[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՙԱԶԱՏԱՐԱՐՆԵՐԸ՚

Զորահանդես ու խաչքար Թալիշում

 Հոկտեմբերի 29-ին Արցախի Թալիշ գյուղում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում զոհված Սիսիանի ջոկատի ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացումը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և այլ անձինք։ Ավելորդ է խոսել այն մասին, թե ինչ նշանակություն ունի հուշարձանի տեղադրումը հենց Թալիշում. ապրիլյան քառօրյա պատերազմի յուրօրինակ խորհրդանիշ դարձած Մարտակերտի շրջանի այս գյուղում, ոչ միայն Ադրբեջանի՝ խաղաղ բնակիչների հանդեպ ագրեսիայի ու անսահման դաժանության, այլև մի քանի ժամ շրջափակման մեջ եղած գյուղը թշնամուց ազատագրած հայ մարտիկների անօրինակ սխրանքի խորհրդանիշ։ 

Ամենայն հավանականությամբ, Արցախի գյուղը, որն ադրբեջանական հրոսակները չկարողացան պահել, մինչ օրս հայտնվում է Բաքվի պրոպագանդիստների վատագույն երազներում՝ որպես Արցախում գոնե մեկ բնակավայր գրավելու նրանց անկարելիության համոզիչ ու ակնառու օրինակ։ Ապրիլյան պատերազմը ՙհաղթանակած՚ ներկայացնելու հուսահատ փորձերն ու դրանով իսկ գոնե ինչ-որ կերպ արդարացնել սիրելի առաջնորդին՝ երկար տարիներ անտեղի օդ թնդացնելու համար, դրդում են ազերպրոպի գործիչներին ամենատարօրինակ, դեռ ավելին, անհեթեթ ու զավեշտալի հայտարարություններ անել։ Նման մոտեցման ամենավառ օրինակը ցուցադրվեց թշնամական կողմնորոշմամբ հայտնի haqqin.az կայքի կողմից՝ հատկապես Թալիշում խաչքարի մասին հաղորդագրությունը ներկայացնելու հարցում։ Մասնավորապես, հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությունն ուղեկցվեց, ի միջիայլոց, համեստ հիշատակությամբ այն մասին, որ, իբր, ՙգյուղի մի մասն ազատագրվել էր ապրիլյան պատերազմի ժամանակ՚։ Նշենք, որ ուրիշ ադրբեջանական կայքեր գյուղում անգամ զորահանդես անցկացնելու մասին են գրել։ Հիրավի, Թալիշում մի լավ դաս ստացած ազերպրոպի հրոսակների աչքերում նույնիսկ խաչքարի բացման պատվին զինվորական պահակախմբի վաշտի շարաերթը մի ամբողջ զորահանդես է թվում։ Ինչպես չասենք՝ վախի աչքերը մեծ են։ 

Վախը` վախ, բայց հարց է ծագում. եթե ՙգյուղի մի մասն ազատագրված է՚, ինչպես haqqin.az-ն է պնդում, ապա Թալիշում ինչպե՞ս է խաչքարի բացում կատարվում, երկրի ղեկավարի, Արցախի ու Հայաստանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ ՙզորահանդես՚ անցկացվում։ Մի՞թե  ադրբեջանցիների ՙհանդուրժողականությունը՚, որոնք անգամ հայերին հիշատակելիս մշտապես էպիլեպտիկ նոպայի մեջ են ընկնում, այնքան հեռուն է գնացել, որ նրանք լուռ դիտում են զոհված ազատամարտիկներին հարգանքի տուրք մատուցելուն ու ՙսեպարատիստների՚ ռազմական ներկայությանը ՙմասամբ ազատագրված տարածքում՚։ Գուցե, այնուամենայնիվ, ապրիլյան  պատերազմից հետո կոկորդում խրված ոսկորն ու ամեն պատեհ առիթով տիրոջ ոտքերն ընկնելու պատրաստակամությունը haqqin.az-ի հեղինակներին ու նրանց նմաններին ոչ միայն բոլորովին զրկում են ուղեղով մտածելու կարողությունից, այլև ստիպում են նրանց այն աստիճան նվաստանալ, որ տխմարի դերում են ներկայանում, որն  իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է գրում։ 

Թեև հանդուրժողական լինենք գործընկերների հանդեպ, որոնց այլ բան չի մնում, եթե ոչ ընդամենն անխղճորեն ստել, տանջալից ճիգերով ցանկալին իրականության տեղ ներկայացնել։ Եթե ցանկալին ԼՂՀ նախագահի ներկայությամբ հայկական ստորաբաժանումների զորահանդեսն ու հայ մարտիկների պատվին հուշարձանի բացման արարողությունն է, որին գյուղի մյուս կողմից անզոր դիտում են ՙազատարարները՚, ապա մաղթենք նրանց նույնպիսի ՙազատագրումներ՚ ապագայում։ Թալիշը, այսօր թեև դեռ կիսավեր, ստացավ ևս մեկ տեսանելի հաստատում այն բանի, որ դա հայկական հող է՝ հայկական խաչքարերով ու հայկական հերոսներով։ Որպես հերթական դաս ու խրատ անկոչ ՙազատարարներին՚, ովքեր շարունակում են Արցախի մասին միայն երազել: 

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՙԳոլոս Արմենիի՚