[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օրերս հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը:

Երկրի մայր օրենքում սպասվելիք փոփոխությունների հանրային քննարկումների շարքը նոյեմբերի 10-ին Արցախի պետական համալսարանում էր մեկնարկել: Բուհի ուսանողադասախոսական կազմին նախագծի դրույթները ներկայացնելու, կարծիքներ ու առաջարկություններ լսելու նպատակով առաջին քննարկումներին բարեփոխումները մշակած Հանձնաժողովը ներկա էր գրեթե ողջ կազմով: 

Մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը տեղեկացրեց, որ նախագիծը մշակվել է հանրապետության Նախագահի հավանությանն արժանացած հայեցակարգի շրջանակներում: Նշելով, որ հրապարակված նախագիծն աշխատանքային տարբերակ է, նա հույս հայտնեց, որ նախագծի համար խիստ կարևոր և անհրաժեշտ հանրային քննարկումների փուլը կօգնի վերջնական ու պատշաճ տեսքի բերել այն: ԱԺ խոսնակն անդրադարձավ հանրապետության քաղաքական ուժերի` գործընթացն սկսելու նախաձեռնությանը և դրան հաջորդած սահմանադրական բարեփոխումների ընթացքին: Բանախոսը հիշեցրեց, որ ապրիլի սկզբին Ադրրբեջանի հրահրած պատերազմական գործողությունների պատճառով գործընթացի համար նախանշված ժամկետը երկարաձգվել է, և երեք ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումների, տարբեր կարգի խորհրդատվությունների միջով անցնելուց հետո արդյունքը վերջապես ներկայացվում է հանրության դատին:  Ներկայացնելով նախագծային փոփոխությունները, Ա. Ղուլյանը հատկանշեց, որ քաղաքական դաշտի դերակատարներն ի սկզբանե նախապատվությունը տալիս էին խորհրդարանական կառավարման մոդելին, քանի որ  մեկ տարի առաջ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների արդյունքում այդ ձևն է հավանության արժանացել: Մեր հանրապետությունում սակայն իրադարձությունների ընթացքը հուշեց, որ հասարակության մեջ գերակայում է ուժեղ և կենտրոնաձիգ իշխանություն ունենալու գաղափարը:  

ԱԺ նախագահը ներկայացրեց նախագծի կառուցվածքը. նախկինի պես այն ևս բաղկացած է 12 գլխից. նոր սահմանադրության մեջ ևս  առաջին գլխում սահմանադրական կարգի դրույթներն են։  Այստեղ որոշ նորություններ կան` կապված շրջակա միջավայրի պաշտպանության և կայուն զարգացման, մշակույթի, կրթության և գիտության խթանման, ընտանիքի պաշտպանության, ՀՀ-ի և Սփյուռքի հետ կապերի մասին առանձին հոդվածներ: Բանախոսը կարևորեց նաև մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մասին հոդվածների բարեփոխումները` նկատելով, որ այդ ուղղությամբ Արցախն արդեն համոզիչ ճանապարհ է անցել՝ ինչ-որ տեղ նաև առաջ անցնելով տարածաշրջանի մի շարք ճանաչված պետություններից: Դրանով հանդերձ, ոլորտում անելիքներ դեռ շատ կան:  Մարդու իրավունքների և ազատությունների ոլորտի համար նախատեսված 44 հոդվածներին ավելացվել է ևս 20-ը, որոնց մեջ է  անձնական տվյալների պաշտպանության մասին հոդվածը, որի անհրաժեշտությունը վաղուց կար: Առանձին հոդվածներ կան` կապված պատշաճ վարչարարության  և քաղաքական ապաստանի իրավունքների հետ և այլն: Դատական ոլորտը նոր սահմանադրությամբ էական փոփոխություններ չի կրում` մնալով որպես եռաստիճան համակարգ: 

Ա. Ղուլյանն անդրադարձավ նաև պետական կառավարման առաջարկվող ձևին. ՙԱյո, նախագահական համակարգը ենթադրում է նախագահի լիազորությունների ավելացում, ուրիշ կերպ չի կարող լինել, բայց նաև որոշ գործառույթներ նրա լիազորություններից հանվել են՝ կապված դատական իշխանության, ԱԺ-ի հետ նրա հարաբերությունների, տարբեր պետական պաշտոններում նշանակումների հետ և այլն ,- մանրամասնեց նա: - Սահմանադրության նախագծում մենք խիստ կարևոր տեղ ենք հատկացրել նաև իշխանության հավասարակշռման պահպանմանը: Որպեսզի նոր մոդելը լիարժեք  գործի, անպայման անհրաժեշտ է հակակշիռ, որի գործառույթն իրականցնելու է խորհրդարանը՚: Օրենսդիր մարմնի լիազորություններն ընդլայնվել են. նոր Սահմանադրությամբ դատական համակարգի ձևավորումը, իրականացվող բոլոր նշանակումները նրան են վերապահված:  Դա բանախոսն իշխանության հավասարակշռության պահպանման ամենաերևացող դրույթ որակեց: Հանրապետության Նախագահի և օրենսդիր մարմնի հարաբերություններում կարևոր նորություն է  նույն օրը  նոր խորհրդարանի և նախագահի մեկ համապետական ընտրություն անցկացնելը: 

Թե ինչքանով է այն համապատասխանում մեր այսօրվա քաղաքական իրողություններին և որքանով է արդյունավետ՝ կերևա հետագայում: 

Կառավարությունը գործելու է որպես նախագահին կից խորհրդատվական մարմին՝ պետական նախարարի ղեկավարությամբ, ում Նախագահի բացակայության դեպքում  տրված են լինելու առանձին լիազորություններ: Ա. Ղուլյանը խոստովանեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող գլխում դեռևս կոնկրետացված չէ, թե ինչպիսին է լինելու այդ համակարգը, որն այսքան տարի, կարելի է ասել, չի կայացել տարբեր պատճառներով: Բանախոսը նշեց, որ ՏԻՄ ընտրություններին ընտրողներն առավելապես առաջնորդվում են ընկեր-բարեկամական հարաբերություններով: Նոր սահմանադրությամբ որոշակի իրավական կարգավորումների հիմք է դրվել. համայնքը պետք է ունենա իր բյուջեն, հավաքագրի միջոցներ: Հնարավոր է նաև համայնքների խոշորացում: 

Հստակեցվել են մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխիքները: Իրականացված բարեփոխումների արդյունքում վերահսկիչ պալատն անվանվելու է հաշվեքննիչ պալատ,  լիազորությունների հստակեցման արդյունքում  կառույցը դառնում է աուդիտորական ուսումնասիրություններ իրականացնող մարմին: Պալատի ձևավորումն ամբողջությամբ իրականացնելու է Ազգային ժողովը:  

Մայր օրենքը կոչվելու է Արցախի հանրապետության սահմանադրություն: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ անվանումից հրաժարվելու մասին մամուլում շրջանառվող կարծիքներին՝ Ա. Ղուլյանը հավաստիացրեց, որ այդ անվանումները նույնական են: Աշխարհը մեզ առավելապես ճանաչում է ԼՂՀ անվանմամբ, սակայն մենք պարտավոր ենք վերականգնել և դրսի համար ընդունելի դարձնել մեր հայրենիքի  պատմական անվանումը՝ նշեց նա:

 Խոսելով հանրային քննարկումների անհրաժեշտության մասին՝ Ա. Ղուլյանը շեշտեց, որ դա քարոզչություն չէ, այլ հանրության կարծիքներն ու դիտողություները լսելու փորձ: Հանրային քննարկումների համար հանձնաժողովը սուղ ժամանակահատված ունի, նոյեմբերի 18¬ին նախատեսած է այն ավարտել, իսկ մինչ այդ հանձնաժողովը կբաժանվի խմբերի և քննարկումներ կկազմակերպի բոլոր շրջաններում և մեծ համայնքներում: 

Քննարկմանը ներկա դասախոսներն ու ապագա իրավաբանները հարցեր ուղղեցին հանձնաժողովի անդամներին: Դատական համակարգի գործառույթների հետ կապված պարզաբանումներ տվեց հանձնաժողովի անդամ, ԳԴ նախագահ Ն. Նարիմանյանը: Հնչեց տեսակետ, որ միաժամանակյա ընտրությունները մեկ կուսակցության գերակայության հնարավորություն են ստեղծում: Բացի այդ, հստակեցված չէ, թե ինչ է լինելու անցումային կոչվող փուլում:  Ըստ Ա. Ղուլյանի՝ 2020թ. ԱԺ ընտրությունները համամասնական եղանակով են կազմակերպվելու, ինչը նշանակում է, որ քաղաքական բոլոր կուսակցությունների համար ապահովվելու է հավասար հնարավորություն: 2017-20թթ.առնչությամբ նշվեց, որ անտրամաբանական է ցրել մեկուկես տարի առաջ ձևավորված խորհրդարանը: Բացի այդ, հանրաքվեից հետո անհրաժեշտ է ժամանակահատված, որի ընթացքում պետք է օրենսդրություն փոխվի, որպեսզի նոր համակարգը կարողանա աշխատել: Անդրադառնալով հանրության մեջ շրջանառվող լուրերին, որ այս գործընթացով իշխանությունների գործունեության ժամկետն է երկարաձգվում, Ա. Ղուլյանը տեղեկացրեց, որ նախագահի լիազորություններն ավարտվելու են 2017թ. սեպտեմբերին, ինչպես և նախատեսված է, իսկ անցումային ժամանակահատվածի համար, ըստ Սահմանադրության 166-րդ հոդվածի, ԱԺ-ն ընտրելու է նախագահ:  Խորհրդարանական բոլոր ուժերը հնարավորություն են ունենալու առաջադրել իրենց թեկնածուին: Ընտրվելու է պատգամավորների երկու երրորդի վստահությունն ստացած թեկնածուն: 

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ