[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽ. ՄԻԱՑՈ՞ՒՄ ԹԵ՞ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

Ռուսական REGNUM տեղեկատվական գործակալությունը հայկական փորձագետների շրջանում հարցում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի` նրանց տեսլականի վերաբերյալ հրատապ թեմայի շուրջ։

Ինչպես հայտնի է, թեման վերջերս ավելի հաճախ է քննարկվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բողոքելով, թե, իբր, իրեն փորձում են ստիպել, որ ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, խոսք է բացել երկրամասին ՙինքնավարություն՚ տրամադրելու հնարավորության մասին։ 

Հարցման ընթացքում պարզվել է, որ Երևանում ամենևին էլ ոչ բոլոր մասնագետներն են միանշանակ պաշտպանում ղարաբաղյան անկախության գաղափարը։ Բավականին տարածված է նաև Հայաստանի հետ ԼՂՀ-ի վերամիավորման, ՙմիացումի՚ իրականացման վերաբերյալ տեսակետը։ Մեկնաբանելով Արցախի վերամիավորման հավանականության մասին կարծիքը, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշել է, որ հարցն այդկերպ դնելու դեպքում միջազգային-իրավական բնույթի խոչընդոտներ հաղթահարելու խնդիր է առաջանում։ ՙԿարծում եմ, անկախությունն ամենաանվտանգ և կարճ ճանապարհն է հակամարտության լուծման համար՝ ընդհանուր առմամբ, քանի որ յուր ժամանակ, երբ առաջ է քաշվել վերամիավորման հարցը, դա ոչ թե հիմնախնդիրը լուծելու, այլ ԽՍՀՄ փլուզման համար ՙպայթուցիչ՚ ստեղծելու նպատակով էր արվել, բայց դա մեր ընտրությունը չէր, նման բանաձև մեզ պարտադրվել էր։ Ես կասկածներ ունեմ, որ հիմա էլ ժամանակ առ ժամանակ այն հրամցվում է, որպեսզի մեզ նորից թակարդ գցեն՚,- համարում է փորձագետը, հիշեցնելով, որ անկախության սկզբունքը համապատասխանում է ազգերի ինքնորոշման սկզբունքին։

ԱԺ պատգամավոր, ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ շարադրել է իր դիրքորոշումը, որը համահունչ է տվյալ հարցում իր մոտեցումներին։ ՙՆախագահն ասել է, որ եթե հանկարծ Բաքուն դարձյալ փորձի իր ճակատագիրը և որոշի ուժի ճանապարհով իրեն միացնել Ղարաբաղը, ապա Հայաստանն անհապաղ պաշտոնապես կճանաչի ԼՂՀ անկախությունը՚,- ասել է Գեղամյանը։ 

Իր հերթին ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ընդգծել է, որ դրական է վերաբերվում ԼՂՀ-ի վերամիավորման գաղափարին։ ՙԵս այն կարծիքին եմ, որ, ըստ էության, այդ հարցն ինքնին լուծված է՚,- հավելել է Սարգսյանը, հիշեցնելով, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի հետ ԼՂՀ-ի վերամիավորման մասին որոշում է ընդունել։ ՙԲանն այն է, որ փաստորեն դա այդպես էլ կա. Արցախը, ըստ էության, Հայաստանի մասն է՝ ինչպես պատմական, այնպես էլ իրավական առումներով։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դուրս  է եկել Ադրբեջանի կազմից ՙԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի մասին՚ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի համաձայն ու դրանով իսկ չի խախտել Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությունը՚,- ասել է քաղաքագետը։ Խոսելով Իլհամ Ալիևի վերջին հայտարարության մասին, թե Բաքուն պատրաստ է Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ շնորհել, Սարգսյանը նշել է, որ դա բացարձակապես անիրատեսական է։ ՙԴա զուտ քարոզչական քայլ է։ Պետք է ելնել այն հանգամանքից, որ ԼՂՀ կարգավիճակի հարցը վաղուց լուծվել է 1991թ. հանրաքվեին՚,- հավելել է նա։ 

Իր հերթին Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն ավելացրել է, որ Հայաստանի հետ ԼՂՀ-ի վերամիավորման տարբերակն ակտիվ  շրջանառվում է հասարակության շրջանում ապրիլյան պատերազմից հետո։ ՙՄեծ հաշվով ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել, և նախկին մոտեցումներն արդեն վստահություն չեն ներշնչում։ Բացի այդ, բանակցային գրոծընթացում որոշակի լճացում է առաջացել և, բնական է, որ մոտեցումների արմատական վերանայման հարց է բարձրանում՚,- ընդգծել է փորձագետը։ Այդ առումով նա չի բացառել Հայաստանի հետ ԼՂՀ-ի վերամիավորման հավանականությունը։ 

Ինչպես ընդգծել է ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, ինչպես սկզբնական, այնպես էլ վերջնական նպատակադրումն այն էր, որ կա բաժանված ազգ և, բնականաբար, այն ձգտում է միավորման։ ՙԻնչ վերաբերում է ժամանակին ու ձևին, դա բոլորովին այլ հարց է։ Իրոք, պետք է հնարավորինս նուրբ վարվել և ընթացակարգն անցնել այնպիսի ձևով, որպեսզի, մի կողմից, արդարության, այն է` ազգի վերամիավորման սկզբունքը չխախտվի, մյուս կողմից, չխաթարվի անչափ փխրուն իրավիճակը տարածաշրջանում։ Ահա այս համատեքստում հարկ է, որ նրբարվեստ աշխատանք տարվի, որպեսզի միջազգային հանրության մոտեցումներն իրադարձությունների նման շրջադարձին, այսինքն` դեպի արմատներ վերադարձին ճիշտ ընկալվեն՚։ Ալավերդյանը նշել է, որ երբեք չի սատարել Ադրբեջանի կազմում ինքնորոշման գաղափարը, ինչը հայկական կողմին անլուծելի իրադրության մեջ է գցել։ ՙԱյդ իսկ պատճառով ես համարում էի, որ գոյություն ունեն և այլ ուղղություններ, որտեղ Արցախի ժողովրդի արդարացի պայքարը կարող է հաջողությամբ պսակվել։  Այդ ուղիներից մեկը բաժանված ժողովրդի երկու հատվածների վերամիավորումն է՚,- ասել է Ալավերդյանը։ 

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, իր հերթին, գնահատելով Ղարաբաղի վերամիավորման հավանականությունը, նույնպես հիշեցրեց վերամիավորման մասին 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը։ Եվ այդ որոշումը դեռևս ուժի մեջ է, այն ոչ մեկի կողմից չեղյալ չի հայտարարվել։ ՙՈրքանով հասկանում եմ, մի շարք աղբյուրների համաձայն, ինչ-որ սխեմաներում, այդ թվում` Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակներում, նման հայեցակետ դիտարկվում է։ Այսինքն, միջազգային, այլ ոչ Ադրբեջանի կանոնների համաձայն, հանրաքվեի անցկացման դեպքում  քվեաթերթիկներում կարող են լինել պատասխանի երեք տարբերակ՝ ցանկանո՞ւմ եք, որ ԼՂՀ-ն լինի Ադրբեջանի կազմում, լինի անկախ կամ վերամիավորվի Հայաստանի հետ՚,- հավելել է Հակոբյանը։ Նա ընդգծել է, թե որքանով իրեն հայտնի է, աշխարհաքաղաքական որոշ կենտրոններում շահագրգռված են, որ Երևանը հիմնախնդրի լուծմանը ձգտի վերամիավորման, և ոչ թե անկախության ճանապարհով, եթե  բանը հասնի հանրաքվեի և Մադրիդյան սկզբունքների բոլոր մնացած կետերը կյանքի կոչվեն։ ՙԱյդ դեպքում անվտանգության երաշխիքների հարցը լուծվում է քանի որ ԼՂՀ-ն դառնում է Հայաստանի անքակտելի մաս։ Բացի այդ, ԼՂՀ-ն դադարում է լինել մի սուբյեկտ, որտեղ կարող են խաղաղապահներ տեղակայվել, վերանում են և այլ բարդություններ։ Նման տարբերակ, որքանով տեղյակ եմ, դիտարկվում է, բայց միայն այն դեպքում, եթե բանը հասնի հանրաքվեի։ Այլ հարց է, որ մենք հիմա շատ հեռու ենք հանրաքվեից, և բանակցային գործընթացը փակուղու մեջ է՚,- նշել է քաղտեխնոլոգը։