[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ

Ադրբեջանն ապրում է համակարգային խոր ճգնաժամ։ Պետական կառավարման համակարգի գնահատականը միջազգային հանրությունը տվեց այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևը երրորդ անգամ իրեն հռչակեց երկրի նախագահ։

Այդ հանրությունը բավականաչափ իրազեկ է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ նախագահի ունեցած պատկերացումներին։ Ալիևը, ի հեճուկս բոլոր քննադատողների, գործի էր դնում իր փորձված մարտավարությունը՝ ներքին խնդիրները խլացնելով արտաքին ճակատում և հակառակը։ Դա նրան որոշ չափով հաջողություն բերեց մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը։ 

Ապրիլյան ագրեսիայից մինչ այսօր միջազգային հարթակներում Ադրբեջանի ղեկավարությանն անընդհատ հորդորում են հրաժարվել ամեն կարգի արկածախնդրությունից, ինչը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացին, միաժամանակ հասկանալ տալով, որ վերջինիս նկատմամբ վստահության վերականգնման համար պետք է ապահովվեն անհրաժեշտ պայմաններ։ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների հիմնական նպատակը հենց դա էր։ Ադրբեջանական կողմի համար այդ պահանջն առայսօր մնում է անընդունելի, և ահա մեջազգային հանրության աչքին թոզ փչելու համար ալիևյան կլանը փորձում է նոր մարտավարություն ցուցադրել. մի կողմից ճիգեր է գործադրում ցույց տալու բանակցային գործընթացին մասնակցելու իր պատրաստակամությունը, մյուս կողմից էլ ակնհայտորեն սրում է իրավիճակը հակամարտ  զորքերի շփման գծում։    

Վերջերս, ինչպես հայտնի է, Իլհամ Ալիևը հանդես եկավ Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տալու մասին ելույթով և արժանացավ հայկական կողմի համարժեք արձագանքին։  Բաքուն թեման շարունակեց մեկ այլ ձևով. ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցը տարածեց  տեղեկատվություն, որը փաստորեն ալիևյան բարբաջանքի ուղղակի շարունակությունն էր։ Ադրբեջանի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ շնորհելու նախաձեռնությունն իրականում նորություն չէ, ասում է ռուս քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների  ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը և շարունակում. Ադրբեջանը նախկինում էլ հայտարարել էր, որ պատրաստ է ԼՂ-ին ինքնավարության կարգավիճակ շնորհել, սակայն Իլհամ Ալիևի այդ նախաձեռնությունն ունի մեկ այլ կարևոր նշանակություն։ Նոյեմբերի սկզբին տարածված այս հայտարարության մեջ կան որոշ շեշտադրումներ։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Մարկովը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի նախագահի վերոնշյալ հայտարարությունը համընկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցի հետ, ինչը չի կարելի պատահականություն համարել։ Սրանք միմյանց հետ կապված հարցեր են, ասել է նա, Հայաստանը դադարեցրել է իր մասնակցությունը բանակցային գործընթացին. և՜ համանախագահները, և՜ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի ղեկավարությանը կոչ են անում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Քաղաքագետի եզրակացությունն այն է, որ հակամարտությունը սառեցված չէ, և պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել։ 

Դրան զուգահեռ մեր հարևանները տարածել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատրաստած ապատեղեկատվությունը հակամարտ  զորքերի շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ. իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները նոյեմբերի առաջին օրերին ականանետերից, նռնականետերից և խոշոր տրամաչափի գնդացիրներից կրկին գնդակոծել են ճակատային գծի հյուսիս-արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից հնչեցված մեղադրանքի նպատակն այն էր, որ հայտարարվի, թե շփման գծում իրավիճակի նպատակաուղղված սրման համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ 

Ալիևյան կլանը մարտավարություն է ցուցադրում. քամահրելով համանախագահների` տարածաշրջանային այցի արդյունքում արված հայտարարությունը, որի հիմնական շեշտադրումը հրադադարի ռեժիմի պահպանումն է, զուգահեռաբար՝  երրորդ ուժի օգնությամբ փորձում է ցույց  տալ, որ բանակցային գործընթացին խոչընդոտում է ոչ թե ադրբեջանական, այլ հայկական կողմը։ 

Միջնորդներին քաջ հայտնի է, որ  Ադրբեջանը համառորեն չի պահպանում բանակցությունների շարունակման գլխավոր պայմանը՝ հրադադարի ռեժիմը։ Այս պարագայում, բնականաբար, ցանկացած հանդիպում կորցնում է իր իմաստը, որովհետև  նախագահ Ալիևի հետ նստում են սեղանի շուրջը, բացատրում, որ ուժի կիրառման ճանապարհով հարցի լուծումը բացառվում է, բայց այդ ընթացքում նրա հրամանատարությամբ գործող զինուժը շփման գծում սադրիչ գործողություններ է ձեռնարկում։ Ադրբեջանական վերջին սադրանքների առնչությամբ Ստեփանակերտից հայտարարել են, որ նման ագրեսիվ պահվածքը բացահայտում է այդ երկրի նացիստական էությունը։ Բացի այդ, նման կարգի գործողությունները բխում են նաև նրա ներքին խնդիրներից՝ պայմանավորված տնտեսական ճգնաժամով։ Այդ պարագայում Ի. Ալիևին մնում է ամբողջովին սեփականաշնորհել քաղաքական դաշտն ու նախագահի պաշտոնը, իսկ ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար շփման գծում  լարվածություն ստեղծել։ Ալիևը մի բան պետք է լավ իմանա. լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում նույնիսկ թաքնվելու հնարավորություն չի ունենա, զգուշացրել է Ստեփանակերտը, նա իր կաշվի վրա  կզգա արցախյան հարվածի ուժգնությունը, եթե, իհարկե, չլքի իր երկիրը, ինչն այդ դեպքում ավելի հավանական է։

Նորություն չէ, որ հարևան երկրի պաշտոնյաների հայտարարություններում ոչ միայն իրականությունն է խեղաթյուրված ներկայացվում, այլև բացակայում են մտքերի տրամաբանությունն ու ներքին կապը։ Այսպես, եթե պաշտոնական Բաքվից միաժամանակ հնչի երկու կամ երեք տեսակետ, ապա դրանք պարտադիր մեկը մյուսին հակասելու են։ Բայց դա  մեր հարևաններին այնքան էլ չի մտահոգում։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ադրբեջանի, այսպես կոչված, պատմության ինստիտուտի տնօրեն, գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ և դեռ մի բան էլ ավել՝ Միլլի մեջլիսի պատգամավոր Յագուբ Մահմուդովի հայտնագործությունը, ըստ որի՝ հայերը եկել են Բալկաններից, ասիական մայրցամաքում բնակություն հաստատել Անատոլիայի արևելքի հին Արմինա  մարզում և փոխառել նրանց անունը։ Դրա համար էլ ՙհայ՚, ՙՀայաստան՚ բառերը նրանց չեն պատկանում։ 

Միանգամից ասենք, որ սա սովորական հայտնագործություն չէ, հետևաբար,  այն կարող է հետաքրքրել աշխարհի առաջատար ու հեղինակավոր պատմագիտական-հետազոտական կենտրոններին, բացի այդ, տասնյակ պետությունների գիտությունների ակադեմիաներ կարող են մեկ օրում Մահմուդովին  դարձնել իրենց ակադեմիաների պատվավոր անդամ։  

Հարց է ծագում. Իլհամ Ալիևի հետ խորհրդակցելով, նրա խելքն ու միտքը կիսելո՞վ է գիտնական Յագուբը նման հայտարարություն անում։ Նախագահը պատրաստվում է բարձր ինքնավարություն տրամադրել հայերին, մինչդեռ  պատմաբանը պարզել է, որ Ղարաբաղը հայերի պատմական հայրենիքը չէ, ընդհանրապես, հայերը Կովկասյան տարածաշրջանում արմատներ չունեն։ Ադրբեջանցի գիտնականի նպատակը սեփական պատմական գիտությունը ծաղրուծանակի ենթարկե՞լն է,  թե՞ մեկ այլ բան։ 

Կամ գուցե նախագահ Ալիևին մեծահոգություն վերագրե՞լն է այն մտայնությամբ, որ միջազգային հանրությունը հաղորդակից լինի ադրբեջանական ժողովրդավարությանն ու մարդասիրական արժեքներին։ Շատ հնարավոր է, որ վերջիններիս պաշտպանելու նպատակով է Իլհամ Ալիևը խոշորամասշտաբ զորավարժություններ նախաձեռնել՝  հընթացս քարոզչություն անելով, թե դրանք վախ են առաջացրել հայկական կողմի մոտ։ Ալիևյան վարչակազմը ե՞րբ և ինչպե՞ս պարզեց, որ ադրբեջանական զորավարժությունները հայերին առհասարակ վախեցնում են։ Դատելով ալիևյան աշխատաոճից՝ կարող ենք  պնդել,  որ պաշտոնական  Բաքուն պատերազմի նախապատրաստության իմիտացիայով է զբաղված։ Միաժամանակ ազդանշան է ուղարկում միջնորդ պետություններին, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակելու է իր արկածախնդրությունները  հակամարտ  զորքերի շփման գծում։ Հարևան երկրի նախագահը նաև  այսպես է արտահայտում  իր դժգոհությունը իրեն խաղաղություն պարտադրող ուժերից։  

Ալիևյան իմիտացիան կոնկրետ նպատակ է հետապնդում. սեփական ժողովրդին վստահություն ներշնչել առ այն, որ ինքն ի վիճակի է երկիրը դուրս բերել սոցիալ-տնտեսական ու համակարգային ճգնաժամից, դրանից զատ  էլ ակնարկում է, թե հենց ինքն է այն նախագահը, որն ապահովելու է ղարաբաղյան խնդրի ադրբեջանանպաստ լուծումը։  

Ադրբեջանի նախագահի  և նրա թիմակիցների գործողությունները հարցականների տեղ չեն թողնում ինչպես միջազգային հանրության, այնպես և  յուրաքանչյուր շարքային ադրբեջանցու մոտ։ Դա ոչ լեգիտիմ նախագահի կառավարման և պատերազմի նախապատրաստության իմիտացիան է՝  ներքին ու արտաքին ցուցադրության համար։     

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ