[ARM]     [RUS]     [ENG]

Նախապատերազմական վիճակ չկա, բայց դա չի նշանակում, որ մեր զգոնությունը պետք է նվազի. Դավիթ Բաբայան

 ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը գտնում է, որ հակառակորդի կողմից առաջնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերի արկակոծումը առանձնապես որևէ բանով պայմանավորված չէ և դա Ադրբեջանի պետության էությունն է:

«Իհարկե այն, որ զորավարժություններ են անցկացվում, այդ համատեքստում էլ են խախտում զինադադարի ռեժիմը, բայց սա այդ պետության էությունն է, և նման պետությունները հենց այդպիսի քաղաքականություն են վարում»,- ասաց նա:

Նշենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մասնավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Դավիթ Բաբայանը նշեց, որ որքան Ադրբեջանի սոցիալտնտեսական վիճակը բարդանում է, այնքան Ադրբեջանն ապակառուցողական դիրք է ընդունում, կրկին շահարկվում է  արտաքին թշնամու կերպարը, որպեսզի բնակչությանը շեղի առկա խնդիրներից, ինչը նաև կանխատեսելի է: 

«Ամեն ինչ արվում է մեր բանակի մարտունակությունը բարձր պահելու համար, ինչն ամենակարևոր և ամենագործուն մեխանիզմն է, որպեսզի խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում պահպանվի։ Ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա և վստահեցրեց, որ միշտ էլ համապատասխան միջոցներ ձեռնարկվելու են Արցախի անկախությունը և անվտանգությունը ապահովելու համար:

«Սակայն խոսել այն մասին, որ կա նախապատերազմական վիճակ, դա իհարկե այդպես չէ, բայց այն, որ հավանականությունը քիչ է, դա չի նշանակում, որ մեր զգոնությունն էլ պետք է քիչ լինի, կամ նվազի, կամ էլ նման երևույթների վրա չպետք է ուշադրություն դարձնենք: Իրավիճակը վերահսկվում է, որևէ արտառոց բան չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է համանախագահողների արձագանքին, ապա ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը մեջբերեց երկու օր առաջ ԱՄՆ դեսպանի Ադրբեջանում արած հայտարարությունն, ըստ որի՝ ԼՂ հակամարտության կարգավորմանը բանակցային և խաղաղ ճանապարհին այլընտրանք  չկա:   «Նա դա արել է այս զորավարժությունների նախօրեին, ինչը հստակ մեսիջ, պատգամ է, որ Ադրբեջանը  հանկարծ չմտածի իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ»,- հավելեց նա:

Tert.am