Logo
Print this page

Թեպետ ԱՄՆ նախագահների արտաքին քաղաքականության մեջ միայն շեշտադրումներն են փոխվում, Թրամփի դեպքում կարող է այլ լինել. Ս. Զոլյան

Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Զոլյանն անդրադառնում է հարցին, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ի՞նչ հարաբերություններ կարելի է սպասել ԱՄՆ-Ռուսաստան և, հետևաբար, ԱՄՆ-Ռուսաստան-Հայաստան տիրույթում:

-Պարո՛ն Զոլյան, Թրամփը ԱՄՆ նախագահ է. կարելի՞ է ակնկալել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավում, քանի որ այս թեկնածուն, չնայած «մութ ձիուկի» իր համբավին, մեծ հաշվով, ընկալվում է ավելի շատ որպես Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կողմնակից: Հետևաբար, սա ինչ-որ կերպ կարո՞ղ է անդրադառնալ Հայաստանի վրա: Չնայած որ հայտնի է, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը միշտ մնում է նույնը և այս կամ այն նախագահի օրոք ինչ-ինչ սրբագրումների ենթարկվում: 

- Առաջինը, որ պետք է նշեմ՝ դեմոկրատների և հատկապես Հիլարի Քլինթոնի կուսակցության` դեմոկրատների վերնախավի այն թեզը, թե այդ մարդը՝ Թրամփը, համարյա թե ապուշ է, փաստորեն չաշխատեց, և Միացյալ Նահանգների ընտրողը բոլորովին այլ կարծիքի է` ընտրելով հենց Թրամփին: Եվ այս առումով, եթե ելնում ենք այսպես ասած` անմեղության կանխավարկածից, միանգամից եկեք Թրամփին անմեղսունակ չճանաչենք և հարգանքով վերաբերենք ամերիկյան ժողովրդի ընտրությանը: Երկրորդը. թեպետ և՛ ԱՄՆ արտաքին գերատեսչությունը, և՛ Սենատը, որ պատասխանատու են արտաքին քաղաքականության համար, տարբեր նախագահների դեպքում այն այնքան էլ մեծ փոփոխություններ չի կրում և, սովորաբար, միայն շեշտադրումներով է փոփոխվում, բայց Թրամփի դեպքում փոփոխությունները կարող են լուրջ լինել: Ինչո՞ւ, որովհետև ԱՄՆ նախագահների փոփոխությունը և ընտրությունը այնքան էլ պատահական չէ: Եվ կարծես թե ճոճանակի ձևով է գնում, գալիս է մի նախագահ, որն ուզում է փրկել աշխարհը, ամբողջ աշխարհում հաստատել դեմոկրատիա, սակայն երբ նման նախագահների ծրագրերը լիարժեք ձևով չեն արտահայտվում, նրանց փոխարինելու են գալիս այսպես ասած՝ իզոլյացիոնիզմի՝ մեկուսացման կողմնակիցները, որոնք ասում են, որ մենք պետք է կենտրոնանանք մեր ներքին խնդիրների վրա: Այսինքն՝ նախ, լուծենք մեր ներքին խնդիրները, հետո փորձենք աշխարհը փրկել: Եվ մենք տեսել ենք՝ Բուշ ավագ, Բուշ կրտսեր, Օբամա. Հիլարի Քլինթոնը այս ծավալապաշտական գծի շարունակողը պետք է լիներ։ Ես չեմ գնահատում այդ ծրագրերը, գուցե շատ լավն էին և ուզում էին աշխարհն ավելի լավը դարձնել, բայց ԱՄՆ-ը կանգնեց փաստի առաջ, և հատկապես Օբամային ժամանակաշրջանը համընկավ այդ քաղաքականության պտուղները քաղելուն: Եվ այս առումով ոչ այնքան Թրամփի անձն է կարևոր, այլ այն շրջադարձը, որ ԱՄՆ-ում պարբերաբար կատարվում է: Եվ ես կարծում եմ, որ հիմա նրանք ավելի շատ սևեռված են լինելու ներքին խնդիրների վրա, ինչի մասին Թրամփը բազմիցս ասել է, որ նախքան աշխարհի հետ պատերազմելը, նախ մեր տունը մաքրենք կեղտից:  

Ռուսաստանի հետ կապված. պատահական չէ, որ այս համատեքստում Թրամփը բավականին քիչ ուշադրություն էր դարձնում նախկին Խորհրդային հանրապետություններին, բացի Ռուսաստանից: Անգամ Ուկրաինայի դեպքում նա ասել է, որ Ուկրաինայով թող զբաղվի Եվրոպան և հատկապես՝ Գերմանիան, որն ավելի մոտ է Ուկրաինային, քան ԱՄՆ-ը: Ես չգիտեմ` սա հեգնանքո՞վ էր ասում, թե լուրջ, բայց, համենայնդեպս, նրա դիրքորոշումն այն է, որ որքան ԱՄՆ-ից հեռու է երկիրը, այնքան քիչ է պետք խառնվել այդ երկրի գործերին: Միակ բացառությունը Միջին Արևելքն է, որը Թրամփը թիրախավորել է որպես իսլամական ռադիկալիզմի դեմ պայքարի տարածք: Եվ այս համատեքստում, ըստ իս, Թրամփի մոտեցումը ինչ-որ չափով հակասական է: Մի կողմից նա ասում է, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է այս պայքարում, որովհետև մենք նույն խնդիրներ ունենք լուծելու, և ինչպես ինքն է ասում`«Ռուսաստանի հետ պայմանավորվել», բայց պետք է խոսենք Ռուսաստանի հետ ուժի դիրքերից: Այսինքն՝ կա 2 «մեսիջ», որ Ռուսաստանի հետ վիճակը փոխվելու է, բայց անհասկանալի է, թե ինչպես են համատեղվելու այս մոտեցումները:

-Ամեն դեպքում, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները գերլարված էին, և Հիլարիի դեպքում, ակնհայտ էր, որ հասնելու էին պիկին, եթե արդեն հիմա խոսում էին ատոմային ռումբերից, գազապաստարաններից և այն մասին, թե ով՝ ում:

 


-Նման խոսակցություններ եղել են, բայց դրանք ես բացատրում եմ զուտ նախընտրական ինչ-ինչ քարոզչական պահերով, որովհետև Թրամփը բավականին լուրջ մեղադրանքներ էր առաջադրում դեմոկրատական վարչակազմին, և ի պատասխան՝ Հիլարի Քլինթոնը և Օբաման դա բացատրում էին Ռուսաստանի ու անձամբ Պուտինի թշնամական դիրքորոշմամբ: Ինչպես Ռուսաստանում են բացատրում ԱՄՆ թշնամական դիրքորոշմամբ՝ ՌԴ-ի ներսում: Բայց այդ նախընտրական բանավեճը կարող է և շարունակություն չունենալ արդեն պաշտոնական ձևով: Համենայնդեպս, Թրամփը խուսափում էր նման հարցադրումներից, ասում էր, որ Ռուսաստանին պետք է դարձնել դաշնակից:

-Պարոն Զոլյան, ամեն դեպքում, եթե այդ հարաբերությունները բարելավվեն, ապա Հայաստանի համար սա նպաստավոր չի՞ լինի, քանի որ, երբ հզորները կռվում են, փոքրիկ Հայաստանը միշտ հայտնվում է այդ շահերի բախման կիզակետում:

-Շատ ճիշտ հարցադրում է, աշխարհը փոխվում է, մեքսիկական պեսսոն արդեն իր կրիտիկական շեմին հասավ, շատ բորսաներ փակվեցին, այսինքն` այս բոլոր պրոցեսներն ինչ-որ չափով հասնելու են Հայաստան: Բայց Հայաստանը Թրամփի արտաքին քաղաքական ծրագրերում տասներորդական տեղ ունի: Այս առումով, մենք պետք է կենտրոնանանք մեր խնդիրների շուրջ, և բնական է՝ ելնենք նրանից, որ ՄԱՆ-ի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ մոտավորապես նույնն է լինելու, լուրջ փոփոխությունների սպասել պետք չէ: 

-Մյուս կողմից, հայաշատ Կալիֆոռնիայի բոլոր 55 ընտրիչներն իրենց ձայները տվել են Քլինթոնին. կարելի՞ սպասել պայմանական ասած՝ «Թրամփի վրեժ» հայերից` հայկական լոբբիի խնդիրներին աջակցելու հարցում: Մյուս կողմից, իր դեբատների ժամանակ Թրամփը ոչինչ չի ասել հայկական հարցերի մասին:

- Իրոք, շատ հետաքրքիր է, որ Կալիֆոռնիան իր ձայները տվել է Քլինթոնին, որովհետև սովորաբար այս նահանգն իր ձայնը տալիս է հանրապետականներին և այն համարվում է հանրապետականների միջնաբերդ: Այս առումով, պատկերացրեք, թե ինչքան պետք է հոգնած լինեին հանրապետականներից: 

Ինչ վերաբերում է Հայկական հարցին. տեսեք` առաջին անգամ է, որ թեկնածուները ոչ մի բան չեն խոստացել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Քլինթոնի դեպքում սա լրիվ տրամաբանական է, որովհետև 2008-ին լինելով թեկնածու՝ խոստացավ ճանաչել Ցեղասպանությունը, բայց ոչ մի բան չի արել, առավել ևս, որ եղել է հայ-թուրքական հաշտեցման ամենակարկառուն շարժիչ ուժերից մեկը: Եվ լինելով Հայաստանում՝ ինքը ո՛չ «Ցեղասպանություն» բառն է ասել, ո՛չ էլ անգամ՝ Մեծ եղեռն: Եվ իր խոստումները, եթե անգամ լինեին, այս անգամ որևէ հավատ չէին ներշնչելու: Ինչ վերաբերում է Թրամփին, կրկնում եմ` Հայաստանին վերաբերող խնդիրները այնքան էլ առաջնային չեն եղել նրա համար:

 

Tert.am

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.