙՉաուշագոմեր՚, ՙՆժդեհագոմեր՚ և այլն, և այլն։ Ես համոզված էի, որ իմ հասցեատերերը չէին կռահելու, որ ծաղրս կարող էր հնչեցվել միայն ռուսերեն լեզվով։ Սակայն գաղտնիք չէ, որ ցանկության դեպքում կարելի է գտնել այլ, անվիճելի փաստարկներ՝ ՙսեփական՚ պատմությունը հնացնելու ուրիշի արժեքների յուրացման ճանապարհով։ Թուղթն ամեն ստի կդիմանա։ Այդ օրերին (վերակառուցման սկզբին) Հայաստանի գրողների միությունը խելք արեց Նախիջևան գործուղել հայտնի գրող և հեռուստալրագրող Բակուր Կարապետյանին, որը շուտով ընթերցողներին պատմեց հայկական հողում ազերների վանդալիզմի մասին, որի ականատեսն էր եղել այդ ոչ հասարակ գործուղման ընթացքում։ ՙՃիշտ նախիջևանյան ՙԹեբրիզ՚ հյուրանոցի դիմաց,- գրում էր Բակուրը,- գետնին ընկած էին հինավուրց Ջուղայից բերված հայկական ազգային ճարտարապետական մշակույթի անկրկնելի օրինակներ։ Հայերեն փորագրությունները ջնջված էին։ Երկրագիտական թանգարանում չկար ոչ մի հայկական ցուցանմուշ։ Թեև ես տեսա, թե ինչպես են Նախիջևանի շրջակայքում աչքի առաջ ոչնչանում պատմության ու մշակույթի հարյուրավոր հայկական հուշարձաններ։ Ագուլիս քաղաքում հրաշքով պահպանված 12 եկեղեցիներն այլանդակված են և առանց գմբեթների։ Մի մասի մեջ թունաքիմիկատներ են պահում, մյուսների մեջ՝ անասուններ։ Մի խոսքով, քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև կործանվում են համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության հիրավի անգին գլուխգործոցներ։ Ուրեմն պետք էր ոչնչացնել ճարտարապետությունը՝ մեծ և փոքր ձևերի։ Եվ քաղաքակիրթ աշխարհը լռում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին՚ (ՙԳրական թերթ՚)։ ՙԱյսպես կոչված՝ ՙսպիտակ ցեղասպանության՚ տիպիկ թուրքական մեթոդ. սկզբում ոչնչացնելով այս կամ այն ժողովրդի ազգային մշակույթի կենդանի փաստերը, այնուհետ ստեղծել կյանքի այնպիսի անտանելի պայմաններ, որոնց առկայությամբ տեղածիններն ստիպված են հեռանալ հարազատ օջախներից, հայրենիքից։ Բարբարոսներն ու վանդալները չափից դուրս լավ գիտեին գոգոլյան անմահ ճշմարտությունը. ՙԵրբ լռում են լեգենդները, ասքերն ու երգերը, հինավուրց պատմության մասին խոսում է ճարտարապետությունը՚։ Եվ հայկական հողը մաքրելով ոչ միայն նրա տերերից, այլև հենց ՙլեգենդներից, ասքերից ու երգերից՚, նրանք վերակառուցման և քաոսի քողի տակ վերջնականապես ձեռնամուխ եղան ողջ հայկական ճարտարապետության ոչնչացմանը։ Այդպիսով նրանք հույս ունեին վերջնականապես հաստատվել ուրիշի տանը, ոչ միայն յուրացնելով ուրիշի հողը, ուրիշի մեղեդիները, ուրիշի խոհանոցը, ուրիշի պատմությունը, այլև նույնիսկ, ինչպես տեսնում ենք, ուրիշի աստվածաշնչյան Նոյին, ի դեպ, անբարեհունչ մի անվանումով վերակնքելով բիբլիական Արարատ լեռը։ Ահա այսկերպ, զբաղվելով ակնհայտ ինքնախաբեությամբ, Թուրքիան և Ադրբեջանը ներշնչում են նոր սերնդին, թե հայերը եկվորներ են։ Իսկ եթե դա այդպես է, ապա նրանց տարածքային պահանջներն անհեթեթություն են։ Օրերս ՙԳոլոս Արմենիի՚ թերթը գրեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը բացորոշ և լկտիորեն հայտարարեց, թե և՜ Սիրիան, և՜ Լիբիան, և՜ Իրաքը, և՜ Լիբանանը պատկանում են թուրքերին, հասկացնել տալով, որ այսօր գործում է Օսմանյան կայսրությունը։ Ի դեպ, նա խորամանկորեն լռեց Ղրիմի մասին, հավանաբար վախենալով Պուտինից։ Բայց ոչինչ։ Հերթական վեճից հետո նորից կխոսի Ղրիմի մասին և ոչ միայն Ղրիմի։ Իսկ չէ՞ որ թուրք-ազերների նոր սերունդը, բնականաբար, արդեն հավատում է, թե այդ ամենը, ինչպեսև Նախիջևանը, թուրքերի հայրենիքն է։ Այդ իսկ պատճառով նրանք չեն կարող ընկալել Հայ Դատի փիլիսոփայությունը, չեն կարող ընդունել ճշմարտության տրամաբանությունն այն մասին, որ վրիժառությունն ու հատուցումը հայ ժողովրդի համար հանդիսանում են արդարության փաստարկներ։ Միամտություն է ենթադրել, թե բռնի կերպով հողը մաքրելով իր տերերից, կարելի է նրանց զրկել պատմական հիշողությունից։ 1978 թվականին առաջին անգամ Նախիջևանում այցելելեցի ՙՈսկե կիրճ՚ (այդպես էին հնում անվանում Ագուլիս քաղաքը) և նրա շրջակայքը։ Այն ժամանակ ՙՕջախ՚ գրքում գրեցի. ՙՈրսում էի ինձ այն մտքի վրա, որ լարելով գենետիկ հիշողությունս, հինավուրց քաղաքի ավերակների միջով տեսնում եմ բոլոր տասներկու եկեղեցիների հոյակերտությունը, երկինք ուղղված սրածայր գմբեթներով, զարդարված հայկական ձևավոր խաչերով և ութ հազար քարաշեն հայկական տներ։ Ես հոգով էի տեսնում, թե ինչպես է թեք սարալանջով վեր ձգվում դրախտ-քաղաքը, թաղված մրգատու ծառերի կանաչի մեջ։ Հաշվեցի ավելի քան հարյուր հիսուն արհեստանոցներ, որտեղ աշխատում էին հազարավոր վարպետներ։ Տեսնում էի հարուստ խանութներ, բազմաթիվ դպրոցներ, առևտրի ուսումնարան, մշակույթի տուն, դեղատներ, բաղնիքներ, շուկաներ, գրադարաններ, հյուրանոցներ։ Տեսնում էի, կրկնում եմ, տասներկու տաճարներ ու եկեղեցիներ, որոնցից յուրաքանչյուրը համաշխարհային եկեղեցաշինության ճանաչված գլուխգործոց է։ Լսում էի հայկական լեգենդներ, ասքեր ու երգեր, պատանիների և աղջիկների զրնգուն ծիծաղ, նորածինների ճիչեր, տասնյոթ աղբյուրների կարկաչ։ Ամեն ինչ կործանեցին վանդալները։ Իսկ վերջերս իմացա, որ Ագուլիսում, մեռած ծառերի պես, կանգուն են մնացել ընդամենը հինգ եկեղեցիներ՚։Եվ սա ընդամենը մեկ քաղաք է, մեկ հայկական բնակավայր, որի կողքին հսկայական տարածքով ձգված է հինավուրց քրիստոնեական գերեզմանոցը։ Մեծամուրճով ու բուլդոզերով ջարդված ու այլանդակված են շիրմաքարերը։ Եվ սա էլ թուրքերին հատուկ քաղաքականություն է. յաթաղանին ավելացնել մեծամուրճ և բուլդոզեր։ Այդ ամենը գալիք սերունդների վրիժառությունից ծնված վախն է։ Սակայն բարբարոսին ու վանդալին տրված չէ հասկանալ, որ Նախիջևանյան երկրամասի բոլոր բնակավայրերը պայծառ մարմնավորող և ընդհանրականորեն խորհրդանշող Ագուլիսը դա հիշողություն է։ Դա նախազգուշացում է։ Դա հիշեցում է։ Այդ նույն 1978 թվականին Բեյրութի ՙԶարթօնք՚, ՙԱզդակ՚, ՙԱրարատ՚ և ՙԿայծ՚ թերթերում ես գրեցի. ՙԿգա ժամը, և Ագուլիսը կվերականգնվի, կվերածնվի, եթե նույնիսկ նրանից հայկական հողում չմնա ոչ մի հետք, ոչ մի քար։ Քանզի երբեք ժողովրդի հիշողությունից չի անհետանա այն ամենը, ինչ կապված է ոչ հողի, ոչ տարածքի ու քարի, այլ հայրենիքի հետ, որտեղ միշտ լսելի է մեր նախնիների կանչը։ Գլխավորը, որ հավատաս. գալո՜ւ է այդ ժամը։ Անպայման գալու է՚։ Եվ չէ՞ որ մի քանի տարի անց մենք տեսանք, թե ինչպես հանգստացան մեր նախնիների հոգիները, երբ Շուշիի և Քելբաջարի, Լաչինի ու Կուբաթլիի, Զանգելանի և Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Աղդամի հինավուրց հայկական գերեզմանոցներում մենք ծաղիկներ դրեցինք։ ՙՂարաբաղյան շարժումը, մեր միջից կաթիլ առ կաթիլ դուրս մղելով ստրուկի սինդրոմը, վերադարձնելով մեզ պատմական հպարտությունն ու պատմական արիությունը, պարտավորեցնում է հիշել Նախիջևանի մասին, առանց որի Հայաստանն ապագա չունի։ Կարելի՞ է արդյոք մոռանալ, որ Նախիջևանն է հանդիսանում հայկական քաղաքակրթության բնօրրանը, համաշխարհային հայկական գաղութների, առանձնապես Դոնի հայության նախահայրենիքը և հայրենիքը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների, որոնք հարստացրել են համաշխարհային մշակույթը։ Բերեմ մեր հիրավի մեծ հայրենակիցների միայն մի բուռ անուններ հարյուր հազարավորների ահռելի սարից. Լազարյաններ, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Մանուկ Աբեղյան, Ռոստոմ (Ստեփան Զորյան), Դավիթ Մալյան, Սերգո Համբարձումյան, Դաշնակցություն կուսակցության հիմնադիրներ Միքայելյան, Զորյան, Զավարյան, լեգենդար զորահրամանատարներ, հայ ազգային ոգու կրողներ Դրո և Նժդեհ, որոնց անուններով Արցախում մարտի էին նետվում մեր տղաները հանուն հայրենիքի ազատագրության։ Չեն ների մեզ մեր նախնիներն ու ժառանգները, եթե մոռանանք այդ անունները, եթե մանկուրտի անընկալությամբ վերաբերվենք Նախիջևանի հեծեծանքներին։ Եվ դժվար է պատկերացնել, թե ինչ կանեինք առանց Նախիջևանի սխրագործ պատմաբան Արգամ Այվազյանի, որն իր անգին գրքերով և հետազոտական աշխատանքներով մեզ հիշեցնում է իր հայրենիքի ցավի ու տագնապի մասին՚ (ՙՆովոյե վրեմյա՚)։ ՙ…Ղարաբաղյան շարժման արշալույսին մենք հարց բարձրացրինք այն մասին, որ Սադարայում մեր աչքի առաջ Արաքսի վրայով կամուրջ են գցում, որը Թուրքիային կմիացնի ՙՆախիջևանի թուրքական հանրապետության՚ հետ, և որ շուտով անպայման այդ կամուրջով թուրքերը զենք կտեղափոխեն առայժմ դեռ ոչ թե ղարաբաղյան ճակատ, այլ Արարատի շրջանի մարտադաշտեր։ Հավանաբար ներկայիս սերնդից (նաև նախորդից նույնպես) շատերը չգիտեն, որ իրական պատերազմը, որքան էլ դա տարօրինակ հնչի, սկսվեց սկզբում Հայաստանում, այլ ոչ թե Արցախում։Օգտագործելով հապշտապ կցմցած Սադարայի կամրջով Թուրքիայից մատակարարվող զենքն ու հրետանին, հրանոթային հարվածներ էին ուղղվում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և ոչ միայն սահմանամերձ բնակավայրերին՝ Ելփին, Չիվա Ռինդ, Արենի, Նորավանք (վանքը), Շախաթ, Մուծի, Խաչիկ, Գնիշիկ, Խնձորուտ, Գորայք, Սառնանուշ, Մեղրի և էլի շատ գյուղերի Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Եղան զոհեր և ավերածություններ։ Սակայն հաջողվեց դիմադրել և պատասխան հարվածով կասեցնել սադրանքները։

Այդ օրերին ես հաճախ էի Նախիջևանի կողմը տանում իմ բարեկամներին ԿՌԻԿ-ից (Ռուս մտավորականության ՙՂարաբաղ՚ կոմիտե) և Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի երկրորդ խոսնակ լեդի Քերոլայն Քոքսի խմբերին։ Եվ շուտով ողջ աշխարհն իմացավ, որ Ադրբեջանը մարտեր է վարում Հայաստանի հետ։ Հիշում եմ, Անգլիայի լորդերի պալատում լեդի Քոքսն իր ելույթներում բազմիցս ընդգծում էր. ՙԱդրբեջանցիները հրետանային հարվածներ են հասցնում Հայաստանին… Հայաստանից՚, նկատի ունենալով, որ Նախիջևանը պատմական Հայաստանն է։ Ես չեմ կարող չընդգծել և այն, որ այդ օրերին փրկիչ հակահարվածներով ահռելի դեր կատարեց Վազգեն Սարգսյանը իր քաջարի տղաների հետ։ Իմ հուշատետրերում մեկ անգամ չէ, որ կրկնվել են Բաբկեն Արարքցյանի և Հովիկ Աբրահամյանի անունները, որն այն ժամանակ ղեկավարում էր Արարատի շրջանը։ Ցավալի է, որ այսօր այդ ամենը մոռացվել է։ Բաբկեն Արարքցյանը, օրինակ, մեր շատ հայրենակիցների է փրկել հայկական Կամո և Ազատ գյուղերում։

1991 թվականի օգոստոսի վերջին, Ռուսաստանյան պուտչի նախօրեին, նա կարողացավ ԿՌԻԿ խմբի հետ կասեցնել Պոլյանիչկոյի կազմակերպած հրեշավոր սադրանքը։ Մի խոսքով, ցավալի է, երբ մոռանում են նրանց, ովքեր ծանր տարիներին գտնվել են առաջին գծում…՚։  (ՙԳոլոս Արմենիի՚)։

ՙԺամանակն է իմանալ այն մասին, որ Նախիջևանի և Արևմտյան ու Արևելյան Հայաստանի բոլոր այլ պատմական մարզերի մասին գործուն գենետիկ հիշողությամբ մենք անպայման ամրապնդում ենք խաղաղությունը տարածաշրջանում։ Քանզի լավ գիտեինք թուրքերի գայլային ախորժակի մասին, որոնք, դիակապտողների պես, սպասելով հարմար պահի, անմիջապես խցկվում են հենց այնտեղ, որտեղ մարդիկ դժբախտության մեջ են, որտեղ այս կամ այն երկիրը վիրավոր է, ինչպես դա եղավ ԽՍՀՄ փլոզումից անմիջապես հետո։ Մի՞թե պարզ չէ, թե ինչու 1917 թվականի հոկտեմբերից անմիջապես հետո, երբ Ռուսաստանը վիրավոր որս էր հիշեցնում, արդեն հոգեվարք ապրող Թուրքիան նետվեց հօգուտ իրեն լուծելու Ղարաբաղի և Նախիջևանի մատից ծծած հարցը։ Ինչո՞ւ նա իսկույն սկսեց Իրանի հետ սակարկել, Լենինի կողմից իրեն տրված ռուսական ոսկու առյուծի բաժինը ծախսելով նրա վրա, որ սահման ունենա արհեստականորեն ստեղծված Նախիջևանի ինքնավար կազմավորման հետ։ Այդ ինչո՞ւ Թուրքիայի ղեկավար Դեմիրելը դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներում Մեղրիի շրջանը անվանեց ՙանիծյալ սեպ՚, որը բաժանում է ՙԹուրքական Նախիջևանը՚ (Դեմիրելի տերմինն է) ՙԹուրքական Ադրբեջանից՚ (Էջևիթի տերմինը)։ Ինչո՞ւ երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո ՆԱՏՕ-ի ստեղծման նախօրեին ԱՄՆ նախագահ Թրումենը Թուրքիան անվանեց ՙԱՄՆ-ի ամենաարևելյան սահման՚ և հավելեց՝ ՙԱՄՆ-ի հիսունմեկերորդ նահանգ՚։ Ինչո՞ւ հենց որ փլուզվեց ԽՍՀՄ-ը, ոչ թե Իրանը, այլ Թուրքիան սկսեց ամերիկյան փողերով տնտեսական ու քաղաքական օգնություն ցուցաբերել միութենական մահմեդական հանրապետություններին, որոնք անջատվել էին Խորհրդային Միությունից։ Այդ ինչո՞ւ է Բաքվում ԱՄՆ դեսպանը բացորոշ և լկտիաբար ողջ աշխարհով մեկ հայտարարում, թե Թուրքիան , որը պատասխանատու է հայերի ցեղասպանության համար, Թուրքիան, որի վզին այսօր կախված է կիպրոսյան չլուծված խնդիրը, մի խոսքով, այդ նույն բարբարոսական երկիրը, տեսեք-տեսեք, ՙպետք է ակտիվ դեր խաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՚։ Այս բոլոր և այլ հրատապ ՙինչուներին՚ մենք պարտավոր ենք պատասխանել հիմա՚ (ՙԱզգ՚)։

ՙ…Ստացվել է այնպես, որ ժամանակի հրամայականով մեր սերնդից է կախված ապագայի լինել-չլինելը։ Ղարաբաղյան շարժումն իր ծարավը հագեցրեց Սիամանթոյի ՙՀույսի գավաթից՚, որի կարիքն այսօր ունի տառապյալ Նախիջևանը։ Նախիջևանի համար սարսափելի չէր դառնալ ստալին-աթաթուրքյան նենգության զոհ։ Դա շտկելի գործ էր։ Շատ ավելի սարսափելի է, երբ հայրենիքը դառնում է սեփական զավակների մոռացության զոհը՚ (ՙՆովոյե վրեմյա՚)։

ՙՄի բան հաստատ գիտեմ։ Նույնիսկ եթե սրբազան Ջուղայում վերջին խաչքարն էլ բարբարոսաբար և լկտիաբար ջարդուփշուր արվի, մենք կշարունակենք պայքարը և կհաղթենք՚ (1995թ.)

* * *

Հ.Գ. - Այսօր, առավել քան երբևէ, մենք պարզապես պարտավոր ենք գործուն կերպով օգտագործել բոլոր արխիվային նյութերը, որոնք իրենց իսկ հայրենիքում՝ Նախիջևանում հայերի ցեղասպանության ենթարկվելու անվիճելի փաստը հաստատող հիմնարար և իրական փաստարկներ են։ Հայ բնակչության նկատմամբ կիրառված ահռելի թվով ՙգործողությունները՚ (ՄԱԿ-ի համաձայնագրի պաշտոնական տերմինն է) վերաբերվում են ցեղասպանության մասին Գլխավոր Ասամբլեայի համապատասխան հոդվածներին։ Անհրաժեշտ է հստակ ըմբռնել, որ յուրաքանչյուր տվյալ կոնկրետ դեպքում ցեղասպանություն ասելով նկատի են առնվում հետևյալ գործողությունները, որոնք կատարվում են՝ մտադրություն ունենալով ոչնչացնել, և ոչ միայն լիովին, այլև մասամբ, որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբ՝ որպես այդպիսին։ Ընդ որում խոսքը ոչ միայն այդպիսի խմբի զանգվածային սպանության, այլ նաև ՙխմբի անդամներին լուրջ մարմնական վնասվածքներ հասցնելու՚ կամ ՙկանխամտածված կերպով որևէ խմբի համար կենսական այնպիսի անտանելի պայմանների ստեղծման՚ մասին է, որոնց առկայությունը ստիպում է բնիկ բնակչությանը տեղահանվել։  

Նախիջևանի դեպքում տեղի ունեցավ հայերի տիպիկ թուրքական ցեղասպանություն, որի արդյունքում հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ կորցրեց իր ավելի քան հիսուն հազար հայրենակիցների։ Հայ ժողովուրդը նաև վերապրեց իր ազգային մշակույթի ցեղասպանություն, որը պաշտոնական փաստաթղթերում անվանվում է Հայրենասպանություն՝ պատմական հայրենիքի ցեղասպանություն։ Օրինաչափ է, որ հայ ժողովրդի համար ստեղծված ողբերգական իրավիճակում անհետաձգելի անհրաժեշտություն է ծագել ինչպես ՙՄիավորված Ազգերի Կազմակերպության՚, այնպես էլ ՙՑեղասպանության և դրա համար պատիժ կրելու մասին համաձայնագրի՚ դրույթներին համապատասխան, Միջազգային դատարանի տրամադրությանը հանձնել բոլոր անհրաժեշտ նյութերը Նախիջևանում հայերի ցեղասպանության մասին, միաժամանակ գիտակցելով, որ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի համաձայնագրի IX հոդվածի, ընդունվում է որոշում այն մասին, ՙթե ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկվեն նման խնդրանքի կապակցությամբ՚։

 

Զորի ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.