[ARM]     [RUS]     [ENG]

Սարգսյանն ու Ալիևը բավական համարձակ գտնվեցին՝ սատարելով Պուտինի առաջարկը․ Մեթյու Բրայզան՝ ԼՂ հիմնախնդրի մասին

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, Tert.am–ի հետ զրույցում խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման  գործընթացում ներկայիս զարգացումների մասին, ասում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ Սանկտ Պետերբուրգում Պուտինի առաջարկությունը՝ Ադրբեջանին «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղին հարող երկու, այլ ոչ թե յոթ շրջանները, բավականին կառուցողական էր:

Նրա խոսքով՝ նախագահ Սարգսյանն ու նախագահ Ալիևը բավական համարձակ գտնվեցին՝ սատարելով նախագահ Պուտինի առաջարկը:

-Պարոն Բրայզա, հաշվի առնելով տարածաշրջան այցելած համանախագահների հայտարարությունները, որոնք  վերաբերում էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացված որոշումների իրագործմանը, ի՞նչ կարող ենք նկատել․ո՞րն է այս պահին համանախագահների խնդիրը ԼՂ հիմնախնդրում:

– Ես տևական ժամանակ է՝ չեմ խոսել դեսպան Ուորլիքի հետ, ուստի չեմ կարող պաշտոնապես մեկնաբանել, թե ինչ են հիմա համանախագահները մտածում: Բայց ես կարծում եմ՝ նրանք աշխատում են հրադադարի ռեժիմն ամրապնդելու, ծանր հրետանին և դիպուկահարները շփման գծից հեռացնելու և նախագահներ Սարգսյանի և Ալիևի միջև նոր հանդիպմանը պատրաստվելու ուղղությամբ:

-Դուք, նկատելով, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններով հետ է կանգնում Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, նշել էիք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի հետ պետք է հստակեցնեն, թե ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանը: Ի՞նչ եք  կարծում՝ ինչո՞ւ մինչ այժմ այդ պայմանավորվածություններն ամբողջությամբ կյանքի չեն կոչվում․Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը:

– Փաստ է, որ երկու կողմերը պատմականորեն խախտել են հրադադարը, սակայն յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին: Նմանապես, յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին՝ Ապրիլի սկզբին լայնածավալ բախումներ ծավալելու մեջ, որի ժամանակի կիրառված բռնության չափն աննախադեպ էր 1994 թվականի հրադադարից հետո:

Իմ փորձով կարող եմ ասել, որ որպես ամերիկացի համանախագահ, ինչպես նաև որպես Սպիտակ տունը ներկայացնող ԱՄՆ պաշտոնյա և Հարավային Կովկասում Պետդեպարտամենտի պատասխանատու, միշտ էլ դժվար է եղել (եթե ոչ անհնար), որոշել, թե որ կողմն է մասնավորապես եղել հրադադարի ռեժիմի խախտում նախաձեռնողը կամ արդյո՞ք որևէ երկիր կարող է հրահրել հրադադարի ռեժիմի խախտում, ինչպես 2008-ին դա արեց Ռուսաստանը Վրաստանի տարածք համարվող Հարավային Օսիայում։

Ի հակադրություն Հարավային Օսիայի, որի մասին ասացի, նախագահ Պուտինի կողմից Սանկտ Պետերբուրգում արված առաջարկությունը շատ կառուցողական էր: Այդ առաջարկի հիմնաքարն այն է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի Ղարաբաղի շուրջ գտնվող երկու, այլ ոչ թե բոլոր յոթ շրջանները, ինչի դիմաց Ադրբեջանը պետք է վերաբացի Հայաստանի հետ հաղորդակցության ուղիները:

 


Ես ենթադրում եմ (չնայած որ հիմնված չէ որևէ կոնկրետ պաշտոնական տեղեկատվության վրա), որ այս առաջարկությունը կարող էր նաև տեսականորեն ներառել Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության ուղիների վերաբացումը, թեպետ այս լրացուցիչ քայլը, հավանաբար, կլինի հետագա բանակցությունների թեմա:

Նախագահ Պուտինի կողմից Սանկտ Պետերբուրգում արված առաջարկը բավականին գրավիչ էր երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համար. այն առաջարկում էր ուղի՝ Մինսկի խմբի կողմից տարվող բանակցությունների երկարատև փակուղուց դուրս գալու: Իսկապես, Բաքվում իմ քննարկումների ժամանակ ես նկատել եմ, որ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարները իրական հույսեր են կապում այս առաջարկի հետ: Ես հավատում եմ, որ նախագահ Սարգսյանը ևս իր աջակցությունն է հայտնել այդ առնչությամբ: Եվ հենց սրանով են, հավանաբար, պայմանավորված հուլիսյան իրադարձությունները, երբ փոխզիջման այս տարբերակին ընդդիմացող մի շարք անձինք կազմակերպեցին ոստիկանության գնդի գրավումը: Ադրբեջանում նույնպես կան ծայրահեղականներ, որոնք դեմ են նման փոխզիջմանը: Այդ իսկ պատճառով հարկ է նկատել, որ նախագահ Սարգսյանն ու նախագահ Ալիևը բավական համարձակ գտնվեցին՝ սատարելով նախագահ Պուտինի առաջարկը:

-Հավանաբար ծանոթ եք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որով նա խոստովանում է, որ ԼՂ կարգավորման գործընթացում իր միակ փոխզիջումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում մարզային կարգավիճակ տալը: Ի՞նչ կարծիք ունեք այս հայտարարության վերաբերյալ: Արդյոք միակողմանի փոխզիջումների մասին հայտարարությունները բանակցային գործընթացը փակուղի չեն տանի:

– Նախագահ Ալիևի վերջին հայտարարությունն իրականում կրկնում է իր և Ադդրբեջանի վաղուց արդեն հայտնի դիրքորոշումը: Առավել կարևոր է այն, որ նախագահ Ալիևն այս հայտարարությունն արեց նախագահ Սարգսյանի հետ քննարկումների նոր փուլ սկսելու առաջարկին համաձայնություն հայտնելուց կարճ ժամանակ առաջ: Այսպիսով, Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալու մասին Ալիևի արած հայտարարությունը, միգուցե նրան տա նախագահ Սարգսյանի հետ հաջորդ հանդիպմանը կառուցողական բանակցություններ վարելու հնարավորություն:  

-Հիմնվելով ԼՂ բանակցային գործընթացի վերջին զարգացումների վրա՝ ինչ սպասումներ պետք է ունենանք․արդյոք նոր, բեկումնային զարգացումներ չե՞ն լինի:

– Կարծում ենք՝ առաջիկա ամիսներին պետք է սպասենք նոր հանդիպում նախագահներ Սարգսյանի և Ալիևի միջև: Մնում է միայն տեսնել՝ արդյոք նրանք փորձ կանե՞ն հենվել փակուղին հաղթահարելուն միտված նախագահ Պուտինի առաջարկի վրա, թե հետամուտ կլինեն նոր մոտեցման: Հաշվի առնելով հաշտության հանդեպ երկու հասարակություններում առկա բավական խիստ վերաբերմունքը՝ պարզ է միայն այն, որ ո՛չ նախագահ Սարգսյանը, ո՛չ էլ Ալիևը չեն ունենա բավարար վստահություն միմյանց հանդեպ, միչնև չլինի ԱՄՆ նոր նախագահի լուրջ դերակատարումը:

Թրամփի նման նախագահը հազիվ թե ունենա նման դերակատարում: Սակայն անձնական փորձից գիտեմ, որ Քլինթոնը, որպես նախագահ, կարող է ցանկանալ ունենալ իր դրական ներգրավվածությունը: Պետքարտուղար եղած ժամանակ նա իրականում ցուցաբերել է ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելու մեծ հետաքրքրություն:

Եվ ես սա ասում եմ՝ որպես նախկին ԱՄՆ պաշտոնյա, որը չի անդամակցում որևէ քաղաքական կուսակցության, սակայն դիտվում է որպես հանրապետականներին մոտ կանգնած անձ: